Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սամարայի մարզին․ այրվում է Ozon-ի խոշոր լոգիստիկ կենտրոնը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը շաբաթ երեկոյան թիրախավորել են Ռուսաստանի Սամարայի մարզը։

Նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշևը հաստատել է, որ հարվածներ են հասցվել Չապաևսկում գտնվող Ozon ընկերության լոգիստիկ կենտրոնին, ինչպես նաև Նովոկույբիշևսկի նավթավերամշակման գործարանին:

Ինչպես հայտնում է BBC-ն, հարձակման հետևանքով Ozon-ի պահեստում բռնկված հսկայական հրդեհի պատճառով տարածքում ճանապարհները փակվել են․ կան վիրավորներ, որոնց ցուցաբերվում է բժշկական օգնություն: Սա առաջին դեպքն է, երբ Ուկրաինայի զինված ուժերը հաջողությամբ խոցում են Ozon-ի նման խոշոր օբյեկտ։

135 հազար քառակուսի մետր մակերեսով այս համալիրը նախատեսված էր դառնալու Վոլգայի շրջանում ընկերության ամենամեծ լոգիստիկ կենտրոնը:


Թամարա Քալանթարյան

Բեռլինի անտառներում զենքի գաղտնի պահեստ է հայտնաբերվել․ կասկածները տանում են դեպի Ռուսաստան

Գերմանիայի իրավապահ մարմինները հայտնել են Բեռլինի մերձակա անտառներից մեկում զենքի և զինամթերքի գաղտնի պահեստի հայտնաբերման մասին։

Ինչպես հայտնում է BBC-ն, երկրի հետախուզական ծառայությունները հիմնավոր կասկածներ ունեն, որ այս զինանոցը նախատեսված է եղել Ռուսաստանի պատվերով Գերմանիայի տարածքում քաղաքական սպանություններ իրականացնելու համար։

Հետաքննությունը փորձում է պարզել զենքի ծագումն ու հնարավոր կապը Ռումինիայում վերջերս ձերբակալված մի տղամարդու հետ, ով կարող է ներգրավված լինել այս միջադեպում։

Թամարա Քալանթարյան

Սեյրան Օհանյանը երիտասարդներին ներկայացրել է բանակաշինության մարտահրավերները

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության 25-րդ հոբելյանական բանակման ընթացքում հանդիպել եմ երիտասարդների հետ, ներկայացրել Հայկական բանակի, Զինված ուժերի կազմավորման, զարգացման բարդ ընթացքը և մեր ձեռքբերումները բանակաշինության ծանրագույն տարիներին։

Անդրադարձել եմ նաև այն մարտահրավերներին, որոնք այսօր ծառացել են մեր պետության, բանակի առջև՝ նշելով սպառնալիքները հնարավորինս չեզոքացնելու ուղիները»։

Այս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖ

Այս տարի Սոմալիում գրեթե 1.9 միլիոն երեխա կտուժի թերսնումից, և երկրում 32%-ով աճել է թերսնման դեպքերը։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը։

ՄԱԿ-ի մանկական գործակալության խոսնակ Ջեյմս Էլդերը հայտնել է, որ մինչ այժմ 205 առողջապահական և սննդի հաստատություններ փակվել են մարդասիրական օգնության աննախադեպ կրճատումներից հետո։ Նա ասել է, որ ամբողջ երկրում կարող է փակվել մինչև 618 առողջապահական հաստատություն։

«Ավելի քիչ հաստատությունները նշանակում են ավելի երկար ճանապարհներ մայրերի և նրանց երեխաների համար. ավելի երկար ճանապարհները նշանակում են ուշացած բուժում. ուշացած բուժումը նշանակում է ավելի ծանր հիվանդություն և կանխարգելելի մահվան ավելի մեծ ռիսկ», – ասել է Էլդերը։

Մնաց ընդամենը 7 օր. Անի Արզումանյանը հայտնել է իր հարսանիքի օրը

Բլոգեր Անի Արզումանյանը, ով մոտ մեկ տարի առաջ իր հետևորդներին հայտնել էր անակնկալ ամուսնության առաջարկության մասին, վերջապես բացահայտել է ամենասպասված իրադարձության ամսաթիվը։ Բլոգերն ու նրա ընտրյալն ակտիվորեն պատրաստվում են իրենց մեծ տոնին։

Անին իր ինստագրամյան էջում կիսվել է նոր ֆոտոշարքով, որին կից հայտնել է հարսանեկան արարողության հստակ օրը.

«29.08։ Մեր հարսանիքին մնաց մեկ շաբաթ»,- գրել է բլոգերը։

Հետևորդներն ու ընկերները շտապել են շնորհավորել ապագա հարսնացուին։


Թամարա Քալանթարյան

Ապրել առողջ ու երջանիկ՝ սեփական մարմնում. Լիանա Վանոյանը կրկին վիրահատվել է

Դերասանուհի և բլոգեր Լիանա Վանոյանը, ով վերջին տարիներին անցել է մարմնի կերպարանափոխման բավականին մեծ ու բարդ ուղի, կրկին վիրահատական միջամտության է դիմել։ Այս մասին դերասանուհին անձամբ է հայտնել իր ինստագրամյան էջում՝ հրապարակելով հուզիչ տեսանյութ։

Տեսանյութում Լիանան անկեղծացել է հետևորդների հետ՝ նշելով, որ իր անցած ճանապարհը բավականին բարդ է եղել, սակայն ինքը չի հանձնվում.

«Ես աղջիկ եմ, որն ուղղակի ուզում է ապրել առողջ ու երջանիկ՝ իր իսկ մարմնում»,- նշել է դերասանուհին։

Խոսելով ավելորդ քաշից ազատվելու և դրան հաջորդած փոփոխությունների մասին՝ Լիանան ընդգծել է, որ քաշ կորցնելուց հետո մի կարևոր բան է հասկացել․ չարժե երբեք արժեզրկել մարդու անցած ուղին, քանի որ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ մարդը հսկայական աշխատանք է տանում իր
վրա։

Հիշեցնենք, որ Լիանա Վանոյանը տարիներ շարունակ ավելորդ քաշի դեմ պայքարելուց հետո դիմել էր վիրահատական միջամտության և կորցրել տասնյակ կիլոգրամներ՝ ամբողջովին փոխելով իր արտաքինն ու կենսակերպը։


Թամարա Քալանթարյան

Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը

Այժմ փրկարարական գործողություն է ընթանում Կրիվոյ Ռոգի առևտրի կենտրոնին հասցված հարվածից հետո։ Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ռուսական մի քանի դրոնների հարված էր․ նպատակադրված, նենգ, մեկը մյուսի հետևից։

Ռուսների կողմից բացարձակ գազանություն է։ Ուղղակի տականքներ։ Անպայման պատասխան կտանք։

Կարևոր է, որ աշխարհը չլռի սրա մասին։ Այս ռուսական պատերազմին պետք է վերջ դրվի, և անհրաժեշտ է, որ աշխարհն օգնի մեզ»,- նշել է նա։

Նշենք, որ օգոստոսի 21-ին ռուսական զորքերն անօդաչու թռչող սարքերով երկու անգամ հարձակվել են Կրիվոյ Ռոգի առևտրի կենտրոնի վրա։ Այս մասին հայտարարել են Ուկրաինայի իշխանությունները, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ հարվածների հետևանքով 14 մարդ է զոհվել, ևս 121 մարդը՝ վիրավորվել։ Տուժածների թվում կա 22 երեխա։

32.000 դոլարանոց զգեստը՝ 8000 դոլարով. ամուսնալուծությունից հետո Մենչի դուստրը վաճառում է հարսանեկան շքեղ զգեստը

Պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի (Մենչ) դուստրը՝ Էլինա Պետրոսյանը, ամուսնալուծության մասին հայտարարելուց հետո որոշել է վաճառքի հանել իր հարսանեկան զգեստը։

Էլինան իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է զգեստի լուսանկարը և ներկայացրել վաճառքի մանրամասները։ Նա նշել է, որ հավաքածուն ներառում է հարսանեկան զգեստը, քողը, գլխազարդը։

Ուշագրավ է, որ զգեստի սկզբնական գինը կազմել է 32 հազար դոլար, սակայն Էլինան այն այժմ վաճառում է 8000 դոլարով։


Թամարա Քալանթարյան

Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic

Տարեսկզբին ուկրաինացի պաշտոնյաները նախագահ Վլադիմիր Զելենսկուն են ներկայացրել Ռուսաստանի դեմ պատերազմը դադարեցնելու նոր ծրագիրը։ Այն ստացել է «M&Ms» ծածկանունը։ Այս մասին հայտնում է The Atlantic-ը։

Ռուսական ռազմաբազաների, նավթավերամշակման գործարանների, մատակարարման գծերի և լոգիստիկ կենտրոնների ուղղությամբ շարունակական հարվածներին զուգահեռ՝ պաշտոնյաներն առաջարկել են արհեստական բանականությամբ աշխատող ԱԹՍ-ների ալիքներ ուղղել Մոսկվայի օդանավակայանների վրա՝ նպատակ ունենալով կաթվածահար անել Ռուսաստանի մայրաքաղաքից իրականացվող միջազգային չվերթները։

Այս ծրագրի իրագործումը կարող է շրջադարձային կետ դառնալ պատերազմների պատմության մեջ․ արհեստական բանականությամբ աշխատող ինքնավար դրոնների երամները կարող են թիրախները որոնել և խոցել առանց մարդու մասնակցության։

Վերջին տարիներին նմանատիպ համակարգերը լայն տարածում են գտել տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում։ Այնուամենայնիվ, դրանց կիրառման օրինականությունը ակտիվորեն քննարկվում է պատերազմի վարման կանոնների հնարավոր խախտման տեսանկյունից, և դրանք երբեք լայնամասշտաբ կերպով չեն կիրառվել։

Իրանն ու Իրաքը համաձայնագիր են ստորագրել․ Ղալիբաֆ

Իրանն ու Իրաքը համաձայնագիր են ստորագրել, հայտնել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը:

«Իրանի և Իրաքի միջև ստորագրվել է սահմանային անվտանգության և անվտանգության հարցերի վերաբերյալ համաձայնագիր և փոխըմբռնման հուշագիր։ Մենք քննարկել ենք դրա իրականացումը և հետագա քայլերն այս հարցում։

Մենք քննարկել ենք նաև Իրաքի անվտանգության հարցերը: Այնուամենայնիվ, ես ուզում եմ հստակեցնել. մենք երբեք չենք միջամտի Իրաքի ներքին գործերին»,- նշել է Ղալիբաֆը։