Հոգեկան առողջության օրը․ Հայաստանում ընդլայնվում են ծառայությունների հասանելիությունն ու ոլորտի բարեփոխումները

Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն է:

Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:
«Ապրած փորձառությունները լսելի են․ իրական ձայներ՝ իրական փոփոխություններ». սա հոգեկան առողջության օրվա այս տարվա կարգախոսն է։ Այն ընդգծում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց լսելու, նրանց իրավունքները պաշտպանելու և որոշումների կայացման գործում նրանց մասնակցությունն ապահովելու կարևորությունը։

Առողջապահության նախարարությունը շարունակական աշխատանքներ է իրականացնում բնակչության հոգեկան առողջության պահպանման և բարելավման ուղղությամբ։

Այս համատեքստում հաստատվել է հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների ծրագիրը, մշակվել են ոլորտի մասնագետների էթիկայի կանոններն ու պացիենտների վարման գործելակարգերը:
Ոլորտի կարևոր ձեռքբերումներից է նաև «Հոգեկան առողջության մասին» օրենքի նախագծի մշակումը, այն ուղղված է իրավական կարգավորման և անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանը։

Այս ամենին զուգահեռ, ծառայությունների հասանելիության ընդլայնման նպատակով, Արարատի և Շիրակի մարզերում իրականացվում է հոգեկան առողջության մոբիլ ծառայությունների ներդրման պիլոտային ծրագիրը։

Վերջին տարիներին կապիտալ շինարարական աշխատանքներ են իրականացվում հոգեկան առողջության պահպանման կենտրոններում. արդիականացվում են ենթակառուցվածքները, միջազգային չափանիշներին համապատասխան վերանորոգվում կամ վերակառուցվում են մասնաշենքերը, բաժանմունքները, այսպիսով` ստեղծելով արժանապատիվ պայմաններ հոգեկան առողջության խնդիր ունեցող մեր պացիենտների համար։

«Բովանդակային վերափոխումը զուգորդելով ենթակառուցվածքների արդիականացման հետ` ստեղծում ենք հոգեկան առողջության արդյունավետ մի համակարգ, որի հիմքում մարդու արժանապատվությունն է, նրա իրավունքների և կարիքների նկատմամբ հարգանքը։

Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն է. ևս մեկ առիթ խոսելու թեմայի կարևորության մասին, սակայն ոլորտային բարեփոխման ապահովումն ամենօրյա հետևողական աշխատանք է»,-ասվում է ԱՆ հաղորդագրությունում:

72 միլիոն դոլար՝ մասնավոր կղզու համար․ Մալդիվներում շքեղ գույքը կարելի է գնել նաև կրիպտոարժույթով

Չորս շքեղ վիլլա, մասնավոր լողափ, մարջանային խութ և շուրջօրյա անվտանգություն

Մալդիվներում բացառիկ կղզի է առաջարկվում 72 միլիոն դոլարով։ Գործարքի ուշագրավ առանձնահատկություններից մեկն այն է, որ գնորդը կարող է վճարել նաև թվային դոլարով՝ USDC կայուն մետաղադրամով։

Մալդիվներում վաճառքի է հանվել բացառիկ մասնավոր կղզի, որը Baccarat Maldives շքեղ հանգստավայրային համալիրի մասն է։ Գույքի արժեքը կազմում է 72 միլիոն դոլար, իսկ վաճառքն իրականացնում է կրիպտոարժույթների սեփականատերերի մասնավոր ակումբը՝ Corn-ը, որը սահմանափակ ժամանակով ստացել է օբյեկտը վաճառելու բացառիկ իրավունք։

Կղզում տեղակայված են չորս ամբողջությամբ կահավորված վիլլաներ՝ յուրաքանչյուրը չորս ննջասենյակով։ Դրանցից յուրաքանչյուրն ունի մոտ 20 մետր երկարությամբ մասնավոր լողավազան, մարզասրահ, յոգայի երկու տաղավար և օվկիանոսի տեսարանով ընդարձակ տեռասներ։

