«Հրապարակ». Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները

Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի եւ «Հայաստան» դաշինքի անդամների՝ օրեր առաջ տեղի ունեցած հանդիպումը, ավելի ճիշտ՝ դրա վերաբերյալ կողմերի՝ իրարից էականորեն տարբերվող հաղորդագրությունները լավագույնս բացահայտում են ԱՄՆ ժողովրդավարության մակարդակը։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ԱՄՆ-ին ու Արեւմուտքին հռչակել են ժողովրդավարության բաստիոն, Ռուսաստանին՝ բռնապետություն։

Վեց օր առաջ՝ հոկտեմբերի 8-ին, խորհրդարանում տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Արթուր Խաչատրյանի եւ Լեւոն Քոչարյանի հանդիպումը Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ։ Խորհրդարանի պաշտոնական կայքում այդ հանդիպման վերաբերյալ տարածված հաղորդագրությունում կարդում ենք․ «Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների խորացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանում քաղաքական հետապնդումների, մարդու իրավունքների, ինչպես նաեւ՝ ժողովրդավարական ինստիտուտների հետեւողական քայքայման վերաբերյալ կոնկրետ փաստեր։ Առանձին անդրադարձ է կատարվել կալանքի՝ որպես խափանման միջոցի չարաշահմանը եւ այն քաղաքական հակառակորդների նկատմամբ որպես պատժի գործիք կիրառելու դեպքերին»։ Իսկ վերջում ասվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ։

Այս հանդիպումից 6 օր անց դեսպանատանը հիշել են, որ իրենց հավատարմատարը հանդիպել է ընդդիմադիր պատգամավորների հետ, ու հարկ են համարել կցկտուր մի հաղորդագրություն էլ իրենք տարածել։ «ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը վերջերս հանդիպեց «Ուժեղ Հայաստան» եւ «Հայաստան դաշինք» խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները, Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը եւ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագիծը։ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման եւ խաղաղությունը տնտեսական հնարավորությունների վերածելու ջանքերին, տարածաշրջանային փոխկապակցվածության մեծացմանը եւ Հայաստանի ու տարածաշրջանի համար առավել բարեկեցիկ ապագայի խթանմանը»,- նշված է դեսպանատան հաղորդագրությունում, որտեղ, ինչպես տեսնում ենք, ոչ մի տառ չկա Հայաստանում քաղաքական հետապնդումների, մարդու իրավունքների, ինչպես նաեւ՝ ժողովրդավարական ինստիտուտների քայքայման եւ մյուս խնդրահարույց հարցերի վերաբերյալ։

Ինչո՞ւ՝ հարցրինք հանդիպման մասնակից Արթուր Խաչատրյանին։ Նա անակնկալի եկավ, ասաց, թե չի կարդացել դեսպանատան տեքստը, բայց լսելով բովանդակության մասին՝ ասաց, որ ոչինչ չի կարող ասել: Մեր հարցին, թե որ ռելիզին հավատալ, պատգամավորը պատասխանեց, որ խորհրդարանի կայքում հայտնված տեքստը ոչ թե իրենք, այլ աշխատակազմն է տարածել, առանց իրենց հետ համաձայնեցնելու: Հետեւաբար, կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ն այս իշխանությունների ապօրինությունների, բռնաճնշումների վրա աչք է փակում: Արդյո՞ք նպատակահարմար կգտնեք հետայսու էլ հանդիպել դեսպանորդի հետ՝ հարցրինք Արթուր Խաչատրյանին։ Նա հրաժարվեց պատասխանել: Ասաց` կնայի դեսպանատան այս ռելիզը, կքննարկեն հարցը խմբակցությունում։

«Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ

ՊԵԿ-ը հայտարարել է «Քո հարկը քոնն է» հանրային իրազեկման արշավի տենդեր՝ միջոցառման կազմակերպման, ինֆլյուենսերների ներգրավման եւ տեսաբովանդակության արտադրության համար։ Աճուրդի մեկնարկը տրվել է հոկտեմբերի 13-ին, գնման բյուջեն 24 մլն 90 հազար դրամ է։ Այն անցկացվելու է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Գումարի շրջանակներում նախատեսվում է աշխատանքային ճաշ՝ 20 անձի համար։

Ճաշին մասնակցելու են ՊԵԿ նախագահը, 5 պաշտոնատար անձ եւ 14 ինֆլյուենսեր։ Այն տեւելու է 1.5-2 ժամ, որի ընթացքում բլոգերներին հանձնվելու են նաեւ նվերներ ու անվանաքարտեր, յուրաքանչյուրը 15,000-20,000 դրամ, կին մասնակիցներին՝ նաեւ ծաղկեփնջեր: Բլոգերները պարտավորվում են 3 օրվա ընթացքում առնվազն 30 վայրկյան տեւողությամբ ռիլ հրապարակել։ Բացի այս հանդիպումը, պետք է 5 ինֆլյուենսերների մասնակցությամբ առնվազն 40 վայրկյան տեւողությամբ 5 անհատական սցենարով ռիլեր պատրաստվեն։ Մեկ բլոգեր էլ «Բիզնեսը քայլ առ քայլ» ուսուցողական շարք պետք է պատրաստի՝ 10 ռիլից կազմված, յուրաքանչյուրը՝ սկսած 1 րոպեից։

«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել

Երեւանի ավագանու հաջորդ հերթական ընտրություններին դեռ 2 տարի կա, բայց քաղաքապետ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել։ Քաղաքապետարանի մեր աղբյուրից տեղեկացանք, որ հրահանգ է իջել՝ բոլոր վարչական շրջաններում աշխատանքներ իրականացնել համատիրությունների ընդդիմադիր ղեկավարների եւ ակտիվ անդամների հայտնաբերման ուղղությամբ։ Սրանք այն մարդիկ են, որ ամենօրյա ռեժիմով շփվում են քաղաքացիների հետ, հարցեր լուծում, ուստի պետք է ՔՊ-ականներ լինեն, որ ձեռքի հետ Ավինյանի փիառն անեն ու նրա համար ձայն բերեն։ Հիմա ընդդիմադիրների ակտիվ հայտնաբերման փուլն է, որն ուղեկցվում է ոչ հաճելի բացատրական զրույցներով: Փորձում են թերություն գտնել տվյալ ղեկավարի կամ համատիրության ակտիվ անդամի աշխատանքներում՝ հասկացնելով, որ «լավով» հեռանա, հակառակ դեպքում կհեռացնեն։

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը

Ընտանեկան բռնության դեմ օրենսդրությունը խստացնելու նախաձեռնությամբ հանդես եկող Աննա Հակոբյանը, որ հոկտեմբերի 1-ից հայտարարեց մարզեր այցելելու եւ այս թեմայով ստորագրահավաք անելու վերաբերյալ, մոբիլիզացրել է հանրապետության բուհերը։ Մի շարք բուհերի միջանցքներում մեծ պաստառներ են տեղադրվել՝ հետեւյալ գրառմամբ․ «Կո՞ղմ եք ընտանեկան բռնության դեմ խիստ եւ արդյունավետ գործիքակազմ նախատեսող օրենսդրական նախագծերի ընդունմանը ՀՀ Ազգային ժողովում, եթե՝ այո, խնդրում եմ ստորագրել»։ Երեկ տեղեկացանք, որ Տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունն է իրենց կայքում դիմել ուսանողությանը, որ միանան ստորագրահավաքին: Իսկ Ամերիկյան համալսարանում տեղադրվել է այդ պաստառը, կողքը սեղան դրվել: Սակայն ուսանողներից մեկը մեզ ասաց, որ ուսանողներն անտարբեր են այս նախաձեռնության նկատմամբ, հիմնականում կարդում, ժպտում եւ առաջ են անցնում։ Թե որքան ստորագրություն է հավաքվել այդ բուհում, մեզ պարզել չհաջողվեց։

«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել

Օգոստոսի վերջերից խոսակցություններ կան Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հետկանչի մասին, ինչի վերաբերյալ գրվեց եւ չհերքվեց։ Սեպտեմբերին Արսենյանը Հայաստանում էր, եւ բոլորը վստահ էին, որ նա այլեւս չի վերադառնալու Մոսկվա: Սակայն, ի զարմանս շատերի, նա կրկին մեկնել է եւ շարունակում է կատարել դեսպանի պարտականությունները, քանի որ, ըստ մեր աղբյուրի, նոր դեսպանի ագրեմանի հարցը դեռ լուծված չէ։ Տեղեկացանք, որ երեկ Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել՝ ՀՀ անկախության 35-ամյակի առիթով, չնայած Անկախության տոնից 20 օր անցել է: Նրա մտերիմները նշեցին, որ ընդունելությունն Արսենյանը կազմակերպել է իր հաշվին, որը նաեւ հրաժեշտի միջոցառում կարող էր համարվել։ Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ առաջիկայում ՌԴ ԱԳՆ-ում են դեսպանի հետ հրաժեշտի հատուկ միջոցառում կազմակերպելու: Ռուսական կողմն ի սկզբանե թեեւ որոշ վերապահումներ ուներ՝ Արսենյանի հետ կապված, սակայն հետագայում լեզու գտան, ինչն էլ թերեւս նրա պաշտոնանկության պատճառ դարձավ: Գրել էինք, որ ՀՀ իշխանությունները որոշել են Մոսկվա գործուղել եվրոպական երկրներում դեսպան, 2004-10 թթ․ ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցիչ աշխատած 67-ամյա Սամվել Մկրտչյանին, որը նաեւ ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանի քեռին է: Բայց ռուսական կողմը կարող է նրա թեկնածությանը չհամաձայնել:

Ով կարող է փոխարինել Զելենսկուն․ թեկնածուների անուններ են շրջանառվում

Ամերիկյան Newsweek պարբերականը չորս հնարավոր թեկնածուի է մատնանշել, ովքեր կարող են փոխարինել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։ Նշենք, որ Զելենսկուն այլ անձով՝ որպես Ուկրաինայի նախագահ փոխարինելու հարցը դարձյալ ակտուալացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արդեն ժամանակն է, որ ուկրաինական ղեկավարությունը փոխվի։ Եվ այսպես, Newsweek-ի վարկածի համաձայն, առաջնահերթ կերպով Զելենսկուն կարող է փոխարինել Ուկրաինայի ԶՈՒ նախկին գլխավոր հրամանատար, ներկայում Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին։ Ապա հաջորդում են ուկրաինական հետախուզության գլխավոր վարչության նախկին ղեկավար Կիրիլ Բուդանովը, պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆեդորովն ու, իհարկե, նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն։

Ընդ որում, Զալուժնին Զելենսկու համար հիմնական մրցակից է համարվում։ Համաձայն սոցհարցումների, Զալուժնու վարկանիշը 64 տոկոս է, Զելենսկունը՝ 53։ Բուդանովի վարկանիշը 53 տոկոս է, Ֆեդորովինը՝ 38։ Պետրո Պորոշենկոն, որն Ուկրաինան ղեկավարել է 2014-19 թվականներին, ամերիկյան պարբերականի հոդվածում նշվում է որպես հիմնական ընդդիմադիր խորհրդարանական ուժի ղեկավար։ The Wall Street Journal պարբերականը գրում է՝ ակնհայտ է, որ Թրամփի եւ Զելենսկու հարաբերությունները վատացել են, իսկ Financial Times-ն էլ հայտնում է, որ Թրամփը նույնիսկ սպառնացել է դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական մատակարարումները։

Երգչի այրու իրավունքները դատարանը ճանաչել է

Մոսկվայի Շչերբակինսկի շրջանի դատարանը մասնակի բավարարել է երգիչ Յուրի Շատունովի այրու հայցն ընդդեմ պրոդյուսեր Սերգեյ Ռազինի։ Դատարանը, համաձայն հոկտեմբերի իննին կայացված վճռի, մասնակի բավարարել է Սվետլանա Գեորգիևնա Շատունովայի հայցը, որը ներկայացվել էր անչափահասների շահերի պաշտպանության նպատակով՝ ընդդեմ Անդրեյ Ալեքսանդրովիչ Ռազինի։ Հայցի առարկան կայանում է նրանով, որ առ ոչինչ ճանաչվեր 2013 թվականի սեպտեմբերի 14-ին Յուրի Շատունովի եւ Անդրեյ Ռազինի միջեւ կնքված պայմանագիրը, որով որոշակի հեղինակային եւ հարակից այլ իրավունքներ են փոխանցվել Ռազինին՝ կապված երգչի ստեղծած ստեղծագործական ժառանգության հետ։ Հիշեցնենք, որ Անդրեյ Ռազինը հեռակա կարգով կալանավորված է՝ խարդախության մեղադրանքով։

Բասկետբոլիստի մարզաշապիկը վաճառվել է ավելի քան 10 միլիոն դոլարով

Պատմության մեջ երրորդ անգամ լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի մարզաշապիկը վաճառվել է ավելի քան 10 միլիոն դոլարով։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Աճուրդային վաճառքն իրականացվել է Hunt Auctions աճուրդային տանը։ Ջորդանի ինքնագրով մարզաշապիկը վաճառվել է 14 միլիոն դոլարով։ Նախորդ անգամ 2022-ին է Ջորդանի մարզաշապիկներիվ մեկը վաճառվել 10,1 միլիոն դոլարով, ապա 12,3 միլիոն դոլարով։

Թեյլոր Սվիֆթը նոր ռեկորդ է սահմանել

Թեյլոր Սվիֆթը Billboard 200 ալբոմների հիթ-շքերթում առաջին հորիզոնականում անցկացրած շաբաթների ընդհանուր քանակը հասցրել է 100-ի՝ դառնալով պատմության մեջ երկրորդ կատարողը, որին հաջողվել է գրանցել այս ցուցանիշը։ Գրում է Tert.am-ը:

Սվիֆթի «The Life of a Showgirl» ալբոմը կրկին գլխավորել է Billboard 200-ը՝ 21-րդ հորիզոնականից բարձրանալով առաջին տեղ։ Վերադարձը հաջորդել է սեպտեմբերի 25-ին ալբոմի ընդլայնված տարբերակի թողարկմանը, որը ներառում է նախկինում չհրապարակված չորս երգ, այդ թվում՝ «Patient Zero»-ն։ Սվիֆթի 15 ալբոմները տարբեր տարիներին գլխավորել են հիթ-շքերթը։

Դրանց թվում են «The Tortured Poets Department»-ը, «1989»-ը, «Fearless»-ը և «Midnights»-ը։ Այս ալբոմների շնորհիվ երգչուհին Billboard 200-ի առաջատարի դիրքում անցկացրած շաբաթների ընդհանուր քանակը հասցրել է 100-ի։

Այս ցուցանիշով Սվիֆթը միացել է «The Beatles» խմբին, որի ալբոմները Billboard 200-ի առաջին հորիզոնականում ընդհանուր առմամբ անցկացրել են 132 շաբաթ։ Էլվիս Փրեսլին կատարողների շարքում երրորդ տեղում է՝ 67 շաբաթ ցուցանիշով։

Billboard 200 ալբոմների հիթ-շքերթը շաբաթական պարբերականությամբ հրապարակվում է 1956 թվականից։