Այդ մեծ երկրի՝ Հայաստանի ապագան ավելի պայծառ է թվում․ Ուիտկոֆ

Մեկ տարի առաջ այս օրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կազմակերպեց պատմական հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև, որի արդյունքում նախաստորագրվեց 35-ամյա հակամարտությանը վերջ դնող խաղաղության համաձայնագիրը:

Այս մասին X-ի իր հարթակում գրառում է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիտկոֆը։

«Նախագահ [Թրամփի] ղեկավարության շնորհիվ Հարավային Կովկասն ավելի անվտանգ է, ավելի բարգավաճ և ավելի կայուն, և այս մեծ երկրների (Հայաստանի և Ադրբեջանի) ապագան պայծառ է թվում: Ես հպարտ եմ, որ այս պատմական վարչակազմի մաս եմ կազմում», – նշել է Ուիտկոֆը:

Ինչո՞ւ էր Գոհար Աբաջյանը ներկա Firebird AI-ի պաշտոնական բացմանը․ ինչ կապ ունի նախարարի կինը ընկերության հետ

Հայաստանում այսօր՝ օգոստոսի 8-ին, պաշտոնապես բացվեց Firebird AI-ի Հրազդանի արհեստական բանականության գործարանը։ Ըստ հրապարակումների` այն դարձել է ԱՊՀ տարածաշրջանի խոշորագույն AI գործարանը։ Բացման միջոցառմանը ներկա էր և շրջայցի ժամանակ Նիկոլ Փաշինյանին ուղեկցողների թվում էր նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը։ Նրա ներկայությունը, սակայն, միայն պաշտոնական արարողության հյուրի կարգավիճակով չի սահմանափակվում։ Աբաջյանը Firebird-ի հայկական նախագծի հետ կապված է իր զբաղեցրած պաշտոնի միջոցով և ներգրավված է եղել դեռ դրա մեկնարկից։ Գոհար Աբաջյանը Enterprise Armenia-ի գործադիր տնօրենն է։ Enterprise Armenia-ն Հայաստանի ներդրումների աջակցման ազգային կառույցն է, որի առաքելությունն է ներդրողների ներգրավումն ու նրանց աջակցությունը Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքում։

2025 թվականին Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը հրապարակավ գրել է, որ Հայաստանի կառավարության կողմից իրեն և Firebird-ի համահիմնադիր Ռազմիկ Հովաղիմյանին տեղեկացվել է, որ նախագծի իրականացումը Enterprise Armenia-ից համակարգելու է Գոհար Աբաջյանը։ Ինքը՝ Աբաջյանը, նույնպես հրապարակել է, որ մասնակցել է Նիկոլ Փաշինյանի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության արդեն նախկին նախարար Մխիթար Հայրապետյանի, NVIDIA-ի փոխնախագահ Rev Lebaredian-ի և Firebird-ի համահիմնադիրների հանդիպմանը, որտեղ քննարկվել է $500 մլն արժողությամբ AI Factory-ի իրականացումը Հայաստանում։ Enterprise Armenia-ի պաշտոնական հաղորդագրություններից երևում է, որ Աբաջյանը Firebird-ի նախագծով զբաղվել է շարունակաբար։ 2026 թվականի փետրվարի 10-ին նա մասնակցել է Նիկոլ Փաշինյանի և NVIDIA-ի փոխնախագահ Rev Lebaredian-ի հանդիպմանը։

Հանդիպման օրակարգում եղել է նաև Firebird AI Factory-ի առաջընթացը, այդ թվում՝ NVIDIA-ի բարձր արտադրողականության չիպերի Հայաստան արտահանման թույլտվությունների հարցը։ Իսկ ահա 2026 թվականի ապրիլին Enterprise Armenia-ն նաև մասնակցել է ՀՀ կառավարության և Firebird-ի միջև $25 մլն GPU ծառայությունների հնգամյա պայմանագրի ստորագրման միջոցառմանը։ Ըստ Enterprise Armenia-ի՝ պայմանագիրը նախատեսված է Հայաստանի AI էկոհամակարգին հաշվարկային հզորություն տրամադրելու համար։ Ավելին՝ հունիսին Enterprise Armenia-ն Գոհար Աբաջյանի գլխավորությամբ EBRD-ի տարեկան հանդիպման շրջանակում ներկայացրել է Հայաստանի ներդրումային օրակարգը, որի առանցքային նախագծերից մեկը հենց $4 մլրդ AI megaproject-ն էր։ Այդ միջոցառման պանելում մասնակցում էր նաև Firebird-ի բաժնետեր Հայկ Եսայանը։ Firebird-ը սովորական մասնավոր ընկերության կողմից Հայաստանում կառուցվող հերթական տվյալների կենտրոն չէ։

Նշենք, որ նախագիծը ներկայացվել է որպես Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական տեխնոլոգիական համագործակցության մաս՝ NVIDIA-ի տեխնոլոգիական մասնակցությամբ։ Առաջին փուլը գնահատվել էր մոտ $500 մլն, իսկ 2026 թվականի փետրվարին հայտարարվել է ընդլայնման ծրագիր, որի ընդհանուր ներդրումների ծավալը պետք է հասնի մոտ $4 մլրդ-ի, իսկ GPU-ների թիվը՝ մինչև 50,000։

Մեդվեդևը զգուշացրել է, թե որ դեպքում Արևմուտքը կլքի Հայաստանին

Արևմուտքը երես կթեքի Հայաստանից, եթե երկիրը դադարի իր համար հետաքրքրություն ներկայացնել որպես գործիք «Ռուսաստանի դեմ»։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հարցին ի պատասխան հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։

«Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել», – ասել է Մեդվեդևը։
ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի գնահատմամբ՝ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումը կարող է Հայաստանում խոր ներքին ճգնաժամ, «իսկ գուցե ավելի վատ բան» առաջացնել։

Հայաստանի հետ խաղաղության գործընթացից մինչև TRIPP. ինչ են քննարկել Թրամփն ու Ալիևը

Օգոստոսի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում գոհունակություն է հայտնվել Վաշինգտոնի գագաթնաժողովի տարեդարձի կապակցությամբ։ Ընդգծվել է, որ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրված համատեղ հռչակագիրը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը վերջ են դրել տարածաշրջանում հակամարտությանը և հաստատել խաղաղություն։

Ալիևը շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովը հյուրընկալելու և խաղաղության օրակարգում նրա ներդրման համար։

Նշվել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում տարածաշրջանում ապահովվել է խաղաղություն և կայունություն, և տեղի չի ունեցել որևէ միջադեպ, որը կարող է խաթարել տարածաշրջանում խաղաղությունը։

Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, Ադրբեջանի միջով բեռների տարանցումը Հայաստան և երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների հաստատումը գնահատվել են որպես դրական գործոններ։

Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է TRIPP նախագծի կարևորությունը տարածաշրջանային կապի առումով, և ընդգծվել, որ Ադրբեջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները գտնվում են իրենց վերջնական փուլում։ Նրանք հույս են հայտնել, որ Հայաստանում շուտով կսկսվեն TRIPP նախագծի աշխատանքները։

Կփորձարկեն նոր հակարթիռային պաշտպանության համակարգը

Առաջին անգամ կփորձարկվի Միացյալ Նահանգների հակահրթիռային նոր՝ «Ոսկե գմբեթ» համակարգը։ Փորձարկումները կմեկնարկեն 26 թվականի վերջին։ «Որսիչ» հրթիռների փորձարկումները կկատարվեն 27 թվականին։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։

Համաձայն հաղորդման, «Ոսկե գմբեթը» պետք է դառնա բազմաթսիտճան պաշտպանության համակարգ, որը կապահովի Միացյալ Նահանգներին բալիստիկ հրթիռների, հիպերձայնային եւ թեւավոր հրթիռների հարձակումներից։ Համակարգը ենթադրում է նաեւ որսիչների «տիեզերքում տեղակայման էշելոնի» առկայություն։ Արժեքը կազմում է 185 միլիարդ դոլարից մինչեւ 1,2 տրիլիոն դոլար։

Եվրոպական չափանիշներին համապատասխանելը – Հրապարակ

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն այնքան ասաց, որ կարևորը ոչ թե ԵՄ մտնելն է, այլ եվրոպական չափանիշներին համապատասխանելը, որ եվրոպացիք համարյա թե պատասխանեցին, թե մենք էլ էն գլխից միտք չունեինք մոտ ապագայում ձեզ ընդունել: Ռուսներն են, որ դա չեն «ուզում» հասկանալ ու Նիկոլից անընդհատ պահանջում են, որպեսզի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու հանրաքվե անցկացնի: Խեղճ «հարիֆն» ինչ հիմքով անցկացնի, եթե ԵՄ-ից հրավեր չկա: Բայց այդ դեպքում հարց է ծագում, թե ինչո՞ւ բոբկացավ առանց ջուրը տեսնելու ու ԵՄ մուտքի առումով, թեկուզ անիմաստ, օրենք ընդունեց: Պատասխանեմ՝ որովհետև տեսավ, թե ինչ հեշտությամբ այդ հարցով ստորագրահավաք անցկացվեց: Ու հասկացավ, որ դա, այլ գործոնների հետ համատեղ, կլինի նախընտրական քարոզչության ընթացքում ընտրողներին մանիպուլյացնելու արդյունավետ գործիք:
Բայց այնպես չէ, որ ռուսները սխալ են: Նրանք իրավացիորեն պահանջում են, որպեսզի ինքն, այնուամենայնիվ, կողմնորոշվի՝ անկախ այն հանգամանքից, մեզ սպասում, թե չեն սպասում ԵՄ-ում: Հատկապես որ չկողմնորոշվելը ոչ թե իրենց, այլ հօգուտ Նիկոլի է աշխատում: Իսկ սահմանափակումները գործում են ընդդեմ հայաստանյան արտադրողների: Դրանք հարվածում են հենց մեր տնտեսությանը, բայց դա իրենց չի հուզում: Ինչո՞ւ պիտի հուզի, եթե ՌԴ-ում գյուղմթերքի վաճառքից գումար աշխատելով՝ իշխանությունը բարեկամություն է անում Ռուսաստանին թշնամի Եվրամիության երկրների հետ: Նույնիսկ կենցաղային մակարդակում հասկանալի չէր կարող լինել իրար թշնամի երկու ճամբարի միջև խաղեր տալու՝ նիկոլական վարքը: Նույնիսկ Բաքվի բռնապետը, որ թշնամություն է անում Ռուսաստանի հետ, արտաքնապես ՌԴ նախագահի հետ ավելի նորմալ հարաբերություններ ունի, քան հայաստանյան, այսպես կոչված, հզոր վարչապետը:

Ինչևէ, այսօր «Հրապարակ»-ին հայտնի է դարձել, որ հուլիսի կեսերին որոշված՝ 5 մլրդ դրամի պարգևավճարները բաժանվելու են թաքուն: Ասվել է, որ նույնիսկ նախարարություններում տեղյակ չեն լինելու՝ թե որ պաշտոնյային որքան գումար է հատկացվելու: Չգիտեմ, դա համապատասխանում է եվրոպական չափանիշներին, թե ոչ: Հիշելով, որ «հայաստանիների աղքատությունը նրանց գլխում է»՝ ինչպես ասել է վարչապետի աթոռից կառչած անձը, ենթադրում եմ, որ եվրոպական չափանիշներով տարված իշխանությունը պետք է որ այդ երևույթը փոխառնած լիներ այնտեղից:
Ճիշտ է, դա հակասում է երկրի կառավարման թափանցիկության և մասնակցայնության սկզբունքին, բայց դա ի՜նչ կարևոր է՝ երբ խնդիր է դրված համապատասխանեցնել մեր մարդկանց մտածողությունը եվրոպական չափանիշներին: Ի դեպ, նշված հարցի առումով «Հրապարակ»-ին հայտնի է դարձել, որ գերատեսչությունների աշխատակազմը խիստ զգուշացվել է, որ պարգևավճարի չափը պետք է գաղտնի պահել, այլապես ստիպված են լինելու աշխատանքից ազատվելու դիմումներ գրել։ Այս մեկը, որքան հասկանում եմ, հաստատ համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Քանի որ եթե այդպես չլիներ, ապա թե՛ Եվրամիությունը և թե՛ եվրոպական առանձին երկրները վաղուց էին ձեռ քաշել ժողովրդավարության անվան ներքո բռնապետություն հաստատած ղեկավարից: Որքան էլ նրա վարած քաղաքականությունը համապատասխաներ իրենց աշխարհաքաղաքական շահերին:

«Այլմոլորակայինների» մասին նոր նյութեր են գաղտնազերծվել

Պենտագոնը հրապարակել է անոմալ երեւույթների եւ «այլմոլորակայինների» մասին նոր գաղտնազերծված նյութերի նոր խմբաքանակ։ Այն պարունակում է մի քանի տեսանյութեր, որոնք, ըստ հաղորդման, նկարահանվել են Մերձավոր Արեւելքում։ Դրանցից մեկը թվագրված է 2025 թվականով։ Տեսանյութում երեւում է չբացահայտված թռչող օբյեկտ բնակելի շենքի մոտ, սակայն թե որտեղ եւ երբ է նկարահանվել տեսանյութը, նշված չէ։ Մյուս տեսանյութերում անհայտ օբյեկտները ֆիքսվել են լեռների ֆոնին, ինչպես նաեւ՝ նավի կողքով անցնելիս։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել էր, որ այս տարվա մայիսի 8-ին հրապարակվեն անոմալ երեւույթների եւ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ունեցած տեղեկությունները։

TRIPP-ը կարող է մրցակցել Իրանի տարածքով անցնող «Արազ» Արևելք–Արևմուտք երթուղու հետ

Մեկ տարի առաջ այս օրը՝ օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին համատեղ հռչակագիր։ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը մեկ տարի առաջ անհավանական խոստումներ էին տալիս, խոսում էին երկարատև խաղաղության և զարգացող տնտեսության մասին: Ի՞նչ ունենք հռչակագրի ստորագրումից ուղիղ մեկ տարի անց: Արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, նկատում է.

«Դատելով առկա տեղեկատվությունից՝ կարելի է փաստել, որ նախագծի ինստիտուցիոնալ հիմքերն աստիճանաբար ամրապնդվում են։ Ստորագրվել են նոր փաստաթղթեր, հստակեցվում են համաձայնագրի առանձին դրույթներ, նշանակվել է ծրագրի ղեկավարը և հաստատվել համապատասխան բյուջե։ Այս ամենը վկայում է, որ նախապատրաստական փուլն ընթացքի մեջ է, և աշխատանքները շարունակվում են։

Միաժամանակ պահպանվում են առնվազն երկու կարևոր ինտրիգներ։ Առաջինը պայմանավորված է Իրան–ԱՄՆ ներկայիս ռազմական հակադրությամբ։ Դժվար է կանխատեսել դրա հետագա զարգացումն ու հնարավոր ազդեցությունը TRIPP-ի իրականացման վրա։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Իրանի շահերն այստեղ ունեն ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ աշխարհատնտեսական բնույթ։ Աշխարհաքաղաքական մտահոգությունը պայմանավորված է իր անմիջական սահմանների մոտ ամերիկյան ներկայության հեռանկարով, իսկ աշխարհատնտեսականը՝ նրանով, որ TRIPP-ը կարող է մրցակցել Իրանի տարածքով անցնող «Արազ» Արևելք–Արևմուտք երթուղու հետ։ Այդուհանդերձ, ուժերի ներկայիս հարաբերակցությունը հաշվի առնելով՝ քիչ հավանական է, որ Իրանը կարողանա ինքնուրույն հակազդել ԱՄՆ-ի լայն աջակցությունը վայելող նախագծի իրականացմանը և կանխել այն։ Միաժամանակ Թեհրանի դիրքորոշումն ու տարածաշրջանային ազդեցության գործիքները կարող են ազդել նախագծի իրականացման պայմանների և ընթացքի վրա։

Երկրորդ անորոշությունը կապված է «Հարավկովկասյան երկաթուղու» հետ, որը կառավարվում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կողմից։ Ժամանակ առ ժամանակ շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ Հայաստանի կառավարությունը դիտարկում է ռուսական օպերատորին այլ երկրի ընկերությամբ փոխարինելու հնարավորությունը։ Մոսկվայի դիրքորոշումը, ըստ առկա ազդակների, էապես տարբերվում է Երևանի մոտեցումից։ Հետևաբար այս հարցի հանգուցալուծումը ևս կարող է դառնալ TRIPP-ի հետագա զարգացման վրա ազդող գործոններից մեկը։

Ընդհանուր առմամբ, իմ գնահատմամբ, նախագիծն առաջընթաց է արձանագրում, և TRIPP-ը կարող է դառնալ Հարավային Կովկասում և ավելի լայն տարածաշրջանում ձևավորվող նոր աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական կոնֆիգուրացիայի կարևոր բաղադրիչներից մեկը։ Թեև հնչում են տեսակետներ, որ տարբեր պատճառներով նախագիծը կարող է չիրականացվել, առկա զարգացումները նման եզրակացության համար առայժմ բավարար հիմքեր չեն տալիս։

Կարևոր է նաև, որ TRIPP-ը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի կառավարության համար։ Պատահական չէ, որ ՔՊ-ի նախընտրական ծրագրում այն ներկայացվել է որպես առաջիկա հինգ տարիների զարգացման կարևորագույն բաղադրիչներից մեկը»: