Թրամփն ու Պուտինը փոխշահավետ գործարքի են գնում․ մանրամասներ՝ նոր զրույցից

Կրեմլում հաստատել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մասին տեղեկությունը և ներկայացրել որոշ մանրամասներ։

Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ զրույցի ընթացքում զգալի ուշադրություն է դարձվել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հեռանկարներին։

Ռուսաստանը հաստատել է պատրաստակամություն՝ նավթ և նավթամթերք մատակարարել ամերիկյան և համաշխարհային շուկաներ։ Պուտինը վստահություն է հայտնել, որ մատակարարումները դրականորեն կանդրադառնան ողջ համաշխարհային տնտեսության վրա։

Երկու գերտերությունների առաջնորդներն անդրադարձել են նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին և երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտների։

Նրանք պայմանավորվել են շարունակել անձնական շփումները և համագործակցությունը գերատեսչությունների գծով։

Հիշեցնենք` ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Թրամփը և Պուտինը պայմանավորվել են Ռուսաստանից դիզելի մատակարարումների շուրջ։ Ռուսական կողմը պատրաստ է անմիջապես ԱՄՆ և համաշխարհային շուկա մատակարարել 300 հազար տոննա դիզելային վառելիք, ևս 500 հազար տոննա՝ նոյեմբերին, և 1 միլիոն տոննա՝ ավելի ուշ։

Թրամփի կանխատեսմամբ, որ դա կօգնի նվազեցնել վառելիքի համաշխարհային գները։

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը շնորհավորել է երևանցիներին

ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանությունը Երևանի բնակիչներին շնորհավորել է քաղաքի հիմնադրման 2808–ամյակի կապակցությամբ։
«Հայաստանի մայրաքաղաքին մաղթում ենք պահպանել իր անկրկնելի կոլորիտը՝ համադրելով հարուստ պատմական ժառանգությունն ու առաջադեմ ձեռքբերումները, իսկ երևանցիներին մաղթում ենք ամենայն բարիք և բարգավաճում»,- ասված է շնորհավորական ուղերձում:

Նշենք, որ այսօր Երևանը նշում է իր հիմնադրման 2808–ամյակը:

Մայրաքաղաքի տոնն ավանդաբար նշվում է հոկտեմբերի 2-րդ շաբաթ օրը։

«Հրապարակ»․ Ցուցակից 8 հոգու զանգել են` ստիպել, որ չառաջադրվեն

Տավուշի մարզի Իջեւան համայնքում հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում երկու ուժ է առաջադրվել՝ «Քաղաքացիական պայմանագիր» եւ Դավիթ Սանասարյանի «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունները։

Մեզ հետ զրույցում «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Լեւոն Վարդապետյանը հայտնեց, որ թեկնածուների վրա՝ դիմումները լրացնելու փուլում ճնշումներ են գործադրվել, հիմա էլ տարբեր մեթոդներով խոչընդոտում են իրենց թիմին։ «Ամենասկզբում, երբ սկսեցին ճնշումները, մենք դեռ ընդամենը դիմումները տանում էինք անձնագրային բաժին, այդ դիմումներից շատ չանցած՝ դիմումատուների հետ կապվում էին շատ տարբեր մարդիկ, հիմնականում՝ իրենց ծանոթների նեղ շրջանակից, ու փորձում տարբեր մեթոդնելով՝ սպառնալով, շանտաժ անելով, թե այլ ձեւերով, որպեսզի հրաժարվեն գրանցումից։ 8 հոգու նույն ժամանակահատվածում զանգ է եղել, բայց նրանց հաջողվել է 2 հոգու՝ մի կնոջ ու մի տղամարդու վրա ազդել, որ հրաժարվել են առաջադրվելուց, իսկ մյուսները, չնայած ճնշումներին, առաջադրվել են։ Ընդ որում՝ մեկին աշխատանքի մասով են փորձել ճնշել, իսկ մյուսի դեպքում զանգել են ծնողին, ասել, որ ձեր աղջկան փորձում են օգտագործել, որպեսզի ծնողն էլ աղջկա վրա ազդի, ու աղջիկը հրաժարվի։ Խնդիրը փորձեցինք լուծել, դիմեցինք նաեւ մեր մրցակիցներին, ՔՊ-ի ցուցակը գլխավորող Արթուր Ճաղարյանի հետ էլ ենք հանդիպել։ Ինքը հավաստիացրեց, որ տեղյակ չէ, եւ ասաց, որ հակված է խնդիրը լուծել, ճնշումներ գործադրողների անունները ճշտեց, ասաց՝ եթե անուններ տաք, ես կփորձեմ այդ հարցը կարգավորել, որ նման բան չլինի, քանի որ մենք էլ ենք լավ տրամադրված։ Իրականում, խնդիրն ինչ-որ չափով լուծվեց, որովհետեւ այդ զանգերը դադարեցին։ Հավատում եմ, որ հնարավոր է՝ ինքը կապ էլ չունենա, բայց փաստ է, որ դա եղել է, ու նաեւ փաստ է, որ իր թիմակիցները դա արել են։ Դրանից հետո սկսեցին գյուղացիների վրա ճնշումներ գործադրել, մեկին` դու ՊՆ-ի աշխատող ես, մյուսին՝ գիտենք, որ դու խանութ ունես ու ոնց ես աշխատում, մյուսներին՝ շատ տարբեր մեթոդներով, որպեսզի ոչ միայն իրենք մեր օգտին չքվեարկեն, նաեւ չաջակցեն, մեր օգտին քարոզարշավ չիրականացնեն»։

Վարդապետյանի խոսքով՝ հիմա էլ ճնշումները շարունակվում են, սակայն դրանց բնույթն է փոխվել․ «Մեր գյուղում՝ Աչաջուրում, նկատել ենք, որ սկսել են պաստառները պոկել, օրինակ՝ մենք ունենք տեղ, որը շտաբ չէ, բայց անգամ մինչեւ ընտրությունները այնտեղ ենք ընկերներով մեկ-մեկ հավաքվում, այլ տեղից պոկել էին մեր պաստառը, մանրացրել ու էդտեղ լցրել։ Դա արդեն ցույց է տալիս, որ գործողություններում միտում կա, քանի որ այդտեղ մենք պաստառ չունեինք փակցված, եւ պաստառը հատուկ այլ տեղից էին պոկել բերել։ Բացի այդ, գյուղերում լուրեր են տարածում, որ եթե ընդդիմությանը ձայն տան, ծրագրեր չեն մտնի։ Օրինակ, եթե ընդդիմությունը լավ ձայն հավաքի տվյալ գյուղում կամ փողոցում, ծրագրերը կչեղարկվեն կամ` չեն արվի։ Բացի այդ, մեզ կապում են տարբեր քաղաքական ուժերի հետ, բայց նման բան չկա, մեզնից մի մասն անկուսակցական է, մի մասն էլ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության անդամ է, եւ բացի այս կուսակցությունը, որեւէ այլ կուսակցության հետ կապ չունենք»։

Հարցին՝ իսկ կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի հետ հարցը քննարկվե՞լ է, եւ արդյոք նա մասնակցելո՞ւ է քարոզարշավին, Վարդապետյանը պատասխանեց․ «Մենք ենք փորձում հակազդել դրան ու դրա համար հանրայնացրել են, ու եթե կուսակցությունով առաջադրվել ենք ու հանրային խոսում ենք այս ամենի մասին, բնականաբար, գաղափարական առումով այս ամենի հետ համակարծիք ենք։ Իսկ ինչ վերաբերում է քարոզարշավին, դժվար մասնակցի, քանի որ ՏԻՄ ընտրություններ են, ու մենք ավելի շատ կենտրոնացել ենք գյուղերում մեր ծանոթների հետ, քանի որ տարբեր գյուղերից մենք թեկնածուներ ունենք, ու գյուղերում մեզ ճանաչում են, իսկ որտեղ էլ չունենք, գնում ենք, ծանոթանում ենք բնակիչների հետ։ Մենք ոչ թե ասում ենք` ընտրեք կուսակցություն, որն այսինչ գաղափարներն ունի, այլ ասում ենք՝ ընտրեք մարդկանց, ովքեր արդեն ցույց են տվել, որ տարբեր հարցերում մարդկանց հետ աշխատել են, խնդիրներ են բարձրաձայնել, ինչպես նաեւ՝ լուծել»։

Ինչի համար է նախկին եպիսկոպոսը դատապարտվել 6,5 տարվա ազատազրկման

Ավստրալիայում, Պերտա քաղաքյի շրջանային դատարանը Քրիսթոֆեր Սոնդերսին, ով հանդիսանում է Կաթոլիկ եկեղեցու նախկին եպիսկոպոս, դատապարտել է 6,5 տարվա ազատազրկման՝ երիտասարդ տղամարդկանց հանդեպ գործադրած սեքսուալ բռնությունների համար։ Այս մասին հայտնում է ABC News-ը։ Սոնդերսը դարձել է ամենից բարձր եկեղեցական աստիճան ունեցած անձերից մեկը, ով նման գործողությունների համար դատապարտվել է ազատազրկման՝ ողջ աշխարհի մակարդակով։ Սոնդերսը Բրում քաղաքի եպիսկոպոսն է եղել Արեւմտյան Ավստրալիայում՝ 1996-2020 թվականներին։

Նրա կողմից իրականացված անառակաբարո եւ սեքսուալ բռնության գործողությունների մասին իրավապահներին տեղեկացրել է նրա քարտուղար Շերիլ Քվիթլին՝ 2018 թվականին։ 20 թվականին եպիսկոպոսին ներկայացվել են առաջին մեղադրանքները։ Նա ստիպված է եղել պաշտոնաթող լինել։ Այն ժամանակ հետաքննությունը կասեցվել է՝ հանցանշանների եւ ապացույցների անբավարարության հետեւանքով։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ներքին կարգապահական հետաքննություն սկսելու որոշում է սակայն կայացրել։ Հետաքննությունը բացահայտել է Սոնդերսի մեղավորությունն ապացուցող ապացույցներ։ 26 թվականի օգոստոսին նա 12 հանցադրվագում մեղավոր է ճանաչվել։ Նրա գործողությունների հետեւանքով տուժածների շարքում կան նաեւ ավստրալացի երկու տեղաբնիկներ։ Ուշագրավ է այն, որ մինչեւ 2031 թվականի փետրվար ամիսը ներառյալ՝ Սոնդերսը նաեւ չի կարողանա դիմել վաղաժամ-պայմանական ազատման համար։

«Հրապարակ»․ «Ինձ սխալ եք հասկացել, ես դա նկատի չունեի» փաշինյանական մեթոդն արտաքին քաղաքականության մեջ չի աշխատում

ՄԳԻՄՕ-ի (MGIMO) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող եւ Միջազգային միտումների վերլուծության, Կովկասյան համագործակցության տնօրեն Նիկոլայ Սիլաեւի հետ զրուցել ենք հայ-ռուսական հարաբերությունների մասին:

– Լուրեր են պտտվում, թե դեկտեմբերին է գլխավոր հարցը լուծվելու, այսինքն` դեկտեմբերն այն վերջնաժամկետն է, երբ Հայաստանը պետք է հստակ ասի՝ մնո՞ւմ է ԵԱՏՄ-ում, թե՝ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների այլ ձեւաչափ է նախընտրում: Նաեւ՝ հստակ պատասխանի ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության մասով:

– Որքան ես գիտեմ, ՀԱՊԿ-ի մասով ոչ մի վերջնաժամկետ չի դրվել, ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա մայիսյան սամիթի ժամանակ մասնակից պետությունների ղեկավարների հայտարարությունը կա, որտեղ ասված է, որ դեկտեմբերին, այսինքն՝ հերթական բարձր մակարդակով հանդիպման ժամանակ կդիտարկվի ԵԱՏՄ-ի՝ Հայաստանի հետ պայմանագրի դադարեցման դեպքում հնարավոր հետեւանքների ներկայացումը։ Այսինքն՝ խոսք չի գնում պայմանագրի դադարեցման մասին, այլ գնահատական կտրվի, թե ինչ իրավական, տնտեսական կամ այլ հետեւանքների կհանգեցնի, եթե դադարեցվի ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի պայմանագիրը: Կարծում եմ՝ սա չի նշանակում Հայաստանի նկատմամբ պայմանագրի գործունեության դադարեցում, բայց պարզ է, որ նման հեռանկարին գնահատական կտրվի տարբեր տեսանկյուններից: Կարո՞ղ են, օրինակ, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները որոշել կանգնեցնել, սառեցնել Հայաստանի հետ ԵԱՏՄ պայմանագրի գործունեությունը: Պայմանագրի կետերի համաձայն կարելի՞ է այդպես անել` ոչ, սակայն բովանդակության առումով կարող են նույն մոտեցումը ցույց տալ, ինչպես վարվեց Հայաստանը՝ ՀԱՊԿ-ին իր անդամակցության մասով, երբ ՀՀ-ն հայտարարեց, որ իր մասնակցությունը սառեցնում է, չնայած որ իրավական առումով նման հնարավորություն չկա: Ի՞նչն է խանգարում ԵԱՏՄ-ի չորս երկրների լիդերներին՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, նմանատիպ որոշում կայացնել, բայց այս անգամ՝ ԵԱՏՄ-ի մասով: Հնարավո՞ր է․ իհարկե՝ հնարավոր է, դա տեղի կունենա դեկտեմբերի՞ն․ կարող է լինել եւ կարող է չլինել:

– Ի՞նչ է նշանակում պայմանագրով գործողությունների դադարեցում:

– Դա նշանակում է, որ առեւտրի, փոխադարձ ճամփորդությունների եւ այլն, վերադառնում են առաջնային կարգավորումներին, այն կարգերին, որ կային մինչեւ ԵԱՏՄ-ի ստեղծումը՝ ԱՊՀ կանոնակարգի համաձայն: Իսկ որքան ես եմ հիշում, ԱՊՀ կազմից դուրս գալու մասին հայտարարություններ Հայաստանից դեռեւս չեն հնչել, գոնե ես այդ մասին չեմ լսել: Իհարկե, վատ է լինելու, եթե դա լինի:

– Պուտինի ու Փաշինյանի՝ Ռուսաստանում հանդիպման մասին վաղուց է հայտնի, սակայն գոնե մոտակա ժամկետներում հանդիպում կայանալու մասին որեւէ հայտարարություն չի եղել: Ռուսաստանը Երեւանից որոշակի քայլե՞ր է ակնկալում, որպեսզի Փաշինյանին հրավիրի Մոսկվա:

– Ոչ, գնդակը հիմա Հայաստանի դաշտում է: Պուտինի ասածը փաստացի հրավեր էր Մոսկվա, որպեսզի քննարկեին ներկայիս խնդիրները: Երբ Փաշինյանն ընդունի այդ հրավերը, այն ժամանակ էլ կգնա Մոսկվա, բայց, մեծ հաշվով, ի՞նչ է Փաշինյան Նիկոլն իր հետ Մոսկվա տանելու՝ ամեն ինչ ասված ու ամեն ինչ հասկանալի է: Այս մասով Երեւանում պետք է որոշում կայացնեն, ի վերջո՝ կողմնորոշվեն․ գնո՞ւմ են Եվրամիություն, թե՝ մնում են Եվրասիական տնտեսական միությունում:

– Ռեֆերենդո՞ւմը նկատի ունեք:

– Ոչ, Մոսկվա կարելի է գալ առանց ռեֆերենդումի էլ, բայց իմաստը գալու ո՞րն է՝ ասել մի բան, որ արդեն բազմաթիվ անգամներ ասվել է, ու ի պատասխան լսել մի բան, որը վաղուց հայտնի՞ է: Ուրեմն պետք է առաջարկել ինչ-որ լուծում: Ինձ թվում է՝ այստեղ կա տարբերակների սպեկտր, օրինակ, կարելի է առանց աթոռից բարձրանալու` չեղարկել Հայաստանի ԵՄ անդամակցության մասին օրենքը, դա անիմաստ փաստաթուղթ է, որի մեջ ոչինչ չկա, բացի քաղաքական դեկլարացիայից:

– Փաստաթուղթը կարող է իրենից ոչինչ չներկայացնել, բայց մենք չգիտենք, թե ՀՀ իշխանություններն ինչ պայմանավորվածություններ ունեն ԵՄ ղեկավարների հետ:

– Երեւի կան ինչ-որ պարտականություններ` եվրոպացիների առաջ, ուրիշ հարց է, որ եվրոպացիներն այդքան էլ չօգնեցին վերջին շրջանում, բայց պարտականությունը կա: Կարող են հրապարակային դա չասել, բայց ոչ հրապարակային ստիպված են լինելու ասել, որ մենք ինչ-որ բան խառնել ենք իրար, որովհետեւ դա իսկապես այդպես է: Այդ ամբողջ պատմությունը՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության մասին օրինագիծն ի սկզբանե սխալ էր, սխալ էր մտահղացման մասից, անհաջող իրականացվեց, երբ ասում են, որ ոչ, մենք ոչ մի տեղ էլ չենք գնում, իսկ հաջորդ օրը նման օրինագիծ են ընդունում՝ ԵՄ գնալու մասին: Հետ գնալու ուղիներ պետք է փնտրեն, իսկ դա անելը միշտ չէ, որ հաճելի բան է: Կան քաղաքական գործիչներ, որոնք շատ փափուկ ձեւով ընդունում են իրենց սխալները, եւ կան քաղաքական գործիչներ, որոնք դա ընկալում են սուր դանակի պես, չեն կարողանում ընդունել իրենց սխալը: Նիկոլ Փաշինյանը դասվում է երկրորդ տեսակի քաղաքական գործիչների շարքը:

– Բայց Փաշինյանի մոտ լավ է ստացվում հետո արդարանալը, օրինակ՝ ասում է՝ դուք ինձ սխալ եք հասկացել, ես դա նկատի չունեի:

– Այդ արդարացումը շատ լավ աշխատում է ներքաղաքական օրակարգում, հատկապես երբ դու երկրի մեդիադաշտի վրա վերահսկողություն ունես, եթե ոչ վերահսկողություն, ապա գոնե՝ դոմինանտ վիճակ, իսկ Փաշինյանը դա ունի: Բայց դիվանագիտության մեջ դա ընդհանրապես չի աշխատում, ոչ մի ձեւ չի աշխատում: Ինձ թվում է, որ խնդիրներից մեկը, որին բախվում է Հայաստանի արտաքին քաղաքականությունը, այն է, որ արտաքին քաղաքականությունը կառուցվում է ներքին քաղաքականության օրինակով: Դիվանագիտական հարաբերություններում բոլորը գիտեն, թե երբ ինչ ես ասել, բոլորը հետեւում են, բոլորը հասկանում են ասված խոսքերի իմաստն ու հետեւանքները, հնարավոր չէ այսօր մի բան ասել, իսկ վաղը՝ դրա հակառակը: Ներքաղաքական դաշտում դա աշխատում է, իսկ արտաքին քաղաքականության մեջ բացարձակապես չի աշխատում:

Երկաթուղու մասին Փաշինյանի հայտարարությունները սադրիչ են

Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մուխինը կարծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Հարավկովկասյան երկաթուղու՝ Ռուսաստանի հետ ունեցած կոնցեսիոն պայմանագրի խզման մասին, սադրիչ բնույթ ունի։ Այս մասին նա ասել է «Ալֆանյուզի» հետ զրույցում։

«Հարավկովկասյան երկաթուղու մասով Փաշինյանի հայտարարություններն ունեն սադրիչ բնույթ, քանի որ այդ նախագծի համար առկա է լիովին ամբողջական եւ ձեւակերպված փաստաթղթով ամրագրված կարգավիճակ, եւ միայն դատարանով կարելի է այն փոխել։ Հնարավոր է՝ Փաշինյանը հույս ունի, որ հենց այդպես էլ կարվի։ Չգիտեմ։ Ռուսական ղեկավարությունը, նախեւառաջ՝ կառավարությունը, հավաստիացրել են, որ նման բան հնարավոր չէ։ Ռուսաստանը կարող է կա՛մ համաձայնել հայկական կողմի առաջարկներին, կա՛մ չհամաձայնել։ Սակայն միայնակ հայկական իշխանությունները դժվար թե ինչ-որ բան անեն։ Ինչու։ Որովհետեւ դա կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել եւ անվերահսկելի կերպով քանդել Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները»,- ասել է Մուխինը։

Նա հավելել է, որ Հայաստանի վարչապետի գործողությունները կարող են համակարգված լինել եվրոպական գործընկերների հետ։ «Այսպես կոչված՝ ազգայնացման մասին խոսակցությունները կամ նույնիսկ բռնազավթումը հնարավոր չեն։ Դրանք անօրինական գործողություններ են։ Դրանք կվիճարկվեն, եւ, դատելով ամեն ինչից, տուգանքները կլինեն բավականին բարձր։ Կասկածներ ունեմ, որ Փաշինյանը որոշակի հրահանգներ ունի՝ ստացած եվրոպացի կուրատորների կողմից եւ գործում է ըստ այդ հրահանգների։ Եթե նրանք նրան թելադրում են ստեղծել լարվածություն Հայաստանի տարածքում ռուսական նախագծերի հանդեպ, նա դա անում է»,- ասել է ռուս քաղաքագետը։

«Հրապարակ»․ Սոցփաթեթի հանգստի բաղադրիչը գոնե պետք է պահպանվի

ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել 2027 թ․ հունվարի 1-ից ավարտել սոցփաթեթի ծրագիրը։ Այն դադարեցվում է բոլոր շահառուների համար։ Պաշտոնական բացատրությունն այն է, որ սոցփաթեթի ծառայությունների բաղադրիչները քաղաքացիներին հասնում են պետական մյուս ծրագրերի միջոցով` օրինակ, առողջապահական համընդհանուր ապահովագրության: «Ծրագրի դադարեցմամբ ճիշտ չի լինի ասել, որ քաղաքացիները տուժում են»,-ասել է աշխատանքի եւ բարեկեցության նախարարության աշխատակից Լուսինե Հարությունյանը։

Քանի որ 2027 թ. հունվարի 1-ից համընդհանուր ապահովագրության մեջ ընդգրկվելու են բոլոր աշխատող քաղաքացիները, այդ թվում՝ նրանք, ովքեր ունեցել են սոցիալական փաթեթ, ուստի սոցփաթեթի անհրաժեշտությունն այլեւս չկա։ Սոցփաթեթի հիմնական շահառուները ուսուցիչներն են, այս մասով էլ ԿԳՄՍՆ Հանրակրթության եւ արտադպրոցական ծրագրերի մշակման եւ իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանն էլ նշել է, որ ուսուցիչներն օգտվում են կամավոր ատեստավորման հնարավորությունից. «Ներկայում շուրջ 9 հազար 500 ուսուցիչ ունի բարձրացված դրույքաչափ եւ լրավճար է ստանում ատեստավորման արդյունքում։ Նախատեսում ենք այս պահին ատեստավորված ուսուցիչների համար սահմանված 200 հազար դրույքաչափը դարձնել 300 հազար։ ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է նաեւ ուսուցչի կարգավիճակի մասին օրենքի լրամշակում, որը կսահմանի սոցիալական շատ երաշխիքներ ու արտոնություններ ուսուցիչների համար»: Ուրեմն ուսուցիչներն էլ չեն տուժում սոցփաթեթի չեղարկումից, թեեւ Հայաստանի Հանրապետության հանրակրթական համակարգում աշխատում է 31 հազար ուսուցիչ, փաստորեն, մեկ երրորդից պակասն է անցել կամավոր ատեստավորում:

Առհասարակ, սոցփաթեթի ծրագիրը ներկայում ունի շուրջ 130 հազար շահառու։ Եվ այդ գումարը քաղաքացիները միայն առողջապահության վրա չեն ծախսում, այլ նաեւ՝ հանգստի, որոշ դեպքերում թույլատրվում է նաեւ կանխիկացնել ու վերցնել այդ գումարը։ Կարող են օգտագործել կառավարության սահմանած մի քանի ուղղությամբ՝ հանգստի կազմակերպում, առողջապահական ծառայություններ, մասնավորապես՝ ատամնաբուժական, ինչպես նաեւ՝ ուսման վճար, ուսանողական, հիպոթեքային վարկ։ Սոցփաթեթի ծրագրի դադարեցումն էապես ազդելու է նաեւ ներքին տուրիզմի վրա, եւ շահառուներն այլեւս չեն կարողանալու օգտվել հանգստյան տների եւ հյուրանոցների ծառայություններից, ինչը, ըստ փորձագետների, ահռելի վնաս է հասցնելու նաեւ զբոսաշրջային շուկային:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, նկատում է. «Մենք շատ ենք կարեւորում սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայությունը, բացի իր հիմնական նպատակից, սոցփաթեթը, իսկ դա պետական ծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման միջոց է, նաեւ շատ կարեւոր դեր ու նշանակություն է ունեցել, եւ ես կարծում եմ, որ դեռ շարունակելու է ունենալ ներքին զբոսաշրջության համար: Այն դասական բյուջետային քաղաքականություն է՝ ուղղված ներքին զբոսաշրջության նկատմամբ պահանջարկի ավելացմանը, ներքին զբոսաշրջությունը խթանելու գործում: Այն նաեւ նպաստում է ներդրումների ակտիվացմանը եւ այլն: Սոցփաթեթի հանգստի ապահովման ծառայությունը, բացի պետական ծառայողների սոցիալական երաշխիքներն ապահովելուց, նաեւ շատ արդյունավետ միջոց է` դասական բյուջետային քաղաքականության դրական օրինակ, ներքին զոսաշրջությունը զարգացնելու եւ այդ ոլորտում ներդրումներ անելու, տնտեսական ակտիվությունը բարձրացնելու գործում: Մենք այս իմաստով շատ ենք կարեւորում այն: Չեմ ուզում շտապել, հույս ունենք, որ կվերանայվի գործընթացը, եւ մարդիկ կկարողանան սոցփաթեթի շրջանակներում մեկնել հանգստի: Քանի որ հիմա, ըստ էության, առողջապահության մասով կա ավելի մեծ ծրագիր, որը փոխարինում է սոցփաթեթին, այս իմաստով փոփոխությունը հասկանալի է, բայց ինչ վերաբերում է հանգստի բաղադրիչին, ապա մենք գրավոր դիմել ենք իրավասու մարմիններին, մասնավորապես` էկոնոմիկայի նախարարությանը, Տուրիզմի կոմիտեին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին, ինչպես նաեւ՝ աշխատանքի եւ բարեկեցության նախարարությանը: Հարցը քննարկում ենք, պրոցես է ընթանում, մենք առաջարկել ենք անպայման պահպանել սոցփաթեթի հանգստի բաղադրիչը: Մեծ հույս ունենք, որ քննարկման արդյունքում այդ բաղադրիչը կպահպանվի»:

«Հրապարակ»․ «Վրիժառուները»` պատկերասրահում – Հրապարակ

Օրերս Հայաստանի ազգային պատկերասրահում մշակութային միջոցառում էր կազմակերպվել: Նպատակը բուրժուազիայից, ավելի ստույգ՝ Գագիկ Խաչատրյանի ընտանիքից խլված կտավների ցուցադրությունն էր: Կհիշեք՝ «Անորսալի վրիժառուները» ֆիլմում այդպիսի կադր կա, երբ Դանկան, Յաշկա գնչուն ու կինոյի աղջիկը, բերանները բաց, քայլում են թանգարանի շքեղ սրահներով՝ հեղափոխության հաղթանակի գլխավոր ապացույցը՝ ցարական ադամանդակուռ թագը տեսնելու։

Մոտավորապես նույնը Ազգային պատկերասրահում էր, միայն թե այս կինոյում աղջիկները երկուսն էին՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, իսկ Յաշկա գնչուի դերում ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանն էր:

Նրանք դեմքի հպարտ արտահայտությամբ ըմբոշխնում էին Խաչատրյանների երբեմնի հարստությունը, որն իրենք խլել ու հետ են վերադարձրել «պրոլետարիատին»: Իսկ վերջինս արդեն հասցրել է տարբեր հարթակներում զարմանք արտահայտել առ այն, թե որտեղից է նախկին չինովնիկն այսքան թանկարժեք 70 կտավ ձեռք բերել, ինչ փողերով: «Պրոլետարիատին» ամենաբարձր ամբիոններից ամենօրյա ռեժիմով ներշնչում են, որ իր համար երանելի օրեր են եկել, եւ նա քիչ է մնում հավատա դրան: Մեկ դարից ավելի է անցել Հոկտեմբերյան հեղափոխության օրերից, երբ կաշվե բաճկոններով ու մաուզերներով տղաները ներխուժում էին բուրժուաների տները, պատերից պոկում կտավները, արծաթե սպասքը լցնում պարկերի մեջ ու այդ ամենը հռչակում «պրոլետարիատի սեփականություն»։
Այսօր հանդերձանքն այլ է, էությունը՝ նույնը: Դատարանի վճիռ էլի չկա, բայց կա հեղափոխական էնտուզիազմ։ Մնում էր՝ պատկերասրահում «Ինտերնացիոնալը» երգեին: Արվեստը՝ ժողովրդին, իրավունքը՝ աղբաման։

«Գերատեսչությունների ղեկավարները տեղում ծանոթացել են քրեական վարույթի շրջանակում ՊԵԿ նախկին նախագահ եւ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից առգրավված կտավների ցուցադրությանը, որոնք քննչական գործողությունների արդյունքում ի պահ են հանձնվել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին»,- հաղորդել է Քննչական կոմիտեն: ՔԿ 2026 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ՝ կտավները ճանաչվել են իրեղեն ապացույց եւ ի պահ հանձնվել Ազգային պատկերասրահին:

Ի՞նչ է նշանակում «ի պահ», ինչո՞ւ են հանրությանը հասանելի դարձնում քրեական վարույթով անցնող իրեղեն ապացույցները, որոնք պետք է պահվեին Քննչական կոմիտեում, ո՞ւմ որոշման հիման վրա են դրանք տեղափոխվել Ազգային պատկերասրահ, ո՞ր ընդունման-հանձնման ակտով, ո՞վ է ստորագրել այդ ակտը, արդյո՞ք այդ կտավները պատկերասրահի ֆոնդերում հաշվառվել են, արդյո՞ք փոխանցվել են պետությանը եւ ի՞նչ դատական ակտի հիման վրա, արդյո՞ք Գագիկ Խաչատրյանը կամ նրա ընտանիքը պաշտոնապես ծանուցվել են հանձնման մասին:

Խաչատրյանի փաստաբաններն այս հարցադրումները` միջնորդության տեսքով, ուղարկել են քննչական եւ դատախազություն: Նրանք հղում են արել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն. «Իրեղեն ապացույցները, որպես կանոն, պահպանվում են այնքան, քանի դեռ դրանց տնօրինման հարցը չի լուծվել օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտով։ Նույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում իրեղեն ապացույցը կարող է վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ լուսանկարվել կամ տեսագրվել, հնարավորության դեպքում՝ կնքվել եւ պահվել որոշմամբ սահմանված վայրում կամ օրենքով նախատեսված դեպքում հանձնվել պահպանության։ Նման փոխանցումը, սակայն, իր իրավական բնույթով պահպանության միջոց է եւ չի կարող նույնացվել գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անցման կամ այն թանգարանային մշտական ցուցադրության առարկա դարձնելու հետ։ Իրեղեն ապացույցների պահպանումը, դրանց գտնվելու վայրի փոփոխությունը, պետական սեփականությանն անցնելը, ինչպես նաեւ ցուցադրության կամ այլ կերպ օգտագործման հնարավորությունը պետք է հիմնված լինեն հստակ նույնականացվող վարույթային կամ դատական ակտերի վրա: Նման ակտերը պետք է հասանելի լինեն նաեւ այն անձին, որի սեփականության, օրինական տիրապետման կամ այլ գույքային շահերի վրա դրանք ուղղակիորեն ներգործում են՝ համապատասխան ակտերը վիճարկելու արդյունավետ հնարավորություն ապահովելու նպատակով»։

Տվյալ դեպքում օրենքը խախտված է: Մենք պարզաբանումների համար դիմեցինք դատախազություն, ու սկսվեց չիովնիկական «ֆուտբոլը»: Մեզ ուղղորդեցին ՔԿ. «Քննչական կոմիտեի տիրույթում է, իրենք պետք է պարզաբանեն»:

Քննչականը ոչինչ չի պատասխանում: Ազգային պատկերասրահից հայտնում են, որ կտավներն իրենց սեփականությունը չեն: «ՔԿ հայտարարության մեջ գրված է՝ ի պահ են տրված: Ենթադրում եմ՝ վերցրել են, ուրիշ ո՞ւր պետք է տանեն, առաջին հասցեն պատկերասրահն է: Դրանք ընդամենը ի պահ են տրված, դրանք չեն կարող լինել մեր հավաքածուում՝ գոնե էս պահին»,- ասաց խոսնակը՝ խնդրելով հարցեր չտալ, քանի որ «դրանք իրենց աշխատանքները չեն»: Կտավների ցանկից նա տեղյակ չէ: Փաստորեն, պատկերասրահը «վրիժառուների» համար սովորական պահեստ է, որտեղ քննիչը կարող է «իրեղեն ապացույց» տանել ու հարմար պահի PR-ի առարկա դարձնել: Նիկոլի քննիչին այս երկրում առարկող չկա: Վերեւից լցվող ատելությունից ոչ ոք երաշխավորված չէ՝ հասարակ փողոցային առեւտրականից, որի ապրանքն իր աչքի առաջ ոչնչացնում են, իրեն էլ քարշ տալիս բաժին, մինչեւ միլիոնատեր նախկին չինովնիկ: Եվ ոչինչ չի կանգնեցնում այդ ատելությունը, նույնիսկ՝ պետական շահը:
Օրերս պատգամավոր Ագնեսա Խամոյանը խորհրդարանի ամբիոնից հրապարակեց ՊԵԿ-ից ստացած պաշտոնական պատասխանը՝ Հայաստանում հարկային ստուգումների ու քննչական վարույթների պատրվակով ապօրինի կապարակնքված ու փակված է շուրջ 60 ընկերություն, ներառյալ «Օրանժը», «Գալերեան»: Դրանցից ընդամենը 3-ը նախորդ տարվա միայն սեպտեմբեր ամսին պետական բյուջե էին վճարել ավելի քան 100 միլիոն դրամ: Մի կողմից՝ պետությունը փողի, բյուջեի մուտքերի պակաս ունի, մյուս կողմից՝ կապարակնքում ու սպանում է բիզնեսը։ Մարդիկ մնում են գործազուրկ, բյուջե փող չի մտնում, անձնական հաշվեհարդարն ու չարությունն են կառավարում երկիրը, փոխարինում արդարադատությանը:

ՀԳ․ Ի դեպ, Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավի մեջ է եղել նաեւ նրա դիմանկարը, հետաքրքիր է` այդ կտավն է՞լ են ցուցադրելու ազգային պատկերասրահում:

Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»

Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում ենք բոլորիս Երևանի՝ մեր սիրելի մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվ։ Երևանը մեր տունն է, մեր պատմության, մշակույթի ու պետականության կենդանի վկայությունը։

Այն պետք է լինի ապահով, բարեկեցիկ և արժանապատիվ կյանքի քաղաք՝ պահպանելով իր պատմական դիմագիծն ու շարունակաբար զարգանալով։ Երևանցիները խաղաղություն են ցանկանում։ Մեր համոզմամբ՝ Հայաստանի և Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների։

«Ուժեղ Հայաստանն» ամեն օր աշխատում է հանուն Ուժեղ Երևանի՝ Ուժեղ Հայաստանի մայրաքաղաքի։ Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ Երևան։

«Ուժեղ Հայաստան»

«Հրապարակ». ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել

11 իրավապաշտպան կառույցներ երեկ համատեղ հայտարարություն տարածեցին` պահանջելով անհապաղ վերացնել Արթուր Դանիելյանի կալանքը եւ դադարեցնել հետապնդումը նրա նկատմամբ: Արթուր Դանիելյանը, հիշեցնենք, համացանցային գրառումների համար է կալանավորվել, նրան խուլիգանություն եւ ԱԱԾ-ին արատավորելու համար են մեղադրում։ Հայտարարության հեղինակները մեղադրանքը համարում են անհամաչափ եւ քաղաքականապես մոտիվացված․ «Մենք՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր խոր մտահոգությունն ենք հայտնում եւ դատապարտում ենք Հայաստանում արտահայտման ազատության իրավունքի իրացման համար քրեական հետապնդումների շարունակական դրսեւորումները, ինչը համահունչ չէ Հայաստանի Հանրապետության որդեգրած ժողովրդավարացման ուղուն: Քրեական հետապնդման հարուցման հերթական դեպքը վերաբերում է համացանցում արված գրառումների համար Արթուր Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանը, ինչն առերեւույթ անօրինական, անհամաչափ եւ քաղաքականապես մոտիվացված է: Առավել անօրինական եւ անհամաչափ է նրա նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամիս ժամկետով կիրառված կալանավորումը, որն ակնհայտորեն նրա հանրային խոսքը սահմանափակելու եւ նրան պատժելու նպատակ է հետապնդում՝ հատկապես արտաքին աշխարհի հետ շփումների սահմանափակումների կիրառման պայմաններում»:

Հիշեցնենք, որ Արթուր Դանիելյանի նկատմամբ երկամսյա կալանավորման որոշում են կայացրել, նրա հետ տեսակցությունները փակել: Վերոնշյալ հայտարարությանը որոշ իրավապաշտպան ՀԿ-ներ չեն միացել: Դանիել Իոաննիսյանը, որը նախկին իշխանությունների տարիներին ամենաբարձրն էր խոսում խոսքի ազատության եւ ժողովրդավարության մասին, նույնպես չի միացել այս հայտարարությանը: Մենք մի քանի հարց ուղղեցինք նրան:

– 11 ՀԿ համատեղ հայտարարություն է տարածել, քանի որ համարում են, որ անթույլատրելի է գրառման համար անձին կալանավորելը: Դուք չեք միացել այդ հայտարարությանը, ինչո՞ւ:

– Այս պահի դրությամբ մեզ համար անհստակ է եւ անմիարժեք, թե որ հայտարարություններն են մեղադրանքի հիմքում ընկած: Խոսքը որ գրառումների մասին է, դա հայտնի չէ: Ես այդ գրառումներից ոչ մեկին ծանոթ չեմ: Երբ այդ գրառումները կտրամադրեն մեր կազմակերպությանը, մենք կտրամադրենք մեր կազմակերպության իրավաբանին, եւ նա կտա իր կարծիքը: Դրա հիման վրա էլ կձեւավորվի մեր դիրքորոշումը: Քանի դեռ այդ գրառումներին ամբողջ ծավալով ծանոթ չենք, չենք կարող կարծիք արտահայտել:

– 11 ՀԿ նշում է, որ, անկախ գրառումների բովանդակությունից, չի կարելի մարդուն կալանավորել ֆեյսբուքյան գրառման համար, այս նախադեպը համարում են հակաժողովրդավարական:

– Նայած թե որ գրառման համար է խոսքը: Ասել, որ գրառման համար չի կարելի քրեական հետապնդում հարուցել, ինքնին սխալ է: Պարզ է, չէ՞, որ գրառումը կարող է հազար ու մի բան պարունակել: Վաղը ինչ-որ մեկին եթե կալանավորեն` Աբովյան փողոցում խուլիգանություն կատարելու համար, մենք քանի դեռ չենք տեսել՝ ինչ միջադեպ է տեղի ունեցել, չենք կարող գնահատականներ տալ:

– Բայց միջադեպը եւ գրառումը շատ տարբեր բաներ են: Կարող էին գոնե միայն վարույթ նախաձեռնել, արդյո՞ք կարելի է մարդուն կալանավորել գրառման համար եւ տեսակցություններն էլ փակել:

– Այստեղ կա խնդիր. կալանավորումը չեմ կարծում, որ տեղին է, սակայն դրանից ավելի մանրամասն չեմ կարող ասել:

– Իշխանական ու իշխանամերձ շրջանակները Ֆեյսբուքում պարբերաբար սպառնում են, հայհոյում, բռնության եւ ատելության խոսք են տարածում: Ինչո՞ւ նրանց նկատմամբ գործ չի հարուցվում, չեն կալանավորվում:

– Մենք բազմիցս տեսել ենք, որ քննչականը երկակի ստանդարտներ է կիրառում, սակայն կոնկրետ այս դեպքի մասով չեմ կարող ասել: