Կառավարությունը կընդառաջի իրազեկման արշավին աջակցելու խնդրանքին. վարչապետի աշխատակազմ


Քաղաքականություն


ՀՀ Կառավարությունն ընդառաջելով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության դիմումին՝ աջակցելու է «Մի՛ դարձիր ընտրական հանցագործ» իրազեկման արշավին։ Այն կիրագործվի բացառապես հասարակական կազմակերպության ֆինանսական միջոցներով, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Նախաձեռնությունն ուղղված է ընտրական գործընթացների օրինականության պահպանմանը և ընտրակաշառքի կանխարգելմանը։ Արշավի շրջանակում պատրաստվել են թեմայի վերաբերյալ տեղեկատվական թռուցիկներ, որոնք կտրամադրեն Հայաստանի Հանրապետություն մուտք և ելք գործող անձանց՝ օդանավակայաններում և սահմանային անցակետերում։ Այս հանրային հաղորդակցության նախաձեռնության նպատակն է քաղաքացիների՝ երկիր մուտք և ելք գործելու պահին ապահովել հստակ և հասկանալի իրազեկում՝ հիշեցնելով, որ քվեարկության համար գումար վերցնելը կամ առաջարկելը քրեական հանցագործություն է և ենթակա է պատասխանատվության թե՛ ընդունողի, թե՛ առաջարկողի համար։ Նախաձեռնությունը կրում է կանխարգելիչ բնույթ և միտված է նվազեցնել ընտրակաշառքի դեպքերը՝ բարձրացնելով իրավական գիտակցությունն ու տեղեկացվածությունը, հատկապես բարձր ռիսկի խմբերում։

Սահմանակետերում տեղեկատվության տրամադրումը ընտրվել է որպես թիրախային և ազդեցիկ գործիք՝ ապահովելու համար, որ քաղաքացիները նախապես տեղեկացված լինեն հնարավոր իրավական հետևանքների մասին և զերծ մնան ապօրինի գործողություններից։



ԿԳՄՍՆ-ն 3 ահազանգ է ստացել դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին


Քաղաքականություն


Սիրելի քաղաքացիներ, այսօրվա դրությամբ ստացել ենք երեք ահազանգ ուսումնական հաստատություններում՝ դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշել է, որ 3 ահազանգն էլ վաղը կուղարկվեն դատախազություն։ Նմանատիպ խնդիրներ նկատելու դեպքում խնդրել է գրել իրեն կամ նախարարության էլեկտրոնային փոստին։

Նախարարը հավելել է` կրթական հաստատությունները կրթության համար են. «Ով չի հասկացել՝ կհասկացնենք»։



Մինչ Թրամփի այցը Չինաստան, կարեւոր որոշում չի ընդունվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գնալով ավելի է հիասթափվում պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցություններում Իրանի պահվածքից եւ ավելի լրջորեն է դիտարկում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը, CNN-ին հայտնել են իր աղբյուրները։  «Թրամփը կորցնում է համբերությունը՝ պայմանավորված Հորմուզի նեղուցի շարունակվող շրջափակմամբ, ինչպես նաեւ այն հանգամանքով, ինչը նա ընկալում է որպես իրանական ղեկավարության ներսում պառակտում, որը խոչընդոտում է միջուկային բանակցություններում էական զիջումների գնալուն»,- նշում է հեռուստաընկերությունը։

CNN-ի աղբյուրների խոսքով՝ Իրանի վերջին պատասխանը, որը Թրամփը նախօրեին անվանել էր «լիովին անընդունելի», ստիպել է նրա վարչակազմի մի շարք պաշտոնյաների կասկածել, որ Թեհրանը պատրաստ է զբաղեցնել լուրջ բանակցային դիրք։ Միեւնույն ժամանակ, զրուցակիցների պնդմամբ, Սպիտակ տանը կան տարբեր խմբեր, որոնք առաջարկում են այլընտրանքային քայլեր։

«Ոմանք, այդ թվում՝ Պենտագոնի պաշտոնյաներ, իրանցիներին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու ավելի ագրեսիվ ճնշման կողմնակիցն են, ներառյալ նպատակային հարվածները, որոնք էլ ավելի կթուլացնեն Թեհրանի դիրքերը։ Սակայն, ըստ աղբյուրների, մյուսները շարունակում են պնդել, որ պետք է հնարավորություն տալ դիվանագիտությանը»,- հաղորդում է CNN-ը։

Աղբյուրները նաեւ նշել են, որ Թրամփի շրջապատի շատ ներկայացուցիչներ ցանկանում են, որպեսզի Պակիստանի միջնորդները շատ ավելի ուղիղ լինեն իրանցիների հետ շփումներում։ Նրանք վստահ չեն, որ միջնորդները բավարար կոշտությամբ են փոխանցում Թրամփի դժգոհությունը։

Երկու աղբյուրի խոսքով՝ Պակիստանը հաճախ ԱՄՆ-ին ներկայացնում է Իրանի դիրքորոշման ավելի դրական տարբերակ, քան` իրականում կա։

Երկուշաբթի Թրամփը Սպիտակ տանը կրկին հանդիպել է ազգային անվտանգության հարցերով իր թիմի հետ ՝ քննարկելու հետագա տարբերակները։ Աղբյուրների խոսքով՝ հետագա քայլերի վերաբերյալ կարեւոր որոշում, հավանաբար, չի ընդունվի մինչ ԱՄՆ նախագահի այցը Չինաստան։ Այն նախատեսված է մայիսի 13-15-ը։

Մինչդեռ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը երկուշաբթի երեկոյան X սոցիալական ցանցում գրել է, որ Թեհրանը լիովին պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի։

Ըստ «Իռնա»գործակալության` Ղալիբաֆը նշել է, որ սխալ ռազմավարություններն ու սխալ որոշումներն անխուսափելիորեն հանգեցնում են աղետալի հետեւանքների։ «Ամբողջ աշխարհն արդեն ավելի վաղ գիտակցել է դա»,- հավելել է նա՝ ակնարկելով Իրանի հետ նախկին բախումների փորձը։ «Մենք պատրաստ ենք բոլոր տարբերակներին։ Նրանք շոկի կենթարկվեն»,- նշված է նրա գրառման մեջ։

Տեղի է ունեցել COP17-ի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հանդիպում


Աշխարհ


Մայիսի 11-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության, Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության և ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) համագործակցությամբ, անցկացվել է 2026թ. ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներին նվիրված հանդիպում։
 
Ճեպազրույցի ընթացքում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերը ներկայացրել են COP17 նախագահության տեսլականը, համաժողովի հիմնական բովանդակային առաջնահերթությունները և կազմակերպչական նախապատրաստական աշխատանքները։
 
Ճեպազրույցի ընթացքում ընդգծվել է COP17-ի կենտրոնական դերը՝ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջմղման գործում, ներառյալ դրա իրականացման հավաքական առաջընթացի առաջին գլոբալ վերանայման միջոցով։ Քննարկումները նաև անդրադարձել են կենսաբազմազանության ֆինանսավորմանը, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների բովանդակալից մասնակցության ապահովմանը, բնապահպանական գործընթացների միջև ավելի ամուր սիներգիաների խթանմանը, ինչպես նաև «Գործողություն հանուն բնության» խորագրի ներքո Երևանում լայն և ներառական մասնակցության ապահովման գործնական կազմակերպչական հարցերին։



Տավուշում վագոն-տնակ է այրվել | Top-News.am


Հայաստան


Մայիսի 11-ին` ժամը 20։34-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մետաղագործների թաղամասում այրվում է վագոն-տնակ։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:51-ին, մարվել՝ 22:08-ին։ Այրվել է ինքնաշեն, փայտե վագոն-տնակ՝ մոտ 50 քմ։



Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում


Մշակույթ


Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի տեղի կունենա մայիսի 16-17 -ին՝  2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում։ Հատկանշական է, որ այս տարի փառատոնը կմեկնարկի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման օրը` մայիսի 16-ին։ Փառատոնը Մեղրին կդարձնի արհեստների, ազգային մշակույթի և համեղ ուտեստների տոնական կենտրոն` համախմբելով վարպետների Հայաստանից, ԱՊՀ երկրներից, Վրաստանից և Իրանից։

Փառատոնն այս տարի կրում է «Ստեղծարար համայնք, կայուն ապագա» խորագիրը։ Մասնակիցներին սպասում է հայ և օտարազգի ժողովրդական վարպետների աշխատանքների ցուցահանդես-վաճառք` գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, խեցեգործություն, փայտարվեստ, դարբնություն և շատ ավելին, վարպետության դասեր, ազգային երգի ու պարի կենդանի կատարումներ, ավանդական խոհանոց` բացահայտելու Մեղրիին բնորոշ համերն ու խոհարարական գաղտնիքները, մանկական ծրագիր, լարախաղացի ներկայացում։

Համերգներով հանդես կգան «Կաթիլ» բենդը, Ժողովրդական արվեստների թանգարանի «Մանել» երգչախումբը, «Վարը Վարենկ» կրթամշակութային նախաձեռնությունը։

Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ` Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հետ համագործակցությամբ, ինչպես նաև Մեղրիի համայնքապետարանի, Մշակույթի զարգացման հիմնադրամի և ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի օժանդակությամբ։



ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չկա․ Պապոյան


Հարեվաններ


ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցրել է, որ Հայաստանի օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքների մասին հարցադրումները որակելով որպես «Կիկոսի մահվան» մասին պատմություն։

«Նման օրակարգ չկա։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ուստի ազդեցության մասին խոսելը նման է Կիկոսի մահվան մասին խոսելուն», – լրագրողների հետ զրույցում նշել է նախարարը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9–ին հայտարարել էր, որ Հայաստանը պետք է հստակեցնի իր արտաքին քաղաքական և տնտեսական վեկտորը՝ ընտրություն կատարելով ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։

Օրինակ, կարող է անցկացվել հանրաքվե, ասել էր ՌԴ նախագահը։ «Դա մեր գործը չէ, բայց սկզբունքորեն լիովին տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել և հայ քաղաքացիներին հարցնել, թե ինչպիսին կլինի նրանց ընտրությունը։ Այնուհետև մենք կանեինք համապատասխան եզրակացություններ և կձգտեինք մեղմ, խելացի և փոխշահավետ «բաժանման», – ասել էր նա։



2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվում են առցանց


ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման աշխատակարգը և ժամանակացույցը։

Դիմորդները կարող են դիմումները ներկայացնել մինչև մայիսի 15-ը ներառյալ էլեկտրոնային եղանակով՝ «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում այդ նպատակով ստեղծված հարթակի միջոցով:

Դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն հունիսի 1-30-ը ներառյալ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (հասցե՝ Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1)։

Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2026 թվականի 2-րդ քննաշրջանի ընթացքում «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների քննությունները հանձնում են գրավոր:

Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները 2026 թվականի 2-րդ քննաշրջանի ընթացքում «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհա­գրություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Հայոց լեզու և հայ գրականություն» «Ռուսաց լեզու», «Համաշխարհային պատմություն», Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), առարկաների քննությունները հանձնում են գրավոր:

Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում ավարտական և պետական ավարտական քննական առարկանները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահա­տա­կան­ները վերածելով 10 բալային համակարգի:

Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում ավարտական և պետական ավարտական քննական առարկանները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահա­տա­կան­ները վերածելով 10 բալային համակարգի:

Բանավոր քննությունները գնահատվում են 10 բալային համակարգով և համարվում են տարեկան գնահատականներ:

Գնահատականները գրանցելիս գնահատման 20 բալային համակարգից 10 բալային համակարգին անցման համապատասխանությունը կատարվում է համաձայն հետևյալ սանդղակի՝

8-9 միավոր – 4

10-11 միավոր – 5

12-13 միավոր – 6

14-15 միավոր – 7

16-17 միավոր – 8

18-19 միավոր – 9

20 միավոր – 10

Քննական թեստերը կազմում է ԳԹԿ-ն՝ առնվազն 4 թեստ յուրաքանչյուր առարկայից` գնահատման 20 բալային համակարգով:

Համաձայն աշխատակարգի՝ քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների կրթության իրավունքի իրացման նպատակով Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնին առաջարկվել է ձևավորել հանձնաժողով և անցկացնել 2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ՝ ԳԹԿ-ի կազմած գրավոր քննությունների թեստերով։


Գլխավոր դատախազի ղեկավարությամբ տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն


Հայաստան


Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ղեկավարությամբ, 2026 թվականի մայիսի 12-ին տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Արամ Արամյանը, Լիլիթ Գրիգորյանը, Էդգար Արսենյանը, Եղիազար Ավագյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Գլխավոր դատախազության ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի և կայազորների դատախազները:

Քննարկվել են զգայունություն ունեցող դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների հսկողությանը, վերահսկողությանը, ինչպես նաև աշխատանքի կազմակերպմանն ու կարգապահությանը վերաբերող մի շարք հարցեր:

Բարձրացված խնդիրների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը տվել է խիստ հանձնարարականներ, սահմանել դրանց կատարման ժամկետներ:



Հայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ Հայրապետյան


Տեսանյութեր


YouTube պաշտոնապես հայտարարել է, որ այսօրվանից Հայաստանում մեկնարկում է YouTube-ի գործընկերային ծրագիրը։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ տեղեկացնելով, որ սա նշանակում է, որ մոնետիզացիան այլևս հասանելի է մեր երկրում: