ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Պաշտպանական համակարգում փոխանակ բանակի մարտունակությունը բարձրացնեն եւ պարզեն, թե ինչպես է ստացվում, որ ադրբեջանցի զինվորը կարողանում է մեր պաշտպանական դիրքերի կողքով աննկատ անցնել ու 16 կիլոմետր խորանալ մեր երկրի տարածքում, որոշել են ՊՆ աշխատակազմում եւ բանակային կորպուսներում աշխատող կանանց նկատմամբ խստություններ իրականացնել։

Մեզ պատմեցին, որ Պաշտպանության նախարարությունից բոլոր ստորաբաժանումները գրություն են ստացել, որտեղ հրահանգված է զինվորական կանանց չշպարվել: Կին զինծառայողներին զայրացրել է այն հանգամանքը, որ գրության մեջ նշվել է` թարթիչներ չկպցնել, չշպարվել և չօգտագործել կարմիր շրթներկ: Թե այս հրահանգները որ պաշտպանական դոկտրինի մաս են կազմում եւ ում մտքի արգասիքն են, մեզ չհաջողվեց պարզել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ

Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 360.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 363.5 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 402.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 410 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.17 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․3 դրամ:

Հայաստանի ոստիկանության գվարդիայի պատվիրակությունը Փարիզում ուսումնասիրել է ֆրանսիացի գործընկերների փորձը

ԵՄ ԹԱՅԵՔՍ առաքելության շրջանակում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում էր։

Այցի նպատակն էր ծանոթանալ ճգնաժամային կառավարման և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ Ֆրանսիայի ոստիկանության և Ազգային ժանդարմերիայի գործունեությանը, կիրառվող մեխանիզմներին և հատուկ ստորաբաժանումների աշխատանքային փորձին։

Պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Ֆրանսիայի Ազգային ժանդարմերիայի գլխավոր վարչությունում և Ազգային ոստիկանության Հանրապետական անվտանգության վաշտերի կենտրոնական տնօրինությունում (CRS)։

Ազգային ժանդարմերիայի շարժական հատուկ ստորաբաժանումում հայկական կողմին ներկայացվել են ստորաբաժանման գործունեությունը, տեխնիկական միջոցներն ու սպառազինությունը, ինչպես նաև դրանց կիրառման առանձնահատկությունները։

Պատվիրակությունը հանդիպել է նաև Ազգային ոստիկանության Հանրապետական անվտանգության վաշտերի կենտրոնական տնօրեն Ժան-Սիրիլ Ռեյմոնի հետ։

CRS-ի կենտրոնական տնօրինությունում պատվիրակությանը ներկայացվել են հանրային միջոցառումների և հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, ինչպես նաև զանգվածային անկարգությունների կանխման նպատակով հատուկ ստորաբաժանումների մարտավարությունը։

Ներկայացվել են նաև ծառայողների հանդերձանքը, անհատական պաշտպանության և այլ հատուկ միջոցները։

Հայկ Բաբայանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերոջը՝ Ֆրանսիայի Ազգային ոստիկանության Հանրապետական անվտանգության վաշտերի ծառայողներին Հայաստան գործուղելու և ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողների համար վերապատրաստման դասընթացներ անցկացնելու համար։

Հանդիպման ընթացքում կարևորվել են համագործակցության շարունակականությունն ու փորձի փոխանակումը, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության ուղղությունների վերաբերյալ։

«Հեսա կասեմ՝ ում շինածն ա». ԱԺ-ում պատգամավորների միջև հրմշտոց ու կռիվ սկսվեց

ԱԺ նիստերի դահլիճում կրկին լարված իրավիճակ է:

Էդգար Ղազարյանն իր ելույթում հայտարարեց, որ Ռուբինյանը կատարել է պետական միջոցների վատնում և կոչ արել պատգամավորներին պարգևավճար ստացած 250 հազար դրամները չծախսել։

Նրա ելույթի կեսից Ռուբեն Ռուբինյանն անջատեց ելույթ ունեցող Էդգար Ղազարյանի խոսափողը՝ նշելով, որ նա օրակարգից չի խոսում, ապա ընդդիմադիր ու իշխանական պատգամավորները սկսեցին քաշքշել միմյանց։

Այդ ընթացքում հմշտոցին հանգիստ հետևում էր Ռուբեն Ռուբինյանը, ով ներս էր հրավիրել անվտանգության աշխատակիցներին:

ՊՊԾ ծառայողները պատգամավորներին ուժով դուրս բերեցին նիստերի դահլիճից, այնուհետև քաշքշոցը շարունակվեց նաև միջանցքում:

Փոխե՛ք ձեր ՊՆ նախարարին, չի ձգում. ադրբեջանցին մտել էր ՀՀ, կրակել 3 երեխաների մոր վրա. Նարեկ Կարապետյան

«Ադրբեջանցի զինվորը հատել է ՀՀ սահմանը, որի մասին հարց տալու ժամանակ էս կողմից ծիծաղներ հնչեցին, մտել ա գյուղ՝ մարդու տուն, 3 երեխաների ներկայությամբ կրակել ա նրանց պաշտպանող մորը: Գալիս ասում են՝ Ադրբեջանը մեզ զգուշացրել ա, ասում ենք՝ շատ լավ, իսկ 5 օր ի՞նչ էիք անում, ի՞նչ էր անում ձեր ՊՆ նախարարը: Գիտե՞ք՝ ինչ էր անում, ընտրություններ էր անում, ընտրական գործընթացների էր մասնակցում:

Փոխեք էդ մարդուն, արդեն որերորդ դեպքն ա՝ սպանություններ ու ինքնասպանություններ են լինում բանակում, չի կարում էդ մարդը, չի ձգում, ինքն էլ գիտի, որ չի ձգում, դուք էլ գիտեք. փոխե՛ք էդ մարդուն: ՊՆ նախարարը պրոֆեսիոնալ զինվորական պիտի լինի:

Այսօրվանից պիտի ֆիքսենք, որ հայ կինը չի հայոց սահմանների պաշտպանը, այլ մեր բանակն է, մեր ԱԱԾ-ն է», – իր ելույթում ասաց Նարեկ Կարապետյանը:

Թրամփը կատակել է առաջիկա ընտրություններին իր առաջադրվելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է իր քաղաքական կարիերային և իր դեմ իրականացված գործողություններին. «Նրանք հարձակվել են ինձ վրա, իմպիչմենթի են ենթարկել, ձերբակալել են ինձ, և նույնիսկ փորձել են սպանել ինձ, կարծում եմ»։

ԱՄՆ-ում սպասվող առաջիկա ընտրությունների մասին խոսելիս Թրամփը հայտարարել է. «Այս ընտրություններում ես ձեզ խնդրելու եմ ձևացնել, թե ես առաջադրվում եմ»։

Թրամփը նաև խոսել է իր նկատմամբ կիրառվող «GOAT»՝ «բոլոր ժամանակների մեծագույնը» բնորոշման մասին՝ համեմատություն կատարելով ԱՄՆ պատմական նախագահներ Ջորջ Վաշինգտոնի և Աբրահամ Լինքոլնի հետ։

«Նրանք բոլորը ասում են՝ GOAT։ Ես ասում եմ՝ «Իսկ Վաշինգտո՞նը և Լինքոլնը»։ Նրանք ասում են՝ «Դուք ավելի լավն եք, պարոն»։ Չգիտեմ՝ դա ճի՞շտ է, թե՞ ոչ, բայց ասում եմ ձեզ՝ մենք պետք է այդպիսին լինենք»։

Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է իրականացնել այն, ինչ, իր խոսքով, չէր արել իր նախորդը՝ Ջո Բայդենը.
«Ես անելու եմ այն, ինչ Ջո Բայդենը չկարողացավ անել՝ ստորագրելու եմ ստորագրությունը»։

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Ոսկեվազի դաշտերում. կան վիրավորներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 28-ին մի խումբ անձանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ոսկեվազ բնակավայրում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և կան վիրավորներ, այդ թվում՝ դանակահարվածներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային քրեական վարչական օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, ինչպես նաև քրեական ոստիկանները պարզել են, որ նշված վիճաբանություն-ծեծկռտուքի հետևանքով «Աշտարակ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Դավիթ Հ.-ն, Երևանի բնակիչ 36-ամյա Տիգրան Մ.-ն։

Ոստիկանների մի խումբ էլ մեկնել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ Տիգրան Մ.-ն հիվանդանոց է տեղափոխվել «Կրծքավանդակի թիկնային մակերեսի չթափանցող վերքեր, ձախ գոտկային շրջանի, աջ նախաբազկի ստորին երրորդակնի, ձախ արմնկային շրջանի կտրած վերքեր», իսկ Դավիթ Հ.-ն հիվանդանոց է տեղափոխվել «Որովայնի առաջնային պատի թափանցող վերք» մարմնական վնասվածքներով։

Մինչ Աշտարակի հիվանդանոցի բուժանձնակազմը պայքարում էին վիրավորների կյանքի համար, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և օպերատիվ տվյալներով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում Ոսկեվազ բնակավայրի վարչական տարածքում՝ հարակից դաշտամիջյան հատվածում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզի բնակիչներ 37-ամյա Վահան Ս.-ի և 32-ամյա Սուրեն Պ.-ի միջև, որից հետո նույն օրը՝ ժամը 23:50-ի սահմաններում վիճաբանությունն այս անգամ շարունակվել է Ոսկեվազ գյուղի 11-րդ փողոցում՝ մի կողմից Վահան Ս.-ի, վերջինիս հոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 66-ամյա Սերյոժա Ս.-ի, հորեղբոր տղաներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ 35-ամյա Կարեն Ս.-ի, 32-ամյա Արթուր Ս.-ի, իսկ մյուս կողմից՝ Սուրեն Պ.-ի, վերջինիս մտերիմներ Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Դավիթ Հ.-ի, Երևանի բնակիչներ 34-ամյա Վարդան Մ.-ի և 36-ամյա Տիգրան Մ.-ի միջև։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ քրեական վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների, Վահան Ս.-ն է Տիգրան Մ․-ին և Դավիթ Հ․-ին սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք պատճառել, ու ձեռնարկելով հերթական օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ քրեական ոստիկանները նշված խուլիգանությունը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով նույն օրը հայտնաբերել, ձերբակալել և քրեական ոստիկանություն են տեղափոխել Սերյոժա Ս.-ին, Արագածոտնի մարզի բնակիչներ 33-ամյա Հաբեթ Ս.-ին, 35-ամյա Կարեն Ս.-ին, 24-ամյա Սուրեն Մ.-ին, 36-ամյա Արթուր Հ.-ին, 36-ամյա Տիգրան Մ.-ին, 32-ամյա Դավիթ Հ.-ին և դանակահարած Վահան Ս.-ին։

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ պարգևատրվել են ոլորտի մասնագետները

Ճարտարապետության համաշխարհային օրվա շրջանակում Հայաստանի ճարտարապետների պալատում տեղի է ունեցել ճարտարապետների պարգևատրման արարողություն: Ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է ճարտարապետներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ նշելով, որ նրանք ԿԳՄՍ նախարարության առանցքային գործընկերներն են:

Նա հատկապես ընդգծել է նախարարությանը կից Գիտամեթոդական խորհրդի դերը, որի անդամները ճարտարապետական համայնքի ներկայացուցիչներ են. «Հայաստանում բոլոր հուշարձաններին առնչվող նախագծերը քննարկվում են Գիտամեթոդական խորհրդում, որտեղ ճարտարապետներն իրենց մասնագիտական ներուժը ծառայեցնում են մշակութային ժառանգության պահպանմանը»։

Նա շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ ԿԳՄՍ նախարարությունը շարունակական քաղաքականությամբ մշտապես աջակցելու է բոլոր նախաձեռնություններին, որոնք նպաստելու են հայկական մշակույթի հանրահռչակմանը՝ մեջբերելով օրերս Բարսելոնայում անցկացվող ցուցահանդեսը, որին Հայաստանը մասնակցում է պետության աջակցությամբ:

Ալֆրեդ Քոչարյանը ճարտարապետության ոլորտում բազմամյա փորձի, մնայուն աշխատանքի և սեփական փորձն ու գիտելիքները սերունդներին փոխանցելու համար, ինչպես նաև Ճարտարապետության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով պարգևատրել է Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանին և վաստակավոր ճարտարապետ Մկրտիչ Մինասյանին:

Շնորհավորելով ճարտարապետներին՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շնորհակալություն է հայտնել յուրաքանչյուրի ներդրման համար։ «Այս օրը լավագույն առիթն է արժևորելու «ժամանակի հետ երկխոսողներին», քանի որ այն, ինչ ստեղծվում է ճարտարապետական մտքի արդյունքում, դառնում է մեր պատմությունը, ձևավորում մեր այսօրվա և վաղվա միջավայրը»,-նշել է Եղիազար Վարդանյանը:

Մասնագիտական տոնի առթիվ մի խումբ ճարտարապետների Եղիազար Վարդանյանը շնորհել է կոմիտեի «Ալեքսանդր Թամանյան», «Մոմիկ ճարտարապետ», «Տրդատ ճարտարապետ», «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալներ և շնորհակալագրեր։

Օրվա շրջանակում հայտարարվել է, որ այսուհետ Հայաստանի ճարտարապետների պալատը ևս մեդալ շնորհելու հնարավորություն ունի: Պալատի առաջին մեդալները ստացել են վաստակավոր ճարտարապետներ Սաշուր Քալաշյանը, Հրաչիկ Պողոսյանը, Մկրտիչ Մինասյանը և Աշոտ Ալեքսանյանը։ Ճարտարապետներին շնորհվել են նաև Երևանի քաղաքապետի պատվոգրեր:

Ի նշանավորումն տոնի՝ Հայաստանի ճարտարապետների պալատը կազմակերպել էր «Հուշարձաններ և քաղաքային բնապատկերներ» խորագրով ճարտարապետների գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը։

Նշենք, որ Ճարտարապետության համաշխարհային օրը յուրաքանչյուր տարի նշվում է հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը։

Սևանա լճում սիգի որսի թույլատրելի չափաքանակը կարող է ավելանալ 720 տոննայով

Հիմք ընդունելով գիտական տվյալները՝ Կառավարության որոշման նախագծով 2026 թվականի մինչև նոյեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածի համար առաջարկվում է ձկնորսության թույլատրելի առավելագույն քանակությունը սահմանել լրացուցիչ 720 տոննա։

2026 թվականի համար Սևանա լճում խեցգետնի և այլ ձկնատեսակների արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։

Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացնել ցանկացող իրավաբանական անձինք կարող են մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը ներառյալ պայմանագիր կնքելու մասին հայտերը ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարություն։

Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան և խեցգետնի որսի իրականացման պայմանագրերի կնքման դիմումն ու հայտաձևը ստորև՝ https://surl.li/gthivb

Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել պայմանագրերի կնքման օրվանից մինչև 2026 թվականի նոյեմբերի 20-ը՝ ձկան նախաձվադրման փուլի սկիզբը։
Սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով՝ ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։

Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, մեքենայական կամ ձեռքի միջոցով արտադրված, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից պատրաստված, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցերով)։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011 818 555 (5301) հեռախոսահամարով։

Հայաստանն ու Թուրքիան քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնումը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Թուրքիայի էլեկտրահաղորդման բաժնետիրական ընկերության գործադիր խորհրդի նախագահ, գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։

Կողմերն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ու գործարկման ուղղությամբ ընթացող աշխատանքներին։

Կարևորվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության համատեքստում։

Խուդաթյանը նշել է, որ տեղի է ունեցել Թուրքիայից ժամանած պատվիրակության հանդիպումը նաև «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ղեկավար կազմերի հետ։