Հելդեր Ֆերեյրան կշարունակի ելույթները Երևանի «Նոայի» կազմում


Սպորտ


Պորտուգալացի ֆուտբոլիստ Հելդեր Ֆերեյրան կշարունակի ելույթները Երևանի «Նոայի» կազմում: Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, կողմերը երկարաձգել են գործող պայմանագրի ժամկետը։ Նոր համաձայնագիրը կնքվել է 2+1 ձևաչափով։

Հիշեցնենք, որ Ֆերեյրան հայկական ակումբին է միացել 2024 թվականի ամռանը։ Այս ընթացքում պորտուգալացին «Նոայի» մարզաշապիկով անցկացրել է 88 հանդիպում՝ դառնալով 27 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ։

 



ՌԴ-ում դադարեցվել է հայկական արտադրության ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը


Բիզնես


Ռոսպոտրեբնադզորի հանձնարարությամբ Ռուսաստանում դադարեցվել է Հայաստանից ներմուծված ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի եւ գազավորված զովացուցիչ ըմպելիքի վաճառքը, հայտնում է ՏԱՍՍ- ը՝ վկայակոչելով Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի հաղորդագրությունը։ Կենտրոնը «Честный знак/Ազնիվ նշան» «Ազնիվ նշան» համակարգի օպերատորն է։

«Ռոսպոտրեբնադզորի հանձնարարությամբ՝ «ՌԴ քաղաքացիների կյանքի եւ առողջության համար հնարավոր վնասը կանխելու նպատակով», ՑՌՊՏ-ն՝ «Ազնիվ նշան» պետական մակնշման համակարգի օպերատորը, դադարեցրել է ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի եւ գազավորված զովացուցիչ ըմպելիքի իրացումը։ Պատճառը արտադրողների կողմից արտադրանքի նկատմամբ սահմանված պարտադիր պահանջների խախտումներն են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արգելքը տարածվում է Հայաստանում արտադրված BJNI հանքային բուժիչ-սեղանի խմելու ջրի առանձին խմբաքանակների, որոնք արտադրվել են «RRR Հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ում, «ՎԱՏԵՐԼՈԿ» ՍՊԸ-ի արտադրած «Պրոստո Ազբուկա» բնական խմելու ջրի, այդ թվում՝ մանկական ջրի, ինչպես նաեւ «Արսեն եւ Ներսես» ՍՊԸ-ի արտադրած DARBAS ապրանքանիշի «Մոխիտո» ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքի վրա։

Կենտրոնը նշել է, որ արգելվում են միայն որոշակի օրերին արտադրված խմբաքանակները, այլ ոչ թե ընկերությունների մնացած արտադրանքը։



Ղազախստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի. Տոկաևի շնորհավորական ուղերձը՝ Փաշինյանին


Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։

Ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։

Ձեզ ցուցաբերված բարձր վստահությունը հանդիսանում է պետական պատասխանատու պաշտոնում Ձեր անձնվեր աշխատանքի օրինաչափ արդյունքը։ Դա լայն հանրային աջակցության ակնառու վկայությունն է Ձեր ռազմավարական ուղեգծի, որն ուղղված է երկրի քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը և միջազգային հեղինակության ամրապնդմանը։

Ղազախստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի, ով անկեղծորեն շահագրգռված է ղազախա-հայկական ռազմավարական գործընկերության հետագա ակտիվացմամբ և ընդլայնմամբ։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները և Ղազախստանի ու Հայաստանի բազմակողմ միջպետական հարաբերությունները կհասցնենք որակապես նոր մակարդակի»։



ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ նման արատավոր վարքագծից


Տեսանյութեր


ՀՀ ՊԵԿ հետաքննության  և օպերատիվ հետախուզության վարչության 11-րդ բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքում գործող ընկերությունը, որը զբաղվում է հեղուկ գազի, բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով, իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմնին ներկայացվող հաշվարկներում:

Վարչության աշխատակիցները ստացված տվյալները մանրամասն վերլուծել են, մշակել են միջոցառումների կատարման հաջորդականություն, որից հետո իրականացվել են համալիր գործողություններ։ Ձեռք են բերվել և հետազոտվել են ընկերության գործունեության վերաբերյալ տվյալները, այդ թվում  ներքին հաշվառման և սևագիր փաստաթղթերը: Այդ տվյալները համադրվել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա՝ նույն ժամանակաշրջաններին վերաբերվող ընկերության կողմից ներկայացված հարկային հաշվարկների տվյալների հետ:

