Ինչու է Մոլդովան ետ կանչում իր դեսպանին Ռուսաստանից

Մոլդովայի ԱԳՆ–ն հետ է կանչել Մոսկվայում իր դեսպան Լիլիան Դարիին հանրապետության տարածքում ընկած անօդաչուի հետ կապված խորհրդակցությունների համար։

Այս մասին հայտնել է դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ «խստորեն դատապարտվում է Շտեֆան Վոդե շրջանի Կրոկմազ բնակավայրում տեղի ունեցած միջադեպը, որտեղ հրթիռանման անօդաչու է ընկել ու պայթել»։

«Միջադեպը Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լուրջ խախտում է և սպառնում է մեր քաղաքացիների անվտանգությանը», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ընդորում, որևէ ապացույց, որ ընկած անօդաչուն ռուսական է, Մոլդովայի իշխանությունները հանրությանը չեն ներկայացրել։

Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար

Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների կապակցությամբ, որոնք առնչվում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, նրա հոգևոր առաջնորդությանը, հոգևորականությանը և պատմական ու կանոնական առաքելության իրականացմանը:

Որպես Արևելյան Ուղղափառ ընտանիքի քույր Եկեղեցիներ՝ մեզ միավորում են նույն հինավուրց հավատքը և քրիստոնեական եղբայրության խոր կապերը:

Այս դժվարին պահին մենք աղոթքով և զորակցությամբ կանգնած ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսների, հոգևորականության և հավատավոր ժողովրդի կողքին:

Հորդորում ենք բոլոր շահագրգիռ կողմերին զսպվածություն ցուցաբերել, հետամուտ լինել խաղաղ երկխոսության, պաշտպանել կրոնական ազատությունը և հարգել Հայ Եկեղեցու կանոնական անկախությունն ու ամբողջականությունը:

Դարեր շարունակ Հայ Առաքելական Եկեղեցին հավատարմորեն կանգնած է եղել իր ժողովրդի կողքին՝ ցեղասպանության, տեղահանության, պատերազմի և տառապանքների միջով՝ պահպանելով Ավետարանը և կենդանի պահելով քրիստոնեական հավատքը Հայաստանում և ողջ սփյուռքում:

Մենք կոչ ենք անում մեր հոգևորականներին և հավատացյալներին ողջ աշխարհում աղոթել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանի ժողովրդի համար:

Թող Ամենակալ Աստված պահպանի Հայոց Եկեղեցու միասնությունն ու ինքնավարությունը և օրհնի Հայաստանը՝ հաշտությամբ, արդարությամբ, կայունությամբ և տևական խաղաղությամբ:

Արման Քալաշյանը շարունակում է ձմերուկ վաճառել․ նա կարգավիճակ չունի

Իշխանական բլոգեր Արամ Ավետիսյանի հրահրած սկանդալից հետո` երբ ծամոնի պես կպել էր ձմերուկ վաճառող քաղաքացուն եւ վիրավորում էր նրան` կարծիք հայտնելու համար, տեղեկացանք, որ իրավապահները կատարել են բլոգերի «հանձնարարությունը», ով վեճի ժամանակ սպառնում էր քաղաքացուն բանտ ուղարկել` «ժուժուների կամեռում նստացնել», եւ խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ էին նախաձեռնել: Վարույթի շրջանակներում ձմերուկ վաճառող երիտասարդը` Արման Քալաշյանը բերման էր ենթարկվել ու ձերբակալվել, ապա՝ ազատ արձակվել։ Թերեւս մեծ հանրային աղմուկից հետո Քննչական կոմիտեն որոշել է քրեական վարույթը «օդում կախված պահել»: Մենք տեղեկացանք, որ այս գործով չկա ոչ մեղադրյալ, ոչ էլ տուժող։

Քալաշյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը կարգավիճակ չունի, ձերբակալությունից հետո հարցաքննվել է եւ ազատ արձակվել․ «Ոչ մի կարգավիճակ չունի այս պահին, ձերբակալությունից հետո հարցաքննվել է եւ վերջ։ Ոչ ոք կարգավիճակ չունի, ես մեղադրանք այստեղ չեմ տեսնում»։ Փաստաբանը ենթադրեց, որ ամենայն հավանականությամբ, իշխանական բլոգերն էլ հարցաքննված կլինի, բայց թե ինչ է ասել, ինչպես է ներկայացրել իրավիճակը, տեղյակ չէ։ Ի դեպ, ներկայացնելու կարիք էլ չկա, քանի որ ամեն ինչ տեսագրված է եւ տեսանյութում հստակ երեւում են եւ Քալաշյանի, եւ սադրիչ բլոգերի գործողություններն ու խոսքերը:

Գրիգորյան նշեց նաեւ՝ Արման Քալաշյանը շարունակում է իր առօրյայով զբաղվել, նրա վրա ճնշում չկա․ «Բա ի՞նչ անի, էդ էրեխեքին ո՞վ պահի։ Չեմ կարծում՝ ինքը ճնշվող տղա է»։

Ինչ է պահանջում Իրանն Ուկրաինայից․ կրքերը դեռ չեն մարել

Իրանն Ուկրաինայից փոխհատուցում է պահանջել Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա հարձակման համար։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանին չի գոհացել Կիևի այն բացատրությունը, ըստ որի՝ միջադեպը պատահական է եղել։

Նա նշել է, որ ուկրաինական կողմից ճանաչումից հետո Կիևը պետք է փոխհատուցի պատճառված վնասը։

«Ուկրաինան պետք է փոխհատուցում վճարի», – հայտարարել է Բաղային։

Իրանցի դիվանագետը նշել է, որ եթե Կիևը հրաժարվի, Թեհրանը մտադիր է ինքնուրույնաբար հասնել փոխհատուցման։

Հիշեցնենք, որ հարձակումը տեղի է ունեցել 2026 թվականի հուլիսի վերջին։ Իրանի պնդմամբ՝ առևտրային նավը զենք էր տեղափոխում։ Պայթյունի հետևանքով զոհվել է անձնակազմի մեկ անդամ, վիրավորվել՝ մեկ այլ անդամ։ Թեհրանը միջադեպը համարել է Ուկրաինայի կողմից դիտավորյալ ռազմական հարված և պահանջել է ֆինանսական փոխհատուցում։

Այս տեսարանների մեջ նաեւ ահավոր խեղճություն կա, անզորություն․․․

Սրանք իրենց ապօրինություններով հասան նրան, որ մենք, որ ամբողջ կյանքում նախկին իշխանություններին ենք քննադատել, սկսեցինք նրանց պաշտպանել…Հովիկ ու Արգամ Աբրահամյաններին, Գագիկ Ծառուկյանին ու Գագիկ Խաչատրյանին, գեներալ Մանվելին ու Լևոն Երանոսյանին, Յուրի Խաչատուրովին ու Միհրան Պողոսյանին…մարդկանց, ում դեմ ժամանակին ինքս հարյուրավոր հոդվածներ եմ գրել, հիմա ստիպված եմ պաշտպանել, և ոչ թե նրա համար, որ փոխվել է այդ անձանց հանդեպ վերաբերմունքս, կամ` Նիկոլին էնքան «չեմ սիրում», որ իր բոլոր քայլերը դատապարտում եմ, կամ, ինչպես իշխանական զոմբիներն են պնդում` «վճարում են դրա դիմաց»: Ոչ:

Ընդամենը մի սկզբունք ու շարժառիթ կա` ապօրինություններ, քաղաքական հաշվեհարդարներ թույլ տալ չի կարելի, բոլոր մարդկանց իրավունքները պետք է պաշտպանված լինեն, Նիկոլը չէ` ուզում է Ալեքսանդր Մակեդոնացին լինի ոչ մեկի հրահանգով ու անձնական վրեժխնդրությամբ չի կարող իրավապահ համակարգն առաջնորդվել: Ցանկացած անձի հանդեպ անարդարությունը պետք է կանխվի և յուրաքանչյուր քրեական վարույթ պետք է հիմնավորվի ապացույցներով: Ոչ մի նախկին մեղք, հանրային համոզմունք, որ վերջինս «թալանչի» է, չի կարող դրվել որևէ մեկին առաջադրված մեղադրանքի հիմքում:

Ոչ մեկին չի կարելի առանց դատարանի վճռի «մեղավոր» հռչակել, չի կարելի ձերբակալության տեսարանները շոուի վերածել, չի կարելի արդարադատության գաղափարն այսպես վարկաբեկել, ինչպես անում է այս իշխանությունը: Անում է մեծ ցինիզմով, ոչ մի բանի առաջ կանգ չառնելով, ոչնչացնելով իրավաբանությունը, ապականելով պետության գաղափարը, ջնջելով պետական ինստիտուտները…
Կաթողիկոսին ու բարձրաստիճան եպիսկոպոսներին դատել, որովհետև մի դավաճան, ապերախտ թեմակալ առաջնորդի են գահընկեց արել, ապօրինության գագաթնակետն է:

Գագիկ Ծառուկյանից խլել 5 մանդատ, կալանավորել, կեղծ մեղադրանքներ առաջադրել, սեփականությունը խլել, ապա ներխուժել նրա ընտանիք` վարկաբեկել աղջկան, կալանավորել փեսային` մեղադրելով 3 տարի շարունակ ընթացող մի քրական գործին առնչության մեջ, դա ապօրինություն է և ստորություն:
Կալանավորել կին գործչին` Արեգնազ Մանուկյանին, ինչ որ մեկին ինչ որ տեղեկություններ փոխանցելու մեղադրանքով, երբ իրենք ամենօրյա ռեժիմով շատ ավելի կարևոր տեղեկություններ են փոխանցում մեր թշնամիներին, աննորմալություն է…օրինակներն անթիվ, անհամար են…

Իսկ ի՞նչ ենք անում մենք այս ամենի դեմն առնելու համար: Իհարկե, հուզիչ տեսարան էր Վեհափառին Մայր Աթոռից դատարան ուղեկցող մարդկանց երթը, այն ցնծությունը, որով մարդիկ դիմավորեցին դատավորի ինքնաբացարկն ու այդ գործի քննությունից հրաժարվելը: Սեփական ինքնությունը, հավատքը պահպանելուն ուղղված ջանք կար այդ ամենի մեջ: Բայց այդ տեսարանների մեջ նաեւ մի շատ ցավալի բան կա` հայ մարդն իր ինքնությունը փորձում է պաշտպանել ոչ թե օտարի, թշնամու ոտնձգություններից, այլ իր իսկ ձեռքով ձեւավորած իշխանությունից: Ոչ թե ասպատակողը թուրքն ու արաբն են , որոնք հարձակվել են մեր Եկեղեցու, մեր ինքնության վրա, այլ մեր սեփական` հայկական իշխանությունը` իր իրավապահներով, ժանդարմերիայով, պատժիչ համակարգով:

Բայց այս տեսարանների մեջ նաեւ ահավոր խեղճություն կա, անզորություն: Մենք` հայերս, չենք կարողանում «չհայերի» դեմն առնել, նրանց դժոխային ծրագրերը տապալել, մի փոքր խումբ մարդիկ որոշում են բոլորիս ճակատագիրը, մեր երկրի դարպասները բացում են թշնամու առաջ, օրենքի տառը ոտնահարելով` մարդկանց են բանտ ուղարկում, պղծում մեր արժեքները:

Հանրության տգետ, չքավոր, ցածր ինքնագիտակցություն ունեցող մի խավ որոշում է մեր` կրթվածներիս, քրիստոնյաներիս, հայրենիքն ու օրենքը սիրողներիս ճակատագիրը: Այդ խավն է անօրեն ու իշխանատենչ այս խմբակի հենարանը, որը ոչ մի սրբություն չունի` ո՛չ կրոնական, ո՛չ ազգային, ո՛չ արժեհամակարգային:
Այս խեղճության ու անզորության դրսեւորումներն, ի դեպ, ամենուր են` անգամ Ազգային ժողովում, որտեղ պարտվածների խմբակը հոխորտում է, ընդդիմադիրներն` արդարանում են: Սոցցանցերում` որտեղ ֆեյքերը, նիկոլապաշտները հարձակվում են, հայրենատեր մարդիկ` նահանջում, լռում:
Այդ անզորության դրսեւորումներին դուք ամեն օր բախվում եք: Դրա մի դրսևորումն էլ այն սիգնալներն են, որով ամեն օր Երևանի փողոցներում վարորդներն ուղեկցում են Նիկոլ Փաշինյանի շարասյունը` դրանով հայտնելով իրենց նեգատիվ վերաբերմունքը նրա նկատմամբ:

Անզոր ու ինչ որ բան (կամ ինչ որ մեկին) փոխելու անկարող մարդկանց բազմության ենք վերածվել…

Աննա Մկրտչյանի հայրը ձերբակալվել է․ քննվելու է կալանքի հարցը

Այսօր Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել, 6 անձ ձերբակալվել է։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում էր․ «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Մ․-ն 1996-2021 թվականներին հանդիսանալով Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարը և վերջինիս եղբորորդին՝ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ն․Մ․-ն, համայնքապետարանի աշխատակիցների և աճուրդային հանձնաժողովի անդամների հետ ձեռք բերված նախնական համաձայնությամբ, 2016-2019 թվականների ընթացքում փաստացի չիրականացված աճուրդների վերաբերյալ պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելով՝ համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի և գյուղատնտեսական բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր՝ շուրջ 228 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով 28 միավոր հողերն օտարել են իբր այդ աճուրդներում հաղթող ճանաչված անձանց, ինչի հետևանքով՝ առանձնապես խոշոր չափերով վնաս է պատճառվել Քասախ համայնքին, խաթարվել է համայնքային սեփականության օրինական կառավարման և հողերի օտարման օրինական գործընթացը, Քասախ համայնքին պատկանող հիշյալ հողամասերն ապօրինի կերպով դուրս են եկել համայնքային ֆոնդից և համայնքը զրկվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող հողերը ՀՀ օրենսդրության պահպանմամբ՝ օրինական եղանակով օտարելու իրական հնարավորությունից։

Ա․Մ․-ի և համայնքապետարանի նախկին 5 աշխատակցի նկատմամբ 28 դրվագով հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

Վերջիններս ձերբակալվել են՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով»։

Նշենք, որ խոսքը ԱԺ նախկին պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր՝ Արա Մկրտչյանի մասին է։ Վերջինս 1996-2021թթ-ին զբաղեցրել է Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի պաշտոնը։

Թուրքիայում ընդդիմադիր կառույցի կին նախագահ է ձերբակալվել

Անկարայի գլխավոր դատախազության կողմից իրականացվող «Շահադիտական նպատակներով հանցավոր խմբավորում ստեղծելու» և «կաշառակերության» հատկանիշներով ընթացող հետաքննության շրջանակներում ձերբակալվել է «Նոր կուսակցության» (Yeni Parti) Մանիսայի նահանգային կառույցի հիմնադիր նախագահ Իլքսեն Օզալփերը։

Հետաքննությունը հիմնված է պաշտոնանկ արված Ուշաքի քաղաքապետ Օզքան Յալըմի ցուցմունքների, ինչպես նաև «Հանցավոր եկամուտների հետաքննության խորհրդի» (MASAK) զեկույցների և «Հեռախոսային զանգերի վերծանման» (HTS) տվյալների վրա։ Նույն գործի շրջանակներում ձերբակալվել են նաև Մանիսայի քաղաքապետարանի խորհրդական Դեմիրհան Գյոզաքանը, նրա վարորդը և «Şehzadeler A.Ş.» ընկերության գլխավոր տնօրենը, փոխանցում է Ermenihaber-ը։

«Նոր կուսակցության» ղեկավարությունը խստորեն դատապարտել է այս որոշումը։ Ադանայի պատգամավոր Բուրհանեթթին Բուլութը հայտարարել է, որ ձերբակալությունը ոչ թե իրավական, այլ քաղաքական բնույթ ունի՝ շեշտելով, որ սա ընդդիմությանը լռեցնելու փորձ է։

Ֆասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր

Ֆասթ Բանկը ս․թ․ օգոստոսի 10-ից դեկտեմբերի 30-ը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր։ Նոր դրամային պարտատոմսերը թողարկվել են 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով և 24 ամիս շրջանառության ժամկետով:

Պարտատոմսերի տարեկան տոկոսային եկամտաբերությունը կազմում է 10.25%։ Արժեկտրոնների վճարումը կատարվում է կիսամյակային պարբերականությամբ՝ 6 ամիսը մեկ։ Հիշեցնենք նաև, որ պարտատոմսերից ստացվող եկամուտն ազատված է եկամտային հարկից մինչև 2027թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Ի դեպ, Ֆասթ Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն ձեռք բերել պարտատոմսերն ամբողջովին հեռավար՝ Ֆասթ Բանկ Մոբայլ հավելվածի կամ առցանց բանկինգի միջոցով։ Բանկի գործող հաճախորդ չլինելու դեպքում հնարավոր է ներբեռնել Ֆասթ Բանկ Մոբայլ հավելվածը, անցնել առցանց գրանցման և նույնականացման գործընթացը, բացել հաշիվ և առանց Բանկ այցելելու ձեռք բերել պարտատոմսեր։

Հավելված մուտք գործելուց հետո անհրաժեշտ է գլխավոր էջում ընտրել «Պարտատոմսեր», ապա «Ընթացիկ տեղաբաշխումներ» բաժինները։ Ընդամենը մի քանի դաշտ լրացնելուց հետո պարտատոմսերի ձեռբերման գործընթացն իրականացվում է։ Ձեռք բերված պարտատոմսերը և դրանց ողջ նկարագիրն արտացոլվելու է հավելվածի «Իմ պարտատոմսերը» բաժնում։

ՀՀ ԿԲ նախագահի 29․01․2026թ․-ի թիվ 1/44 Ա որոշմամբ գրանցվել է «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ի պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը։

ՀՀ ԿԲ նախագահի 13․04․2026թ․-ի թիվ 1/161 Ա որոշմամբ գրանցվել է «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ի պարտատոմսերի Ծրագրային ազդագրի լրացումը։

ՀՀ ԿԲ նախագահի 19․05․2026թ․-ի թիվ 1/215 Ա որոշմամբ գրանցվել է «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ի պարտատոմսերի Ծրագրային ազդագրի լրացումը։

ՀՀ ԿԲ նախագահի 28․07․2026թ․-ի թիվ 1/312 Ա որոշմամբ գրանցվել է «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ի պարտատոմսերի Ծրագրային ազդագրի լրացումը։

Ծրագրային ազդագրի, Ազդագրի լրացման և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետևյալ հղումով, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ֆասթ Բանկի գլխամասային գրասենյակ կամ Բանկի ցանկացած մասնաճյուղ։

Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Մարգարիտա Սիմոնյանը կարևոր օգնություն է առաջարկել

«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը օգնություն է առաջարկել Նիժնեկամսկում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին և վիրավորներին։
Վերջին տվյալներով 13 մարդ է մահացել, այդ թվում 1 երեխա։
«Մեկնաբանություն չունեմ, բացի այն, որ պետք է ավելի կատաղի հարձակվենք։ Բայց մենք այդպես էլ անում ենք։ Գրեք, ով օգնության կարիք ունի, մենք Տիգրանի հետ կօգնենք», – գրել է Սիմոնյանը Տելեգրամում։

Գլխավոր խմբագրի հետևորդները մեկնաբանություններում շնորհակալություն են հայտնել նրան օգնելու պատրաստակամության համար։

Ավելի վաղ գրել ենք, որ այսօր առավոտյան Նիժնեկամսկը ուժեղ հարձակման է ենթարկվել թշնամու անօդաչուների կողմից։ Հարվածներ էին հասցվել ինչպես արդյունաբերական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտներին։ 13 մարդ զոհվել է, 39-ը՝ վիրավորվել։ Հանրապետությունում սուգ է հայտարարվել։

Հրդեհ և պայթյուն՝ զինամթերքի պահեստում․ մանրամասներ

Բուլղարիայի Տրյավնա քաղաքի մոտ գտնվող զենքի գործարանի զինամթերքի պահեստում հրդեհ և պայթյուն է տեղի ունեցել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Նախնական տեղեկություններով` միջադեպի պատճառը բռնկված բեռնատարն է։
Դեպքի վայր են ժամանել հրշեջներ և ոստիկաններ։ Տարածքը շղթայված է։
Իշխանությունների տվյալներով` ոչ ոք չի տուժել, մոտ 300 մարդ տարհանվել է։