Դաշտադեմում 10.5 ՄՎՏ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայան կկառուցվի

Դաշտադեմում 10.5 ՄՎՏ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայան կկառուցվի

Արագածոտնի մարզի Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայրում «Դաշտէներգո» ՍՊԸ-ն նախատեսում է կառուցել ընդհանուր 10.5 ՄՎՏ հզորությամբ արևային ֆոտովոլտային համալիր՝ բաղկացած 3 կայաններից։ Նախատեսվող արևային ֆոտովոլտային համալիրը տեղակայվելու է 16,71363 հեկտար տարածքի վրա։

2026թ․ հունիսի 4-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքի Դաշտադեմ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցավ Դաշտադեմ բնակավայրի 4,8 կմ երկարության 110 կՎ լարման օդային գծի և 10.5 ՄՎՏ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանից՝ 1․4 ՄՎտ և 2․45 ՄՎտ (ընդհանուր 3.85 ՄՎՏ) հզորությամբ արևային 2 ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2025թ․ապրիլի 30-ի, №164-Ա որոշման համաձայն՝ «Դաշտէներգո» ՍՊԸ-ին տրամադրվել է էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա՝ մինչև 2047թ․ մայիսի 1-ը գործողության ժամկետով։ Լիցենզիան տրամադրվել է 10.5 ՄՎՏ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի համար, որի կառուցումն իրականացվելու է փուլերով։

Արևակայանը տեղակայված է լինելու «Դաշտէներգո» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում՝ Դաշտադեմ բնակավայրի վարչական տարածքում։ Օդային գծի անցկացման տարածքը պատկանում է համայնքին՝ սեփականության իրավունքով։

1,4 ՄՎտ հզորությամբ արևային կայանը կառուցվելու է 3․16646 հեկտար մակերեսի վրա։ Նախատեսվում է տեղադրել 1973 հատ ֆոտովոլտային մոդուլներ, յուրաքանչյուրը` 640Վտ։ 2․45 ՄՎտ հզորության արևակայանը կտեղակայվի 4․04717 հեկտար տարածքի վրա։ Նախատեսվում է տեղադրել 640 Վտ հզորությամբ 4728 հատ ֆոտովոլտային մոդուլներ։

Ընկերության ներկայացրած փաստաթղթում նշված է․ «Արևակայանի շահագործման ընթացքում առաջանալու են նաև վնասված վահանակներ և այլ խոտանված մասեր, որոնք կուտակվելու են տարածքում նախատեսված փակ պահեստային շենքում՝ մետաղական վագոն-տնակում՝ մինչև համապատասխան լիցենզավորված կազմակերպություններին հանձնելը։

Արևային կայանի ներկրված վահանակներն ունեն օգտագործման երաշխիք, համաձայն որի շարքից դուրս եկած կամ վնասված վահանակները հետ են վերադարձվելու արտադրող կազմակերպությանը՝ նորով փոխարինելու նպատակով։

Մնացած ժամանակաշրջանում շարքից դուրս եկած վահանակները կկուտակվեն պահեստարանում՝ մինչև դրանց արտահանման կամ Հայաստանի Հանրապետությունում դրանց վերամշակման հնարավորությունների ստեղծումը, մասնավորապես կազմակերպությունների ստեղծումը»։

2026թ․ մայիսի 12-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել 9,5 հեկտար տարածքի վրա 6,65 ՄՎտ հզորության 3-րդ արևային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ ներկայացված ՇՄԱԳ հաշվետվությանը։

Ըստ հաշվետվության՝ նախատեսվում է տեղադրել` 640 Վտ հզորությամբ 13,579 հատ ֆոտովոլտային մոդուլներ։ Արևային կայանի տարածքում նախատեսվում է կառուցել 9100 ԿՎտ հզորության ենթակայան։

Հունիս 09, 2026 at 16:56

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *