Արման Թաթոյանն ու «Միասնության թեւերի» թիմը Լոռու մարզում է. կանգառ Վանաձորում
Իրանը աշխարհի չորս գերտերություններից մեկն է։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի փոխնախագահ Համիդռեզա Հաջիբաբային՝ մեկնաբանելով տարածաշրջանային և միջազգային ներկայիս իրավիճակը, փոխանցում է Fararu-ն։
Նրա խոսքով՝ վերջին իրադարձությունները ցույց են տվել երկիրն ապակայունացնելու և արտաքին ճնշումների փորձերի ձախողումը, ինչպես նաև նախանշել են «Իրանի դիրքերի ամրապնդման նոր փուլը»։
Նա ընդգծել է, որ Թեհրանի ռազմավարական գիծը մնում է անփոփոխ՝ «ո՛չ փոխզիջում, ո՛չ կապիտուլյացիա. դիմակայություն ԱՄՆ-ին»։ Հաջիբաբային հայտարարել է, թե արտաքին ուժերն իբր ձգտում են մասնատել Իրանը և ներքին հակամարտության հրահրել, սակայն այդ ծրագրերը չիրականացան։
Նա նաև պնդել է, թե Իրանի դեմ իրականացվել է բազմաթիվ երկրների մասնակցությամբ համակարգված արշավ, որը ներառում էր քաղաքական, տեղեկատվական և ռազմական ճնշումներ։
Իր ելույթում նա առանձնահատուկ նշել է տարածաշրջանում Իրանի դաշնակիցների, այդ թվում՝ Իրաքի, Լիբանանի և Եմենի զինված կազմավորումների դերը՝ հայտարարելով, որ նրանց աջակցությունը կարևոր նշանակություն է ունեցել արտաքին ճնշումներին դիմակայելու հարցում։ Մեկնաբանելով Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը՝ Հաջիբաբային հայտարարել է, որ այդ ռազմավարական ծովային երթուղին «փաստացի գտնվում է Իրանի վերահսկողության տակ», և որևէ նավ չի կարող անցնել առանց Թեհրանի համաձայնության։
Նա նաև հավելել է, որ նավթի արտահանման վրա ճնշում գործադրելու փորձերը չեն հասել իրենց նպատակին։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև ներքին օրակարգին, այդ թվում՝ տնտեսական խնդիրների և գների աճի քննարկմանը՝ հայտարարելով կոռուպցիայի ու սպեկուլյացիայի դեմ պայքարը խստացնելու իշխանությունների մտադրության մասին։
Եզրափակելով՝ նա ԱՄՆ-ին ներկայացրել է մի շարք քաղաքական պահանջներ, ներառյալ պատժամիջոցների չեղարկումը և տարածաշրջանից ամերիկյան ուժերի դուրսբերումը, ինչպես նաև ընդգծել է Վաշինգտոնի վրա միջազգային ճնշում գործադրելու անհրաժեշտությունը։ Հաջիբաբային նաև մի շարք կոշտ մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ-ի հասցեին և հայտարարել, որ Իրանը շարունակելու է տարածաշրջանում և աշխարհում իր դիրքերի ամրապնդման կուրսը։
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում իրականացված լայնածավալ հատուկ գործողության ընթացքում ավելի քան 300 օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել՝ առցանց մոլախաղերի կազմակերպման կասկածանքով։ Այս մասին հայտնում է «Associated Press» գործակալությունը։
Սա անօրինական թվային խաղային ցանցերի դեմ ինդոնեզական ոստիկանության իրականացրած ամենախոշոր գործողություններից մեկն է։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ Չայնաթաուն թաղամասի մոտակայքում գտնվող բիզնես կենտրոններից մեկում բերման է ենթարկվել 321 մարդ։ Նախնական տվյալներով՝ այդտեղ է գտնվել ավելի քան 70 առցանց խաղային կայքերի գործառնական կենտրոնը։ Դրանք թիրախավորել են Ինդոնեզիայի սահմաններից դուրս գտնվող խաղացողներին։
Ձերբակալվածների թվում կան Վիետնամի 228 և Չինաստանի 57 քաղաքացիներ, ինչպես նաև Լաոսից, Մյանմայից, Թաիլանդից, Մալայզիայից և Կամբոջայից ներգաղթած անձինք։ Ոստիկանության փոխանցմամբ՝ նրանց մի մասը կատարել է սպասարկման բաժնի օպերատորների, տելեմարքեթոլոգների և ֆինանսական կառավարիչների գործառույթներ։
Իրավապահները առգրավել են տարբեր արժույթներով կանխիկ գումար, համակարգիչներ, բջջային հեռախոսներ, անձնագրեր և կայքերի կառավարման համար օգտագործվող այլ սարքավորումներ։ Նախնական գնահատականներով՝ ցանցը կարող էր սպասարկել առնվազն 75 խաղադրույքային հարթակ։ Այս պահին մեղադրանք է առաջադրվել 275 ձերբակալվածների նկատմամբ։
Քննությունը նաև պարզել է, որ բազմաթիվ օտարերկրացիներ Ինդոնեզիա են մուտք գործել կարճաժամկետ վիզաներով և շարունակել են աշխատել դրանց ժամկետի լրանալուց հետո։ Նրանց կարող են մեղադրանքներ առաջադրվել անօրինական մոլախաղերի կազմակերպման, փողերի լվացման և միգրացիոն օրենսդրության խախտման համար։ Այս հոդվածներով նախատեսված առավելագույն պատժաչափը կազմում է մինչև 9 տարվա ազատազրկում և խոշոր տուգանքներ։
Վերջին ամիսներին նմանատիպ անդրազգային հանցավոր ցանցեր են բացահայտվել նաև Սուրաբայայում, Բալիում և Բատամ կղզում։ Ինտերպոլի տվյալներով՝ Կամբոջայում և Մյանմայում իրավապահների ճնշումների մեծացումից հետո նմանատիպ կառույցները սկսել են իրենց գործունեությունը տեղափոխել այլ երկրներ, այդ թվում՝ Ինդոնեզիա։
Աշխարհի խոշորագույն մուսուլմանական երկրում՝ Ինդոնեզիայում, առցանց մոլախաղերն արգելված են։ Իշխանությունները հայտարարում են, որ քննությունը շարունակվում է, և չի բացառվում, որ միջազգային հանցավոր ցանցերի հետ կապված նոր ձերբակալություններ կարող են իրականացվել։
Գերմանիան վերսկսում է ԱՄՆ-ից «Tomahawk» թևավոր հրթիռների ձեռքբերմանն ուղղված ջանքերը, գրում է Financial Times-ը՝ հղում անելով Բեռլինի ռազմավարությանը ծանոթ աղբյուրներին։
Բեռլինը հույս ունի համոզել Թրամփի վարչակազմին համաձայնություն տալ «Tomahawk» հրթիռների և դրանց «Typhon» ցամաքային արձակման կայանքների վաճառքին, գրում է պարբերականը։
Ըստ թերթի տեղեկությունների՝ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը նախատեսում է մեկնել Վաշինգտոն և վարչակազմի հետ քննարկել հեռահար համակարգերի ձեռքբերման վերաբերյալ Բեռլինի առաջարկը։ Առաջարկն առաջին անգամ ներկայացվել է անցյալ տարվա հուլիսին։ ԱՄՆ-ն դեռևս պատասխան չի տվել։
Սակայն այս այցը կախված է նրանից, թե արդյոք Պիստորիուսը կկարողանա հանդիպում ունենալ իր ամերիկացի գործընկեր Փիթ Հեգսեթի հետ, հայտնել են FT-ի աղբյուրները։
Ցամաքային բազավորման «Tomahawk»-ը հեռահար թևավոր հրթիռ է, որը սովորաբար արձակվում է ծովից՝ հակառակորդի թիկունքում գտնվող թիրախները խոցելու համար։
Փետրվարին Պենտագոնը հայտարարել է, որ յոթնամյա համաձայնագիր է ստորագրել «Raytheon» ընկերության հետ։ Այդ քայլով նրանք փորձում են ավելացնել «Tomahawk»-երի արտադրությունը, քանի որ դրանց պաշարները զգալիորեն նվազել են Իրանի դեմ պատերազմի հետևանքով։
Իրանի խորհրդարանի էներգետիկայի հարցերով հանձնաժողովի նախագահ Հոջաթոլեսլամ Մուսա Ահմադին հայտարարել է, որ իրանական նավթակիր տանկերների դեմ ձեռնարկված միջոցառումներն անօրինական են և չեն կարող խոչընդոտել իրանական նավթի արտահանմանը, հայտնում է Mehr-ը։
«Մեր տանկերների դեմ ուղղված գործողությունները հակասում են միջազգային իրավունքին։ Հնարավոր է՝ դրանք որոշակի չափով արդյունավետ լինեն, սակայն դրանց ազդեցությունն այնքան զգալի չի լինի, որպեսզի կանգնեցնի իրանական նավթի արտահանումը»,- տեղական լրատվամիջոցներին ասել է Հոջաթոլեսլամ Մուսա Ահմադին։
Նա նշել է, որ երկրի տարբեր հանքավայրերում նավթի արդյունահանումն ընթանում է անխափան ռեժիմով։
Ահմադին հավելել է նաև, որ Նավթի նախարարությունն ու համապատասխան գերատեսչությունները փորձում են նվազագույնի հասցնել կամ լիովին լուծել առկա խնդիրները՝ կիրառելով համապատասխան մեխանիզմներ։