Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար 1.7 միլիոն դրամի տուգանք է նշանակվել

Երևանի տարբեր վարչական շրջաններում գործող շինարարական ընկերություններում արձանագրվել են մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումներ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) տվյալներով՝ հուլիսի 27-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում տնտեսավարողների նկատմամբ նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 1.7 միլիոն դրամ։

ԲԸՏՄ-ն վերահսկողական միջոցառումներն իրականացրել է օդի աղտոտվածության կանխարգելման, շինհրապարակներից փոշու արտանետումների նվազեցման, ինչպես նաև քաղաքացիների ահազանգերի հիման վրա։

Ստուգայցերի ընթացքում մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումներ են արձանագրվել մի շարք շինարարական կազմակերպություններում։ Խախտումներ են հայտնաբերվել «ՄԵՏՏԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում, Արա Լևոնի Տեր-Մինասյանի գործունեության վայրում, «ՊՈՍՏԵՌՈՒՄ» ՍՊԸ-ում, «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ում, «ԱՎԱ ՀՈԼԴԻՆԳ 2017» ՍՊԸ-ում, «ՎԲ ԿՈՆՍՏՐԱՔՇՆ» ՍՊԸ-ում, «360 ՊԱՆՈՐԱՄԱ» ՍՊԸ-ում, «ՊՐԵՏՈՐ» ՍՊԸ-ում, «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ում, «ԲԻՊԼԱՆ» ՍՊԸ-ում, «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ում և «ԶԵՅԹՈՒՆ ՍԱՌՑԱՐԱՆ» ԲԲԸ-ում։

Հայտնաբերված խախտումները հիմնականում վերաբերում էին շինհրապարակներում փոշու տարածումը կանխող միջոցների չկիրառմանը։ Մասնավորապես, հղկման աշխատանքների ժամանակ չեն օգտագործվել փոշու արտանետումները կանխող սարքեր, իսկ օդի դրական ջերմաստիճանի պայմաններում շինհրապարակները պարբերաբար չեն ջրվել, շինհրապարակներում առկա ավազի կույտերը չեն եղել ծածկված անթափանց ծածկոցներով, որոշ դեպքերում բացակայել են նաև անհրաժեշտ ցանկապատումները։

Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ խախտումներով իրականացվող աշխատանքներն անհապաղ դադարեցվել են։ Արձանագրված իրավախախտումների վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ, իսկ պատասխանատու տնտեսավարողների նկատմամբ կիրառվել են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։

ԲԸՏՄ-ից տեղեկացնում են, որ վերահսկողական միջոցառումները շարունակվում են։

Ատոմային էներգետիկայի զարգացման միտումները և Հայաստանի ատոմային քաղաքականությունը․ «ԷկոԼուր»-ի ակնարկը

Ատոմային էներգետիկայի զարգացման միտումները և Հայաստանի ատոմային քաղաքականությունը․ «ԷկոԼուր»-ի ակնարկը

Ատոմային էներգետիկայի զարգացմանն ու Հայաստանի քաղաքականությանը նվիրված նոր ուսումնասիրության մեջ «ԷկոԼուրը» ներկայացրել է կլիմայական համատեքստում ատոմային էներգետիկայի զարգացման ժամանակակից միտումները և խաղաղ ատոմի օգտագործման քաղաքականության հարցում Հայաստանի նոր մոտեցումները։ Ուսումնասիրության հեղինակներն են քիմիական գիտությունների թեկնածու Ռոզա Ջուլհակյանը և կենսաբանական գիտությունների թեկնածու Ինգա Զարաֆյանը։

Ուսումնասիրության հիմնական եզրակացությունն այն է, որ ատոմային էներգետիկան չի համարվում բարենպաստ (ընդունված տերմինէ «friendly»)՝ կլիմայի համար՝ հակառակ աշխարհում ընդունված մոտեցմանը, որը հիմնված է ածխածնային արտանետումների ցուցանիշների վրա։

Այս մոտեցման դեպքում հաշվի չեն առնվում ատոմային էներգետիկայի առանձնահատկությունները կլիմայական այլ նպատակային ցուցանիշների տեսանկյունից, օրինակ՝ դրա ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա, ինչպես նաև համապատասխանությունը կլիմայական հարմարվողականության և մեղմման ծրագրերի նպատակներին ու խնդիրներին, որոնք ամրագրված են ազգային NDC-ներում և ռազմավարություններում։

Հեղինակների համոզմամբ՝ ատոմային էներգետիկան կլիմայական քաղաքականության համատեքստում պետք է գնահատվի կլիմայական նպատակային ցուցանիշների հիման վրա և համապատասխանի հիմնական՝ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ» սկզբունքին։

Ուսումնասիրության մեջ ներկայացված են ատոմային էներգետիկայի ոլորտին վերաբերող միջազգային համաձայնագրերն ու Հայաստանի ազգային օրենսդրությունը։ Առանձին անդրադարձ է կատարվում «Հայաստանի Հանրապետության, մի կողմից, և Եվրոպական միության ու Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի և դրանց անդամ պետությունների, մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով» (CEPA) ստանձնած պարտավորություններին։

Հայկական ատոմային էլեկտրակայանին (ՀԱԷԿ) վերաբերող տեղեկատվության շրջանակում ուշադրություն է դարձվում անվտանգության, միջուկային թափոնների, ջրամատակարարման խնդիրներին, ինչպես նաև ատոմակայանից 5-10 կիլոմետր հեռավորության վրա բնակվող մարդկանց սոցիալական խնդիրներին։

Ուսումնասիրության մեջ անդրադարձ է կատարվում նաև գործող ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցերին։

Ուսումնասիրությունը ներառում է նաև միջազգային կլիմայական CAN EECCA ցանցի հայաստանյան խմբի անդամների դիրքորոշումը ատոմային էներգետիկայի վերաբերյալ։

«Հաշվի առնելով վերջին համաշխարհային միտումները՝ անհրաժեշտ է ձևավորել ատոմային էներգետիկայի քաղաքականության վերաբերյալ հանրային գնահատական, որը պետք է ուղղված լինի հավասարակշռված մոտեցմանը և կանաչ անցման գնահատումներին։

Այս տեսանկյունից մենք՝ որպես CAN EECCA ցանցի անդամներ, առաջարկում ենք էներգետիկ բաղադրիչը կլիմայական քաղաքականություններում դիտարկել առանց «կլիմայականորեն բարենպաստ» բնորոշումների։ Միակ բացասական չափանիշը պետք է բացառապես վերաբերի հանածո վառելիքին, որի ազդեցությունը կլիմայի վրա հայտնի է և լրացուցիչ ուսումնասիրություններ չի պահանջում։

