Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունը


Քաղաքականություն


Ազգային ժողովի՝ օգոստոսի 4-ի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունը:

Նա ծնվել է 1993 թվականին Իջևանում: 2014-2016 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում: 2019-ին ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը, որակավորումը՝ արաբագետ:

2017-2018 թվականներին Հորդանանի Հաշիմյան թագավորությունում մասնակցել է Հորդանանի պետական համալսարանի արաբերենի ուսուցման դասընթացին: 2019-2021 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող, 2022-ին ընտրվել է ՔՊԿ վարչության անդամ, ապա՝ վարչության փոխնախագահ, 2025-ին վերընտրվել է նույն պաշտոնում:

2021-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով, 2021-ին և 2026-ին ՔՊԿ ընտրական ցուցակով վերընտրվել է ԱԺ պատգամավոր:



Հիմա ունենք հրետանային համակարգեր, որոնք համարվում են առաջատար ՆԱՏՕ-ի անդամ առաջատար պետություններում. Վահագն Ալեքսանյան


Նունիսկ դիլետանտ մարդու համար գերակնհայտ է, որ բարձր, շատ ավելի բարձր է մեր բանակի մարտունակության մակարդակը, քան դրանից առաջ էր, որովհետև ձեր մյուս խմբակցության իշխանությունները մեզ ժառանգություն էին թողել բանակ, որտեղ, օրինակ, դեռ օգտագործման և ծառայության մեջ էին 1930-ականներին արտադրված ԿՍ-19 հրանոթներ:

Այդ մասին Ազգային ժողովի՝ օգոստոսի 4-ի նիստին ասաց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանի հարցին, թե գնահատեք ՀՀ-ի այսօրվա ռազմական պոտենցիալը 2020 թվականի սեպտեմբերի 26-ի հետ՝ հաշվի առնելով, թե ինչքան զինամթերքի կորուստ ենք ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում, բայց նաև խնդրեց, որ հաշվարկի մեջ չմտցվեն «ՍՈՒ» ինքնաթիռները, որոնք թանկ գնվեցին, բայց օդ չբարձրացան:

«Հիմա մենք ունենք և ցուցադրել ենք հրետանային համակարգեր, որոնք ունեն, որոնք համարվում են առաջատար ՆԱՏՕ-ի անդամ առաջատար պետություններում: Տոննայով զենքի մասին չէ խոսքը: Այո՛, կարող եք ասել՝ զինամթերքի կորուստ է եղել, սա է եղել, նա է եղել, բայց խնդիրը գիտե՞ք, թե որն է, որ հիմա դարը փոխվել է, և հիմա այդքան քանակը չի էական, ինչքան որակը:

Այսօրվա դրությամբ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց է տալիս, որ 5000 տանկ ունենալը շատ բան չի երաշխավորում պատերազմի դաշտում, տեխնոլոգիան է առաջնային հիմիկվա բանակում:

Ես լիահույս եմ, որ այն տեմպը, որն ունենք հիմա մեր բանակի տեխնոլոգիական առաջընթացն ապահովելու առումով, այդ տեմպը կշարունակվի, բայց «ՍՈՒ»-երը չենք կարող հանել հաշվարկից: Ինչո՞ւ, որովհետև այդ «ՍՈՒ»-երը հիմա կան, սպառազինված են, «օդ-օդ» տեսակի հրթիռներով՝ ևս, և ամեն ինչ նորմալ է հրթիռների հետ»,- ասաց նա:


Գորիսում, Մեղրիում, Ստեփանավանում և Ֆիոլետովոյում նշանակվել են հերթական ընտրություններ


Հայաստան


ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ Սյունիքի մարզպետի՝ 2026 թվականի օգոստոսի 3-ի թիվ 364–Ա որոշման համաձայն՝ նույն մարզի Գորիս և Մեղրի համայնքներում, իսկ ՀՀ Լոռու մարզպետի՝ 2026 թվականի օգոստոսի 4-ի թիվ 590–Ա և 591–Ա որոշումների համաձայն՝ նույն մարզի Ստեփանավան և Ֆիոլետովո համայնքներում նշանակվել են հերթական ընտրություններ։

«ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով որևէ գույք տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելն առաջացնում է քրեական պատասխանատվություն։

Միևնույն ժամանակ, Հակակոռուպցիոն կոմիտեն իրազեկում է, որ իրեն վերապահված լիազորությունների և գործիքակազմի ամբողջ ծավալով, գործընկեր իրավապահ մարմինների հետ համատեղ, ընտրական գործընթացի նկատմամբ իրականացնելու է մշտադիտարկում և վերահսկողություն՝ հորդորելով զերծ մնալ բարեգործության արգելքը խախտող որևէ անօրինական գործողությունից՝ պարզաբանելով, որ օրենքով սահմանված պահանջների ցանկացած խախտում արժանանալու է համարժեք և խիստ իրավական արձագանքի»,- տեղեկացնում են կոմիտեից։



Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոնջորյանի կինն անդրադարձել է շահարկումներին


Հայաստան


Հետևելով Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումներին՝ հարկ եմ համարում ներկայացնել պարզաբանումներ «Հայփոստ» ՓԲԸ-ի գործունեության և իմ պաշտոնավարմանն առնչվող հարցերի վերաբերյալ։ Հուսով եմ՝ ներկայացված փաստերը կնպաստեն թեմայի շուրջ ձևավորված թյուրընկալումների վերացմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը:
 
1. Իմ ղեկավարության ընթացքում
 
Հայփոստը պետական բյուջե է վճարել 1 միլիարդ ՀՀ դրամ դիվիդենտ (հիմք՝ ՀՀ կառավարության 2021 թ. դեկտեմբերի 23-ի N 2141-Ա որոշում)։
 
2. 2025 թվականի արդյունքներով ընկերությունը վնաս չի կրել. եկամուտների և ծախսերի հարաբերակցությունը (ընկերության EBITDA-ն) եղել է դրական։ Շուրջ 500 միլիոն դրամի բացասական ցուցանիշը պայմանավորված է ամորտիզացիոն մասհանումներով, ինչը բնականոն երևույթ է խոշոր անշարժ գույք և ավտոպարկ ունեցող կազմակերպությունների համար։ Կարևոր է ընդգծել նաև, որ ամորտիզացիան դրամական արտահոսք չէ, հետևաբար ընկերությունը, առավել ևս՝ պետությունը, փաստացի ֆինանսական կորուստներ չեն կրել (հիմք` արտաքին աուդիտի հրապարակված հաշվետվություն)։
 
3. Համաձայն հրապարակված ֆինանսական հաշվետվությունների՝ իմ
ղեկավարության ընթացքում՝ 2025 թվականին, ընկերության ֆինանսական արդյունքը 2024 թվականի համեմատ բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով (հիմք` արտաքին աուդիտի հրապարակված հաշվետվություն):
 
4. Ես վերջին գոնե թե 10 տարիների «Հայփոստի» ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ։ Նախորդ տարիներին նույնիսկ առանձին ստորաբաժանումների ղեկավարներ ստացել են ավելի բարձր վարձատրություն, քան ես այսօր՝ որպես գլխավոր գործադիր տնօրեն, այդ թվում՝ պետական կառավարման տարիներին։ Թեև բազմիցս նշել եմ, որ որևէ մեղսավոր բան չկա բարձր աշխատավարձ ստանալու մեջ:
 
5. 2024 թվականին ինձ վճարված շուրջ 5 միլիոն դրամը, որն իմ հայտարարագրում ներկայացվել է որպես «այլ եկամուտ», օրենքով սահմանված մայրության նպաստ է։
 
6. Հարկ եմ համարում հիշեցնել, որ ստանձնել եմ «Հայփոստի» գլխավոր գործադիր տնօրենի պարտականությունները 2024 թվականի նոյեմբերի 22-ին։ Հետևաբար, 2024 թվականի տարեկան ֆինանսական ցուցանիշների կամ նախորդող գործընթացների (սակագների վերանայում և այլն) պատասխանատվություն կրել օբյեկտիվորեն հնարավոր չէ։
 
Կոչ եմ անում զերծ մնալ փաստերի կամայական մեկնաբանություններից և հարցերը դիտարկել բացառապես մասնագիտական տիրույթում»,- գրել է նա։
 
Ավելի վաղ ԱԺ-ում Հայկ Կոնջորյանը ևս անդրադարձել էր կնոջ՝ «ՀայՓոստ» ընկերությունում աշխատելու արդյունավետության մասին վկայող ցուցանիշներին:



Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ


Հարեվաններ


Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Չժաո Լեցզին շնորհավորական նամակ է հղել ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին, որում, մասնավորապես, ասվում է.

«Ձե՛րդ գերազանցություն,

Մեծ ուրախությամբ տեղեկացա Ձեր՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու մասին։ Այս առիթով ցանկանում եմ հղել Ձեզ իմ անկեղծ շնորհավորանքները։

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ 34 տարիների ընթացքում, Չինաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները պահպանել են կայուն ու շարունակական զարգացում, և «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակում համագործակցությունը տվել է նշանակալի արդյունքներ։

Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ աշխատել՝ ամրապնդելու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցությունը և նոր ներդրում ունենալու երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա խորացման գործում։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն Ձեր բոլոր նախաձեռնություններում»։



Երեւանին Անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ չի արվել


Աշխարհ


Հայաստանում Եվրամիության անդամ երկրների անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ Երևանին չի ներկայացվել, նման հարց հայկական կողմի հետ չի քննարկվել, «Արմենպրես»-ի ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Եվրոպական մամուլը գրում է, որ ԵՄ խորհրդի՝ օգոստոսի 4-ին կայանալիք նիստում Իտալիան քննարկման է ներկայացնելու մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, անօրինական միգրանտների պահման կենտրոններ ստեղծելու հարցը։

«Մեզ նման առաջարկ չի արվել, մեզ հետ նման հարց չի քննարկվել»,- նշել է Անի Բադալյանը։

Euronews-ը օգոստոսի 3-ին գրել էր, որ ԵՄ խորհրդի՝ օգոստոսի 4-ի նիստում մի շարք երկրներում անօրինական միգրանտների պահման վայրեր ստեղծելու առաջարկը

Ըստ Euronews-ի՝ Իտալիան առաջարկում է նման կենտրոններ ստեղծել աֆրիկյան մի շարք պետություններում, ինչպես նաև մի քանի այլ երկրներում, որոնք գտնվում են ավանդական միգրացիոն ուղիներից դուրս։ Հավանական թեկնածու երկրների թվում են Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան, Եթովպիան, Ուզբեկստանը, Հայաստանը և Մոնտենեգրոն։



ՀՀ տարածքում և Լարսում ավտոճանապարհներն անցանելի են


Ավտո


Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։



Դեսպան Արշամյանն ու Կլարա Բրոյերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի շուրջ


Աշխարհ


2026թ. օգոստոսի 4-ին կայացել է Հունգարիայում ՀՀ դեսպան Հայկակ Արշամյանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարության երկկողմ հարաբերությունների հարցերով պետքարտուղար Կլարա Բրոյերի հանդիպումը։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
 
Դեսպան Արշամյանը և պետքարտուղար Բրոյերն անդրադարձել են Հայաստան-Հունգարիա երկկողմ օրակարգին, առանձնանշել կողմերի հանձնառությունը՝ առավել զարգացնել և ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը, և մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերության ռազմավարական օրակարգի շուրջ։



Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել


Հարեվաններ


ԱԹՍ-ի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Տուլայի մարզի Wildberries-ի պահեստում` հայտնել է նահանգապետ Դմիտրի Միլյաևը։
 
«Շտապօգնության ծառայություններն աշխատում են դեպքի վայրում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան, մեկ մարդ վիրավորվել է և ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն», – գրել է նա Max հարթակում։
 
Բացի այդ, երկու բնակելի շենք է վնասվել Վենևսկի շրջանում, Նովոմոսկովսկում ու Ուզլովսկի շրջանում՝ երկու արդյունաբերական օբյեկտ։
 
Ոչնչացվել է ընդհանուր առմամբ 107 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
 
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի շրջաններում և Սև և Ազովի ծովերում խոցել են 475 անօդաչու թռչող սարք։



Հռենոս գետը ծանծաղել է մինչև ռեկորդային մակարդակ


Աշխարհ


Հռենոս գետը ծանծաղել է մինչև ռեկորդային մակարդակ՝ 1880 թվականից ի վեր։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
 

«Գերմանիայի Կաուբ քաղաքի հատվածում Հռենոս գետի ջրի մակարդակն իջել է մինչև 24 սմ, ինչը դիտարկումների ողջ պատմության ընթացքում (սկսած 1880 թվականից) գրանցված ամենացածր ցուցանիշն է։
 

Պատճառը Եվրոպայում տիրող երկարատև երաշտն ու ծայրահեղ շոգի ալիքներն են։ Թեև նավագնացությունն ամբողջությամբ չի դադարելու, սակայն նավերը ստիպված կլինեն տեղափոխել ավելի փոքր ծավալի բեռներ, ինչը կհանգեցնի փոխադրումների թանկացման և կարող է առաջացնել մատակարարումների խափանումներ։ Դա կարող է բացասաբար անդրադառնալ Գերմանիայի տնտեսության և եվրոպական առևտրի վրա»,- ասվում է գրառման մեջ։ 

1lurer.am