Պարզվել է, որ 2021-2026թթ-ի ընթացքում, ընկերության կողմից, բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկ գազի  վաճառքից ձևավորված հասույթից թերհայտարարագրվել է շուրջ 1,3 մլրդ․ ՀՀ դրամ։ Արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 415 մլն․ ՀՀ դրամ։

Փաստի առթիվ առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ  նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ նման արատավոր վարքագծից և գործել թափանցիկ, իսկ քաղաքացիներին խնդրում է ձեռք բերված վառելիքի դիմաց պահանջել ՀԴՄ կտրոններ կամ օրենսդրությամբ սահմանված այլ հաշվարկային փաստաթղթեր։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



Հայկ Կոնջորյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ


Քաղաքականություն


Հայկ Կոնջորյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ: Քվեարկության արդյունքները Ազգային ժողովի՝ օգոստոսի 4-ի նիստին ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը:

Ձայները բաշխվել էին հետևյալ կերպ. Հայկ Կոնջորյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 63 պատգամավոր, դեմ՝ 28:



Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»


Պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան, որն ազատ գործակալի կարգավիճակով «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ», անցկացրել է իր առաջին աշխատանքային օրն «արքայական» ակումբում։ Բուժզննումն անցնելուց հետո նա արդեն հասցրել է մասնակցել Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ կայացած երկու մարզման։

Realmadrid TV-ի հետ զրույցում ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով՝ չթաքցնելով ոգևորությունը. «Շատ յուրահատուկ զգացողություն է, երջանիկ եմ այստեղ գտնվելու համար։ Այս ակումբի մասին խոսելն ավելորդ է, քանի որ նրա պատմությունն ինքնին խոսուն է։ Երբ «Ռեալից» առաջարկ ստացա, երկու անգամ չմտածեցի, պարզապես անհնար էր մերժելը։ Անընդհատ խաղալով «Ռեալի» դեմ՝ դու զգում ես այդ մեծությունը, թե որքան ազդեցիկ է «Սանտյագո Բեռնաբեուն»։ Խաղալ ֆուտբոլի պատմության մեծագույն ակումբում աներևակայելի մեծ արտոնություն է», – նշել է պորտուգալացին՝ հավելելով, որ Պորտուգալիային և իր ընտանիքին մոտ գտնվելն ու նմանատիպ մշակույթն էլ ավելի են հեշտացնում նոր միջավայրին հարմարվելը։

Խոսելով առաջին մարզման և հայրենակից Ժոզե Մոուրինյուի մասին՝ Սիլվան ընդգծել է.

«Առաջին մարզումը բարդ էր, հոգնածություն կա, բայց տեսնում եմ, որ բոլորը մեծ ինտենսիվությամբ են աշխատում։ Տղաներից շատերին լավ եմ ճանաչում, քանի որ հաճախ եմ խաղացել նրանց դեմ, ու անկեղծ ասած՝ այստեղ ինձ զգում եմ ինչպես տանը։ Ինչ վերաբերում է Մոուրինյուին՝ մենք նախկինում մրցակիցներ ենք եղել, իսկ հիմա նույն կողմում ենք։ Նա անգնահատելի նշանակություն ունի պորտուգալական ֆուտբոլի համար։ Մանկուց հետևել ենք նրա թիմերին, նա միշտ ամենաբարձր մակարդակի վրա է պահել Պորտուգալիայի անունը։ Երջանիկ եմ, որ կարող եմ սովորել նրանից»։

Որպես ֆուտբոլիստ՝ Սիլվան իրեն բնութագրում է նախևառաջ որպես թիմային խաղացող, որը պատրաստ է փակել ցանկացած դիրք և առավելագույնս օգտակար լինել թիմակիցներին։ Պորտուգալացին խոսել է նաև իր ֆուտբոլային կուռքերի մասին.

«Ինձ համար օրինակելի ֆուտբոլիստներ շատ կան, բայց Զիդանն, անկասկած, գլխավորներից է։ Նա գուցե ֆուտբոլի պատմության լավագույն հնգյակում է։ Մանկությանս տարիներին անընդհատ հիանում էի նրա գնդակին տիրապետելու տեխնիկայով։ Իդեալներիցս են նաև Ռուի Կոշտան և Լուկա Մոդրիչը, ով ինձ համար հիանալի օրինակ է ոչ միայն խաղադաշտում, այլև դրա սահմաններից դուրս»։

Նշենք, որ «արքայական» ակումբը շարունակում է նախապատրաստվել 2026/27 մրցաշրջանին՝ անցկացնելով երկկողմանի ինտենսիվ մարզումներ։ Մոուրինյուի տրամադրության տակ արդեն աշխատում են նաև արձակուրդից վերադարձած Վինիսիուս Ժունիորը և Բրահիմ Դիասը։ Պաշտպան Դին Հոյսենն առայժմ մարզվում է անհատական ծրագրով՝ մարզասրահում և խաղադաշտում, իսկ Էդեր Միլիտաոն, Ֆերլան Մենդին, Ռոդրիգոն և Ռաուլ Ասենսիոն շարունակում են ապաքինվել վնասվածքներից։

armsport.am


Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահը շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահին


Հարեվաններ


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։
 
Ռուսլան Ստեֆանչուկը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և արդյունավետ աշխատանք։
 
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ուկրաինայի Գերագույն ռադայի միջև համագործակցության օրակարգին՝ կարևորելով խորհրդարանական կապերի հետագա ակտիվացումը և փոխգործակցության նոր հնարավորությունների օգտագործումը։
 
Քննարկվել են նաև Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերություններին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող թեմաներ։



Վերանշանակումը վկայում է հասարակության կողմից Ձեր քաղաքական ուղեգծին ցուցաբերվող աջակցության մասին. Ռահմոնը՝ Փաշինյանին


Հարեվաններ


Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով։ Ուղերձում ասված է.
 
«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,
 
Ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման առիթով։
 
Ձեր վերանշանակումն այս բարձր պաշտոնում ևս մեկ անգամ վկայում է հասարակության կողմից Ձեր քաղաքական ուղեգծին ցուցաբերվող աջակցության մասին, որն անշեղորեն միտված է բարեկամ Հայաստանի սոցիալ-տնտեսական առաջընթացին և միջազգային ասպարեզում նրա հեղինակության ամրապնդմանը։
 
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել մեր մշտական շահագրգռվածությունը Տաջիկստանի և Հայաստանի միջև բարեկամության, փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և վստահության երկարամյա ավանդույթների վրա հիմնված կառուցողական համագործակցության հարաբերությունների համակողմանի զարգացման գործում։
 
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք այսուհետ ևս ամեն կերպ կնպաստենք այդ գործընթացի արդյունավետ առաջմղմանը՝ ի շահ մեր ժողովուրդների հիմնարար շահերի։
 
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր հետագա գործունեության մեջ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և անշեղ բարգավաճում»։



Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց է սպասվում. Բայրամով


Քաղաքականություն


Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց է սպասվում՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ պաշտոնական այցով Բաքվում գտնվող Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվում, և դրա տարրերից մեկը TRIPP նախագիծն է, որն ընդգրկվել է փաստաթղթում Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ժամանակ»,- նշել է դիվանագետը:

Ջեյհուն Բայրամովը կարևորել է ուղիղ երկխոսության միջոցով Հայաստանի հետ խաղաղության օրակարգի հետագա առաջխաղացումը: 

Կասիսն էլ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը: Նա կարծիք է հայտնել, որ կայուն խաղաղությունն արդեն հասանելի է:

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Բայրամովը ԵԱՀԿ նախագահի հետ քննարկել է խաղաղության գործընթացը, անվտանգության ու ականազերծման վերաբերյալ հարցեր: Փոխանակվել են նաև տնտեսական համագործակցության ընդլայնման մտքեր: Ընդգծվել է էներգետիկ ոլորտի՝ որպես երկկողմ տնտեսական հարաբերությունների առանցքային հենասյուներից մեկի դերը:



Արարատ Միրզոյանը և Նիլակշի Սահա Սինհան ամփոփել են ռազմավարական բնույթի գործընկերության արդյունքները


Հարեվաններ


Օգոստոսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են վերջին տարիներին Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմավարական բնույթի գործընկերության օրակարգի զգալի ընդլայնումն ու արձանագրված շոշափելի արդյունքները: Անդրադարձ է կատարվել հետագա ծրագրերին:

Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Սինհայի անձնական ներդրումը Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացման ու երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ հետագա գործունեության մեջ: