
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են:
Նշենք, որ օգոստոսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և որդին տարվել էին Հակակոռուպցիոն կոմիտե։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են:
Նշենք, որ օգոստոսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և որդին տարվել էին Հակակոռուպցիոն կոմիտե։

Ազգային ժողովի նիստում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նոր սահմանադրությանը եւ նշեց, որ ընդդիմադիրները ջանք ու եռանդ չեն խնայում՝ նոր սահմանադրության ընդունման օրակարգը դեմոնիզացնելու, այն որպես ադրբեջանական օրակարգ ներկայացնելու համար։ «Նախ պիտի արձանագրեմ, որ նոր սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է, ոչ միայն այն պատճառով, որ դեռեւս 2020 թվականի փետրվարին մենք որդեգրել ենք այդ օրակարգը եւ հայտարարել դրա մասին, այլեւ հիմա ՀՀ քաղաքացիները, քվեարկելով ՔՊ կուսակցության օգտին, քվեարկել են նաեւ այդ օրակարգի օգտին, որովհետեւ նոր սահմանադրության ընդունումը ՔՊ-ի նախընտրական ծրագրի կարեւոր դրույթներից մեկն է»,- ասաց նա։ Մյուս կողմից, Փաշինյանի խոսքով, հնարավոր չէ ժխտել, որ Ադրբեջանը շատ ակտիվ արծարծում է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների թեման։ «Բայց եթե սա նշանակում է, որ նոր սահմանադրության հարցն ադրբեջանական օրակարգ է, ինչպես պնդում են որոշ ընդդիմադիր շրջանակներ, եկեք հետ գնանք եւ նայենք երրորդ հանրապետության պատմությանը։ Այդ նույն տրամաբանությամբ՝ 1994 թվականից միայն Ադրբեջանն է շարունակաբար արծարծել 7 շրջանների վերադարձի թեման։ Հայաստանում ոչ մի նախաձեռնություն դրա հետ կապված չի եղել։ Եվ, ինչպես Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային հրապարակված թղթերն են վկայում, ՀՀ բոլոր նախկին իշխանություններն այդ խնդրով ակտիվ բանակցություններ են վարել։ Բա ինչո՞ւ են բանակցել, բա ինչո՞ւ են 24 տարի Հայաստանը պահել ադրբեջանական օրակարգի մեջ, ինչո՞ւ են առաջնորդվել ադրբեջանական օրակարգով։ Մի՞թե այն պատճառով, որ ղեկավարվել են Ադրբեջանի կողմից կամ եղել են Ադրբեջանի ներկայացուցիչ, մանավանդ որ նրանց մի մասը ծնվել եւ մեծացել է Ադրբեջանում։ Այս բնորոշումներն անում եմ՝ ցույց տալու համար, թե մեր մի շարք ընդդիմադիրների տրամաբանությունն ինչ անհեթեթ հետեւությունների կարող է հանգեցնել»,- ասաց նա։
ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, նկատում է. «Երբ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի խորհրդարանի կողմից միաձայն ընդունվեց Անկախության հռչակագիրը, ոչ ոքի մտքով այն ժամանակ չէր անցնի, որ պատմական այդ իրադարձության 36-րդ տարեդարձը մենք կդիմավորենք մի Հայաստանում, որի իշխանությունները, մերժելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը, կընդունեն ադրբեջանական հայատյաց կառավարական պրոպագանդայի այն պնդումը, որ ՀՀ Սահմանադրությունը, հղում տալով Անկախության հռչակագրին, տարածքային պահանջներ է դնում Ադրբեջանի առաջ: Հանդես կգան Հայ առաքելական սուրբ եկեղեցու սահմանադրորեն երաշխավորված ազատություններն ու ինքնուրույնությունը ոչնչացնելու կառավարության հակասահմանադրական ծրագրով: Պատրաստակամություն կհայտնեն` հավելումն ԹՐԻՓՓ-Զանգեզուրի միջանցքի տրամադրմանը նաեւ Ադրբեջանին հանձնելու, այսպես կոչված, «անկլավները», ինչն էլ ավելի կխորացնի Ադրբեջանի վերահսկողությունը Հայաստանին ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ռազմավարական հաղորդակցության ուղիների նկատմամբ:
1991-ին անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստանը եւ նրա իշխանությունները երբեք Ադրբեջանին կամ հարեւան որեւէ երկրին չեն ներկայացրել տարածքային պահանջներ: Հետեւաբար, Նիկոլ Փաշինյանի պնդումները` Հայաստանի կողմից իբր այլ երկրներում «հայրենիք փնտրելու» մասին, ոչ այլ ինչ են, քան սեփական պետության վարկաբեկման եւ Ադրբեջանի ստահոդ պրոպագանդայի լեգիտիմացման դավաճանական հակապետական գործունեություն: Այսպես կոչված, նիկոլական «իրական Հայաստանն» իրականում սեփական պետական կամքից զրկված, ազգային հայկական պետությունը վերացրած եւ ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է: Այդ ծրագիրը հայ ժողովրդի կողմից չի ընդունվել, ընտրությունները կեղծված են, եւ հայ ժողովուրդը դեռ իր խոսքը կասի»:

Երեկ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հերթական անգամ հրապարակային հայտարարություններ էր անում իր քաղաքական որոշումների ու գործողությունների մասին, որոնք անկախ և իսկապես գործող իրավական համակարգ ունեցող երկրում պետք է առնվազն իրավական գնահատականի արժանանային։ Բայց իրավապահ համակարգը չգործեց այդ հայտարարությունների ուղղությամբ։ Փոխարենը, ԱԺ-ում ընդդիմադիրների հարցուպատասխանի ընթացքում, երբ Փաշինյանը թիրախավորեց Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներին, արդեն այսօր ականատես եղանք իրավապահ ամբողջ համակարգի արագ և համակարգված գործողություններին՝ դիմակավորված անձանց ներխուժումներին, խուզարկություններին, ԱԱԾ տեղափոխումներին, տարբեր կառույցների մուտքերի կապարակնքմանը։
Այս ժամանակային հաջորդականությունը այն չափազանց վտանգավոր երևույթի մասին է, երբ իրավապահ համակարգը սկսում է ընկալվել ոչ թե որպես անկախ արդարադատության, այլ քաղաքական իշխանության կամքը կատարող մեխանիզմ։
Չի կարող իրավական պետության մեջ իշխանության ղեկավարը ԱԺ ամբիոնից քաղաքական թիրախ սահմանել, իսկ հաջորդ առավոտ իրավապահ ողջ համակարգը սկսել գործել այդ թիրախի ուղղությամբ։
Եվ ամենասարսափելին այն է, որ այս ամենը կարող է հերթական անգամ հասարակությանը մատուցվել որպես մեծ «տեսարան»՝ այն պահին, երբ Հայաստանի Հանրապետությանը սպառնացող իրական մարտահրավերները շարունակում են խորանալ։ Երբ պետությունը կանգնած է իր պատմության ամենավտանգավոր հանգրվաններից մեկի առաջ, հասարակությանը կրկին առաջարկվում է նախկինների շուրջ շոու՝ իրական խնդիրներից ուշադրությունը շեղելու համար։
Սա հերթական քաղաքական հաշվեհարդարի դրվագ չէ։ Եթե այս տրամաբանությունը շարունակվի, մենք կարող ենք ականատես լինել Հայաստանի Երրորդ Հանրապետության ինստիտուտների վերջնական ապամոնտաժմանը՝ իրավական պետության անվան տակ։
Մետաքսե Հակոբյան

«Հրապարակ»-ի տեղեկություններով` բացի Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյանից՝ Հակակոռուպցիոն կոմիտե է տարվել նաև Սեդրակ Քոչարյանը։
Ավելի վաղ, գրել էինք, որ Երեւանի «Տոյոտա» ընկերությունն այսօր կապարակնքվել է, որի փայատերերից է նաև Սեդրակ Քոչարյանը։

Քննչական կոմիտեի եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի շուրջ իրադարձությունները զարգանում են հոլիվուդյան թրիլլերի սցենարով, թեեւ դեռ շատ հստակ չէ, թե ով ում է ծեծել, ով ում խոշտանգել, եւ ամենակարեւորը՝ ինչու են ոստիկաններն ու քննիչներն իրար ծեծել: Երկու հիմնական վարկած է շրջանառվում՝ որ հարբած ոստիկանն անհիմն վեճ է սկսել քննիչների հետ, եւ երկրորդ՝ որ վեճի թեման «մասնագիտական» է եղել՝ «ով է գլխավորը» ցույց տալու հողի վրա:
Ինչեւէ, երկուշաբթի՝ օգոստոսի 24-ին, Քննչական կոմիտեի խոսնակն իր ՖԲ պատին գրեց. «2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը եւ եւս 1 մեղադրյալ կալանավորվել են»: Նրան միանգամից մեղադրեցին դատարանի դեր ստանձնելու, ոստիկանի անմեղության կանխավարկածը խախտելու մեջ, սկսեցին գրել, որ ոստիկանին համ ծեծել են, համ մեղադրանք առաջադրել:
Բայց դա վերջին ակորդն էր՝ գործն այլեւս քննչականում չէ, դրանով արդեն զբաղվում է Հակակոռուպցիոն կոմիտեն: Իսկ սկիզբը մամուլում հայտնված տեղեկությունն էր, թե Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը, այլ քննիչների հետ, դաժան ծեծի է ենթարկել ոստիկանության սպային՝ Եղվարդի բաժնի օպերլիազոր, մայոր Սարգիս Բագրատունյանին: Ըստ լուրերի, որոնք հաստատել էր նրա փաստաբանը, ոստիկանը համազգեստով է եղել, վնասվածքներ է ստացել, իսկ քննիչները շտապօգնության բժիշկներին թույլ չեն տվել մոտենալ տուժողին:
Ըստ քննչականի՝ իրականում զոհերը քննիչներն են եղել: «Գործը վերաբերում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ծառայողի, ինչպես նաեւ նրա հետ ընկերական ու ազգակցական կապերի մեջ գտնվող շուրջ 20 եւ ավելի անձանց կողմից քննչական բաժնի 2 քննիչներին շենքի դիմաց դաժանաբար ծեծի ենթարկելու եւ խուլիգանություն կատարելու հանգամանքներին: Վարույթի շրջանակում սկզբում ձերբակալվել էին ոստիկանության վերոնշյալ ծառայողը, ով դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ, եւ նրա հետ ազգակցական կապի մեջ գտնվող եւս 2 անձ»,- հաղորդեց ՔԿ-ն: Ըստ այդմ՝ ոստիկանին բժշկական զննման են ենթարկել, որով նրա նկատմամբ բռնությունը հերքվել է:
Այսպիսով, կռվի մասշտաբը մեծանում է: Ոչ թե մի քանի հոգու կռվի, այլ զանգվածային խուլիգանության մասին է խոսքը: Ոստիկանի հետ, որը հարբած էր, ինչը ծանրացուցիչ հանգամանք է, 20-ից ավելի մարդ է եղել, ովքեր շենքի դիմաց «լխկել» են երկու քննիչի։ Սրանով, սակայն, ՔԿ քննությունը, որի օբյեկտիվության հանդեպ կասկածներ կան, ավարտվում է: Կազմված նյութերը Հակակոռուպցիոն կոմիտեին են փոխանցվել, որն էլ առանձին վարույթ է նախաձեռնել` արդեն խոշտանգման դեպքով: Այսինքն, այնուամենայնիվ, քննիչնե՞րն են ոստիկանին խոշտանգել:
«Ի պատասխան հայտնում ենք, որ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում են անհետաձգելի վարույթային գործողություններ, այդ թվում՝ որոշում է կայացվել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին»,- ստացանք ՔԿ-ի լղոզված պատասխանը։
Այլ կերպ ասած՝ խոշտանգելու վերաբերյալ տվյալներ կան, բայց որեւէ քննիչի մեղադրանք չի առաջադրվել: Հավանաբար, ձեւական քննություն է սպասվում:
Այս ողջ պատմության ամենաառանցքային ու ազդեցիկ կերպարը, ըստ որոշ աղբյուրների, ծեծի պարագլուխը` Ռաֆայել Վարդանյանն է: Նա Երեւան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնը զբաղեցնում է հուլիսից: Մինչ այդ՝ մոտ 3-4 տարի ղեկավարել է Զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունը, վարչության պետն է եղել, պետի տեղակալը: Ըստ իրավապահ մարմնի մեր աղբյուրի, նա առանցքային դեր է ունեցել պատերազմից հետո զինվորականների դեմ հարուցված քրեական վարույթներում, դրանք տարել է անհրաժեշտ հունով: Իսկ հունը մեկն էր․ 44-օրյա պատերազմից հետո իրավապահ համակարգը Զինվորական քննչական վարչության միջոցով խնդիր ուներ հանրային դժգոհության սլաքները քաղաքական իշխանությունից շեղելու դեպի բանակ, այդ պատճառով էլ հարուցվեցին հարյուրավոր քրեական գործեր, ձերբակալվեցին տասնյակ բարձրաստիճան զինվորականներ։ Դասական օրինակներ են Արցախի ՊԲ նախկին հրամանատարներ Միքայել Արզումանյանի, Ջալալ Հարությունյանի գործերը, որոնց քավության նոխազներ սարքեցին: Հենց այդ լավ ծառայության շնորհիվ էլ, ասում են, Ռաֆայել Վարդանյանն ավելի հեղինակավոր պաշտոն ստացավ՝ դառնալով Երեւանի քննչականի պետ:
ՀԳ. Ուշագրավ օրինաչափություն ենք տեսնում: Ստացվում է` Ռաֆայել Վարդանյանի անունը կրկին հնչում է պատմության մեջ, որտեղ թիրախում հայրենիքի առաջ վաստակ ունեցող ոստիկան, նախկին զինվորական, մայոր Սարգիս Բագրատունյանն է: Նա Արցախի «Մարտական խաչ» շքանշանի ասպետ է՝ պատերազմի բովով անցած սպա։ Թեեւ կոլեգաները պնդում են նաեւ, որ ոստիկան Բագրատունյանի «քյալլեն թափած» է», եւ չի բացառվում, որ նրա մեղքն էլ միջադեպում փոքր չէ:

ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն (նախկինում զբաղեցրել է նաև ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնը, որից ազատվել է 2024 թվականի ապրիլին) Միքայել Աղասանդյանը։
Նա այս հայտարարությունն արել է ՀԱՊԿ-ի շրջանակներում Երևանի համար ռազմատեխնիկական մատակարարումների արտոնյալ պայմանների տարածման վերաբերյալ հարցին ի պատասխան։
«Ներկայումս ՀԱՊԿ-ի միջոցով Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում համագործակցություն չկա», – ասել է Աղասանդյանը։
Միևնույն ժամանակ, դեպարտամենտի տնօրենը ընդգծել է, որ Հայաստանի հետ համապատասխան համագործակցությունը պահպանվում է երկկողմանի հիմունքներով։
Հիշեցնենք, նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե շատ գոհ կլինի, եթե Հայաստանին հեռացնեն ՀԱՊԿ-ից։ Նա նաև նշեց, որ կառավարությունն առաջիկա հինգ տարում կազմակերպությունում աշխատանքներն ակտիվացնելու նպատակ չունի։

ԱՄՆ–ն Սիրիային հանել է ահաբեկչության հովանավոր երկրների ցանկից։
Այս մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի նոր ղեկավար Ահամեդ աշ Շարաայի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Անկարայում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի շրջանակում, խոստացել էր Սիրիայի Արաբական Հանրապետությանը հանել, այսպես կոչված, «սև ցուցակից»:
«Ի կատարումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի դեմ պատժամիջոցները մեղմելու խոստման, ԱՄՆ պետքարտուղարությունն այսօր Սիրիային հանել է ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից»,– նշել են նախարարությունից:

Այսօր վաղ առավոտյան իրավապահ մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը։
«Toyota» ընկերության բաժնետերերից մեկը Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին է` Սեդրակ Քոչարյանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։
Այսօր առավոտյան արդեն սկսվել են Քոչարյանների դեմ գործողություններ։ Լևոն եւ Ռոբերտ Քոչարյանները տարվել են Հակակոռուպցիոն կոմիտե` խուզարկություններից հետո։

«Հրապարակի» զրուցակիցն ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանն է:
– Երեկ Ազգային ժողովում խոսելով նոր սահմանադրության մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Անկախության հռչակագրի մասին պետք է մոռանալ, դրան այլեւս հղում չանելով: Նա փաստացի կրկնում է այն ադրբեջանական թեզերը, որոնց համաձայն՝ Հայաստանի անկախության հռչակագիրը ծավալապաշտական նկրտումներ ունի: Փաշինյանը կարծում է, որ Անկախության հռչակագրին հղում անելով՝ հայ հանրությունն իր հայրենիքը Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածքում է փնտրում, իսկ մենք պետք է կենտրոնանանք այն 29 հազար 740 ք/կմ-ի վրա եւ «չորրորդ հանրապետություն» կառուցենք: Այս հայտարարություններին ի՞նչ գնահատական կտաք:
– Ամեն մի ողորմելի ոչնչության, գործակալ ստրուկի ես չէի ցանկանա անդրադառնալ: Ամեն մի ողորմելի էլ կարող է մի բան ասել: Ցանկացած առողջ հասարակության մեջ առաջնային տեղ են զբաղեցնում ոչ թե ինչ-ինչ նկրտումներ, այլ՝ արդարությունը: Ես անկախության պայքարի առաջնորդներից մեկն եմ եղել, բնականաբար, այսօր ես ոչ միայն ունեմ ավելին ասելու իրավունք, այլեւ պարտավորություն ունեմ: Ի վերջո, մի ամբողջ ժողովուրդ մեր հետեւից է եկել: Սահմանադրությունն ընդունելիս առաջին հերթին արդարությամբ ենք առաջնորդվել: Լավն էր այն, վատն էր, թե ինչ էր, սակայն փաստ է, որ այն ընդունելիս արդարությամբ ենք առաջնորդվել, ինչպես նաեւ՝ քաղաքակրթական ձեռքբերումներով: Այժմ ինչ-որ բռնապետ մյուս բռնապետիկից ինչ-որ բաներ է պահանջում, իսկ այս բռնապետիկը, երազելով լինել բռնապետի կարգավիճակում, փորձում է ընդառաջ գնալ այդ բռնապետին: Նա չի ասում` եկեք արդարությամբ առաջնորդվենք, ասում է` եկեք առաջնորդվենք անասնական վախերով, բայց, տղա ջան, մի մոռացիր, որ դու անասուն չես, մարդ ես, անասնական վախն անասունի համար է: Մարդը պետք է իր մեջ ուժ գտնի՝ վախերը հաղթահարելու համար:
– Նա նաեւ ասել է, որ մենք հայրենիք փնտրելու ճանապարհին վերջապես գտել ենք պետություն: Այսինքն, ըստ Փաշինյանի՝ հայ ժողովուրդը 30 տարի շարունակ պետականություն չի ունեցել, պետություն չի ունեցել, եւ միայն իր՝ իշխանության գալուց, Արցախը հանձնելուց հետո մենք պետություն ունենալու հնարավորություն ենք ստացել:
– Նա ունի իրավունք՝ ամեն ինչ ասելու: Մենք պետք է մի հարց քննարկենք,՝ որքանո՞վ ենք այս ամենին նպաստել, որ նա այժմ նման հայտարարություններ անի: Ի՞նչ իրավունք ունի Նիկոլ Փաշինյանն առհասարակ Սահմանադրության մասին խոսելու: Հետո՞ ինչ, որ նա ստացել է հայ ժողովրդի ձայների մի 20 տոկոսը` առավելագույնը, հետո ի՞նչ: Այս մարդն անդադար Սահմանադրություն է խախտում, կուսակցությունների մասին օրենքն էլ խախտեց, ինչի առթիվ ես դիմեցի բոլոր քաղաքական ուժերին, սակայն ի՞նչ արձագանք եղավ: Ոչ մի արձագանք: Մեր ընդդիմությունը սպասում է, որ Նիկոլը սահմանադրություն ներկայացնի, իսկ իրենք ասեն` ոչ: Եթե ընդդիմադիրներն իրենց այսպես են պահում, մենք ի՞նչ կարող ենք սպասել Նիկոլ Փաշինյանից: Ես Նիկոլին տասն անգամ նոր սահմանադրության բանաձեւն ասել եմ, սակայն նա ոչինչ չի արել եւ դրանով մեծ հանցագործություն է կատարել: Ոչ մի կուսակցություն խորհրդարանում չի խոսում այս կարեւոր հարցերի մասին, սակայն խորհրդարանական երկրում սահմանադրության հարցը պետք է առաջնային հարց լիներ:
– Փաշինյանն անցած հինգշաբթի օրը հայտարարեց, որ Տիգրանաշենը հայկական տարածք չէ, այլ անկլավ է` Քյարքի անունով, եւ այն Ադրբեջանին հանձնելու «մեկնարկը» տվեց: Իշխանավորները խոսում են ինչ-որ սահմանազատման մասին, սակայն Ադրբեջանը 2021 թվականին Գորիս-Կապան ավտոճանապարհից 21 կիլոմետր տարածք զավթեց` առանց որեւէ սահմանազատման գործընթացի, իսկ տարիները ցույց տվեցին, որ այդ քայլին գնաց բացառապես Հայաստանին վնաս պատճառելու նպատակով, քանի որ այդ 21 կմ-անոց տարածքն ադրբեջանական կողմին որեւէ կերպ պետք չէր, ընդամենը մեզ զրկեցին միջպետական ճանապարհից, որով անցնում էին դեպի Իրան գնացող-եկող բեռները: Եվ շրջանցող ճանապարհն էլ համարժեք չէր ու մեծ ծախսեր պահանջեց: Այս պայմաններում Փաշինյանը նոր տարածքներ հանձնելու մասին է խոսում եւ նորից սահմանազատման մասին հեքիաթն է պատմում:
– Մենք դեռ շատ ենք պատժվելու: Հայ մարդու ուղեղի մեջ պետք է մեկընդմիշտ մտնի «ինքնորոշման իրավունք» ասվածը, ես անգամ դրա համար կազմակերպություն եմ ստեղծել: Անգամ ամենաբթամիտ մարդը պետք է հասկանա, որ ազգային ինքնորոշումն է առաջնային տեղում, այլ ոչ թե ինչ-որ մեկի կամքը: Հասկանալու համար՝ դիմացինդ մարդ է, թե անասուն, պետք է այդ հարցն ուղղես` ազգային ինքնորոշո՞ւմն է կարեւոր, թե՞ ինչ-որ մեկի կամքը: Ինքնորոշման իրավունքն ուրացող մարդը, բնականաբար, բոլոր քաղաքակրթական ձեռքբերումները պետք է ուրանա: Խոսում են Տիգրանաշենի կամ այլ գյուղերի մասին, ասում են, որ ինչ-ինչ քարտեզների հիման վրա են այդ կարծիքին հանգել եւ այլն, բայց առնվազն տգետ պետք է լինես, բռնազավթման պայմաններում քեզ պարտադրված սահմաններն օրինական համարելու համար: Ծախված սրիկան կամ էլ տգետը կարող է նման պնդումներ անել: Հայաստանը բռնազավթել են, այս պայմաններում արդարության մասին խոսելն անհնար է:

Դե ֆակտո Ազգային ժողովում կառավարության դե ֆակտո ղեկավարին «պիղծ» անվանելու հաջորդ իսկ լուսաբացին Լևոն Քոչարյանի տանը «պատժողական» խուզարկության կատարումը բերում է մի քանի հետևության՝
1) այս փաստն ինքնին բավարար է՝ փաստելու, որ «իրավապահ» կոչվող մարմինները բացահայտ դուրս են եկել օրինականության տիրույթից։
2) խուզարկությունը թույլատրելու որոշում կայացրած դատավորը (չգիտեմ էլ ով է) առերևույթ կատարել է հանցանք։
3) Լևոն Քոչարյանի հնչեցրած բնութագիրը ճիշտ էր. ժողովրդավարության պղծումը հո պոզով-պոչով չի՞ լինում։
Ռուբեն Մելիքյան