Կենսաթոշակառուի փոխարեն որոշ դիմումներ կարող է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչը


Հայաստան


Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ կենսաթոշակների և նպաստների վճարման համար սահմանված որոշակի ծառայություններից Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցչի միջոցով օգտվելու և բանկային նվազագույն ծառայությունների հասանելիությունն ապահովելու նոր կարգավորման մասին։

Կենսաթոշակի վճարման ընթացքում իր ինքնուրույն գործողություններով (այդ թվում՝ լիազորագրով) օգտվելու հնարավորություն չունեցող կենսաթոշակառուն կամ նպաստառուն կարող է Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցչի միջոցով՝

• ձեռք բերել բանկի հաճախորդի իրավունքներ,

• շահառուի անունից կնքել բանկային հաշվի պայմանագիր,

• օգտվել հիմնական բանկային ծառայություններից։

Դրա համար քաղաքացին կարող է գրավոր, հեռախոսազանգով կամ այլ անձի միջոցով Ծառայությանը ներկայացնել դիմում՝ նշելով կոնկրետ պահանջվող ծառայությունը։

Ծառայության ներկայացուցչի միջոցով կենսաթոշակառուն կարող է ներկայացնել նաև կենսաթոշակին առնչվող ցանկացած դիմում, այն դեպքում, երբ օրենսդրությամբ նախատեսված է այդ դիմումն անձամբ ներկայացնելու պահանջ, սակայն նա չի կարող այդ պահանջը կատարել իր ինքնուրույն գործողություններով։

Այս դեպքում դիմումը սահմանված կարգով Ծառայություն ներկայացնելու գործառույթն իրականացվում է տարածքային կենտրոնների համապատասխան աշխատակիցների կողմից՝ կենսաթոշակառուի տնային կամ գտնվելու վայր այցելությունների միջոցով։



Գյումրիում շարունակվելու են ճանապարհների միջին նորոգման աշխատանքները

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների ուղեկցությամբ դիտարկել է Գյումրու Շահումյան փողոցում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքը։ Մարզպետը հետևել է իրականացվող աշխատանքների ընթացքին և շինարարական կազմակերպության ներկայացուցիչների հետ զրույցում ընդգծել է դրանց որակով, սահմանված պահանջներին համապատասխան և նախատեսված ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը։

«Վարչապետի հանձնարարությամբ Գյումրիում ճանապարհաշինական ծրագրերի ծավալների ավելացման և քաղաքի ճանապարհային խնդիրների փուլային լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթանում են։ 2026 թվականին նախատեսվում է շուրջ 15 կմ ճանապարհահատվածների միջին նորոգում՝ զուգահեռաբար շարունակելով նաև հիմնանորոգման ծրագրերը։

 

Գյումրու Շահումյան փողոցը քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող և երթևեկության համար մեծ նշանակություն ունեցող ճանապարհներից է, հետևաբար այստեղ իրականացվող աշխատանքների որակն ու պատշաճ կատարումը առանձնահատուկ նշանակություն ունեն։ Միջին նորոգումը հնարավորություն է տալիս ոչ միայն բարելավել ճանապարհի ներկայիս վիճակը, այլև երկարացնել ասֆալտբետոնե ծածկի ծառայության ժամկետը՝ ապահովելով դրա ավելի երկարատև շահագործումը։ Փողոցներից հեռացվող հին ասֆալտբետոնե շերտը նույնպես արդյունավետ օգտագործելու հնարավորություն ունենք։ Այն տեղափոխվում և կիրառվում է քաղաքի այն հատվածներում, որտեղ առաջնահերթ խնդիր է ճանապարհի անցանելիության ապահովումը։

 

Այս մոտեցումը թույլ է տալիս առավել արդյունավետ կառավարել առկա ռեսուրսները և մինչև հիմնանորոգման աշխատանքների իրականացումը գործնական լուծումներ տալ նաև այլ փողոցների խնդիրներին»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։

 

Միջին նորոգման աշխատանքները շարունակվելու են Մուշ թաղամասում՝ հասնելով մինչև Կուրսի զբոսայգի, իսկ Գյումրիում ճանապարհաշինական ծրագրերը փուլային եղանակով ընդգրկելու են քաղաքի տարբեր փողոցներն ու թաղամասերը։

Էստոնիան մեղադրում է Ռուսաստանին Milrem Robotics պաշտպանական ընկերության շենքի հրկիզումը կազմակերպելու մեջ


Հարեվաններ


Էստոնիայի իշխանությունները Ռուսաստանին մեղադրել են Տալլինում գործող Milrem Robotics պաշտպանական ընկերության շենքի հրկիզումը կազմակերպելու մեջ։ Էստոնիայի պաշտոնյաների պնդմամբ՝ հրդեհը կազմակերպվել է ռուսական հետախուզական ծառայությունների հանձնարարությամբ։

Կրեմլը մեղադրանքներն անհիմն է անվանել։ Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը հայտարարել է, որ ռուսական հետախուզական գործակալություններն են կանգնած Milrem Robotics-ի շենքում տեղի ունեցած հրդեհի հետևում։ Ընկերությունը մասնագիտացած է անօդաչու ցամաքային համակարգերի արտադրության մեջ և սարքավորումներ է մատակարարում Ուկրաինային։ Հրդեհը Տալլինում գտնվող ընկերության տարածքում բռնկվել է օգոստոսի 15-ի գիշերը։



Դատարանը Վահրամ Սահակյանի նկատմամբ վարչական հսկողություն է սահմանել


Հայաստան


ՀՀ քննչական կոմիտեից 1lurer.am-ին հայտնում են, որ դատարանը սցենարիստ Վահրամ Սահակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել վարչական հսկողությունը։ Սահակյանը ձերբակալվել է Facebook-ում ատելություն հրահրելու և քարոզելու վերաբերյալ հրապարակում կատարելու համար։

ՔԿ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հունվարի 8-ին Վահրամ Սահակյանը, օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, ֆեյսբուքյան իր էջում կատարել է ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հրապարակում:

«2026 թվականի սեպտեմբերի 1-ին ստացված փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ Վ.Ս.-ի հրապարակումը պարունակում է ատելություն:

Սեպտեմբերի 29-ին Վ.Ս.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ)»,-նշվում է ՔԿ հաղորդագրության մեջ:



Մ-21․ հոկտեմբերի 1-ին տեղի կունենա Հայաստան-Իտալիա հանդիպումը


Սպորտ


Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 20։30-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2025/2027 Մ-21 առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան Մ-21 – Իտալիա Մ-21 հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։

Ֆեդերացիան տեղեկացնում է, որ տոմսերը կարելի է ձեռք բերել հոկտեմբեր 1-ից` ժամը 12։00-ից, Ավան ակադեմիայի մարզադաշտի մուտքի մոտ գտնվող տոմսարկղից։ Տոմսերի արժեքը 1000 դրամ է։ 



Էյֆելյան աշտարակը շահագործող ընկերության գլխավոր տնօրենը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին


Աշխարհ


Էյֆելյան աշտարակը շահագործող ընկերության՝ SETE-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Բրանկո Ռուվիոն հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին՝ այս տարվա վերջին։ Նրա հրաժարականը հաջորդում է ընկերության շուրջ առաջացած աղմուկին, երբ հինդուիստական կրոնական խմբի պատվիրակության այցի ընթացքում կին աշխատակիցներին հրահանգվել էր չսպասարկել այցելուներին։

Ընկերության ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ այցի կազմակերպման ընթացքում տեղի են ունեցել «գործառնական բացթողումներ», որոնց հետևանքով կին աշխատակիցները զրկվել են այցելուներին սպասարկելու հնարավորությունից։ SETE-ն այդ իրավիճակը որակել է որպես անընդունելի։

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի սկզբին, երբ «Բոչասանվասի Ակշար Պուրուշոտտամ Սվամինարայան Սանստհա» (BAPS) հինդուիստական կրոնական խմբի շուրջ 100 անդամ այցելել է Էյֆելյան աշտարակ։

BAPS-ը կրոնական շարժում է, որը հիմնադրվել է 20-րդ դարի սկզբին։ Կազմակերպության միջոցառումների ժամանակ կանայք և տղամարդիկ սովորաբար առանձնացված են, այդ թվում՝ որոշ տաճարներում նախատեսված են առանձին մուտքեր։

SETE-ի փոխանցմամբ՝ BAPS-ի պատվիրակությունը խնդրել էր այցը կազմակերպել այնպես, որ հնարավորինս նվազագույնի հասցվի կանանց հետ շփումը։ Ընկերությունը, սակայն, նշել է, որ նման պայմաններին համաձայնելն անհնար է։

Չնայած դրան՝ այցի կազմակերպման ընթացքում կանանց աշխատանքը սահմանափակվել է, ինչն էլ հետագայում դարձել է ներքին հետաքննության և քննադատության պատճառ։

SETE-ն հայտարարել է, որ նման իրավիճակը հակասում է ընկերության սկզբունքներին։



Ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը ներկա է եղել Հայաստանում ֆրանսիական համալսարանի՝ Միսաք Մանուշյանի անունը կրող շրջանավարտների հոսքի դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունեցել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին, Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժիլ Բոննեն, գործընկեր համալսարանների ներկայացուցիչներ, դասախոսներ, շրջանավարտներ և հյուրեր։

«Միսաք Մանուշյանի անունը կապված է ազատության, արժանապատվության, մարդկային համերաշխության և հայրենիքի ու արժեքների նկատմամբ նվիրումի գաղափարների հետ։ Նրա կերպարը նաև հայ և ֆրանսիական ժողովուրդների պատմական բարեկամության և փոխադարձ հարգանքի խորհրդանիշներից է»,- նշել է նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը՝ շնորհավորելով  շրջանավարտներին։

Նա կարևորել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի դերը ՀՀ բարձրագույն կրթության համակարգում՝ ընդգծելով, որ համալսարանի կրթական մոդելը համադրում է մասնագիտական խոր գիտելիքը, միջազգային փորձը, բազմալեզու կրթական միջավայրը և եվրոպական արժեքները։

Նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի ապագան մեծապես պայմանավորված է համալսարաններում ձևավորվող մարդկային ներուժով՝ շեշտելով, որ մեր երկրին անհրաժեշտ են բարձր մասնագիտական պատրաստվածությամբ, քննադատական և ստեղծագործ մտածողությամբ մասնագետներ, որոնք կարող են արդյունավետ աշխատել նաև արագ փոփոխվող միջավայրում։

Նախարարի տեղակալը շրջանավարտներին մաղթել է հաջողություն մասնագիտական ճանապարհի նոր փուլում՝ կարևորելով Հայաստանի ապագայի նկատմամբ նրանց պատասխանատվությունը․ «Մեր պետությանն անհրաժեշտ են մարդիկ, որոնք պատրաստ են իրենց գիտելիքն օգտագործել ոչ միայն սեփական հաջողության, այլև հանրային արժեք ստեղծելու համար։ Հենց այդպիսի մասնագետների ձևավորումն է բարձրագույն կրթության ամենակարևոր առաքելություններից մեկը»։

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին ևս շնորհավորել է շրջանավարտներին՝ ընդգծելով, որ դիպլոմների հանձնումը ոչ միայն ուսումնառության կարևոր փուլի ավարտն է, այլև նոր ճանապարհի սկիզբ։

Անդրադառնալով Միսաք Մանուշյանի անունը կրող շրջանավարտների հոսքին՝ ռեկտորն ընդգծել է, որ նրա կյանքի ուղին քաջության, նվիրումի և պատասխանատվության օրինակ է, իսկ անունը խորհրդանշում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված առանձնահատուկ ամուր կապը։

Ողջունելով շրջանավարտներին՝ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն շնորհավորել է ուսումնառության հաջող ավարտի կապակցությամբ՝ ընդգծելով, որ ձեռք բերած հայկական և ֆրանսիական դիպլոմները լավ հնարավորություն են մասնագիտական հետագա առաջընթացի համար։ Դեսպանը նշել է, որ շրջանավարտներն իրենց հետագա գործունեությամբ դառնալու են ոչ միայն Հայաստանի ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչները, այլև Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ամրապնդման մասնակիցները։

Հայաստանում ֆրանսիական համալսարանի 2025-2026 ուստարվա «Միսաք Մանուշյան» անունը կրող շուրջ 500 շրջանավարտները հանդիսավոր միջոցառման ընթացքում ստացել են դիպլոմներ։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ապրելու արվեստ» շարժման հիմնադիրի հետ (տեսանյութ)


Աշխարհ


ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հանդիպել է աշխարհահռչակ հոգևոր առաջնորդ, հումանիստ և խաղաղության ջատագով, «Ապրելու արվեստ» (Art of Living) միջազգային շարժման հիմնադիր Գուրուդև Շրի Շրի Ռավի Շանկարի հետ:

Դեսպանը նշել է, որ զրույցի ընթացքում քննարկել են խաղաղության վերաբերյալ նրա ուսմունքը, ինչպես նաև ներքին խաղաղության և երկխոսության կարևորությունը՝ տարաձայնությունները հաղթահարելու և խաղաղություն կառուցելու ճանապարհին։

«Շնորհակալ եմ իմաստուն և ոգեշնչող զրույցի համար»,– գրել է Նարեկ Մկրտչյանը։



Հայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալել է ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահին


Հայաստան


Հայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալել է ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահ Տիմուր Տուրլովին։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Այցի ընթացքում Տիմուր Տուրլովը ծանոթացել է Ակադեմիայի գործունեությանը, կրթական ծրագրերին և շախմատի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Հանդիպման հիմնական թեման է եղել շախմատի դերը կրթության մեջ։ Խոսվել է Հայաստանում ձևավորված փորձի, դպրոցական կրթության մեջ շախմատի դերի, ուսուցիչների և մարզիչների վերապատրաստման մասին։



Քննարկվել են արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարները


Հարեվաններ


Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի՝ փոքր արդյունաբերության և արդյունաբերական ավանների հարցերով տեղակալ Թահմորս Լահութիի հետ։

Ինչպես հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից, քննարկվել են երկու երկրների միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարները:

Հանդիպմանը նախորդել է ՀՀ դեսպանի այցելությունը «Շամսաբադ» արդյունաբերական ավան, որտեղ Գ. Հակոբյանը ծանոթացել է արդյունաբերական ավանի հնարավորություններին, շրջայց կատարել ավանին պատկանող ապակու և ատամների իմպլանտների արտադրամասերում: