Լյուքս դասի հայկական շունչ. Cartier-ը ներկայացրել է 14.100 դոլարանոց նարդու բացառիկ հավաքածու

Cartier ոսկերչական տունը ներկայացրել է բացառիկ, ձեռագործ հավաքորդական նարդու հավաքածու՝ անդրադառնալով հայկական սիրված խաղերից մեկին, որի գինը կազմում է 14.100 դոլար և արդեն հասանելի է ընկերության պաշտոնական կայքում։

Ինչպես հայտնում է Afisha Daily-ն շքեղ խաղատախտակը պատրաստված է ընկուզենու փայտից ու պալադիումից, իսկ քարերը՝ չժանգոտվող պողպատից և շագանակագույն PVD ծածկույթով պողպատից (փակ վիճակում չափսերն են 25 x 41 x 9 սմ, բաց վիճակում՝ 50 x 41 x 4.5 սմ)։

Ռուսաստանցիներն սկսել են զգալիորեն ավելի շատ հետաքրքրվել լյուքս դասի ապրանքների գնմամբ, ինչի հետևանքով 2026 թվականի առաջին կեսին այս կատեգորիայի հասույթն աճել է 65%-ով, իսկ պատվերների քանակը՝ ավելի քան կրկնապատկվել։


Թամարա Քալանթարյան

Բոլորիս համար պարզ է՝ այդ վճիռը վաղուց կայացված է․ Դավիթ Իշխանյանի ձայնագրությունը

Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը կրկին ուղերձ է հղել Բաքվի բանտից։

Նա նշել է, որ «խաղաղության» դատավարության հերթական փուլը կարելի է համարել ավարտված. «Վերաքննիչ դատարանը գնացել է խորհրդակցության, բայց բոլորիս համար պարզ է՝ այդ վճիռը վաղուց կայացված է։

Մեր վերջին ելույթները շատ հետաքրքիր և յուրահատուկ էին, բավականին արժանի ելույթներ էին»։

Մանրամասները՝ ձայնագրությունում։

Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցը. ՔՊ հնաբնակները խիստ հիասթափված են նորերից․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամներին՝ մասնավորապես մայրիկին և երեխաներին, տեղեկացվել է, որ այլևս չեն կարող մուտք գործել կառավարական ամառանոցի տարածք։
Ըստ նույն աղբյուրների՝ նրանց հորդորվել է հավաքել անձնական իրերը և լքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարևանությամբ գտնվող ծառայողական առանձնատունը»։

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում նախօրեին «Քաղպայմանագիր» խմբակցության անդրանիկ նիստն է կայացել: Որոշել են, թե որ պատգամավորը որ մշտական հանձնաժողովում պետք է աշխատի։ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, բոլոր պատգամավորները պետք է ընդգրկված լինեն հանձնաժողովների աշխատանքներին, բացառությամբ ղեկավար պաշտոն զբաղեցնողները։

Նիստը, սակայն, խոր հիասթափություն է առաջացրել իշխանական ֆրակցիայի հնաբնակների շրջանում, քանի որ առաջին մերձեցումից պարզ է դարձել, թե ովքեր են մանդատ վերցրել: Ինչպես մեզ ասացին` թույլ ինտելեկտով, քաղաքական զրո «բագաժով», շատերն անգամ մարդկային տարրական շփումներում հաղորդակցության խնդիր ունեն»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում դեռևս շարունակվում են քննարկումները, թե խորհրդարանի որ երեք մշտական հանձնաժողովների ղեկավարումն են պատրաստվում ստանձնել։

Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ այս պահին խմբակցության գլխավոր հարցը ԱԺ փոխնախագահի պաշտոնում իրենց առաջադրած թեկնածուի՝ Արամ Վարդևանյանի ընտրությունն է։ Նրա թեկնածությունը նախատեսվում է քննարկել այսօր, իսկ քվեարկությունը, ըստ նույն աղբյուրների, հնարավոր է՝ կազմակերպվի ուրբաթ օրը»։

Պարոն Վարդևանյան, աշխատավարձը կստանա՞ք, պարգևավճարը կստանա՞ք

«Պարոն Վարդևանյան, աշխատավարձը կստանա՞ք, պարգևավճարը կստանա՞ք: Եթե ոչ, ո՞ր իրավական մեխանիզմով»,- ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգմավոր Սիսակ Գաբրիելյանը հարց ուղղեց ԱԺ նախագահի երրորդ տեղակալի՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արամ Վարդևանյանին:

Պատասխանելով ՔՊ պատգամավորին, Վարդևանյանն ասաց. «Մեր խմբակցության ղեկավարը իր դիրքորոշումը հայտնել է, խմբակցության տեսանկյունից էլ է իր դիրքորոշումը հայտնել: Աշխատավարձի տեսանկյունից մենք ունենք բացառություն՝ ի դեմս պարոն Կարապետյանի:

Միաժամանակ պարգևավճարների հետ կապված ունենք հստակ դիրքորոշում՝ անհատապես որևէ պատգամավոր որևէ պարգևավճար, եթե նույնիսկ ձևական ռումով ստանալու է, բացառապես ուղղվելու է բարեգործության՝ կոնկրետ մեր հայրենակիցների խնդիրների լուծման, որն էլ թափանցիկության տեսանկյունից լինելու է բացառիկ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նախարարությունների վերանվանումներ․ ԱԳՆ-ն կդառնա Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն

Կառավարոթյան օգոստոսի 6-ի նիստին չզեկուցվող հարցեիր շարքում ընդունվեց երեք նախարարությունների անվանափոխության նախագծերը։

Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ Արտաքին գործերի նախարարությունը կվերանվանվի Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն։

Մինչ կառավարության կողմից հավանության արժանանալը, նախագիծը դրվել էր հանրային քննարկման, որտեղ ներկայացվել էին մի շարք դիտողություններ և առաջարկություններ, հատկապես Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանափոխության վերաբերյալ։

Մասնավորապես, նշել էր, որ «արհեստական բանականություն» բառակապակցության ավելացումը չհիմնավորված ավելորդություն է, քանի որ «բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն» հասկացությունն արդեն իսկ ներառում է այդ ուղղությունը։ Առաջարկվում էր անվանման մեջ շեշտել ռազմարդյունաբերության ոլորտը՝ դարձնելով այն «Բարձր տեխնոլոգիական և ռազմական արդյունաբերության նախարարություն»։ Նախագծի վերաբերյալ նմանատիպ կարծիքներ էին հայտնել նաև քաղաքացիները՝ անվանափոխությունը համարելով ավելորդ։

Անվանափոխությունը իրագործելու համար տասնյակ օրենքներում փոփոխություններ տեղի կունենան, ինչի համար կառավարության առաջարկով Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի։

Բաքվում շարունակում է 15 հայ գերիների վերաքննիչ բողոքի քննությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվում է առաջին ատյանում դատապարտված 15 հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարների հանրային պաշտպանների ներկայացրած բողոքների քննությունը, հայտնում է ադրբեջանական APA-ն:

Ադրբեջանում ցմահ ազատազրկման դատապարտված Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն էր հունիսին բանտից ձայնային ուղերձով հայտնել, որ իրենց դատավճիռները բողոքարկել են Վերաքննիչ դատարանում: Բողոքարկումն, ըստ Իշխանյանի, ձևական բնույթ է կրում, որևէ սպասում չունեն ադրբեջանական արդարադատությունից, պարզապես այդ քայլով ճանապարհ են հարթում դեպի միջազգային դատարան:

Ադրբեջանի բանտերում պահվող 15 հայ գերիների դատավճիռները Բաքուն հրաժարվում է տրամադրել:

Ոչ միայն չեն տնկվում Փաշինյանի խոստացած 10 մլն ծառերը, այլև հազարավորները հատվում են

Ինչ է բացահայտում Երևանի քաղաքապետարանի և ավագանու անդամի սույն գրագրությունը. այն, որ եթե յուրաքանչյուր հաջորդ տարի հատվում է հազարից ավելի չորացած ծառ, նշանակում է` առնվազն տվյալ տարում այդ ծառը չի խնամվել և փրկվել չորացումից։

Ինչ վերաբերվում է 10 միլիոն ծառ տնկելու Նիկոլ Փաշինյանի խոստմանը, այս հարցում ևս Փաշինյանը չխախտեց ավանդույթը` չկատարելով խոստումը։

Ճապոնիայում թողարկվել է գարեջրի հատուկ բաժակ, որը կբուժի գլխացավը

Ճապոնական YOHO Brewing ընկերությունը ներկայացրել է ինովացիոն գարեջրի բաժակ, որը բաժանված է երկու մասի՝ մեկը գարեջրի, իսկ մյուսը՝ ջրի համար, ինչը թույլ է տալիս կանխել ալկոհոլից առաջացած գլխացավերը։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը նախագծի հիմնական գաղափարն այն է, որ միայն գարեջուր խմելիս բաժակի հավասարակշռությունը խաթարվում է, իսկ այն կայուն պահելու համար ստիպված եք պարբերաբար ջուր խմել. սա անընդհատ հիշեցնում է ջրազրկման վտանգի մասին, քանի որ ալկոհոլն օրգանիզմից հեռացնում է հեղուկը՝ առաջացնելով ուժեղ գլխացավեր, թուլություն և ծարավ։

Մոտ 100 դոլար արժողությամբ այս բացառիկ բաժակն օգնում է պահպանել օրգանիզմի հիդրատացիան, իսկ օգտագործման գլխավոր նախապայմանը, ինչպես նշում են հեղինակները, բաժակի երկու հատվածներում էլ գարեջուր չլցնելն է։


Թամարա Քալանթարյան

Այլընտրանքային խափանման միջոցների հնարավորությունները հեռու են պատշաճ օգտագործումից

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը որոշել է ստանձնել Սահմանադրությամբ իր վրա դրված պատասխանատվությունը և օգտագործել խորհրդարանական բոլոր գործիքները՝ կոնկրետ նպատակին հասնելու համար, այն է՝ ունենալ ուժեղ Հայաստան։ Այս մասին Ազգային ժողովի նիստում ընդդիմությունից փոխխոսնակի ընտրության հարցի քննարկման ժամանակ օգոստոսի 6-ին հայտարարել է այդ պաշտոնի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Մենք քննարկել ենք, թե արդյոք ընդդիմադիր խմբակցությունները պետք է մասնակցեն Ազգային ժողովի ամբողջական ձևավորման գործընթացին և զբաղեցնեն Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնները։ Եվ հանգել ենք այն եզրակացությանը, որ պետք է ստանձնենք այդ պատասխանատվությունը», — պարզաբանել է Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքական ուժերը կարող են տարբեր կերպ պատկերացնել երկրի զարգացումը, սակայն քաղաքացիների և քաղաքական ուժերի ընդհանուր ձգտումը ուժեղ պետություն ունենալն է։

Խորհրդարանի փոխնախագահի թեկնածուն նշել է, որ «Ուժեղ Հայաստանը» մտահոգություններ ունի՝ կապված երկրի զարգացման վեկտորի, ազգային ինքնության հարցերի, ինչպես նաև իրավական համակարգում տեղի ունեցող գործընթացների հետ։

Մասնավորապես, արդեն նախկին փաստաբանն անդրադարձել է կալանքի և այլ խափանման միջոցների կիրառման հարցին՝ պնդելով, որ քրեական վարույթների շրջանակներում տնային կալանքի, վարչական հսկողության և գրավի հնարավորությունները հեռու են պատշաճ օգտագործվելուց։

Նա նշել է, որ այն դեպքերում, երբ կալանքը հետագայում փոխարինվել է ավելի մեղմ խափանման միջոցով, մեղադրանքի կողմը հաճախ միջնորդություններ չի ներկայացրել այն խստացնելու վերաբերյալ։ «Ստացվում է, որ ի սկզբանե ճիշտ էինք մենք։ Բայց համակարգը չպետք է այդպես աշխատի։ Այս ոլորտում մենք լրջագույն խնդիրներ ունենք», — ընդգծել է ընդդիմադիրը։ Նրա գնահատմամբ՝ նման խնդիրների լուծման համար անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել խորհրդարանական վերահսկողության հնարավորությունները։

Ինչո՞ւ է Հաջիևն ավելի վստահ, քան Փաշինյանը․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է.
«Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի վերջին հայտարարությունները կրկին ընդգծեցին, որ Բաքուն ոչ միայն ուշադիր հետևում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, այլև դրանց վերաբերյալ երբեմն ավելի հստակ ու վստահ գնահատականներ է ձևակերպում, քան Երևանի իշխանությունները։

Թուրք լրագրողների հետ զրույցում Հաջիևը բացահայտ ողջունել է Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած «Իրական Հայաստան» հայեցակարգը՝ այն որակելով որպես դրական և հիմնարար մոտեցում։ Ավելին, նա հայտարարել է, որ ակնկալում է այդ հայեցակարգի արտացոլումը Հայաստանի նոր Սահմանադրության մեջ։ Միաժամանակ, ձևականորեն շեշտելով, թե Ադրբեջանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին, Հաջիևը կրկին վերահաստատել է Բաքվի վաղեմի նախապայմանը՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը կապելով Հայաստանի Սահմանադրության փոփոխության և նախաբանից Անկախության հռչակագրին կատարվող հղման հեռացման հետ։

Առավել ուշագրավ էր Հաջիևի մեկ այլ հայտարարությունը. նրա խոսքով՝ Բաքվում ազդակներ են ստացել, որ մոտ ապագայում Հայաստանում կմեկնարկի նոր Սահմանադրության ընդունման գործընթացը։ Նույն պահանջը վերահաստատել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Որտեղի՞ց է գալիս Բաքվի վստահությունը
Այստեղ առաջ է գալիս առանցքային հարցը՝ որտեղի՞ց է Բաքուն ստացել այդ վստահությունը։
Հաջիևը, բնականաբար, չի բացահայտել իր տեղեկատվության աղբյուրը։ Սակայն դժվար է անտեսել այն փաստը, որ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո՝ հունիսի 14-ին, Հաջիևը ժամանել էր Դիլիջան, որտեղ բանակցություններ էր վարել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Այդ հանդիպման բովանդակությունը մինչ օրս գաղտնի է մնում։ Եթե Բաքուն «ազդակներ» է ստացել հենց այդ հանդիպումից, ապա դա նշանակում է, որ փակ դիվանագիտական ալիքով Երևանից տրվել են ավելի կոնկրետ ազդակներ, քան հանրությանը ներկայացված է։

Խորհրդարանական թվաբանությունը՝ որպես հիմնական խոչընդոտ
Մինչ Ադրբեջանը վստահորեն խոսում է սահմանադրական գործընթացի մեկնարկի մասին, Հայաստանի հասարակությունը դեռևս հստակ տեղեկացված չէ, թե ինչ բովանդակությամբ նոր Սահմանադրություն է պատրաստվում ներկայացնել իշխանությունը։ Ավելին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ազգային ժողովում ունի ընդամենը 64 մանդատ։

Սահմանադրական փոփոխություն կամ հանրաքվեի նախաձեռնում պահանջում է ԱԺ ընդհանուր կազմի առնվազն երկու երրորդը՝ մոտ 70 ձայն։ Առանց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» (29 մանդատ) կամ «Հայաստան» դաշինքի (12 մանդատ) աջակցության՝ գործընթացը իրավականորեն արգելափակված է։ Բաքուն այս մաթեմատիկական իրողությունը կամ անտեսում է, կամ գիտակցաբար շրջանցում։

Փաշինյանի սեփական ժամանակացույցը և դրա անորոշությունը
2026 թվականի հուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև տարվա վերջ։ Սակայն մինչ օրս հանրությունը չունի ոչ նախագծի բովանդակություն, ոչ հանրային քննարկման ժամանակացույց, ոչ էլ հստակ մեխանիզմ, թե ինչպես է այն հանրաքվեի դրվելու առանց սահմանադրական մեծամասնության։
Բաքուն խոսում է «մոտ ապագայի» մասին, մինչդեռ Երևանը դեռևս չունի նույնիսկ հրապարակային ճանապարհային քարտեզ։ Այս հակադրությունը հատկապես աչքի է ընկնում։

Սահմանադրական դատարանի որոշումը
2024 թվականին Հայաստանի Սահմանադրական դատարանը տվել էր Սահմանադրության նախաբանի «նեղ մեկնաբանություն»՝ հաստատելով, որ Անկախության հռչակագրին հղումը չի ներառում բոլոր ազգային նպատակները և չի ստեղծում տարածքային պահանջներ գործող հոդվածներում։
Երևանը այս որոշումը ներկայացրել է որպես իրավական լուծում։ Բաքուն, սակայն, շարունակում է պահանջել Անկախության հռչակագրին արված հղման ամբողջական հեռացում։ Հաջիևի վստահությունը, հետևաբար, հիմնված է ոչ թե իրավական, այլ քաղաքական պահանջի վրա, որը անտեսում է արդեն գոյություն ունեցող հայկական իրավական դիրքորոշումը։

«Իրական Հայաստան» հայեցակարգի երկակի օգտագործումը
Փաշինյանը հայեցակարգը ներկայացնում է որպես ներքին պետականաշինական նախագիծ՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով Հայաստան։ Բաքուն այն մեկնաբանում է որպես արդեն իսկ ընդունված քաղաքական որոշում, որը պետք է ամրագրվի Սահմանադրությամբ։ Հաջիևը ոչ թե պարզապես «ողջունում» է հայեցակարգը, այլ այն վերածում է Բաքվի նախապայմանի կատարման ապացույցի։ Սա ցույց է տալիս, թե ինչպես է ներքին քաղաքական խոսույթը ձևավորվում արտաքին ճնշման հետևանքով։

Հանրաքվեի քաղաքական ռիսկը
Նույնիսկ եթե ինչ-որ կերպ հաջողվի հանրաքվե նախաձեռնել, այն կարող է ձախողվել, եթե հանրությունը այն ընկալի որպես Ադրբեջանի պահանջի կատարում։ Բաքուն պահանջում է ոչ միայն Սահմանադրության փոփոխություն, այլև «ժողովրդի հաստատում»։ Հաջիևի վստահությունը կարող է հիմնված լինել այն հաշվարկի վրա, որ Փաշինյանը կփորձի հանրաքվեն անցկացնել նույնիսկ համակարգային կեղծիքների գնով, կամ՝ հակառակը, որ ձախողումը Բաքվին կտա նոր լծակներ։

Տարածաշրջանային սահմանափակումները
Պետք է հաշվի առնել նաև տարածաշրջանային նոր իրողությունները։ Վերջին ամիսներին Իրանի առավել ակտիվ ներգրավվածությունը Հարավային Կովկասում և Թեհրանի ավելի հստակ դիրքորոշումը կարող են լուրջ սահմանափակումներ ստեղծել Ադրբեջանի առավել ագրեսիվ օրակարգի իրականացման ճանապարհին։ Այդ հանգամանքը նույնպես կարող է էական ազդեցություն ունենալ առաջիկա զարգացումների վրա։

Գլխավոր հարցը
Այսօր գլխավոր հարցն նույնիսկ այն չէ, թե Հայաստանը կփոխի՞ Սահմանադրությունը, թե՞ ոչ։ Գլխավոր հարցն այն է, թե ինչո՞ւ է այդ գործընթացի մասին Բաքուն ավելի մեծ վստահությամբ խոսում, քան Հայաստանի իշխանությունը՝ սեփական հանրության հետ։ Եթե Ադրբեջանն իսկապես տիրապետում է այնպիսի տեղեկությունների, որոնք չեն ներկայացվում Հայաստանի հասարակությանը, ապա գործ ունենք ոչ ստանդարտ իրավիճակի հետ, ինչը պահանջում է սպառիչ, հստակ և հրապարակային պարզաբանումներ Հայաստանի իշխանությունից»։