Գույքն ունի նաև մասնավոր լողափ և մարջանային խութ։ Կղզու հասանելիությունը վերահսկվում է, իսկ անվտանգությունն ապահովում է շուրջօրյա հերթապահող անձնակազմը։

72 միլիոն դոլարի գործարք՝ թվային արժույթով

Գործարքի ամենաուշագրավ առանձնահատկությունն այն է, որ գնորդը կարող է վճարել ոչ միայն ավանդական արժույթներով, այլև USDC կայուն մետաղադրամով, որի արժեքը նախատեսված է պահպանել ԱՄՆ մեկ դոլարի մակարդակին մոտ։

Այսպիսով՝ գնորդները կարող են օգտագործել իրենց թվային ակտիվները՝ առանց դրանք նախապես սովորական դոլարի փոխարկելու։ Միևնույն ժամանակ, գործարքը պետք է իրականացվի անշարժ գույքի գնման համար անհրաժեշտ իրավական ընթացակարգերի պահպանմամբ։

Corn-ի հիմնադիր Քրիս Սպադաֆորայի խոսքով՝ կայուն մետաղադրամների կիրառումը շքեղ անշարժ գույքի գործարքներում արտացոլում է թվային ֆինանսների ընդլայնվող հնարավորությունները։

Ավելի մատչելի տարբերակներ՝ նույն համալիրում

Նրանց համար, ովքեր պատրաստ չեն ամբողջ կղզու համար վճարել տասնյակ միլիոնավոր դոլարներ, առաջարկվում են նաև այլ անշարժ գույքի տարբերակներ Baccarat Maldives համալիրում։
Երկու երեք ննջասենյակով ծովափնյա վիլլա՝ յուրաքանչյուրը 7,3 միլիոն դոլար։
Երկու չորս ննջասենյակով վիլլա՝ յուրաքանչյուրը 11,6 միլիոն դոլար։

Այս գույքերը նույնպես հնարավոր է ձեռք բերել կայուն մետաղադրամներով։

Հանգստավայր՝ սեփական նավահանգստով և գոլֆի դաշտով

Baccarat Maldives-ը նախատեսվում է որպես լայնածավալ շքեղ հանգստավայր՝ հյուրանոցով, մասնավոր բնակավայրերով, գոլֆի դաշտով, նավահանգստով, ռեստորաններով և առողջարանային կենտրոններով։
Մասնավոր կղզու վաճառքն առանձնանում է նրանով, որ գնորդին առաջարկվում է ոչ միայն շքեղ հանգստավայրում գտնվող բնակավայր, այլև առանձին տարածք՝ սեփական լողափով, մարջանային խութով և անվտանգության ծառայությամբ։

Իսկ USDC-ով վճարելու հնարավորությունը ևս մեկ օրինակ է, թե ինչպես են թվային ակտիվները մուտք գործում գերշքեղ անշարժ գույքի շուկա՝ բացելով նոր հնարավորություններ խոշոր գործարքների համար։

Այսօր Տոնն է Սրբոց Թարգմանչաց

Թարգմանչաց սրբազան վարդապետների շնորհիվ հայոց լեզուն դարձավ հավատքի, իմաստության և լույսի ճանապարհ։

Թող Սուրբ Թարգմանիչների բարեխոսությամբ մեր սրտերում միշտ վառ մնա Աստծո Խոսքի լույսը, իսկ հայոց գիրը շարունակի ապրել ու լուսավորել սերունդների ճանապարհը։

Թարգմանիչ սրբերի ժառանգությունը ոչ միայն մեր գրերի ու գրականության պատմությունն է, այլև մեր հավատքի ու ինքնության կենդանի վկայությունը։

Փառք Աստծուն՝ հայոց լեզվի, գրի և հավատքի այն մեծ ժառանգության համար, որ մեզ ավանդեցին Սուրբ Թարգմանիչները։

Արագածոտնի թեմ

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը 0:10 հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը Բուլղարիայում շարունակում է պայքարը Եվրո-2027-ի որակավորման առաջին փուլում:

Երկրորդ տուրի խաղում Արմեն Բարեղամյանի գլխավորած թիմը մրցեց տանտերերի՝ Բուլղարիայի հասակակիցների հետ և պարտություն կրեց 0-10 հաշվով:

Հիշեցնենք, որ ընտրական այս մրցաշարի մեկնարկային խաղում հայ ֆուտբոլիստուհիները 0-11 հաշվով զիջել էին Իռլանդիայի հավաքականին։

Որակավորման փուլի հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի հոկտեմբերի 13-ին՝ մրցելով Վրաստանի Մ-19 հավաքականի հետ:

Աննախադեպ ակցիա Հունգարիայում․ ակումբը խաղի հայտացուցակում ներառել է 11 անօթևան շան

Հունգարական «Զալաէգերսեգ» ֆուտբոլային ակումբն արտասովոր հայտացուցակ է հրապարակել երկրի առաջնության շրջանակում «Նիրեդհազայի» դեմ առաջիկա հանդիպման համար: Ֆուտբոլիստների փոխարեն պաշտոնական հայտացուցակում ընդգրկվել են 11 անտուն շներ:

Ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս գեղեցիկ ակցիայի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել անօթևան կենդանիների խնդրի վրա և աջակցել նրանց համար նոր տուն ու ընտանիք գտնելու նախաձեռնությանը:

Հունգարիայի առաջնության 9-րդ տուրի «Զալաէգերսեգ» — «Նիրեդհազա» հանդիպումը կկայանա կիրակի՝ հոկտեմբերի 11-ին:

Armsport

Միջազգային քրեական դատարանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները էսկալացիայի նոր փուլ են. Նիդեռլանդների ԱԳ նախարար

Նիդեռլանդները Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ ԱՄՆ-ի հայտարարած պատժամիջոցները համարում են էսկալացիայի նոր փուլ, սակայն հույս ունեն, որ դրանց ուժի մեջ մտնելու վեցամսյա հետաձգումը հնարավորություն կտա բանակցություններ վարել։

Այս մասին հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը։

«Միջազգային քրեական դատարանի դեմ հայտարարված պատժամիջոցները անցանկալի և էսկալացիայի նոր փուլ են։ Ես խորապես ափսոսում եմ այս նոր քայլի համար։ Մենք վճռականորեն աջակցում ենք դատարանին»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Միևնույն ժամանակ Բերենդսենն ընդգծել է, որ սահմանափակումներն անմիջապես ուժի մեջ չեն մտնի, ինչը թույլ կտա ծառայություններ մատուցողներին առայժմ շարունակել համագործակցությունը ՄՔԴ-ի հետ։

«Պատժամիջոցների ուժի մեջ մտնելուն մնացած վեց ամիսը նաև երկխոսության հնարավորություն է ընձեռում։ Ես ողջունում եմ այդ հնարավորությունը և մտադիր եմ այն լրջորեն քննարկել դատարանի մյուս անդամ պետությունների հետ»,- նշել է նախարարը։

Իր հերթին ՄՔԴ-ի մամուլի ծառայությունը դատարանում հավատարմագրված լրագրողներին հայտնել է, որ վճռականորեն մերժում է ԱՄՆ-ի պատժամիջոցները և դրանք աննախադեպ քայլ է համարում։ Դատարանի գնահատմամբ՝ պատժամիջոցները նպատակ ունեն «խաթարել դատարանի աշխատանքը և ահաբեկել նրանց, ովքեր աշխատում կամ համագործակցում են դրա հետ»։

Միևնույն ժամանակ դատարանն ընդգծել է, որ մտադիր է լիարժեքորեն շարունակել իր աշխատանքը՝ չնայած սահմանափակումներին։

ՄՔԴ-ն նաև կոչ է արել Հռոմի կանոնադրության անդամ պետություններին շարունակել կոնկրետ քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ դատարանին ապահովել աշխատանքի համար անհրաժեշտ միջոցներով։

Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմի»-ի երկար ցանկում ընդգրկված մոնոօպերաները կներկայացվեն Երևանի Օպերային թատրոնում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 4-ին տեղի կունենա պատմական իրադարձություն․ թատրոնի պատմության մեջ առաջին անգամ մեծ բեմում կներկայացվեն հայ կին կոմպոզիտորի օպերային ստեղծագործություններ։

Պատմական այս իրողության հեղինակը կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն է։ Օպերային թատրոնի բեմում կներկայացվեն նրա «Reflections» և «Dialogue» մոնոօպերաները։

Ստեղծագործություններն արդեն արժանացել են միջազգային մասնագիտական հանրության ուշադրությանը․ մոնոօպերաներն ընդգրկվել են Recording Academy-ի 68-րդ «Գրեմմի» մրցանակաբաշխության «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգի երկար ցանկում։

Երկու մոնոօպերաների առանցքում կինն է՝ իր ներաշխարհով, զգացմունքներով ու ապրումներով, հիշողություններով, լռությամբ և ներքին երկխոսությամբ։ Ստեղծագործություններում կանացի զգացողությունը վերածվում է երաժշտական լեզվի, իսկ անձնական ապրումը՝ բեմական պատմության։

«Reflections» եւ «Dialogue» ստեղծագործությունները բացահայտում են կնոջ ներաշխարհի տարբեր շերտերը՝ նրա խոցելիությունն ու ուժը, ինքնաճանաչման ճանապարհը, հիշողությունը, սերը, սեփական «ես»-ի եւ սիրելի մարդու հետ երկխոսությունը։

Միջազգային հեղինակավոր հարթակում ուշադրության արժանացած այս ստեղծագործություններն այժմ իրենց բեմական կյանքը կստանան Հայաստանի գլխավոր օպերային բեմում՝ բացելով նոր էջ հայկական օպերային արվեստի պատմության մեջ։

Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից

Հոկտեմբերի 3-ին Թաթուլ Պետրոսյանն ինքնասպանություն է գործել: Ողբերգության վայր առաջինը ժամանել է նրա կինը, սակայն այդպես էլ չի համարձակվել մոտենալ ամուսնուն: Թաթուլ Պետրոսյանի հուղարկավորությունից երեք օր անց նրա քույրը՝ Նարինեն, խոսել է:

Հոկտեմբերի 7-ին նա եղել է Կեմերովո քաղաքի Լենինյան շրջանի Քննչական կոմիտեում, իսկ այսօր տեսանյութ է հրապարակել և պատմել այն, ինչ իրեն հայտնի է:

Ամենից շատ նրան վրդովեցրել է այն փաստը, որ երբ Թաթուլի կինը՝ Միլենա Պետրոսյանը, մեքենայով մոտեցել է Կրասնոյե լճի մոտ գտնվող ավտոկայանատեղիին և հայտնաբերել Թաթուլին մահացած, դուրս չի եկել մեքենայից: Նարինեն այս մասին նախկինում էլ էր խոսել, բայց շատերը չէին հավատում նրան՝ գրելով, թե իբր Միլենան ամուսնուն առաջին օգնություն է ցուցաբերել:

«Նա տվել է իր բացատրությունը, որում հստակ նշված է, որ ինքը նրան չի մոտեցել»,- հայտարարում է քույրը: Ըստ Նարինեի վարկածի՝ Միլենան ավտոկայանատեղի է եկել ոչ թե մենակ, այլ ընկերուհու հետ: Նա կարող էր դուրս գալ, կարող էր մոտենալ, բայց այդպես էլ չի համարձակվել: Դրա փոխարեն, ինչպես պնդում է Նարինեն, Միլենան զանգահարել է իր սիրեկանին՝ Արթուրին: Վերջինս եկել և Թաթուլին հանել է պարանից: Իսկ Միլենան այս ամբողջ ընթացքում նստած է եղել մեքենայում և սպասել է:

Նարինեն նույն հարցը տալիս է նորից ու նորից՝ ինչո՞ւ: Ինչո՞ւ մոտենալով նա առաջին օգնություն չի ցուցաբերել: Նա լսել է Միլենայի բացատրությունը՝ «վախեցել եմ»: Սակայն չի ընդունում այն. «Ումի՞ց վախենալ: Ամուսնո՞ւցդ, ով քեզ մատով չի դիպչել: Նա քո երկու երեխաների հայրն է: Իսկ դու չես մոտեցել նրան»: Նա ուղղակիորեն դիմում է Միլենային. «Դու չես մոտեցել իմ եղբորը, ու հիմա ինձ գրում ես, թե ես քեզ խայտառակում եմ: Սա դեռ սկիզբն է»:
Քույրն ընդգծում է՝ եթե Միլենան դուրս գար մեքենայից, եթե օգներ, գոնե բարձրացներ նրա ոտքերը, մի բան աներ, դա մարդկայնորեն կլիներ: Բայց դա տեղի չի ունեցել:

Նարինեն ասում է, որ իրեն գրում են, թե ինքը խայտառակում է իր երկու զարմիկների մորը: «Իմ զարմիկները կմնան իմ զարմիկները: Ես դատի կտամ նրան, որպեսզի դատարանը ժամանակ սահմանի մորս համար, որ մենք տեսնվենք զարմիկներիս հետ»,- նշել է մահացածի քույրը:

Համացանցի շատ օգտատերեր կասկածում են, որ Նարինեն այսպես է վարվում ներքին ցավի ու վշտի պատճառով: Սակայն Թաթուլի քույրը պնդում է, որ դրանք էմոցիաներ չեն.
«Ես միշտ ճշմարտության կողմնակից եմ, ես միշտ արդարության կողմնակից եմ: Ինձնից խլել են իմ եղբորը: Դա իմ հոգին է, դա իմ արյունն է: Դա այն մարդն է, ում ես մեծացրել եմ բարուրից: Եվ դուք հիմա ուզում եք, որ ես լռե՞մ: Ո՛չ»:

Իր դիմումի մեջ մահացածի քույրը շարունակում է եղբոր մահվան մեջ մեղադրել Միլենային և նրա մանկության ընկերոջը. «Նա է նրան հասցրել ինքնասպանության: Նա և Արթուրն են իմ եղբորը հասցրել դրան: Նա նույնիսկ ոչ մեկին հրաժեշտ չի տվել: Նրանք Թաթուլին հասցրել ինքնասպանության: Վերջինը, ով տեսել է նրան ողջ, և առաջինը, ով տեսել է նրան մահացած, Միլենա Պետրոսյանն էր»:

Այսօր դժվար է ասել, թե ով է ճիշտ, և ով՝ մեղավոր այս պատմության մեջ, սակայն այն սկսվել էր շատ ռոմանտիկ: Ապագա ամուսինները ծանոթացել են 2018 թվականին: Միլենան այդ ժամանակ դեռ սովորում էր Կեմերովոյի թիվ 7 դպրոցի 11-րդ դասարանում, Թաթուլը մի փոքր մեծ էր՝ նոր էր անցել իր առաջին աշխատանքին: Ի սկզբանե Միլենան նույնիսկ չէր էլ կասկածում, որ մի օր նրանք ամուսիններ են դառնալու:

«Առաջին իսկ րոպեից մենք սկսեցինք խոսել ամեն ինչից և չնկատեցինք, թե ինչպես անցավ գիշերը: Ես շրջանավարտ էի, պետք է քննություններ հանձնեի, նա նոր էր վերադարձել աշխատանքից: Երկուսս էլ չէինք քնել, բայց երջանիկ էինք: Մեկ շաբաթ անց նա ասաց, որ սիրում է ինձ»,- պատմում է Միլենան:

Նրանք սկսեցին ժամադրվել: Թաթուլը վերցնում էր նրան մարզումներից հետո, և նրանք միասին էին անցկացնում ամեն ազատ րոպեն: 2022 թվականի ամռանը Թաթուլն ու Միլենան ամուսնացան: Հարսանեկան լուսանկարների տակ բլոգերը հուզիչ գրում էր. «Շփման առաջին իսկ օրվանից ես հասկացա, որ նա իմ մարդն է: Իմ հոգու հայելին»:

Դստեր ծնվելուց հետո նրա բլոգը կտրուկ փոխվեց: Նա սկսեց կառուցել «կատարյալ կյանքի» կերպար՝ ինչպես է մեծանում երեխային, ինչպես է ընտանիքն անցկացնում երեկոները, ինչպես են ճանապարհորդում Ռուսաստանում և արտերկրում:

Ծաղկեփնջերը գնալով դառնում էին ավելի թանկարժեք ու շքեղ, շոկոլադե նվերներին աստիճանաբար փոխարինելու եկան զարդերը, տեխնիկան և ավտոմեքենաները: 2024 թվականին Թաթուլը կնոջ գրեթե ամեն հրապարակման մեջ կար: 2025-ին նա ավելի հազվադեպ էր հայտնվում: 2026-ին նա ամբողջությամբ անհետացավ կնոջ սոցիալական հարթակներից:

Դրան զուգահեռ՝ Միլենա Պետրոսյանի բլոգը մեծ թափ էր հավաքում. եկամուտներն աճում էին, արտաքինը փոխվում էր՝ հոնքերի էնդոսկոպիկ ձգում, բրեկետներ, զգալի նիհարում: Եթե կողք կողքի դնենք նրանց հարաբերությունների սկզբնական շրջանի լուսանկարը և վերջին կադրերը, տարբերությունն ակնհայտ է դառնում:

2025 թվականի հոկտեմբերին ամուսինները բնակարան գնեցին Մոսկվայում, մասշտաբային վերանորոգում սկսեցին, ձեռք բերեցին նոր BMW մակնիշի ավտոմեքենա:
Կողքից թվում էր՝ կյանքը հաջողվել է: Սակայն, Թաթուլի հարազատների խոսքերով, Միլենան օրինակելի կին չէր, և դա ի վերջո հանգեցրեց ողբերգության:

Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 8-րդ տուրում «Ալ-Ահլին» արտագնա խաղում չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Ալ-Ֆատեհի» դարպասը (0-4)։

Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց Ֆրանսիշկու Տրինկաուն։ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 46-րդ րոպեին։ 50-րդ րոպեին պորտուգալացի ֆուտբոլիստը կրկնապատկեց հյուրերի առավելությունը՝ ձևակերպելով դուբլ։ Իսկ 60-րդ րոպեին հանդիպման երրորդ գնդակը խփեց Այվան Թոունին՝ գրավելով մրցակցի դարպասը Էդուարդ Սպերցյանի կատարած փոխանցումից հետո։

Չորրորդ գոլը 89-րդ րոպեին խփեց Զիյադ Ալ-Ջոհանին։ Ավելացված ժամանակում՝ 90+3-րդ րոպեին, հյուրերը կրկին գրավեցին մրցակցի դարպասը (աչքի էր ընկել Բական, ևս մեկ գոլային փոխանցում էր գրանցվել Սպերցյանի ակտիվում), սակայն VAR-ի դիտարկումից հետո այս գոլը չեղարկվեց։

Նշենք, որ սա Սպերցյանի 3-րդ գոլային փոխանցումն էր ներքին առաջնությունում, իսկ Թոունիի՝ 11-րդ գոլը։

Այս հաղթանակից հետո «Ալ-Ահլին» 8 խաղից հետո վաստակեց 15 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Ալ-Ֆատեհը» նույնքան հանդիպումից հետո իր ակտիվում ունի 3 միավոր և գտնվում է 17-րդ տեղում։

Armsport

Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը

Սեպտեմբերի 24-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժին է դիմել Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Անուշ Մ․-ն և հայտնել, որ գյուղերից մեկի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ 11-ամյա Ն․ Ղ․-ն վիճել և քաշ է տվել իր երեխային ու խաղացել նրա հայրիկի անվան հետ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզել են, որ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, Անուշ Մ․-ի որդին՝ 10-ամյա Մ․ Գ․-ն, դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին է եղել, երբ համադասարանցի Ն․ Ղ․-ն վիճաբանել է նրա հետ, հրելով գցել գետնին և ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, այնուհետև տվել սեռական բնույթի հայհոյանքներ՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կատարվածի վերաբերյալ Անուշ Մ․-ն դիմել է Ն․ Ղ․-ի հայրիկին՝ Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Ռոման Ղ․-ին, ով, պաշտպանելով իր երեխային, տվել է սեռական բնույթի հայհոյանքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: