ԱԳՆ-ն առաջարկում ներդնել Դիվանագիտական գրասենյակների ինստիտուտ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության առաջարկած փոփոխությունները նախատեսում են դիվանագիտական գրասենյակների ինստիտուտի ներդրում։ Այս մասին մայիսի 11-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում՝ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Լինում են երկրներ, որտեղ ֆինանսական կամ որևէ այլ տեսանկյունից նպատակահարմար չի դիտվում բացել ամբողջական դեսպանություն, բայց դիվանագիտական ներկայության անհրաժեշտություն կա, և այդտեղ ահա մենք առաջարկում ենք հիմնել դիվանագիտական գրասենյակ, որի ղեկավարումը կիրականացնի այդ երկրում հավատարմագրված դեսպանը», – պարզաբանել է նախարարը։

Նախագծով առաջարկվում է վերանայել նաև դեսպանների և մշտական ներկայացուցիչների պաշտոնավարման ժամկետները։ «Մենք առաջարկում ենք հնարավորություն ընձեռել դեսպաններին շարունակել իրենց ծառայությունը հավատարմագրման երկրում՝ մինչև 5 տարի ժամկետով», – ասել է Միրզոյանը։

Արտաքին գործերի նախարարության ներկայացրած օրենսդրական փաթեթը նախատեսում է նաև դրույթներ, որոնք կարգավորում են դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց աշխատանքի վարձատրության հարցերը։

Թաիլանդի նախկին վարչապետ Չինավատը պայմանական վաղակետ ազատմամբ դուրս է եկել բանտից

Անցած սեպտեմբերին Թաիլանդի Գերագույն դատարանի կողմից մեկ տարվա ազատազրկման դատապարտված երկրի նախկին վարչապետ Թաքսին Չինավատը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել բանտից, փոխանցում է Associated Press-ը։

«Չինավատը երկուշաբթի օրը ազատ է արձակվել Բանգկոկի բանտից՝ պատժի ութ ամիսը կրելուց հետո», – հայտնում է գործակալությունը։

Բանտի դարպասների մոտ Չինավատին դիմավորել են ընտանիքի անդամները։ Նա ողջունել է աջակիցների բազմությանը, սակայն լրագրողների հետ չի խոսել։

Պայմանական վաղաժամկետ ազատման (ՊՎԱ) շրջանակներում նախկին վարչապետը չորս ամիս՝ ընդհուպ մինչև սեպտեմբեր, պետք է բնակվի Բանգկոկում նշված հասցեով, կրի էլեկտրոնային թևնոց և պարբերաբար հաշվետու լինի պրոբացիայի ծառայության աշխատակիցներին։

Չինավատը Թաիլանդի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2001-2006 թվականներին։ Նա տապալվել է ռազմական հեղաշրջման արդյունքում։ Այդուհանդերձ, համարվում է, որ նա կարողացել է որոշակի քաղաքական ազդեցություն պահպանել։

Ավելի քան 15 տարի Չինավատը գտնվել է երկրի սահմաններից դուրս և 2023 թվականին վերադարձել է Թաիլանդ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իշխանության է եկել «Փհյու Թայ» կուսակցությունը։ Վերադառնալուց հետո նրան դատապարտել են ութ տարվա ազատազրկման մի շարք մեղադրանքներով, մասնավորապես՝ իշխանության չարաշահման համար, սակայն Թաիլանդի թագավոր Ռամա X-ը ժամկետը կրճատել է մինչև մեկ տարվա ազատազրկում։ Այդ ժամանակ Չինավատը բանտում անցկացրել է մեկ օրից էլ քիչ ժամանակ. առողջական վիճակի պատճառով նրան տեղափոխել են հիվանդանոց։ Հետագայում նա պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։

Այնուհետև՝ 2025 թվականի սեպտեմբերին, Գերագույն դատարանը կառավարության նախկին ղեկավարին դատապարտեց ևս մեկ տարվա ազատազրկման։ Պատճառն այն էր, որ նա 120 օր ապօրինի կերպով մնացել էր Կենտրոնական ոստիկանական հոսպիտալում՝ խուսափելով 2023 թվականի դատավճռով սահմանված բանտային կալանքից։ Դատարանը վերահաստատել է նաև նրա նախկին մեղադրանքը, այդ թվում՝ պաշտոնական լիազորությունների չարաշահումը։

Ինչու է պետք երաշխավորված խաղաղություն. Նարեկ Կարապետյան

Երբ մենք ասում ենք, որ պետք է երաշխավորված խաղաղություն, դրա հիմնական նպատակն այն է, որ բացի Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ով վկա է և պետք է դառնա երաշխավոր, Պարսկաստանն էլ, Իրանն էլ ևս լինեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության երաշխավորը, Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը։ Այս մասին Facebook–ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը, ով «լայվ» է մտել Իրան–Հայաստան սահմանից։

Նա ցույց է տալիս, որ Թրիփ նախագիծն անցնելու է Իրանի հետ սահմանից 30 մետր հեռավորության վրա և նշում. «Դուք պատրաստեք մի իրավիճակ, որ մի կողմում կլինի ամերիկյան ընկերությունը, մյուս կողմում՝ Իրանի զինված ուժերը։

Վերջին մեկ–երկու ամսվա ընթացքում մենք տեսանք, որ Պարսկաստանը հարված հասցրեց ամերիկյան ռազմաբազաներին Իրաքում, Դուբայում, Աբու Դաբիում, Կատարում, ի՞նչ կլինի ապագայում, եթե նրանց հարաբերությունները սրվեն և այստեղ լինի միայն ամերիկյան ընկերություն։ Իհարկե, նրանք կոնֆլիկտի մեջ կմտնեն իրար հետ։ Պարսկաստանն, ամենայն հավանականությամբ, կհարվածի, բայց այս անգամ ոչ թե հեռահար հրթիռներով, այլ ինքնաձիգով էլ կարող է հարվածել, հողաթափիկ էլ շպրտի, կհասնի։

Դրա համար մեկից ավել երաշխավոր ի նկատի ունենալով, մենք հենց այս ճանապարհի տրամաբանությունն ենք ձեզ պատմել։ Ուրախ եմ, որ կարողացա ձեզ հենց տեղում ներկայացնել աշխարհաքաղաքական այս կարևոր հանգույցի հիմնական նպատակը»։

Եվրահանձնաժողովը մտադիր է հաջորդ շաբաթվա ընթացքում 90 միլիարդ եվրոյի առաջին տրանշը տրամադրել Կիևին

Եվրահանձնաժողովը (ԵՀ) ակնկալում է հաջորդ շաբաթ Կիևին տրամադրել 2026-2027 թվականների համար նախատեսված 90 միլիարդ եվրո արժողությամբ ռազմական ֆինանսավորման ծրագրի առաջին մասնաբաժինը։ Այս մասին ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը ժամանելուն պես հայտարարել է ընդլայնման հարցերով եվրոհանձնակատար Մարտա Կոսը։

«Մենք նախատեսում ենք առաջին տրանշն ուղարկել արդեն հաջորդ շաբաթ», – հայտարարել է նա՝ պատասխանելով ուկրաինացի լրագրողների այն հարցին, թե երբ կտրամադրվեն 90 միլիարդ եվրոյի ծրագրով նախատեսված միջոցները։

Եվրահանձնաժողովը մտադիր է հաջորդ շաբաթվա ընթացքում 90 միլիարդ եվրոյի առաջին տրանշը տրամադրել Կիևին

Եվրահանձնաժողովը (ԵՀ) ակնկալում է հաջորդ շաբաթ Կիևին տրամադրել 2026-2027 թվականների համար նախատեսված 90 միլիարդ եվրո արժողությամբ ռազմական ֆինանսավորման ծրագրի առաջին մասնաբաժինը։ Այս մասին ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը ժամանելուն պես հայտարարել է ընդլայնման հարցերով եվրոհանձնակատար Մարտա Կոսը։

«Մենք նախատեսում ենք առաջին տրանշն ուղարկել արդեն հաջորդ շաբաթ», – հայտարարել է նա՝ պատասխանելով ուկրաինացի լրագրողների այն հարցին, թե երբ կտրամադրվեն 90 միլիարդ եվրոյի ծրագրով նախատեսված միջոցները։

Առաջարկվում է փոխել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանումը

ՀՀ կառավարությունն առաջարկում է փոխել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանումը։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։

Օրինագծի ընդունման դեպքում գերատեսչությունը կկոչվի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։

Կառավարությունում կարծում են, որ նոր անվանումը համահունչ կդառնա նախարարությանը վերապահված նոր գործառույթին՝ արհեստական բանականության, ամպային հաշվողական ծառայությունների ներդրման և զարգացման քաղաքականության մշակմանն ու իրականացմանը:

Հիշեցնենք` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերակազմավորվել է 2019 թվականի մայիսի 8-ին՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հիմքի վրա։ 2023թ. դեկտեմբերի 29-ից գերատեսչությունը ղեկավարում է Մխիթար Հայրապետյանը։

Այսօր Հայաստանը և Եվրոպական միությունը միմյանց ավելի մոտ են, քան երբևէ. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Այսօր Հայաստանը և Եվրոպական միությունը միմյանց ավելի մոտ են, քան երբևէ։ Այս մասին մայիսի 10-ին, Եվրոպայի օրվան նվիրված միջոցառման բացման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ամբողջական ելույթը։

«Ձերդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Սիրելի՛ հյուրեր, Սիրելի՛ քաղաքացիներ, Ուրախ եմ ողջունել ձեզ Եվրոպայի օրվա կապակցությամբ կազմակերպված այս միջոցառմանը։

Եվրոպայի օրը խաղաղության, միասնության, համերաշխության և ընդհանուր արժեքների տոնն է։ Այն հիշեցում է, որ Եվրոպան միայն աշխարհագրական տարածք չէ. այն առաջին հերթին արժեքների և սկզբունքների շուրջ ձևավորված համայնք է, որտեղ մարդու արժանապատվությունը, ժողովրդավարությունը, ազատությունն ու համագործակցությունը հանդիսանում են համատեղ ապագայի հիմք։ Խորհրդանշական է, որ այս տարի Եվրոպայի օրը Հայաստանում նշվում է «Հայաստան-ԵՄ. ավելի մոտ, քան երբևէ» խորագրի ներքո։ Եվ իսկապես, այսօր Հայաստանը և Եվրոպական միությունը միմյանց ավելի մոտ են, քան երբևէ՝ թե՛ քաղաքական երկխոսության, թե՛ տնտեսական համագործակցության, և թե՛ մարդկանց միջև ձևավորվող և առավել զարգացող կապերի առումով։

Այս տարվա տոնակատարությունը Հայաստանի համար ունի առանձնահատուկ խորհուրդ, քանի որ տեղի է ունենում Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից և Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովից ընդամենը մի քանի օր անց։ Այդ օրերին Երևանը դարձավ Եվրոպական քաղաքական երկխոսության կարևոր կենտրոն՝ ի ցույց դնելով Հայաստանի աճող դերակատարությունը որպես երկխոսության և գործընկերության վստահելի հարթակ։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը վերահաստատեց խաղաղության, համագործակցության և համերաշխության շուրջ ձևավորված ընդհանուր տեսլականը։

Իսկ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը նշանավորեց մեր հարաբերությունների պատմության կարևոր հանգրվաններից մեկը՝ արտացոլելով գործընկերության աննախադեպ խորությունը և ապագային միտված համատեղ օրակարգը։ Այսօր Հայաստանը հետևողականորեն առաջ է մղում խաղաղության և փոխկապակցվածության իր տեսլականը։ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն, ինչպես նաև «ԹՐԻՓՓ» ծրագիրը միտված են տարածաշրջանում նոր հնարավորությունների ստեղծմանը՝ տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման միջոցով։ Ուրախալի է, որ այս ուղղությամբ ևս նոր հնարավորություններ են ստեղծվում Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման համար, ինչի վկայությունն է ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում ստորագրված փոխկապակցվածության գործընկերության վերաբերյալ համատեղ հայտարարությունը։

Կարևոր առաջընթաց է արձանագրվել նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում։ Եվրոպական հանձնաժողովի կողմից ներկայացված առաջին գնահատման զեկույցը վերահաստատեց Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների լրջությունն ու քաղաքական հանձնառությունը։ Այն, որ գնահատումն իրականացվել է աննախադեպ կարճ ժամկետում, խոսում է թե՛ ընթացող բարեփոխումների ինտենսիվության, թե՛ արդեն իսկ ձեռք բերված շոշափելի արդյունքների մասին։

Թերևս, Հայաստան-ԵՄ հարաբերությունների կարևորագույն հիմքը մարդիկ են։ Կրթության, մշակույթի, երիտասարդական փոխանակումների, գիտության, նորարարության և գործարարության ոլորտներում ձևավորվող կապերը մեր գործընկերությունը դարձնում են իրական, շոշափելի և մարդկանց առօրյայում զգալի։ Հայաստանի և հայ ժողովրդի համար Եվրոպական միությունը լոկ գործընկեր չէ։ Այն նաև խաղաղության, ժողովրդավարության, համագործակցության և հնարավորությունների տարածք է։

Սիրելի՛ ներկաներ,

Այսօր, երբ աշխարհը շարունակում է բախվել բազմաթիվ մարտահրավերների, առավել կարևոր է պահպանել այն արժեքներն ու սկզբունքները, որոնք միավորում են մեզ։ Համոզված եմ, որ Հայաստան-ԵՄ գործընկերությունը շարունակելու է զարգանալ՝ նպաստելով խաղաղության, կայունության և բարօրության ամրապնդմանը թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ դրանից դուրս։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Եվրոպայի օրվա կապակցությամբ: Շնորհակալություն»։

ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն սիրում է հարազատներին ու գործընկերներին ցույց տալ իր մասին մեմերը․ NYT

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սիրում է մտերիմների հետ կիսվել իր և իր աշխատանքի մասին համացանցային մեմերով։ Այս մասին հայտնում է The New York Times (NYT) պարբերականը։

Ըստ թերթի տվյալների՝ Ռուբիոն, ով Պետքարտուղարության ղեկավարի պաշտոնից բացի, շուրջ մեկ տարի զբաղեցրել է նաև ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնն ու կատարել գլխավոր արխիվագործի պարտականությունները, հումորով է վերաբերվում այն բազմաթիվ դերերին, որոնք իրեն վերագրվում են Դոնալդ Թրամփի վարչակազմում։

«Ականատեսի խոսքով՝ Ռուբիոն սիրում է ընկերներին ու գործընկերներին ցույց տալ իր մասին մեմերը, հատկապես նրանք, որոնք պատկերում են միաժամանակ մի քանի պաշտոն զբաղեցնելու փաստը», — նշվում է հրապարակման մեջ։

NYT-ն հավելում է, որ քաղաքական շրջանակներում Ռուբիոն և փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ակտիվորեն աշխատում են ընտրողների շրջանում իրենց հեղինակության բարձրացման ուղղությամբ, իսկ նրանց հայտարարությունները հաճախ վիրուսային տարածում են ստանում սոցցանցերում։ Սա, իր հերթին, նոր թափ է հաղորդում այն քննարկումներին, թե ապագայում նրանք կարող են մրցակիցներ դառնալ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուի առաջադրման համար։

ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն սիրում է հարազատներին ու գործընկերներին ցույց տալ իր մասին մեմերը․ NYT

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սիրում է մտերիմների հետ կիսվել իր և իր աշխատանքի մասին համացանցային մեմերով։ Այս մասին հայտնում է The New York Times (NYT) պարբերականը։

Ըստ թերթի տվյալների՝ Ռուբիոն, ով Պետքարտուղարության ղեկավարի պաշտոնից բացի, շուրջ մեկ տարի զբաղեցրել է նաև ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնն ու կատարել գլխավոր արխիվագործի պարտականությունները, հումորով է վերաբերվում այն բազմաթիվ դերերին, որոնք իրեն վերագրվում են Դոնալդ Թրամփի վարչակազմում։

«Ականատեսի խոսքով՝ Ռուբիոն սիրում է ընկերներին ու գործընկերներին ցույց տալ իր մասին մեմերը, հատկապես նրանք, որոնք պատկերում են միաժամանակ մի քանի պաշտոն զբաղեցնելու փաստը», — նշվում է հրապարակման մեջ։

NYT-ն հավելում է, որ քաղաքական շրջանակներում Ռուբիոն և փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ակտիվորեն աշխատում են ընտրողների շրջանում իրենց հեղինակության բարձրացման ուղղությամբ, իսկ նրանց հայտարարությունները հաճախ վիրուսային տարածում են ստանում սոցցանցերում։ Սա, իր հերթին, նոր թափ է հաղորդում այն քննարկումներին, թե ապագայում նրանք կարող են մրցակիցներ դառնալ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուի առաջադրման համար։