ՀՀ իշխանության հանցավոր անգործության պայմաններում Ադրբեջանը լուրջ սպառնալիք է ստեղծում հայ գերիների կյանքի ու առողջության համար. Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի՝ Բաքվում հայ գերիների նկատմամբ հաշվեհարդարների, ապօրինությունների և իրավունքների համատարած խախտումների վերաբերյալ ուղերձը ցնցող փաստերի հանրայնացման մասին էր։

Դավիթի խոսքը փոխլրացնում էր օրեր առաջ Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի հայտարարությանը, որտեղ ևս կարմիր գծով շեշտվում էր Ադրբեջանում աննախադեպ անօրինականությունների շղթայի և իրավիճակային փակուղու մասին։

Բայց ամենից զատ, ինձ անհանգստացնում է մեր գերիների անվտանգության խնդիրը, որովհետև ՀՀ իշխանության հանցավոր անգործության պայմաններում Ադրբեջանը գործում է անպատժելիության դիրքերից՝ լուրջ սպառնալիք ստեղծելով հայ գերիների կյանքի և առողջության համար»։

Ամուլսարը դեռ չի շահագործվում, բայց արդեն Գնել Սանոսյանին 56 մլն է տվել

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն կրկին հայտնվել է իշխանության հետ սերտ կապ ունեցող շրջանակների վերահսկողության ներքո։ ՀՀ ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը 2025 թվականին նշանակվել է տնօրենների խորհրդի անդամ և կառավարության ներկայացուցիչ «Լիդիան Արմենիա» ընկերությունում։

Դրանից հետո նրա եկամուտները հետաքրքիր կերպով աճել են։

Ուշագրավ է, որ 2026 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրի համաձայն՝ Գնել Սանոսյանն ընկերությունից մեկ տարվա ընթացքում ստացել է 56 միլիոն դրամ աշխատավարձ։ Հայտարարագրում ներառված են նաև տասնյակ միլիոնների նվիրատվություններ՝ դրամով, դոլարով, եվրոյով և ռուբլով։

Հայտարարագրած միլիոններից զատ, կասկածելի է նաև այն, որ Սանոսյանը չունի ոչ մի շարժական գույք (ավտոմեքենա) և ոչ մի արժեթուղթ։

Հայտարարագրի համաձայն՝ Գնել Սանոսյանի դրամական միջոցները կազմել են՝ ՀՀ դրամ՝ 29 300 000, ռուսական ռուբլի՝ 3 300 000, եվրո՝ 12 300 և ԱՄՆ դոլար՝ 22 400։ «Արժեթուղթ և այլ ներդրում» բաժնում նշված է՝ «Տվյալներ չկան»:

Անշարժ գույքի բաժնում նշված է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գտնվող 123 քմ մակերեսով բնակարան, որի նկատմամբ նա հանդիսանում է համասեփականատեր։

Բացի աշխատավարձից, Սանոսյանը ստացել է դրամական մեծ նվիրատվություններ մերձավորներից: Փաստացի՝ նախկին նախարարի, իսկ այժմ՝ պետական բաժնեմասով «Լիդիան Արմենիա» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամի ֆինանսական «թռիչքները» հանրությանը ներկայացվում են որպես ազգականների անսահման բարության արդյունք։

Փոխարժեքներով հաշվարկված՝ նվիրատվություններն այսպիսի տեսք ունեն՝ 17.5 մլն դրամ նվիրատվություն՝ ազգականներ, ընկերներ, 28.9 հազար ԱՄՆ դոլար՝ ազգականներ, ընկերներ, 17.3 հազար եվրո՝ ազգականներ, ընկերներ, 2.4 մլն ռուսական ռուբլի՝ եղբայրներից (Վահան, Վարդան Սանոսյաններից, Ռուստամ Տոնոյանից)։

Ովքե՞ր են Սանոսյանի մեծահարուստ եղբայրներն ու մերձավորները։ Իսկապես, լուրջ հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է հանքից բարձր աշխատավարձ ստացող պետական բարձրաստիճան պաշտոնյային «ազգականներն ու ընկերները» միլիոնների հասնող նվիրատվություններ անեն։ Ողջամիտ կասկած է առաջանում, որ սա անօրինական եկամուտները «օրինականացնելու» և հայտարարագրում առկա ֆինանսական ճեղքերը եղբայրների ու մերձավորների անվան տակ թաքցնելու սխեմա է։

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, դեռևս ՏԿԵ նախարար աշխատելու ժամանակ գնել Սանոսյանի թոշակառու մայրը 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն էր կառուցում։ Դեռևս նախարարական տարիներին Սանոսյանի անունը մշտապես կապվում էր ասֆալտապատման միլիարդանոց պետական տենդերներ շահող «ԵվրոԱսֆալտ» ընկերության հետ, որտեղ նրա եղբայրը՝ Վահան Սանոսյանը, զբաղեցնում էր տնօրենի պաշտոնը։

Մյուս եղբայրը՝ Վարդան Սանոսյանը, ըստ Գնել Սանոսյանի պարզաբանուների, Ռուսաստանում զբաղվում է շինարարական բիզնեսով, ում միջոցներով էլ իրականացվում էր մոր համար կառուցվող 230 000 դոլարանոց շքեղ առանձնատունը։ Ամենակարևոր հարցը թերևս հետևյալն է․ եթե Ամուլսարի հանքը դեռ ամբողջ ծավալով շահագործման փուլ չի մտել և կայուն եկամուտներ չի ապահովում, իսկ այն շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա»-ի գործունեության թափանցիկության վերաբերյալ բազմաթիվ հարցեր կան, ապա ինչպե՞ս է ընկերությունը Գնել Սանոսյանին վճարել 56 մլն դրամ աշխատավարձ։

Հիշեցնենք՝ Գնել Սանոսյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար է նշանակվել 2021 թվականի օգոստոսի 2-ին։ Մինչև 2018 թվականի հեղափոխությունը նա լուրջ ներգրավված չի էղել քաղաքականության մեջ, սակայն 2018 թվականի մայիսին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո, մինչև նույն թվականի հոկտեմբեր զբաղեցրել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնը։

Փոխնախարարի պաշտոնը լքելուց հետո՝ Սանոսյանը 2018-2021 թվականներին եղել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, ապա 2021 թվականի օգոստոսին նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

Հասմիկ Մովսիսյան

200-250 հազար դրամ են ստանում․ ովքեր են ՔՊ-ի բուկլետ բաժանողները․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ իշխող կուսակցության նախընտրական բուկլետների մեծ մասը քաղաքացիներին տնետուն ընկած բաժանում են ոչ թե կուսակցականները, տրամաբանական կլիներ, որ մեծ երիտասարդական կառույց ունեցող ՔՊ-ն իր երիտասարդ անդամներին լծեր այդ գործին, այլ՝ շարքային քաղաքացիներ, որոնց համար դա վարձատրվող աշխատանք է: 1 շաբաթվա կամ 10 օրվա համար նրանք 200-250 հազար դրամ են ստանում` բուկլետ բաժանելու դիմաց։

Մեզ ասացին, որ ամենասկզբում ՔՊ-ականներին են հանձնարարել դա, սակայն մի քանի օր անց շատերը հրաժարվել են` քաղաքացիներից ստացած թուքումրից հետո։ Ընտրողներից ոմանք ոչ միայն խոսքով են լուտանքներ թափել բուկլետ բաժանողների գլխին, այլեւ որոշ գործողությունների են դիմել՝ ջուր են շփել երիտակտիվիստների վրա, դուռն են շրխկացրել երեսներին, վռնդել են իրենց բնակարաններից։

Բայց ամենակարեւորը՝ բուկլետ բաժանողներին նաեւ վերակացուներ են կցվում, որոնք մուտքերում սպասում են, վերահսկում, որ բուկլետները տեղ հասցնեն։

Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում․ Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի առավել ընդգծված ջղաձիգ պահվածքը մի քանի խորքային պատճառ ունի: Առաջին պատճառն այն է, որ իր համար գնալով ավելի անմխիթարական են դառնում ներքին օգտագործման համար պաբերաբար արվող հարցումների արդյունքները: Տխուր պատկեր են ի ցույց դնում նաև անկախ կառույցների հարցումներն ու ուսումնասիրությունները:

Օրինակ՝ «Նախընտրական զարգացումների մոնիտորինգ» քաղաքացիական նախաձեռնության՝ օրերս իրականացրած մոնիթորինգն էլ ցույց է տվել, որ քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում ամենաբարձր անձնական հակառեյտինգ ապահովել է հենց Նիկոլ Փաշինյանը: Փոխարենը անձնական ռեյտինգի դինամիկ աճ են արձանագրել Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ պատճառը վերաբերում է ընդդիմադիր հիմնական ուժերի պահվածքին: Ակնհայտ է, որ վերջիններս (խոսքը իրական ընդդիմադիրների մասին է) միմյանց նկատմամբ այլևս հանդես չեն գալիս, և բոլորն առանձինառանձին հետևողականորեն ու փաստարկված էլ ավելի են ոչնչացնում Նիկոլ Փաշինյանի առանց այդ էլ ցածր վարկանիշը: Սրան գումարած՝ իր սատելիտ ուժերը որևէ կերպ չեն էլ մոտենում գոնե մխիթարական տոկոսների:

Վերջապես երրորդ պատճառն այն է, որ, չնայած ողջ վարչական ռեսուրսի կիրառմանը, «շրջիկ խմբերին» հավաքների բերելուն, այդուամենայնիվ, իր նախընտրական «հանրահավաքներին» այդպես էլ մարդաքանակ չի ապահովվում, եղածներն էլ պետական կառույցների աշխատակիցներ են, որոնց ներկայությունը պարզապես «ապահովել» են, կամ իր հետ «գնացածներն» ու իրավապահները: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ընդդիմադիրներին փողոցային բառապաշարով պիտակավորելուն, վիրավորելուն զուգահեռ՝ նա ամենօրյա ռեժիմով «պատերով է տալիս» քպական պատասխանատուներին, որ չեն կարողանում մարդաշատություն ապահովել»:

Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի թիրախներին նոր հարվածներ հասցնելու մասին

Իսրայելական զինուժը մայիսի 16-ին նոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ»-ի թիրախներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը։

Հաղորդագրությունում նշվում է, որ հարվածներ են հասցվել հարավային Լիբանանի միանգամից մի քանի շրջաններում գտնվող «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին։

Զինվորականները հարվածների մասին մանրամասներ չեն ներկայացրել։

ՌԴ նախագահը կմեկնի Չինաստան․ նախատեսվում է բարձր մակարդակի համատեղ հայտարարություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինը և Սի Ծինփինը կքննարկեն երկկողմ հարաբերությունները և կփոխանակեն կարծիքներ միջազգային և տարածաշրջանային կարևոր հարցերի շուրջ։

Բանակցություններից հետո նախատեսվում է ստորագրել բարձր մակարդակի համատեղ հայտարարություն և մի շարք այլ փաստաթղթեր։

Թրամփի վարչակազմում մշակել են հաջորդ շաբաթվանից Իրանի դեմ հարվածներին վերադառնալու ծրագրեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը Չինաստանից վերադարձել է՝ կանգնելով Իրանի հարցով կարևոր որոշումներ ընդունելու անհրաժեշտության առաջ, քանի որ նրա գլխավոր օգնականները մշակել են ռազմական հարվածներին վերադառնալու ծրագրեր, եթե Թրամփը որոշի փորձել փակուղուց դուրս գալ նոր ռմբակոծությունների միջոցով, գրում է The New York Times-ը։

Օգնականների խոսքով՝ Թրամփը դեռ պետք է որոշի իր հետագա քայլերը։

Շահագրգիռ երկրների պաշտոնյաները փորձում են հասնել փոխզիջման, որը կդրդի Իրանին կրկին բացել Հորմուզի նեղուցը և Թրամփին թույլ կտա հայտարարել հաղթանակի մասին ու փորձել համոզել թերահավատ ամերիկացի ընտրողներին, որ Իրանում իրականացված ծախսատար և մահաբեր ռազմական ներխուժումն ավարտվել է հաջողությամբ, նշում է պարբերականը։

Մերձավորարևելյան աղբյուրների խոսքով՝ հրադադարից հետո իրականացվում է առավելագույն ակտիվ նախապատրաստություն՝ արդեն հաջորդ շաբաթվանից Իրանի դեմ հարվածները վերսկսելու նպատակով։

Քննարկվում են Իսլամական Հանրապետության ենթակառուցվածքային օբյեկտների նկատմամբ ավելի ագրեսիվ հարվածների սցենարներ, ինչպես նաև հատուկջոկատայինների մասնակցությամբ գործողություն՝ Իսֆահանում միջուկային նյութերը դուրս բերելու նպատակով։

Ըստ էության. Հայաստանում կա մեկ պետական դավաճան․ դա Նիկոլ Վովայի Փաշինյանն է․ Սոնա Աղեկյան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ԲՀԿ պատգամավորության թեկնածու Սոնա Աղեկյանին։

Նրա հետ խոսել ենք «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանին պետական դավաճանության մեջ մեղադրելու Նիկոլ Փաշինյանի հայտարարության, քրեական վարույթ նախաձեռնելու, «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակի, Անդրանիկ Թևանյանի բնակարանի խուզարկության, ընտրություննների, ԲՀԿ-ի և «Մայր Հայաստան» կուսակցության համագործակցության, ընտրություններից ակնկալիքների, նախընտրական ծրագրերի, իշխանափոոխւթյան հնարավորության և մի շարք այլ հարցերի շուրջ։

«Պետական դավաճանը ինքն է առաջին հերթին մարդկանց ուզում արատավորել, որպեսզի իրեն չասեն պետական դավաճան: Թաքուն չէ, գաղտնի չէ, բոլորս ականատեսն ենք եղել, թե ինչպես պետական դավաճան Նիկոլ Փաշինյանը Պրահայում հոկտեմբերի 6-ին 2021 թվականի Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում և դրանից հետո ինքն այլևս չպիտի խոսի որևէ բանի մասին, չնայած մինչ այդ էլ, երբ որ ինքը ստորագրել էր կապիտուլյացիոն համաձայնագիրը նոյեմբերի 9-ին 2020 թվականի և ըստ էության մեր հերոսների արյամբ սրբացած մեր հայրենի հողակտորը, մեր Հայաստանի Հանրապետության փոքրիկ պետությունը` Արցախի Հանրապետությունը, մեր հայրենիքի մի փոքրիկ գողտրիկ մասը հանձնել էր թուրքին, այդ պահից սկսած նա պետք է հեռացվեր և ինքն էլ հեռանար»,- ասաց նա։

Աղեկյանի խոսքով` Հայաստանի Հանրապետությունում կա մեկ պետական դավաճան. «Դա Նիկոլ Վովայի Փաշինյանն է, Հայաստանի Հանրապետությունում կա մեկ մարդ, որը Հայաստանի Հանրապետությունը դարձրել է ծախու առարկա, աշխարհի առաջ ծաղրուծանակի առարկա և դա Նիկոլ Փաշինյանն է և Հայաստանի Հանրապետությունում կա մեկ մարդ, ում, որ Ալիևը անվանում է հարբեցող ծաղրածու, դա ևս Նիկոլ Վովայի Փաշինյանն է»։

Մանրամասները` տեսանյութում.


Արփինե Նավասարդյան

Արաբկիրի 4/32 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամը զբաղված է ինքնասպասարկմամբ. ահազանգ

Ներքին
21:07 15-05-2026

Մարալիկցի ուսուցիչը դասերի ժամերին զբաղված է ՔՊ-ի քարոզով. ահազանգ

Քաղաքացին պնդում է, որ ուսուցչուհին ոչ միայն դրական է արտահայտվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեության մասին, այլև, նրա խոսքով, փորձում է նմանակել անգամ վարչապետի ժեստերն ու խոսելաձևը։

Արաբկիրի 4/32 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամը զբաղված է ինքնասպասարկմամբ. ահազանգ

Ներքին
21:07 15-05-2026

Մարալիկցի ուսուցիչը դասերի ժամերին զբաղված է ՔՊ-ի քարոզով. ահազանգ

Քաղաքացին պնդում է, որ ուսուցչուհին ոչ միայն դրական է արտահայտվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեության մասին, այլև, նրա խոսքով, փորձում է նմանակել անգամ վարչապետի ժեստերն ու խոսելաձևը։