Գեոպոլիտիկ որոշո՞ւմ, թե՞ Թրամփին հաճոյանալու քայլ․ ինչու արգելվեց իրանցիների հավաքը Երևանում

Երևանի քաղաքապետարանի կողմից մերժվել է Իրանի քաղաքացի՝ Հոսսեյն Սոտուդե-Գանի կողմից հավաք անցկացնելու դիմումը։

«Տեղեկացնում եմ Ձեզ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարման կարգի դեմ ուղղված տեղի ունեցող իրադարձությունների մասին. Խնդրում եմ թույլ տալ ԻԻՀ դեսպանատան դիմացի այգում (Բուդաղյան 1 հասցե) ս/թ 16/05/2026 – ժամը 13:00-15:00 ընկած ժամանակահատվածում անցկացնել հավաք մասնակիցների քանակը նախատեսվում է մոտ 500 հոգի. Հավաքի ժամանակ կօգտագործվեն պաստառներ, ցուցանակներ, զոհված անձանց լուսանկարներ»,- նշված է դիմումում՝ հղում անելով ՀՀ սահմանադրության 44-րդ հոդվածը, որը երաշխավորում է խաղաղ և առանց զենքի հավաքներ կազմակերպելու իրավունքը։

Այսպիսով, Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս լիազոր ներկայացուցչի սույն թվականի մայիսի 11-ի համապատասխան որոշման, արգելել է ԻԻՀ քաղաքացի Հոսսեյն Սոթուդեհ Գանի կողմից 2026 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության դիմացի այգում հավաքի անցկացումը:


Այս համատեքստում առանցքային հարցադրումը հետևյալն է. արդյոք քաղաքապետարանի կիրառած սահմանափակումը բխե՞լ է ներքաղաքական կարգուկանոնի և անվտանգության գնահատումից, արդյոք այդ որոշումը եղե՞լ է ծայրահեղ անհրաժեշտ և համաչափ, թե՞ իշխանությունները պարզապես գնացել են իրավունքի հեշտ արգելափակման ճանապարհով։

Ո՞րն է եղել այն դրդապատճառը, որը գերակայել է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված հավաքների ազատության իրավունքին, և արդյոք արգելքի որոշումը չի ստեղծում վտանգավոր նախադեպ եղբայրական իրանցի ժողովրդի իրավունքների սահմանափակման տեսանկյունից:

Չի բացառվում, որ հավաքի արգելքն իրականում պայմանավորված է եղել արտաքին քաղաքական ազդեցություններով, ինչը կարող է դիտարկվել որպես վտանգավոր գեոպոլիտիկ որոշում։ Քաղաքական շրջանակներում արդեն հնչում են գնահատականներ, թե այդ քայլը կարող էր տեղավորվել նաև Դոնալդ Թրամփի վարչակազմին կամ արևմտյան քաղաքական ազդակներին հաճոյանալու տրամաբանության մեջ։

Հասմիկ Մովսիսյան

Մեր զոհվածների ընտանիքները և ամբողջ արցախահայությունը մեր գլխավոր խնդիրն են լինելու. Սամվել Կարապետյան

Մեր զոհվածների ընտանիքները և ամբողջ արցախահայությունը մեր գլխավոր խնդիրն են լինելու: Մենք մինչև իրենց չապահովենք արժանապատիվ, լավ կյանքով, մնացած հարցերը նույնիսկ երկրորդական են լինելու, որովհետև մարդիկ կորցրել են իրենց ամենկարևորը:

Այս մասին Կոտայքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը:

«Մենք Արցախի հայաթափման ժամանակ մոտ 1500 ընտանիք տեղավորեցինք Տաշիրում: Մենք մեր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ արել ենք, հիմա անելու ենք պետության հնարավորությունների սահմաններում»,- նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր հրամանատարի կորուստը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման խոսնակը BBC-ին տված հարցազրույցում պաշտոնապես հաստատել է, որ կառույցի զինված թևի հիմնական հրամանատարներից մեկը՝ Իզ ադ-Դին ալ-Հադդադը, սպանվել է Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) իրականացրած թիրախային օդային հարվածի արդյունքում:

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Նրանք նշել են, որ Ալ-Հադդադը հանդիսանում էր հոկտեմբերի 7-ի կոտորածի գլխավոր ճարտարապետներից մեկը և անմիջականորեն պատասխանատու է հազարավոր իսրայելցի քաղաքացիական անձանց ու զինվորների սպանությունների, վիրավորումների և առևանգումների համար:

Այս ֆոնին, Իրանի և ԱՄՆ-Իսրայել դաշինքի միջև ծավալված ուղղակի ռազմական հակամարտության պատճառով, Գազայի հատվածում կրակի դադարեցմանն ուղղված միջազգային ջանքերը հայտնվել են փակուղում։ Վաշինգտոնի միջնորդությամբ նախկինում մշակված խաղաղության ծրագրի հաջորդական փուլերի իրականացումն ամբողջությամբ կասեցվել է:

Փորձագետները նշում են, որ հրամանատարական կազմի նման բարձրաստիճան դեմքի կորուստը կարող է էլ ավելի սրել իրավիճակը Մերձավոր Արևելքում և խորացնել տարածաշրջանային մեծ պատերազմի ճգնաժամը։

Բուլղարիան հաղթեց «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացավ «Եվրատեսիլ 2026»-ի մեծ եզրափակիչը։
Հաղթող ճանաչվեց Բուլղարիան, մրցույթում երկիրը ներկայացնում էր երգչուհի DARA-ն՝ Bangaranga երգով։

«Եվրատեսիլ 2026»-ի 2-րդ հորիզոնականում է Իսրայելը, 3-րդ հորիզոնականում՝ Ռումինիան։

Եզրափակիչ փուլում էին Բուլղարիան, Ուկրաինան, Նորվեգիան, Ավստրալիան, Ռումինիան, Մալթան, Կիպրոսը, Ալբանիան, Դանիան, Չեխիան, ինչպես նաև առաջին կիսաեզրափակչի 10 հաղթողները՝ Բելգիայի, Խորվաթիայի, Ֆինլանդիայի, Հունաստանի, Իսրայելի, Լիտվայի, Մոլդովայի, Լեհաստանի, Սերբիայի, Շվեդիայի ներկայացուցիչները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ Հայաստանը «Եվրատեսիլ 2026»–ում ներկայացնող Սիմոնը չանցավ մրցույթի եզրափակիչ։

Թրամփը Չինաստանում չի կարողացել առաջընթաց գրանցել Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողացել առաջընթաց գրանցել Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցում Չինաստան կատարած այցից հետո։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

Bloomberg-ը այս մասին հաղորդում է՝ հղում անելով իրանցի և չինացի պաշտոնյաների, ինչպես նաև նեղուցում երթևեկությունը վերահսկող վերլուծաբանների հայտարարություններին։ Հրատարակությունը կարծում է, որ Իրանը քիչ հետաքրքրություն է ցուցաբերում նեղուցի նկատմամբ իր վերահսկողությունը թուլացնելու հարցում, նույնիսկ եթե պատերազմն ավարտվի։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իր երկիրը կիրականացնի «արդյունավետ և պրոֆեսիոնալ վերահսկողության մեխանիզմներ»։

Միևնույն ժամանակ, Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ նեղուցը պետք է բացվի հնարավորինս շուտ։

«Չինաստանի հայտարարությունը հնչում է աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների ջանքերի ֆոնին՝ այս շաբաթ Թրամփի և նախագահ Սի Ծինփինի միջև հանդիպումների ժամանակ Մերձավոր Արևելքի հակամարտության վերաբերյալ ընդհանուր հիմքերը ընդգծելու համար, չնայած նրանք, ըստ էության, հակառակ կողմերում են, քանի որ Չինաստանը բազմիցս քննադատում է ԱՄՆ-Իսրայելի հարձակումը իր իրանցի դաշնակցի վրա», – գրում է Bloomberg-ը։

Չնայած նեղուցը բացելու վերաբերյալ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ակնհայտ համաձայնությանը, Հորմուզի նեղուցն ինքնին մնում է փակ, և նավագնացությունը կրկին կանգ է առել նավերի վրա հարձակման սպառնալիքների պատճառով։

Ավստրալիայում տղամարդը շնաձկան հարձակման զոհ է դարձել

Ավստրալիայի արևմուտքում՝ Պերտ քաղաքի մոտ գտնվող Ռոտնեստ կղզու առափնյա շրջանում մայիսի 16-ի առավոտյան տղամարդ է մահացել շնաձկան հարձակման հետևանքով։

Դեպքը տեղի է ունեցել տարածաշրջանի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկի՝ Հորսշու խութի մոտ։

«Արտակարգ իրավիճակների ծառայությունները հաղորդագրություն են ստացել Ռոտնեստ կղզու ափերի մոտ շնաձկան հնարավոր հարձակման մասին։ Ենթադրվում է, որ 38-ամյա տղամարդուն շնաձուկ է կծել։ Նրան նավակով տեղափոխել են ափ։ Ցավոք, տուժածին չի հաջողվել փրկել»,- նշված է ոստիկանության հաղորդագրությունում։

Հարձակման պահին ականատեսները ափից մոտ 80 մետր հեռավորության վրա նկատել են շուրջ հինգ մետր երկարությամբ սպիտակ շնաձկան։

Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին մարդասիրական օգնության համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ նախագահի հետ։

ԱՄԷ նախագահ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել էմիրաթական կողմին Ուկրաինայում հակամարտության համատեքստում մարդասիրական հարցերի լուծման հարցում ցուցաբերած կանոնավոր օգնության համար։

Իրանի զսպվածությունը հավերժ չի շարունակվի․ Խամենեիի խորհրդական

Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Մոջթաբա Խամենեիի խորհրդական և օգնական Մոհամադ Մոհբերը նախազգուշացրել է, որ վերջին տարածաշրջանային իրադարձություններից հետո Իրանի զսպվածությունը «հավերժ չի լինի»՝ մեղադրելով Պարսից ծոցի որոշ երկրներին իրենց տարածքը Իրանի թշնամիներին տրամադրելու մեջ։

X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ Մոհամադ Մոհբերը արձագանքել է Պարսից ծոցի տարածաշրջանում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձություններին։

«Իրանը երկար տարիներ նրանց դիտել է որպես ընկերներ և եղբայրներ, սակայն, նախապես վաճառելով իրենց անկախությունը, նրանք նույնիսկ իրենց հողն ու տներն են տրամադրել Պաղեստինի և Իրանի թշնամիներին»,- նշել է նա։

Մոհբերը հայտարարել է, որ «իսլամական հանրապետության արձագանքը CENTCOM-ի վարձակալած բազաներին վերջին պատերազմի ընթացքում լիակատար չի եղել»։

«Սակայն այս զսպվածությունը, անկասկած, հավերժ չի տևի»,- ավելացրել է նա։