Մենք կարծում ենք, որ ատոմային էներգետիկան ունի իր առանձնահատկությունները, որոնք բնորոշ չեն էներգիայի մյուս տեսակներին, և այդ պատճառով այն չպետք է գնահատվի ավանդական ցուցանիշներով, այդ թվում՝ կլիմայական ցուցանիշներով։ Սակայն հաշվի առնելով, որ քաղաքական նկատառումներով ատոմային էներգետիկան 12 ներառվել է կլիմայականորեն բարենպաստ էներգետիկ ոլորտների ցանկում, անհրաժեշտ ենք համարում սահմանել այնպիսի պահանջներ, որոնք ունեն կլիմայական ուղղվածություն՝ կլիմայական պարտավորությունների, բնական ռեսուրսների վրա ազդեցության, հարմարվողականության և մեղմման ծրագրերի, ինչպես նաև ազգային NDC-ների հետ ներդաշնակեցման վերաբերյալ։

Մենք անհրաժեշտ ենք համարում բարձրացնել ատոմային էներգետիկայի ոլորտում որոշումների թափանցիկությունը, հատկապես՝ բնակչության պաշտպանության, ճառագայթային անվտանգության, ատոմակայանների ազդեցության գոտում գտնվող խոցելի բնակչության սոցիալական կարիքների վերաբերյալ հարցերում։ Անհրաժեշտ ենք համարում քննարկման ներկայացնել ռադիոակտիվ թափոնների և դրանց անվտանգության ապահովման միջոցառումները, ինչպես նաև հակաահաբեկչական և ռազմական գործողությունների վերաբերյալ քաղաքական որոշումները», – նշված է ուսումնասիրության մեջ։

Օգոստոս 14, 2026 at 13:50

Տեսչական մարմինը կարճել է «Մերիդիան»-ի հարակից տարածքում շինարարության վերաբերյալ վարչական վարույթը

Տեսչական մարմինը կարճել է «Մերիդիան»-ի հարակից տարածքում շինարարության վերաբերյալ վարչական վարույթը

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները 2026թ․ օգոստոսի 10-ին նամակով դիմել էին պետական մարմիններին՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնի հարակից տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների հետևանքով Հրազդանի կիրճ և Հրազդան գետի հուն հողային ու շինարարական զանգվածների տեղափոխման վերաբերյալ։ Դիմումները հասցեագրվել էին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարին և Երևանի քաղաքապետին։

Նամակում քաղհասարակության կազմակերպությունները պահանջել են տեղեկատվություն և փաստաթղթեր, ինչպես նաև պարզաբանումներ՝ տարածքի նկատմամբ իրականացվող վերահսկողական գործողությունների վերաբերյալ։

Նամակի մեջ մասնավորապես նշված է․

«Սոցիալական ցանցերում լայն տարածում ստացած լուրերից, հիմնականում «Հետք» հետաքննող լրագրողների ռեպորտաժներից տեղեկացել ենք, որ «Մերիդիան» էքսպոկենտրոնի հարակից տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում հողային և շինարարական զանգվածներ են տեղափոխվել և տեղադրվել Հրազդանի կիրճի և գետի հունի հատվածներում՝ ակնհայտ վնասակար ազդեցություն ունենալով ծառածածկի և բնական միջավայրի վրա։

Ահա տեղեկատվական նյութերի հղումները,- 

  1.   https://hetq.am/hy/article/182896 
  2.  http://facebook.com/reel/1477953084101377/?s=single_unit  3.https://www.facebook.com/photo?fbid=28375940308684006&set=gm.4374526779469219&idorvanity=2141130006142252

Մենք՝ որպես բնապահպանությամբ մտահոգ մասնագետներ, քաղաքացիներ և կազմակերպություններ, խորապես անհանգստացած ենք տվյալ տարածքում իրականացվող շինարարական աշխատանքներով, քանի որ այն առանձնանում է իր տեղանքով ու բարձր բնապահպանական արժեքով։

«Հետք»-ի նկարներից ակնհայտ է, որ նախագիծն իր չափերի առումով  պետք է պարտադիր ներկայացված լինի փորձաքննության ու ստացած լինի դրական եզրակացություն։ Միաժամանակ ակնհայտ է, որ այդ շինարարությունը Հրազդանի կիրճում անօրինական է առնվազն ջրային օրենսգրքի պահանջների տեսանկյունից։

Հրազդանի ձորը հանդիսանում է կենսաբազմազանությամբ հարուստ տարածք, որտեղ հանդիպում են ինչպես տարածքի համար բնորոշ, այնպես էլ հազվագյուտ և պաշտպանվող բուսական ու կենդանական տեսակներ։

Այս աշնանը մեր երկրում տեղի ունենալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (COP17) օր առաջ պատրաստ լինելու ցանկությունը, կառուցապատողներին, հավանաբար, ստիպում է շրջանցել ՀՀ մի շարք  օրենքների պահանջները, ինչի հետևանքով, մենք   մտավախություն ունենք, որ անշրջելի վնաս կհասցվի շրջակա միջավայրին ու տարածքի էկոհամակարգին:  

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ կողմից վավերացված Օրհուսի կոնվենցիան, ինչպես նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ օրենք)՝ խնդրում ենք տրամադրել մեզ հետևյալ տեղեկատվությունը.

1.Կատարվե՞լ է արդյոք շրջակա միջավայրի վրա վերը նշված աշխատանքների ազդեցության գնահատում (ՇՄԱԳ), և եթե այո՝ խնդրում ենք տրամադրել մեզ ՇՄԱԳՓ փաստաթղթերը, շինարարական նախագիծը, դրա նկատմամբ ստացած թույլտվությունը և ՇՄԱԳ-ը։

Եթեառկա են այլ ուղեկցող փաստաթղթեր, նախագծեր, պայմանագրեր և այլն, կամ գնահատականներ, որոնք վերաբերում են այդ աշխատանքներին ու դրանց ազդեցությանը շրջակա միջավայրի և կենսաբազմազանության վրա, խնդրում ենք տրամադրել նաև դրանք:
Ի՞նչ վերահսկողական աշխատանքներ են կատարվել կամ կատարվում վերը նշված շինարարական աշխատանքների նկատմամբ:
Խնդրումենքհնարավորության սահմաններում տեղեկացնել նաև՝ իրականացվե՞լ են արդյոք հանրության իրազեկման և մասնակցության ապահովման գործընթացներ։

Միաժամանակ, նկատի ունենալով, որ COP17-ին հանրությունը ունի դիտորդի կարգավիճակ, խնդրում ենք ձեր հանձնարարականը՝ համապատասխան ստորաբաժանումներին՝ թույլատրելու մեզ, ամենամոտ ժամանակում մասնագետների ներգրավմամբ այցելել տարածք ու տեղում կատարել դիտորդական զննում»։

Նամակը ստորագրել են «Դալմա Սոնա» ՀԿ-ն, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն, «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ն, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ն և «Հայաստանի անտառներ» ՀԿ-ն։

Ի պատասխան քաղհասարակության ահազանգին՝ օգոստոսի 12-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետ Ա․ Գրիգորյանն իր նամակում հայտնել է․

«Ի պատասխան Ձեր՝ 2026 թվականի օգոստոսի 10-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին հասցեագրված հարցմանը՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնում շինարարական աշխատանքների արդյունքում հողային և քարային զանգվածը Հրազդանի կիրճ, Հրազդան գետի հուն, ինչպես նաև կիրճում աճած ծառերի վրա ազդեցություն ունենալու վերաբերյալ, տեղեկացնում եմ, որ հարուցված վարչական վարույթի շրջանակներում Տեսչական մարմնի աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանի հետ համատեղ այցելել են Երևան քաղաքի Ոսկերիչների փողոցի 1 հասցե, որտեղ գործունեություն է ծավալում «ՄԵՐԻԴԻԱՆ» ՓԲԸ-ն:

Տեղում պարզվել է, որ նշված տարածքում COP 17 միջազգային կենսաբազմազանությանը նվիրված միջազգային միջոցառումների կազմակերպման համար կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ բուսահող և հողային զանգված է լցվել Հրազդան գետի լանջ և ծառերի արանքում, որի արդյունքում, ըստ դենդրոլոգի եզրակացության, ծառերը մինչև աճի դադարեցման աստիճանի վնասված չեն, ուստի հնարավոր չէ հաշվարկել բուսական աշխարհին պատճառված վնաս:

Համաձայն «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի՝ բնապահպանական իրավախախտումների հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասը հաշվարկվում է ծառերի և թփերի հատման, ոչնչացման և մինչև աճի դադարեցման աստիճանը վնասման դեպքում՝ յուրաքանչյուր միավորի համար՝ ըստ ծառի կոճղի տրամագծի (սանտիմետրերով)։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վերը նշվածի արդյունքում գետի հունի փոփոխություն տեղի չի ունեցել, իսկ ինչ վերաբերվում է իրականացվող շինարարական աշխատանքներին՝ նշեմ, որ ելնելով կառուցապատման մակերեսից՝ տվյալ գործունեությունը ենթակա չէ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով, հարուցված վարչական վարույթը կարճվել է»:

Գլխավոր լուսանկարը՝ ՀԵՏՔ-ի

Օգոստոս 14, 2026 at 12:47

Դիլիջանից՝ COP17-ի օրակարգ. տարածաշրջանային համագործակցությունից մինչև բնության վրա հիմնված լուծումներ

Դիլիջանից՝ COP17-ի օրակարգ. տարածաշրջանային համագործակցությունից մինչև բնության վրա հիմնված լուծումներ

Հայաստանում հոկտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական գործընթացում կարևոր դեր ունեն համայնքային քննարկումները։ Դրանք հնարավորություն են տալիս ոչ միայն ներկայացնել կենսաբազմազանության պահպանության ոլորտում առկա խնդիրները, այլև հասկանալ, թե ինչ ակնկալիքներ ու առաջարկներ ունեն համայնքներում գործող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։

Հուլիսի 27-ին Դիլիջանի Օրհուս կենտրոնում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կազմակերպած իրազեկման հանդիպմանը մասնակցել էին համայնքապետարանի, կրթական և մշակութային կառույցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ կողմեր։ Հանդիպման մասնակիցներից էր «Էկոպոլիսի» ՀԿ-ի նախագահ, Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող Ալբերտ Հարոյանը։

Նրա խոսքով՝ Դիլիջանում COP17-ի մասին իրազեկվածության մակարդակը դեռևս բավարար չէ։ Թեև որոշ քաղաքացիներ և կազմակերպություններ տեղեկացված են համաժողովի և դրա օրակարգի մասին, բնակչության և համայնքում գործող կառույցների մեծ մասը դեռևս հստակ պատկերացում չունի, թե ինչ է COP17-ը և ինչ նշանակություն ունի կենսաբազմազանության պահպանության համար։ Այն կառույցները, որոնք հետաքրքրված են կենսաբազմազանությամբ, «Դիլիջան» ազգային պարկի գործունեությամբ և բնության պահպանության խնդիրներով, կարողանում են անհրաժեշտ տեղեկատվությունը գտնել, համագործակցել և պատրաստակամություն հայտնել մասնակցելու COP17-ի հետ կապված գործընթացներին։

«Ցանկացած խնդրի և այդ խնդրի լուծման անկյունաքարային երկու բաղադրիչ եմ տեսնում։ Դա տեղեկատվության հասանելի շրջանառումն է, այսինքն՝ սպառողը, նույն քաղաքացիական հասարակությունը, նույն բնակչությունը պետք է հասանելի տեղեկատվություն ստանա ընդհանրապես շուրջբոլորը կատարվող գործընթացների, ինչպես նաև կենսաբազմազանության և COP17-ի հետ կապված հարցերի վերաբերյալ։ Կարևոր է հանրության ակտիվ ներկայացուցիչների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում», – ասաց Ալբերտ Հարոյանը։

Ալբերտ Հարոյանն առաջարկեց ստեղծել կենսաբազմազանության պահպանությանն ուղղված համագործակցության հարթակ՝ Հայաստանի և հարևան երկրների մասնակցությամբ։ «Նման հարթակը կարող է հնարավորություն տալ տարբեր երկրներին փոխանակել տեղեկատվություն, իրականացնել համատեղ միջոցառումներ, բարձրաձայնել ընդհանուր խնդիրներն ու միասին փնտրել դրանց լուծումները», – նշեց Ալբերտ Հարոյանը։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում առկա քաղաքական կամ մարդկային տարաձայնությունները չպետք է խոչընդոտեն բնապահպանական համագործակցությանը։ Ընդհանուր նպատակը, նրա գնահատմամբ, առողջ և բարեկեցիկ շրջակա միջավայրում ապրելն է, և հենց այդ գաղափարի շուրջ կարող են համախմբվել տարածաշրջանի երկրները։

 

Դիլիջան ազգային պարկի հետ համագործակցությունը

Դիլիջանում կենսաբազմազանության պահպանության հարցերը սերտորեն կապված են «Դիլիջան» ազգային պարկի գործունեության հետ։ Ալբերտ Հարոյանը նշեց։ «Ընդհանուր մեր ազգային պարկի հետ մենք ակտիվ համագործակցում ենք՝ թե՛ քաղաքացիական հասարակության մեր ներկայացուցիչներով, թե՛ Օրհուս կենտրոնով, թե՛ «Էկոպոլիսի» հասարակական կազմակերպությամբ։ Կրթական, իրազեկման գործընթացներում մենք միշտ էլ համագործակցել ենք ազգային պարկի հետ։ Կենտրոնում քննարկվել է նաև ազգային պարկի գործող կառավարման պլանը, որի վերաբերյալ հանրային քննարկման հնարավորություն է ստեղծվել», – ասաց նա։

Կլիմայի փոփոխություն և բնության վրա հիմնված լուծումներ

Դիլիջանի համար կենսաբազմազանության պահպանության օրակարգը, ըստ Ալբերտ Հարոյանի, անմիջականորեն կապվում է նաև կլիմայի փոփոխության հետևանքների հետ։ Վերջին շրջանում համայնքում նկատվում են կլիմայական փոփոխությունների բացասական ազդեցությունները, մասնավորապես՝ հորդառատ անձրևներից և Աղստև գետի վարարումից հետո առաջացող խնդիրները։

Այս համատեքստում նա անհրաժեշտ համարեց քաղաքաշինության և համայնքների զարգացման գործընթացներում ներդնել բնության վրա հիմնված լուծումներ (Nature-based Solutions, NbS)։ «Ինչքան էլ որ ասում են՝ դա թանկ է, մեզ համար հասանելի չի, մենք չենք հասկանում, բայց էդ կոմպոնենտները պետք է արդեն դրվեն։ Արդեն ժամանակն է, որ NbS-ով առաջնորդվենք և՛ քաղաքաշինության, և՛ համայնքների կանաչ կոնցեպտի մեջ այդ համակարգը ներդնենք», – ասաց նա։

Ալբերտ Հարոյանի գնահատմամբ՝ նման մոտեցումը կարող է օգնել կառավարել այն աղետներն ու խնդիրները, որոնք բնական գործընթացների հետևանքով առաջանում են համայնքներում։ Նա նշեց, որ COP17-ը կարող է հարթակ դառնալ այս հարցերը միջազգային և ազգային մակարդակներում բարձրաձայնելու համար՝ մասնավորապես բնության վրա հիմնված լուծումները ոչ միայն որպես գաղափար, այլև՝ գործնական գործիք կիրառելու ուղղությամբ։ «Կարող ենք բարձրաձայնել, կարող ենք լոբբինգ անել, որ վերջապես պետք է բնության վրա հիմնված լուծումներն արդեն պրակտիկորեն կիրառվեն թե՛ քաղաքային զարգացման, թե՛ բնապահպանության և հատուկ պահպանվող տարածքներում։ Այդ ամեն ինչն արդեն պետք է, ժամանակն է ներդնել», – նշեց նա։

Հանդիպումն անցկացվեց «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ և Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ։

Օգոստոս 13, 2026 at 16:26

Դիլիջան. ի՞նչ թեմայով կարող է ներկայանալ համայնքը COP17-ին

Դիլիջան. ի՞նչ թեմայով կարող է ներկայանալ համայնքը COP17-ին

Դիլիջանի բնությունը համայնքի կյանքի, տնտեսության և զբոսաշրջության անբաժանելի մասն է։ «Դիլիջան» ազգային պարկի անտառները մեծ դեր են խաղում կլիմայական վտանգների մեղմման համար, հարուստ կենդանական ու բուսական աշխարհ ունեն։ Դիլիջանը միշտ գրավել է զբոսաշրջիկներին իր մաքուր օդով, բնությամբ, գեղատեսիլ տեսարաններով։ 

Տնտեսական զարգացումը՝ շինարարությունը, փոքր ՀԷԿ-երի շահագործումը, փայտամշակման ձեռնարկությունները, առաջացրել են նոր խնդիրներ կապված անտառների, գետերի էկոհամակարգերի, կենսաբազմազանության պահպանության համար։ 

Երևանում 2026թ․ հոկտեմբերին ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ հուլիսի 27-ին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն իրազեկման հանդիպում անցկացրեց Դիլիջանի Օրհուս կենտրոնում։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Դիլիջանի խնդիրները և այդ խնդիրների լուծմանն ուղղված գործողությունները։ 

Հանդիպման ընթացքում քննարկվեց Դիլիջան համայնքի ակտիվ բնակչության մասնակցությունը COP17-ին։ Առաջարկվեցին հետևյալ թեմաները․ Դիլիջանի անտառների նշանակությունը համայնքի զարգացման համար, կենսաբազմազանության պահպանությունն ու կայուն օգտագործումը, մարդ-բնություն հարաբերակցությունը, կլիմայի փոփոխության ազդեցությունը կենսաբազմազանության վրա, ինչպես նաև համայնքի մասնակցությունը բնապահպանական որոշումների կայացման գործընթացներին։

Քննարկման մասնակիցների խոսքով՝ Դիլիջանի անտառները համայնքի համար նաև տնտեսական նշանակություն ունեն, քանի որ զբոսաշրջիկներին գրավում է բնությունն ու անտառային միջավայրը։ «Կենսաբազմազանությունը նաև փող է բերում այս քաղաքին։ Մեծ հյուրանոցներ են կառուցում անտառների մեջ, իրենք օգուտ են անում այդ անտառի տեսարանների վրա, իրենք պետք է շահագրգռված լինեն», – նշեց հանդիպման մասնակիցներից մեկը՝ առաջարկելով քննարկել նաև այն հարցը, թե ինչ ազդեցություն է ունեցել Դիլիջանի արագ տնտեսական զարգացումը կենսաբազմազանության վրա։

Քննարկման ընթացքում բնակիչները բարձրաձայնեցին նաև շինարարության ընդլայնման, անտառային տարածքների նկատմամբ ճնշման և դրա հնարավոր հետևանքների վերաբերյալ իրենց մտահոգությունները։ Նշվեց, որ վերջին տարիներին որոշ տարածքներում նկատվում է անտառի բնական վերականգնում, սակայն միաժամանակ նոր շինարարական ծրագրերը կարող են լրացուցիչ ճնշում ստեղծել բնական միջավայրի վրա։

Բնակիչներից մեկը մտահոգություն հայտնեց նաև տեղումների ավելացման և սողանքների հնարավոր ռիսկերի վերաբերյալ՝ հարց բարձրացնելով, թե որքանով են շինարարական ծրագրերի ժամանակ հաշվի առնվում այդ վտանգները և ինչ ազդեցություն կարող են դրանք ունենալ հարակից բնակավայրերի վրա։ «Հիմա, եթե գան, սկսեն շինարարություն, որքանո՞վ է վտանգը, որ … էդ տարածքը ամբողջապես իջնի մեր թաղամաս», – ասաց բնակիչը՝ նկատի ունենալով սողանքի վտանգը։

Քննարկման ընթացքում խոսվեց նաև համայնքի և «Դիլիջան» ազգային պարկի համագործակցության մասին։ Ազգային պարկի ներկայացուցիչ Նարեկ Հովհաննիսյանը նշեց, որ ՀԿ-ների և համայնքի հետ համագործակցության խնդիր չունեն, հատկապես՝ բնապահպանական կրթության և իրազեկման ուղղություններով։ Միաժամանակ, կենսաբազմազանության վերաբերյալ որոշակի տեղեկատվության տրամադրումը կարող է սահմանափակվել՝ մասնավորապես Կարմիր գրքում ընդգրկված տեսակների և դրանց անվտանգության հետ կապված հարցերում։

Ազգային պարկի ներկայացուցիչը նաև տեղեկացրեց, որ COP17-ի շրջանակում «Դիլիջան» ազգային պարկը նախատեսում է ներկայանալ թե՛ Կանաչ, թե՛ Կապույտ գոտիներում։ Քննարկվում են նաև էկոտուրիզմի վերաբերյալ հնարավոր ներկայացվածությունը, այդ թվում՝ ազգային պարկի տարածքում առկա արահետների և տեսարժան վայրերի ներկայացումը։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փորձագետ Ռոզա Ջուլհակյանն ընդգծեց, որ COP17-ի հարթակները կարող են ոչ միայն միջազգային կազմակերպությունների, այլև՝ տեղական կառույցների ու կազմակերպությունների միջև համագործակցության հնարավորություն ստեղծել։ Նրա խոսքով՝ տարբեր ոլորտների ներկայացուցիչների՝ համայնքների, մշակութային, կրթական, երիտասարդական և բնապահպանական կազմակերպությունների համատեղ ներկայությունը կարող է նպաստել նոր կապերի և ծրագրերի ձևավորմանը։ «Ակտիվ քննարկման հարթակ է ստեղծվում, որը հնարավորություն կտա հետագայում աշխատելու, համագործակցելու», – ասաց նա։

«Էկոպոլիսի» ՀԿ-ի նախագահ, Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող Ալբերտ Հարոյանը նշեց, որ համաժողովը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, իսկ դրա շրջանակում ընդունվող որոշումները կարող են նպաստել երկրի զարգացմանը և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ռազմավարական ճիշտ մոտեցումների ձևավորմանը։  

Մեկ այլ կարևոր հարց վերաբերում էր բնակիչների մասնակցությանը շինարարական և բնապահպանական որոշումների կայացմանը։ Մասնակիցները բարձրացրին այն հարցը, թե որքանով է համայնքի բնակչությունը ներգրավված գործընթացներում և արդյոք շինարարական թույլտվությունների տրամադրման ժամանակ բավարար չափով հաշվի են առնվում երկարաժամկետ բնապահպանական հետևանքները։

Քննարկման ավարտին ընգծվեց նաև բնակչության տարբեր խմբերի բնապահպանական իրազեկվածության բարձրացումը։ Ներկաները կարևորեցին բնության հետ պատասխանատու հարաբերության ձևավորումը՝ նշելով, որ անհրաժեշտ է, որպեսզի քաղաքացիները գիտակցեն բնությունը պահպանելու իրենց դերը։ Բնակչի խոսքով՝ COP17-ի գործընթացում համայնքի մասնակցության համար կարևոր դեր ունեն համայնքապետարանը և ազգային պարկը, քանի որ դրանք ոլորտի հիմնական դերակատարներից են։ 

Հանդիպումն անցկացվեց «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ և Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ։

Շարունակելի

Օգոստոս 13, 2026 at 15:25

Կենսաբազմազանության պահպանության ազգային թիրախները՝ քննարկում Դիլիջան համայնքում

Կենսաբազմազանության պահպանության ազգային թիրախները՝ քննարկում Դիլիջան համայնքում

Երևանում 2026թ․ հոկտեմբերին ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն իրազեկման հանդիպումներ է անցկացնում մարզերում։

Հուլիսի 27-ին Դիլիջանի Օրհուս կենտրոնում կազմակերպած իրազեկման հանդիպման ընթացքում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը մասնակիցներին ներկայացրեց COP17-ի օրակարգը, կենսաբազմազանության պահպանության միջազգային և ազգային թիրախները։ Քննարկվեցին Դիլիջանի կենսաբազմազանության հարցերը, քաղհասարակության և ՏԻՄ-ի առաջիկա քայլերը COP17-ին մասնակցության վերաբերյալ։

Կենսաբազմազանության գլոբալ կորուստը և Հայաստանի դերը

«Աշխարհում շարունակվում է կենսաբազմազանության կորուստը․ 1970-2020թթ․ վայրի կենդանական աշխարհի պոպուլյացիաների միջինում 73 տոկոս անկում է արձանագրվել, իսկ շուրջ մեկ միլիոն տեսակ հայտնվել է ոչնչացման եզրին։ Միաժամանակ, ամեն տարի աշխարհը կորցնում է շուրջ 10 միլիոն հեկտար անտառ»,- ասաց Վիկտորյա Բուռնազյանը։

Նա ընդգծեց, որ այս համատեքստում Հայաստանը, որպես Կովկասի մաս, համարվում է աշխարհի կենսաբազմազանության 36 թեժ կետերից մեկը, սակայն միաժամանակ խոցելի է տնտեսական գործունեության, կլիմայի փոփոխության և այլ գործոնների ազդեցության նկատմամբ։

CBD COP17-ի ընթացքում նախատեսվում է քննարկել 51 որոշման նախագիծ։ Հիմնական քննարկվող փաստաթուղթը Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակն է, որն ընդունվել է 2022թ․՝ COP15-ի ընթացքում։ Երևանում կիրականացվի փաստաթղթի առաջին գլոբալ վերանայումը։

Գլոբալ շրջանակը ներառում է 23 թիրախ։ Դրանցից ամենակարևորը մինչև 2030թ․ աշխարհի ցամաքային և ջրային տարածքների առնվազն 30 տոկոսի պահպանությունն ապահովելն է։ Յուրաքանչյուր երկիր պետք է իր տարածքում համապատասխան պահպանության թիրախ սահմանի։

COP17-ի ընթացքում պետք է գնահատվի, թե 2022 թվականից ի վեր որքանով է իրականացվել շրջանակը, ինչ առաջընթաց է գրանցվել, ինչ բացթողումներ կան և ինչ փոփոխություններ են անհրաժեշտ հետագա գործողությունների համար։

Հայաստանի թիրախը՝ պահպանության տակ վերցնել երկրի տարածքի 20 տոկոսը

Հայաստանը չի սահմանել 30 տոկոս պահպանության թիրախ, այլ նախատեսել է մինչև 2030թ․ պահպանության տակ վերցնել երկրի տարածքի 20 տոկոսը։ «Այդ 20 տոկոսի մեջ ներառվելու են բնության հատուկ պահպանվող տարածքները, անտառները, Էմերալդ թեկնածու տարածքները, էկոլոգիական միջանցքները և արդյունավետ պահպանության այլ տարածքներ», – ասաց Վիկտորյա Բուռնազյանը։

Այդ նպատակին հասնելու համար նախատեսվում է ստեղծել երկու նոր ազգային պարկ՝ Տաթևի և Ջերմուկի, ինչպես նաև՝ Դիլիջանի կենսոլորտային պահպանավայրը։ «Այս առումով ձեր համայնքը կարևոր համայնք է և որպես ԲՀՊՏ-ին կից համայնք, և նաև ներառվելու է կենսոլորտային տարածքի մեջ», – նշեց Վիկտորյա Բուռնազյանը՝ ընդգծելով, որ կենսոլորտային տարածքի պահպանության տրամաբանությունը միաժամանակ նախատեսում է նաև տնտեսական գործունեության հնարավորություններ։

Նրա խոսքով՝ այդ տարածքի ստեղծումն անհրաժեշտ պայման է Հայաստանի՝ մինչև 2030 թվականը 20 տոկոս պահպանության թիրախին հասնելու համար։

2026թ․ Հայաստանն ընդունել է «ՀՀ կենսաբազմազանության պահպանության նպատակները և 2026-2030 թվականների գործողությունների ծրագիրը»։ Փաստաթղթով սահմանվել է 5 հիմնական նպատակ և 30 թիրախ։ Նրա խոսքով՝ Հայաստանի ազգային թիրախները համահունչ են Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի թիրախներին և բխում են դրանից։

Դիլիջանին ուղղակիորեն վերաբերելի են այդ 30 թիրախներից 22-ը։ Հետևաբար համայնքը կարող է ուսումնասիրել դրանք և հասկանալ, թե ինչ գործողություններ կարող է իրականացնել տեղական մակարդակում։

Դրանց թվում է, օրինակ, կրիտիկական կենսամիջավայրերը տարածական պլանավորման մեջ ներառելու թիրախը։ Սա նշանակում է, որ համայնքը քաղաքաշինության, տարածական պլանավորման և տնտեսական գործունեության զարգացման ժամանակ պետք է հաշվի առնի կենսաբազմազանությամբ հարուստ տարածքների պահպանության անհրաժեշտությունը։

Մյուս թիրախներից են դեգրադացված էկոհամակարգերի վերականգնումը, այդ թվում՝ 15 հազար հեկտար դեգրադացված անտառային տարածքների վերականգնումը, բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետության բարձրացումը, գլոբալ վտանգված տեսակների պահպանումը և մարդ-վայրի կենդանի-բնություն հակամարտության կառավարումը։

«Եթե համայնքն ակտիվ լինի այդ մշտադիտարկման, համայնքային մակարդակում որոշումների կայացման մասնակցության առումով, դուք էլ կարող եք նպաստել պահպանությանը և կայուն օգտագործմանը, որովհետև բոլորս էլ օգտվում ենք մեր բնությունից, պիտի կարողանանք դա անել այնքան գրագետ, որ առնվազն մենք չկորցնենք մեր որոշ տեսակներ, որոնք այսօր վտանգի առաջ են կանգնած», – ասաց Վիկտորյա Բուռնազյանը։

Նա ներկայացրեց մեխանիզմները, որոնց միջոցով Կենսաբազմազանության մասին կոնվենցիան խրախուսում է տարբեր խմբերի ներգրավումը՝ համակարգող խմբերի ստեղծում, որոնց մեջ մտնում են հարթակներ կանանց և այլ խմբերի մասնակցության համար, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների համար։ Համայնքների համար նաև գործում է կենսաբազմազանության հարցերով միջազգային ֆորում։ Թեև Հայաստանը բնիկ ժողովուրդների առանձին կարգավիճակ ունեցող համայնքներ չունի, Վիկտորյա Բուռնազյանի խոսքով՝ տեղական համայնքները կարող են օգտվել այդ հարթակներից։

Նա կոչ արեց համայնքներին չսահմանափակվել միայն Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության պաշտոնական տեղեկատվությանը հետևելով, այլև ուսումնասիրել համապատասխան խմբերի կայքերն ու սոցիալական ցանցերի էջերը։ Այդ հարթակները կարող են հնարավորություն տալ մասնակցելու միջոցառումներին, ներկայացնելու համայնքային խնդիրները և նույնիսկ դրանք ներառելու COP-ի օրակարգում։

Քննարկման ժամանակ նշվեց, որ համայնքում առկա են շահերի բախումներ բնության պահպանության և տնտեսական գործունեության միջև, այդ թվում՝ ապօրինի անտառահատումների, անտառային տարածքների քաղաքաշինական օգտագործման և զբոսաշրջության զարգացման հետ կապված։ Լուրջ խնդիր է կենդանատեսակների նվազումը, ինչի մասին նշված է «Դիլիջան» ազգային պարկի վերջին հաշվետվության մեջ։

Կոնվենցիայի շրջանակում համայնքը դիտարկվում է որպես կենսաբազմազանության պահպանող, բնական ռեսուրսների կայուն օգտագործող, ավանդական գիտելիքի պահպանող, որոշումների կայացման մասնակից, շրջակա միջավայրի վերաբերյալ կրթություն և իրազեկում տարածող, ինչպես նաև հանրային վերահսկողություն իրականացնող կողմ։

Հանդիպումն անցկացվեց «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ և Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ։

Շարունակելի

Օգոստոս 12, 2026 at 15:36

Եղեգնաձոր համայնքում քննարկվել է COP17-ին մասնակցության հնարավորությունը

Եղեգնաձոր համայնքում քննարկվել է COP17-ին մասնակցության հնարավորությունը

Երևանում 2026թ․ հոկտեմբերին ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն իրազեկման հանդիպումներ է անցկացնում մարզերում։

Եղեգնաձոր համայնքը հարուստ բնաշխարհ ունի, ներառում է տարածքներ, որոնք հանդիսանում են էկոմիջանցք վայրի կենդանիների համար։ Եղեգնաձորը գրավում է զբոսաշրջիկներին իր լանդշաֆտներով, Եղեգնաձորում են մշակվում խաղողի էնդեմիկ տեսակներ, որոնցից պատրաստված գինին զբաղեցնում է իր ուրույն տեղը հայտնի «Գինու ուղու» քարտեզում։


2026թ․ օգոստոսի 3-ին Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն COP17-ին ընդառաջ իրազեկման հանդիպում անցկացրեց։ Հանդիպմանը մասնակցեցին Վայոց ձորի մարզպետարանի, Եղեգնաձոր համայնքի ՏԻՄ-ի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և տեղի ակտիվ բնակիչներ։

Հանդիպման ընթացքում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց COP17-ի հիմնական նպատակները, ՀՀ կենսաբազմազանության պահպանության ազգային ծրագրի թիրախները, ինչպես նաև Եղեգնաձորի բնության նշանակությունը՝ Հայաստանի կողմից սահմանված թիրախներին հասնելու համատեքստում։

Քննարկվեցին նաև Եղեգնաձոր համայնքի ներկայացուցիչների՝ COP17-ին մասնակցության հնարավորությունները։

«Քաղաքացիական հասարակության առաջնորդության և կենսաբազմազանության կառավարման ամրապնդումը՝ Հայաստանում կայանալիք COP17-ի նախօրեին» ծրագիրն իրականացնում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ։ 

Այս հոդվածում արտահայտված մտքերը հեղինակինն են և չեն արտահայտում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետը։

Հանդիպման մանրամասները՝ հաջորդ հրապարակումներում։

Օգոստոս 12, 2026 at 14:20

Հայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

 

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

11 մարտի 1990թ., ք․ Երևան

Կրթություն 

Հավաստագրված մասնագետ է բլոկչեյնի և թվային ակտիվների գծով (CBDA, Digital Assets Council of Financial Professionals)։
2023 թ. ավարտել է Harvard Business School Online-ի «Ռազմավարության իրականացում» (Strategy Execution) ծրագիրը։
Անցել է Պատասխանատու բանկային գործունեության սկզբունքների ակադեմիայի (PRB Academy) ուսուցողական ծրագրերը։
2018 թ. մասնագիտական պրակտիկա է անցել Գերմանիայի KfW զարգացման բանկում (Ֆրանկֆուրտ), և Fichtner Management Consulting AG-ում (Շտուտգարտ)։
2016 թ. ավարտել է Լոնդոնի Իմպերիալ Քոլեջը (Մեծ Բրիտանիա)՝ ստանալով գիտությունների մագիստրոսի աստիճան (MSc) շրջակա միջավայրի տեխնոլոգիաների ուղղությամբ։
2015 թ. ավարտել է Բրիստոլի համալսարանը (Մեծ Բրիտանիա)՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի (LLM) աստիճան առևտրային իրավունքի ուղղությամբ։
2012-2013 թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում՝ որպես իրավախորհրդատու։
2010-2012 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։
2010 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։
2006 թ. ավարտել է Երևանի Ա. Ս. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը։

Աշխատանքային գործունեություն

2024-2026 թթ. եղել է «Renshin Investments» ընկերության՝ ներգրավված ֆինանսական միջոցների կառավարման ղեկավարը։
2023-2024 թթ. եղել է «Հայաստանի ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի» (AMX) գործադիր տնօրենի խորհրդականը։
2022-2023 թթ. եղել է «Կոնվերս Բանկ»-ի ESG ուղղության ղեկավարը։
2019-2022 թթ. աշխատել է «Էրնսթ ընդ Յանգ» (EY) ընկերությունում՝ որպես կլիմայի փոփոխության և կայունության ծառայությունների ավագ խորհրդատու։ Խորհրդատվություն է տրամադրել բանկային, ինչպես նաև մետաղական հանքարդյունաբերության և այլ ոլորտների ընկերություններին՝ կանաչ պարտատոմսերի թողարկման, կայունության ռազմավարության, հաշվետվողականության հարցերում։

Սևանա լիճը՝ Հայաստանի կենսաբազմազանության առանցքային հանգույց․ իրազեկման հանդիպում Սևանում՝ COP17-ին ընդառաջ

Սևանա լիճը՝ Հայաստանի կենսաբազմազանության առանցքային հանգույց․ իրազեկման հանդիպում Սևանում՝ COP17-ին ընդառաջ

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն իրազեկման հանդիպում անցկացրեց Սևան համայնքում։

Սևանա լիճը Հայաստանի կենսաբազմազանության առանցքային հանգույցներից է, որտեղ կենտրոնացած են արժեքավոր էկոհամակարգեր, էնդեմիկ տեսակներ։ Այն ապահովում է բազմաթիվ տեսակների կենսամիջավայր։ Սևանա լիճը Կովկասի ամենակարևոր քաղցրահամ ջրային էկոհամակարգերից մեկն է, քաղցրահամ ջրի ռազմավարական պաշար է։ Նրա պահպանությունը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի կենսաբազմազանության համար։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց COP 17-ի հիմնական նպատակները, ՀՀ կենսաբազմազանության պահպանության ազգային ծրագրի թիրախները և այդ թիրախներին հասնելու համատեքտում Սևանի բնության նշանակությունը, կենսաբազմազանության պահպանության խնդիրներն ու առաջարկությունները։ Նաև քննարկել COP 17-ին տեղացիների մասնակցության հնարավորությունները:

Հանդիպումը կազմակերպվել էր «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակում:

Մանրամասները Էկոլուրի հաջորդ հրապարակումներում։

Նյութը պատրաստվել է «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ:

Ծրագրի շրջանակում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտահայտեն «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի տեսակետները:

Օգոստոս 07, 2026 at 18:14

Արմաշի բնապահպանական մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները՝ տեղացիների աչքերով

Արմաշի բնապահպանական մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները՝ տեղացիների աչքերով

Արարատի մարզի Արմաշ բնակավայրն ունի հարուստ կենսաբազմազանության, որը կարիք ունի պահպանության։ Այս մասին նշեց «Արմաշ գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Տիգրան Մաթևոսյանը՝ Արմաշում կայացած իրազեկման հանդիպման ժամանակ։ Հանդիպումը կազմակերպել էր «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ նպատակ ունենալով ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ քննարկել Արմաշի կենսաբազմազանության պահպանության խնդիրները, զարգացման ուղիները և տեղացիների մասնակցության հնարավորությունները COP17։

Տիգրան Մաթևոսյանը ներկայացրեց Արմաշի թռչնաշխարհի նշանակությունը՝ շեշտելով, որ  Արմաշն առանձնահատուկ աշխարհագրական դիրք ունի․ բնակավայրից հարավ գտնվում են գերխոնավ տարածքները, իսկ հյուսիսում՝ լեռնային և չոր տափաստանային գոտիները։ Այս պայմանների համադրությունը տարածքում ձևավորել է հարուստ և բազմազան կենդանական աշխարհ։ «Մենք պետք է կարողանանք օգտվել այս հնարավորությունից՝ ի շահ թե՛ մեզ, թե՛ բնության։ Բնության հետ ներդաշնակ համագործակցելով՝ պետք է ոչ միայն օգտվենք բնության տված բարիքներից, այլև մեր ներդրումն ունենանք դրանց պահպանման ու վերականգնման գործում», – ասաց նա։

Տիգրան Մաթևոյանը նշեց, որ այդ կենսաբազմազանությունը բազմաթիվ վտանգների առջև է կանգնած։ Նա առանձնացրեց լճերի չորացումը կամ ջրի մակարդակի իջեցումը։ «Երբ լճերն իջեցնում են, բնականաբար, ջրային տարածքները պակասում են, և թռչունները, որոնք սովոր են ջրում սնվել կամ այնտեղ բնադրել, խնդիր են ունենում։ Լճերի ջրային ռեժիմի պահպանման հարցում անհրաժեշտ է պետական կառույցների և տնտեսվարողների միջև երկխոսություն», – ասաց նա։

Մեկ այլ լուրջ խնդիր է որսագողությունը։ Լճերի մի մասը ներառված է որսահանդակների կազմում, սակայն անհրաժեշտ է գնահատել որսի ազդեցությունը թռչնաշխարհի վրա և ունենալ պոպուլյացիաների պահպանության և վերականգնման հստակ մեխանիզմներ։ Նա հիշեց դեպքեր, երբ որսի ժամանակ սպանվել են անգամ ձվերի վրա թուխս նստած թռչուններ։

Ըստ Տիգրան Մաթևոսյանի՝ թռչունների և մյուս կենդանիների համար լուրջ վտանգ են նաև եղեգնուտների գարնանային հրդեհները։ Տարածքները «մաքրելու» նպատակով կատարվող զանգվածային այրումների հետևանքով ոչնչանում են կենդանիների և թռչունների կենսամիջավայրերը։

Տիգրան Մաթևոսյանը Արմաշում իրականացնում է «Էկոաշխարհ» նախաձեռնությունը։ Նա սեփական միջոցներով շուրջ 6 հեկտար տարածքում ձևավորել է անտառաշերտ՝ լճակով։ Նրա խոսքով՝ նախաձեռնության նպատակը ոչ միայն ծառատունկն ու տարածքի բարեկարգումն է, այլև՝ թռչունների համար անվտանգ միջավայր ստեղծելը։ Տարածքում արդեն տեղադրվել է թռչնադիտարկման աշտարակ, իսկ հետագայում նախատեսվում է այն հարմարեցնել այցելուների և թռչնադիտարկման խմբերի համար։

Տիգրան Մաթևոսյանը նշեց՝ Արմաշի կենսաբազմազանությունը կարող է դառնալ նաև համայնքի տնտեսական զարգացման հիմք։ Հատկապես մեծ ներուժ ունի թռչնադիտարկումը։ «Մեզ մոտ արդեն այցելում են արտասահմանյան խմբեր, այդ թվում՝ թռչնադիտարկմամբ հետաքրքրված զբոսաշրջիկներ։ Նման այցերը ցույց են տալիս, որ Արմաշում անհրաժեշտ է զարգացնել ոչ միայն բնական տարածքները, այլև զբոսաշրջիկների սպասարկման ենթակառուցվածքները։ Կարելի է զուգահեռ զարգացնել ագրոտուրիզմը, զբոսաշրջիկներին առաջարկել այցելել այգիներ, մասնակցել բերքահավաքի, ծանոթանալ գյուղական կյանքին, տեղական արտադրանքին», – ասաց Տիգրան Մաթևոսյանը։

Տեղի բնակիչ, «SunRise Tour» զբոսաշրջային ընկերության հիմնադիր Անահիտ Մաթևոսյանն էլ նշեց, որ նպատակ կա Արմաշում զարգացնել էկոտուրիզմը, ագրոտուրիզմը, հյուրատնային ծառայությունները։ Զբոսաշրջային հնարավորությունների շարքում նա առանձնացրեց Արմաշի հնավայրը, ձկնաբուծական տնտեսությունները, տեղական գյուղատնտեսական արտադրանքը և գաստրոտուրիզմի հնարավորությունը։

Տեղացիները կարծում են, որ Արմաշի զբոսաշրջային քարտեզում կարող է ներառվել նաև պատմամշակութային ժառանգությունը։ Տիգրան Մաթևոսյանի խոսքով՝ բնակավայրում ձևավորվում է մի ամբողջական երթուղի, որտեղ կարող են միավորվել «Էկոաշխարհը», գյուղատնտեսական տարածքները և Արմաշի հնավայրը։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանն առաջարկեց Արմաշում ստեղծել ինֆոտուն, որը կարող է դառնալ համայնքի բնապահպանական և զբոսաշրջային տեղեկատվության կենտրոն։ Կենտրոնը կարող է համագործակցել դպրոցների հետ՝ կազմակերպելով ճանաչողական տուրեր, որոնց ընթացքում երեխաները հնարավորություն կունենան ծանոթանալու Արմաշի կենսաբազմազանությանը, մասնակցելու թռչնադիտարկման և անմիջականորեն ճանաչելու գյուղական միջավայրի առանձնահատկությունները։

Վիկտորյա Բուռնազյանն առաջարկեց դիտարկել COP17-ին տեղացիների մասնակցության հնարավորությունները, կազմակերպել միջոցառում համայնքի բնակիչների, դպրոցականների և ակտիվ խմբերի մասնակցությամբ։ Որպես հնարավոր թեմաներ առանձնացվեցին Արմաշի թռչնաշխարհի պահպանությունը, ջրաճահճային տարածքների կարևորությունը, Արմաշի՝ որպես Էմերալդ թեկնածու տարածքի ներուժը և Ռամսարի կոնվենցիայի շրջանակում հնարավոր ճանաչումը, ագրոկենսաբազմազանությունը, կլիմայի փոփոխության ազդեցությունը, ինչպես նաև տնտեսական գործունեության և կենսաբազմազանության պահպանության միջև հնարավոր շահերի բախումները։

Տիգրան Մաթևոսյանը նշեց՝ կարևոր է COP17-ին մասնակցել՝ ներկայացնելով տեղի մարտահրավերները և առաջարկելով լուծումներ։ «Նախևառաջ կցանկանայի, որ ավելի մեծ ուշադրություն հրավիրվեր մեր տարածքի վրա, որպեսզի կատարվեն ներդրումներ, և այն  զբոսաշրջության համար գրավիչ դառնա», – ասաց նա։ Տիգրան Մաթևոսյանն առանձնացրեց նաև Ռամսարի կոնվենցիայի շրջանակում Արմաշի հնարավոր ճանաչման հեռանկարը՝ նշելով, որ դա կարող է նպաստել ոչ միայն կենսաբազմազանության պահպանությանը, այլև տարածքի ճանաչելիության բարձրացմանը։

Անահիտ Մաթևոսյանն էլ հավելեց՝ Արմաշի՝ որպես բնապահպանական և զբոսաշրջային տարածքի զարգացումը կապված է պետական և միջազգային աջակցության հետ։ Նրա խոսքով՝ արդեն քննարկվում է նաև արագիլների համար հատուկ խնամքի և վերականգնողական տարածք ստեղծելու գաղափարը՝ հաշվի առնելով, որ տարածքում հաճախ հանդիպում են վնասված թռչուններ։

Քննարկման ընթացքում որոշվեց շարունակել աշխատանքը համայնքի ակտիվ բնակիչների հետ՝ նպատակով առանձնացնելու և COP17-ի օրակարգում ներկայացնելու այն հարցերը, որոնք կարևոր են Արմաշի համար։

Հոդվածը պատրաստվել է «Աջակցություն Հայաստանի՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությանը և ներքին իրականացմանը» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ:

Ծրագրի շրջանակում արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտահայտեն «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի տեսակետները:

Օգոստոս 07, 2026 at 11:46