Զույգի հերթական թատրոնը․ «Հրապարակ» | Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

Զույգի հերթական թատրոնը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Կիրակի օրվա ավտոերթի և համերգի ամենաքննարկվող դրվագն Աննա Հակոբյանի հայտնությունն էր։ Նա փետրվարին հայտարարեց, որ իրենց քաղաքացիական ամուսնությունը դադարել է` հեռանում է կառավարական առանձնատնից, և իր դառը կյանքի մասին սրտաճմլիկ պատմություն պատմեց:

Իսկ կիրակի օրը մարդիկ տեսան նրա սիլուետը ամուսնու առավոտվա լայվում՝ կառավարականում, ապաև մասնակցեց Գյումրիի միջոցառմանը․ Փաշինյանի ձեռքը բռնած՝ քայլում էր քաղաքում, արհամարհում լրագրողների հարցերը: Եվ, հակառակ խոստմանը, որ հրաժարվում է «ախրաննիկներից», շրջում էր ՊՊԾ աշխատակիցների ուղեկցությամբ։ «Վերամիավորվե՞լ եք» հարցը նրանք անպատասխան թողեցին:

Տեղեկացանք, որ անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել դա: Մեզ ասացին, թե իրենք 1 շաբաթ առաջ են իմացել, որ Աննան վերադարձել է կառավարական առանձնատուն: Իսկ թե ինչ կարգավիճակով, չգիտեն: Իրենք էլ են տարակուսած զույգի այս թատրոնից»։

Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. «Ժողովուրդ»

Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լիլիթ Մակունցը, ով համարվում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենասյուներից մեկը, առանցքային դեր ունի ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին հարաբերությունների համատեքստում։ Վկայություններից մեկն այն է, որ ՔՊ 8-րդ արտահերթ համաժողովի ընթացքում հենց նրան էր վերապահվել առաջին ելույթի իրավունքը՝ ի տարբերություն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, որը ինստիտուցիոնալ առումով հանրապետության երկրորդ դեմքն է, բայց նա Մակունցից հետո խոսեց։ Մակունցը նաև ընկալվում է որպես հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման գործընթացում ներգրավված դիվանագետ։ Հատկանշական է, որ մինչև 2018 թվականի իրադարձությունները նա զբաղվել է կրթական գործունեությամբ՝ աշխատելով որպես անգլերենի մասնագետ։ Հայտնի է նաև, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին անգլերեն է սովորել նրա մոտ։ Լիլիթ Մակունցը ՔՊ նախընտրական ցուցակում զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։ Ուսումնասիրել և վերլուծել ենք նրա վերջին տարիների պաշտոնական հայտարարագրերը՝ պարզելու նրա գործունեության ուղղություններն ու գույքային վիճակի փոփոխությունները տարբեր ժամանակահատվածներում։ Ուսումնասիրության համաձայն՝ Մակունցը 2005-2019 թվականներին դասավանդել է Հայ-ռուսական համալսարանում։ Զուգահեռաբար՝ 2014-2018 թվականներին պայմանագրային հիմունքներով աշխատել է գերմանական Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի երևանյան գրասենյակում, իսկ 2016-2018 թվականներին՝ նաև ԱՄՆ Խաղաղության կորպուսի երևանյան գրասենյակում։ 2018 թվականի փետրվարից մինչև մայիս ղեկավարել է Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի և համագործակցության բաժինը։

Նույն՝ 2018 թվականին, նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար։ Հետագայում՝ 2019-2021 թվականներին, եղել է ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար։ 2021-2025 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը, իսկ 2025 թվականի օգոստոսի 29-ից նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։

Նրա 2024 թվականի տարեկան հայտարարագրում անշարժ գույք կամ տրանսպորտային միջոց չկա լրացված։ Այդ տարում միայն ունեցել է «Հայէկոնոմբանկում» փոխառություններ՝ 2,676,111 դրամ և 28,236,761 դրամ։ Նրա բանկային հաշիվներում առկա են եղել 36,003.05 ԱՄՆ դոլար և 419,861.38 դրամ, մինչդեռ տարեկան եկամուտը կազմել է 2,616,824 դրամ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ 2023 թվականի հայտարարագրով նրա վարկային պարտավորությունները կազմել են 28,850,232 դրամ, իսկ հանձնված և վերադարձված փոխառությունները՝ 3,918,260 դրամ։ Բանկային հաշիվներում ունեցել է 27,305.17 ԱՄՆ դոլար և 395,198.38 դրամ։ Այսինքն՝ վարկի չափով գումար ունի իր հաշվում։ Նույն տարում Լիլիթ Մակունցի եկամուտները կազմել են 2,681,880 դրամ և 51,732 ԱՄՆ դոլար՝ արտաքին գործերի նախարարությունից, ընդհանուր՝ 23,128,435.68 դրամ։ Տարվա վերջում վարկային պարտավորությունների մնացորդը կազմել է 32,768,492 դրամ, որից 28,850,232 դրամը՝ բնակարանային վարկ։

2022 թվականի հայտարարագրի համաձայն՝ նրա բանկային հաշիվներում եղել է 15,000 ԱՄՆ դոլար և 794,835.02 դրամ։ Եկամուտները կազմել են 770,223 դրամ այլ աղբյուրից, ինչպես նաև 50,999 ԱՄՆ դոլար և 2,728,776 դրամ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ընդհանուր՝ 23,570,675.43 դրամ։ Վարկային պարտավորությունները կազմել են 33,502,485 դրամ, որից 29,430,532 դրամը՝ բնակարանային։

2021 թվականի տվյալներով՝ նա ունեցել է 3,000 ԱՄՆ դոլար և 1,704,218.14 դրամ բանկային միջոցներ, ինչպես նաև հայտարարագրել է 34,296,115 դրամի փոխառություններ։ Նույն տարվա եկամուտը կազմել է 48,433,635.84 դրամ, իսկ վարկերի մարմանն ուղղված վճարումները՝ 3,521,212 դրամ։ Ընդհանուր առմամբ, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարբեր տարիներին Մակունցի հայտարարագրերում արձանագրվել են ինչպես զգալի եկամուտներ, այնպես էլ մեծածավալ վարկային պարտավորություններ՝ հիմնականում բնակարանային նպատակներով, այն դեպքում, երբ առանձին անշարժ գույք չի հայտարարագրվել։ Ում համար է նա անշարժ գույքի հիփոթեքի վարկ մարում, անհասկանալի է, քանի որ հայտարարագրված անշարժ գույք չկա, փոխարենը կա վարկ»։

Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 2-րդ մասը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի երկրորդ մասը։

Սպասվում է անձրև և ամպրոպ (լուսանկար)

Սպասվում է անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում՝

Ապրիլի 21-ին, 22-ի գիշերը, 23-25-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-25-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում

Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 21-ին, 22-ի գիշերը, 23-25-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-25-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը ՀՀ մարզերում

Եղանակը ՀՀ մարզերում

Երևան քաղաքի ապրիլի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 28.1°C (1959թ.)
     Օդի նվազագույն ջերմաստիճա – 7.4°C (1987թ.)
     Օդի միջին օրական ջերմաստիճան 12.7°C

Եղանակային առաջիկա կանխատսումներին կարող եք ծանոթանալ այստեղ:

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախագահական կառավարման երկու ժամկետով սահմանափակումը ոչ միայն ժողովրդավարության հաղթանակն ա ավտոկրատիայի նկատմամբ, այլև հեռացող նախագահի համար հետհաշվարկի սկիզբ։ ԱՄՆ-ում երկրորդ ժամկետում գտնվող նախագահը քաղաքական կենսաբանության մեջ հայտնի ա որպես «կաղ բադ» (Lame Duck)՝ մի էակ, որի հիմնական բնազդը սեփական կիսատ-պռատ ժառանգությունը (եթե այդպիսին հրաշքով գոյություն ունի) պատմության աղբանոցից փրկելն ա։ Նրանից էլ չեն վախենում, առանձնապես ակնկալիքներ չունեն ու նույնիսկ սեփական կուսակիցները հայացքն իրեն ուղղելիս ավելի ուշադիր նայում են, թե մեջքի հետևը ով կա, որն ա հավանական «ժառանգորդը»։ Սկսվում ա հետաքրքիրը՝ նենց մեկի փնտրտուքը, ով կհամաձայնի կրել նախորդի քաղաքական դիակի ծանրությունը և երդմնակալության հաջորդ օրը իրեն արխիվ չի հանձնի։
     Սպիտակ տան գլադիատորների շարքում էս դերի համար առանձնացրել էին երկուսին՝ Վենսին և Ռուբիոյին։ Բայց թե՛ Թրամփը, թե՛ մնացածը գիտեն՝ ուղղակի ժառանգորդ նշանակելը քիչ ա, պետք ա հանրային զոհաբերություն կազմակերպել։ Ընտրությունը բավարար չի պարզապես հնչեցնել, դրան պետք ա լեգիտիմություն հաղորդել մեկի հանրային ձախողման և մյուսի տրիումֆի միջոցով։
     Իրանի վրա հարձակումից հետո Թրամփը, իրեն բնորոշ «հումորով» ասեց. «Եթե Իրանին հաղթենք՝ դա իմ հանճարն ա, իսկ եթե տապալվենք՝ մեղավորը Վենսն ա, նա ա ինձ համոզել հարձակվել»։ Դահլիճը ծիծաղեց, իսկ Վենսի քաղաքական կատաֆալկն արդեն սկսեցին նախապատրաստել։ Ներապարատային պայքարում հռչակվեց, թե ում են դեմ տալու Իրանի հետ կապված հաշիվները։
     Սկզբում Վենսին, մատաղացու ուլի կարգավիճակով ուղարկեցին Հունգարիա, որպես Օրբանին հումանիտար օգնություն՝ մի ֆիգուրի, որի քաղաքական կարման արդեն խորտակված «Կուրսկ» սուզանավի վիճակում էր։ Հաջորդ հարվածը Իսլամաբադ գործուղումն էր՝ Իրանի հետ խաղաղության շուրջ բանակցելու մի մթնոլորտում, որտեղ «խաղաղություն» բառն ինքնին հնչում էր որպես ծաղր։ Վենսը, ինչպես և սպասվում էր, վերադարձավ դատարկ ձեռքերով՝ ստանալով քաղաքական իմպոտենտի պիտակը։ Արդյունքը՝ Իրանի հետ հաջորդ բանակցությունների սեղանին Վենսի համար նախատեսված աթոռն արդեն հավաքել են։
     Նույն ժամանակահատվածում լիբանանյան ուղղությամբ Ռուբիոն, ստանալով Թրամփի «հայրական» աջակցությունը, «հաջողության» ա հասնում՝ հոբելյանական 10-րդ «ավարտված պատերազմի» տեսքով։ Էս պահին խաղադրույքները Ռուբիոյի վրա են։
     Վաշինգտոնյան էս ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր ա, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը, որտեղ տեղական ծաղրածուները համարների արանքում չեն էլ հասցնում մի դիմակը հանել, մյուսը հագնել։ Ցավալի ա միայն, որ առաջիկա հնգամյակում ու տասնամյակում աշխարհի և Հայաստանի ապագան էսօր ավելի շատ կախված ա էդ ներտեսակային ապարատային «ցխոցուց», քան տեղական քաղաքական թզուկների ճղճղոցից»։

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը. «Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ։ Եվ գրաքննության բացակայության արդյունքում, ով ինչ ասես՝ խոսում է, հայտարարում․․․
     Նյութ ես գրում, տակը մեկնաբանում են՝ Սուտ ա․․․ Հղում ես դնում․․․ այդ քաջերից որևէ մեկը պատվի ու արժանապատվության նշույլ անգամ չունի, որ ներողություն խնդրի։ Կամ՝ իրենց ընկալմամբ, արժանապատվությունը ոչ թե գիտակցելն է արված սխալը և շտկելը, այլ՝ էշին թարս նստելն ու սեփական սուտը պնդելը։
     Մեկ այլ կատեգորիա կա․ պատմաբան չլինելով՝ գրված նյութի հիմնավորում են պահանջում։ Այն դեպքում, որբ պատմության ամենատարրական դասագիրքը չեն կարդացել։ Եվ երբ անտեսում ես նմանին՝ (ուղղակի հարգելով սեփական աշխատանքը կամ՝ արժանապատվությունից ցած համարելով կրկին անդրադառնալ ամենաակնառու փաստին) հաղթանակած աքլորի տեսքով, փքված հռհռում է։ Երբ հղում ես տեղադրում, նշում սկզբնաղբյուր, միևնույն է, պատասխանը նույնն է՝ Սուտ ա․․․
     Եվ ցավն այն է, որ նման հանրային վարքագիծ ունեն ոչ միայն սովորական կոլխոզնիկները, այլև՝ «ազգի փրկիչ» հանրային գործիչները։ Նրանք պատրաստ են ամեն բան խեղաթյուրել, ամեն բանի վրա աչք փակել, միայն թե, սեփական անսխալականությունը և սեփական տեսլականը «հիմնավորեն»։ Վերջերս հանդիպեցի նման շառլատանի, որի մասին իսկապես, բարձր կարծիք ունեի։ Բաց չէ, տեսնում եմ, որ «ազգափրկիչները» միևնույն է, այն հոգեբանական վիճակում են, որ պատրաստ չեն շիտակ լինել, պատրաստ չեն խոնարհվել իրողությունների, պատմական ճշմարտության առաջ, և ընդամենը փրկչի դիմակով մարդկանց ու հանրությանը մոլորեցնում են։ Ուրեմն հետևություն․ նրանք էապես ոչնչով չեն տարբերվում երիտթուրքից կամ բոլշևիկից, որովհետև «փրկելով» հանրությանը, նրանց ոչ թե ճշմարտությունն են մատուցում, այլ սոսկ ցանկանում են հանրությանը ծառայեցնել սեփական քաղաքական ու սոցիալական շահերին»։

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին օրերին կրկին փորձ է արվում հանրային քննարկման օրակարգ բերել Արթիկ քաղաքի կենտրոնական հրապարակում տեղադրված՝ 1941–1945թթ. Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանի ապամոնտաժման և տեղափոխման հարցը։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե խոսքը տեղական նշանակության քաղաքաշինական որոշման մասին է։ Իրականում, սակայն, սա շատ ավելի խորքային, սկզբունքային և վտանգավոր միտում է, որը վերաբերում է մեր պատմական հիշողությանը, ազգային ինքնությանը և պետական մտածողության մակարդակին։
     Ես այս հարցին անդրադարձել եմ բազմիցս՝ փորձելով զգուշացնել այն հետևանքների մասին, որոնք կարող են առաջանալ նման մոտեցումների արդյունքում։ Այսօր, երբ աշխարհաքաղաքական զարգացումները պահանջում են առավելագույն սթափություն և ազգային համախմբում, մենք ականատես ենք լինում հակառակ գործընթացի՝ ներքին բաժանարար գծերի խորացման, արժեքների վերաիմաստավորման անվան տակ դրանց խաթարման։
     Հուշարձանները պարզապես ճարտարապետական տարրեր չեն։ Դրանք հավաքական հիշողության նյութական արտահայտությունն են։ Դրանք այն կետերն են, որտեղ անցյալը միանում է ներկային և ձևավորում ապագայի արժեհամակարգը։ Արթիկի կենտրոնական հուշարձանը այդպիսի կետերից մեկն է՝ խորհրդանշելով մեր ժողովրդի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին, այն զոհողությունը, որը հազարավոր հայ ընտանիքներ են կրել, և այն հաղթանակը, որը ձեռք է բերվել մարդկային անգնահատելի կորուստների գնով։
     Պատմության նկատմամբ վերաբերմունքը միշտ եղել է պետականության ցուցիչ։ Այն հասարակությունները, որոնք սկսում են թեթև ձեռքով վերանայել կամ տեղափոխել իրենց հիշողության խորհրդանիշները, իրականում վտանգի տակ են դնում իրենց ինքնության շարունակականությունը։ Սա արդեն ոչ թե ճարտարապետության, այլ ռազմավարական մտածողության խնդիր է։
     Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ նման քննարկումները ակտիվանում են մի ժամանակաշրջանում, երբ տարածաշրջանը գտնվում է բարդ և փոփոխական աշխարհաքաղաքական միջավայրում։ Այս պայմաններում պետություններից պահանջվում է առավելագույն ներքին համախմբում, արժեհամակարգային հստակություն և պատմական գիտակցության ամրապնդում։ Մինչդեռ մենք տեսնում ենք հակառակ միտումը՝ հարցերի արհեստական սրում, որոնք ոչ միայն առաջնային չեն, այլև կարող են դառնալ ներքին տարաձայնությունների աղբյուր։
     Համայնքային կառավարման արդյունավետությունը չափվում է ոչ թե աղմկահարույց նախաձեռնություններով, այլ քաղաքացիների կյանքի որակի բարելավմամբ։ Արթիկում առկա են բազմաթիվ խնդիրներ՝ սոցիալական, տնտեսական, ենթակառուցվածքային, քաղաքաշինական, որոնք պահանջում են համակարգային և պատասխանատու լուծումներ։ Այս համատեքստում հուշարձանի տեղափոխման հարցը ոչ միայն երկրորդական է, այլև շեղող՝ իրական օրակարգից։
     Ես կրկին և հստակ առաջարկում եմ՝ եթե կա անկեղծ ցանկություն ծառայելու Արթիկի զարգացմանը, ապա անհրաժեշտ է կենտրոնանալ քաղաքային միջավայրի բարելավման վրա։ Բարեկամության զբոսայգու հիմնանորոգումը կարող է դառնալ այն նախագիծը, որը կստեղծի նոր որակի հանրային տարածք՝ կանաչապատ գոտիներով, շատրվաններով, հանգստի և ժամանցի հնարավորություններով։ Արթիկում նման տարածքների պակասը ակնհայտ է, և հենց այս ուղղությամբ իրականացվող քայլերն են, որ կարող են արժանանալ հանրային լայն աջակցությանը։
     Ինչ վերաբերում է հուշարձանին, ապա այստեղ լուծումը մեկն է՝ այն պետք է անհապաղ վերանորոգվի, պահպանվի և արժանապատվորեն ներկայացվի։ Պետք է բարեկարգվի նաև հարակից տարածքը՝ ձևավորելով համապատասխան միջավայր, որը կարտահայտի նրա իրական նշանակությունը։
     Պատմությունը չի ենթարկվում կամայական վերադասավորման։ Այն չի կարող դառնալ ընթացիկ քաղաքական կամ վարչական որոշումների առարկա։

Եվ այս համատեքստում անհրաժեշտ է հստակ սահմանել սկզբունքային գիծը․
     ոչ մի համայնքային չինովնիկ, ոչ մի անհայտ ֆինանսական աղբյուրներից սնվող ՀԿ-ների ներկայացուցիչներ բարոյական իրավունք չունեն որոշել մի արժեքի ճակատագիրը, որը պատկանում է ժողովրդին։
     Հուշարձանը մեր պատմության կարևոր մասնիկն է, մեր հավաքական հիշողության անբաժանելի բաղադրիչը։ Եվ այդ հիշողության նկատմամբ տնօրինման իրավունքը պատկանում է բացառապես ժողովրդին:
     Հ.Գ.
     Հարգելի արթիկցիներ,
     Ձեզ եմ ներկայացնում ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի 2025 թվականի հուլիսի 25-ին կայացած նիստի արձանագրությունից մի հատված, որը, կարծում եմ, ամեն խոսքից առավել հստակ է բացահայտում այս ամբողջ գործընթացի իրական խորքն ու տրամաբանությունը։
     Հանձնաժողովի անդամներից մեկի հարցին՝ թե ինչով է հիմնավորված հուշարձանի տեղափոխման անհրաժեշտությունը, զեկուցողը պատասխանել է, որ «Արթիկի գլխավոր հրապարակում հուշարձանն է, որտեղ առկա են քարեր զոհվածների անուններով, քարը հրապարակին ավելի տխուր տեսք է տալիս»։
     Սա պարզապես ձևակերպում չէ։ Սա մտածողություն է։ Սա վերաբերմունք է։
     Եվ հենց այստեղ է հարցի ամբողջ ողբերգականությունը»:

«Նիկոլի բերանով հաստատագրվեց՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բնօրինակ երեսպատման քարերը ոչնչացվել են». Հայկ Դեմոյան

«Նիկոլի բերանով հաստատագրվեց՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բնօրինակ երեսպատման քարերը ոչնչացվել են». Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ծիծեռնակաբերդ. քրեական գործ հարուցելու և նախաքննություն սկսելու հիմքերը
     Ուղեցույց ապագա դատաիրավական համակարգի համար
     Ապրիլի 18-ին Ծիծեռնակաբերդում մի շարք հանցագործությունների հետքերը կոծկելու եզակի մի դրվագի ականատեսը դարձանք՝ Նիկոլ Փաշինյանի ու Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ:
     Մտավոր հետամնացների համար չորս անգամ նույն տեքստը արտաբերող Նիկոլ Փաշինյանը ժամանել էր Ծիծեռնակաբերդ՝ նախընտրական հերթական օբյեկտն ընդունելու կեցվածքով: ԿԳՄՍ նախարարի դեմքին էլ անթաքույց հրճվանք կար՝ «վերջապես կպրծնենք էս Եղեռնի հուշարձանի դարդից» ձևակերպմամբ:
     Ի՞նչ ասաց Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով, որին ի պատասխան ներկաները մի պահ կարկամեցին: Ասաց, որ քարերի երանգն, ամեն դեպքում, տարբեր է: Ի՞նչ է դա նշանակում: Նիկոլի բերանով հաստատագրվեց, որ հանրապետական նշանակության կարգավիճակ ունեցող ու համայն հայության համար սրբատեղի հանդիսացող Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բնօրինակ երեսպատման քարերը ոչնչացվել են, որի արդյունքում հուշարձանին հասցվել է անվերականգնելի վնաս՝ ինչը ՀՀ և միջազգային օրենքներով քրեորեն պատժելի գործողություն է: Ի դեպ, այս անգամ Ժաննայի բախտը բերեց այնքանով, որ Նիկոլը չառաջարկեց իզոտոպներով ստուգել քարերի հնությունը, ինչպես դա արեց Հայաստանի պատմության թանգարանում՝ եկեղեցու դռան փեղկը ուսումնասիրելիս, որի արդյունքում նախարար Ժաննա Անդրեասյանը գունատվեց և կորցրեց հոդաբաշխ մտքեր արտաբերելու կարողությունը:
     ՀՀ տարածքում հուշարձանների պահպանությունը և դրանց նկատմամբ իրականացվող գործողությունները կարգավորվում են օրենսդրական նորմերով։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, ունենալով հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ, գտնվում է պետության հատուկ պաշտպանության ներքո։ ԿԳՄՍ-ի թույլ տված կոպիտ սխալների, անպատասխանատու մոտեցման ու վերահսկողությունից դուրս իրականացված աշխատանքների արդյունքում Հայոց ցեղասպանության հուշահամալիրին հասցվել է անվերականգնելի վնաս, որի արդյունքում հուշարձանը կորցրել է իր պատմական վավերականությունն ու ինքնությունը։ Հավելենք նաև այն սկանդալն ու խայտառակ տեսարանները, որոնք արձանագրվեցին շինհրապարակի տարածքում: Ակնհայտ էր, որ ԿԳՄՍ նախարարությունն ու շինարարություն իրականացնող ընկերությունը խախտել էին վերականգնողական աշխատանքների իրականացման պահանջներն ու սկզբունքները։
     Հուշարձանի քարերի երանգների տարբերությունը արձանագրած Նիկոլ Փաշինյանի ու հուշահամալիրի տարածքում նախորդ վերականգնումների պահով անամոթաբար ստող Ժաննա Անդրեասյանի ուշադրությանն ենք ներկայացնում «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքը, որտեղ արձանագրված է, որ ցանկացած հուշարձանի վերականգման ժամանակ կարևոր է անձեռնմխելիության սկզբունքի ապահովումը՝ առաջնահերթությունը տալով հուշարձանի բնօրինակ նյութի պահպանմանը։ Այս սկզբունքը, ինչպես տեսանք, կոպտորեն խախտվել է:
     – Փոխարինման պայմանը
     Հուշարձանի մաս հանդիսացող քարը, աղյուսը կամ մետաղը փոխարինվում է միայն այն դեպքում, եթե բնօրինակ մասը քայքայվել է այն աստիճանի, որ այլևս չի կարող կատարել իր կառուցվածքային կամ գեղագիտական ֆունկցիան և վտանգում է հուշարձանի կայունությունը։
     – Գիտական հիմնավորում
     Ցանկացած միջամտություն պետք է հաստատված լինի լիազոր մարմնի փորձագիտական հանձնաժողովի կողմից։ Միայն հանրային բողոքի արդյունքում ԿԳՄՍ-ում գլխի ընկան, որ անհրաժեշտ է մասնագիտական ու փորձագիտական խումբ կազմել հուշարձանի տարածքում ստեղծված խայտառակ իրավիճակը շտկելու համար: Այս ընթացքում, հուշահամալրի համահեղինակ ճարտարապետ Սաշուր Քալաշյանն արձանագրեց, որ առանց վերահսկողության իրականացված աշխատանքների արդյունքում, իր խոսքով ասած, «հռե կոբալ» գործ է արվել, ինչը առնվազն նշանակում է, որ հուշարձանին վնաս է հասցվել:
     – Վավերականության կորուստ
     Միջազգային սկզբունքներով (օրինակ՝ Վենետիկի խարտիա), հուշարձանի արժեքը ոչ միայն դրա տեսքն է, այլև դրա նյութն է։ Սա նշանակում է, որ հենց այնպես չես կարող բնօրինակ ու պատմական քարերը փոխարինես նորերով ու դա համարես վերականգնում: Հուշահամալիրի ոչնչացված բնօրինակ սալաքարերի 99 տոկոսը եղել է անվնաս վիճակում և դրանք փոխարինելու անհրաժեշտություն չի եղել: ԿԳՄՍ նախարարության հանցավոր անփութության արդյունքում ոչնչացվել ու խճազանգվածի է վերածվել տասնյակ բնօրինակ սալաքարեր, որոնք խեղված երեք մույթերի վրա տեղադրված են եղել 1966-67 թվականներին: Այս ամենի արդյունքում հուշարձանի ինքնությունը թե´ ֆիզիկապես, թե´ բարոյապես ձևախեղվել ու աղճատվել է և դրա զգալի հատվածը դարձել է անարժեք պատճեն՝ ի խախտումն ՀՀ գործող օրենքների ու բազմաթիվ միջազգային պարտավորությունների։
     Արձանագրենք, որ տողերիս հեղինակը, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, ինչպես նաև շինարարության հետ կապված բազմաթիվ խախտումների ու կոռուպցիոն ռիսկերի անդրադարձած Էդգար Հայրումյանը, Կարեն Արայանը Արթուր Չախոյանը, Հայկ Մարտիրոսյանը և բազմաթիվ այլ քաղաքացիներ, այս ընթացքում երբե՛ք ու ոչ մի պարագայում դեմ հանդես չեն եկել հուշահամալիրի տարածքում բարեկարգման ու վերանորոգման աշխատանքների իրականացմանը: Այս կարևոր հանգամանքը ստորագույն ու քստմնելի մեթոդների կիրառմամբ մանիպուլացնում են իշխանամերձ զլմներն ու նրանց սպասարկուները:
     Մտավոր հատուկ ու բացառիկ ունակություններով օժտվածների համար ևս մեկ անգամ անդրադառնում եմ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում տեղ գտած հանցագործությունների շարանին:
     ա. Հայտարարված տենդերով Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի վերականգման աշխատանքները ԿԳՄՍ նախարարությունը վստահել է մի կազմակերպության, որը ոչ միայն համանման հուշարձանների վերականգման փորձ ու որակյալ մասնագետ-շինարարներ չի ունեցել, այլև վերջին տարիներին մի քանի խնդրահարույց շինարարական աշխատանքներ է իրականացրել: Լուրջ կոռուպցիոն ռիսկեր արձանագրվեցին նաև շինարարական աշխատանքների իրականացման նախահաշիվներում:
     բ. Հայոց ցեղասպանության հուշահամալիրը սկսել են ջարդուփշուր անել ԱՌԱՆՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ նախագծի: Սա էլ ԱՆՀԵՐՔԵԼԻ փաստ է և դա քրեորեն պատժելի արարք է: Այս մասին բացեիբաց հայտարարեց «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանը՝ Երևանի ավագանու անդամների ու մասնագետների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ: Նիստի ժամանակ արձանագրվեց, որ փաստացի դա հայտարարություն էր հանցագործության մասին:
     գ. պատմության համար արդեն արձանագրել ենք այս վանդալիզմը արդարացնող վճարովի քարոզիչների, ՀՑԹԻ տնօրինության ու հոգաբարձուների խորհրդի անդամների անունները: Այդ ուղղությամբ մեծ ճիգեր գործադրեցին ՀՑԹԻ արդեն նախկին տնօրեն Էդիտա Գզոյանը, ՀՑԹԻ նախկին տնօրեն Սուրեն Մանուկյանը: Այս խայտառակ միջադեպի կապակցությամբ լռություն պահպանեցին ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամներ Հրանուշ Խառատյանը, Հարություն Մարությանն ու Ռայմոնդ Գևորգյանը:
     Լավագույն ապացույցն առ այն, որ հանրային բողոքի արդյունքում կասեցվել է հուշարձանի մյուս մասերի հոշոտումն ու ավերումը կլինի նաև այն, որ մյուս մույթերի դեպքում չեն կիրառվելու նույն վայրագ մեթոդները: Ասել կուզի, հենց այդ միջամտության ու բողոքի արդյունքում վերանայվել է հուշարձանի վերականգման նախագիծը և անհարկի ուռճացված նախահաշիվը:
     Իսկ շաբաթ օրվա բեմադրությունն ընդամենը հանցագործությունների այս շղթան կոծկելու դրվագ էր, որն, ի դեպ, նույնպես քրեորեն պատժելի է:
     Միամիտ չենք և ոչ էլ հույս ենք փայփայում, որ Նիկոլին ու Ժաննային օրենքի սահմաններում կենթարկեն պատասխանատվության: Չի հետաքննվի նաև նախագծի այն խայտառակ կետը, ըստ որի նախատեսվում էր մեկ քարի ապամոնտաժման ու վերատեղադրման համար վճարել 1300 ԱՄՆ դոլար: Նախագծով ապամոնտաժման ենթակա էին ավելի քան 100 սալաքարեր: Հաշվեցի՞ք: Հիմա հասկացա՞ք հուշահամալիրը այդպիսի «ջանասիրությամբ» ու «սրտացավությամբ» վերականգնելու իրական շարժառիթները:
     Հուշահամալիրի տարածքում 2003-2004 և 2013-2014 թվականներին իրականացվել են վերականգնողական աշխատանքներ և ուղիղ եթերով պնդելը, թե իբր վերջին 60 տարիների ընթացքում ոչ մի նման բան տեղի չի ունեցել, առնվազն անբարոյականություն է: Եթե Նիկոլ Փաշինյանի պարագայում ստախոսությունն ու խաբեբայությունը նորմա է ու բնական իրավիճակ, ապա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դեպքում նման ստախոսություն տարածելու գնահատականները թողնում եմ ձեզ: Նշեմ միայն, սա այն նույն նախարարն է, ով տողերիս հեղինակի դեմ հայցադիմում է ներկայացրել՝ զրպարտության մեղադրանքով:
     Սա էլ ի գիտություն՝ Նիկոլի կողմից ստորացված ու մարգինալացված դատաիրավական համակարգի ներկայացուցիչներին, ինչպես նաև աշխատավարձ ու պետական դրամաշնորհներ ստացող պատմաբան-հուշարձանագետներին:
     Առաջարկում եմ այս գրառումը ներառել ՔՊ նախընտրական թղթապանակում՝ որպես կարևոր փաստաթղթային համալրում»:

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան

Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նայեք, այսպես կոչված, ընդդիմադիրների դաշտին։
     Ամբողջ օրը իրար են հոշոտում։ Միայն իրար։ Չթվարկեմ՝ ով ում է կտցահարում։ Կրկնում են Նիկոլի թեզերը, բայց քլնգում են իրար։
     Վաղը նորից մի քանի «շուն-շանգյալափայ» ԱԺ տեղերի համար վազելով կգնան ԱԺ ու հինգ տարի կխայտառակվեն, ծեծ կուտեն, կյանքում Նիկոլին իմպիչմենտ չեն անի, ոնց չարեցին Սրբազան շարժման գագաթնակետին` փրկելով Նիկոլին։ Ականջները կախ կլսեն, ոնց են Նիկոլի խունվեյբինները ոտք սրբում իրենց վրա ու շնորհակալություն կասեն, քանի որ պետական պատվերներ ունեն, տենդերներ են «շահում-ստանում», բիզնեսներ են ծաղկեցնում։
     Իսկ այն մյուս ինքնասիրահարված պինգվինների շարքը, թե իբր նոր անաղարտ ուժեր են, թող գոնե բացի այդ թիվ մեկերից, մեկ այլ կուսակցական անդամ գոնե ցույց տան, նոր հավակնեն երկրի կառավարմանը։
     Նկատեք, որ հազարավոր առկա սոցիալական, քաղաքային, հանրային, սահմանադրական խնդիրները չեն արծարծվում փողոցային պայքարի, քաղաքացիական ակտիվիզմի միջոցով։ Ցանկության դեպքում հիմա երկիրը կեռար։ 75 տոկոս ժողովուրդը չի քվեարկելու դրանցից ոչ մեկին։ Այդ թվում՝ ես։
     Իսկ սա նշանակում է մի բան։
     Նիկոլ Փաշինյանը հաղթելու է»։

Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ

Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ

«Իշխանություն» լրատվականի` կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ պետական համակարգում ընտրություններից առաջ գործադրվող ճնշումները նոր մակարդակի են հասել։ Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական ավտոերթին եւ վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ։

Հատկապես խիստ «պլան» է դրվել Շիրակի մարզի համայնքապետերի վրա, նրանցից պահանջվել է ապահովել բազմամարդ մասնակցություն։ Առանձնապես ակտիվ է եղել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը, ով, ըստ նույն աղբյուրի, իր աշխատակազմի ղեկավար Արա Սուքիասյանի միջոցով ճնշումներ է գործադրել համայնքապետարանի աշխատակիցների վրա՝ ստիպելով մասնակցել փաշինյանական միջոցառումներին։

Ճնշումներ են գործադրվել նաեւ Շիրակի մարզի տարբեր համայնքների «Գազպրոմ» ընկերության աշխատակիցների վրա։ «Թորգոմ Սուքիասյանը, ով ղեկավարում է «Գազպրոմի» Շիրակի մարզային ստորաբաժանումը, իր ենթակայությամբ գործող Արթիկի և Ախուրյանի գրասենյակների աշխատակիցներին հրահանգել է պարտադիր կերպով մասնակցել իշխանության կազմակերպած միջոցառումներին»,-ասաց մեր զրուցակիցը։

Այս պատմության մեջ առավել ուշագրավը Արա Սուքիասյանի գործոնն է։ Նա նախկինում ավելի քան երկու տասնամյակ ղեկավարել է Նոր կյանք համայնքը և համարվել է «թունդ» ՀՀԿ-ական։

Առավել մանրամասն` տեսանյութում: