ԱՄՆ ռազմածովային ուժերի ղեկավարը հրաժարական է ներկայացրել


Քաղաքականություն


Պենտագոնը հայտարարել է ԱՄՆ Ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) նախարար Ջոն Ֆելանի հրաժարականի մասին։ Նա դարձավ հերթական ամերիկացի ռազմական պաշտոնյան, որ Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց և Պիտ Հեգսեթի՝ պաշտպանության նախարար նշանակվելուց հետո զրկվեց պաշտոնից։

Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Շոն Պարնելը հայտնել է, որ Ֆելանն անմիջապես լքում է իր պաշտոնը, իսկ նախարարի պարտականությունների ժամանակավոր կատարող կնշանակվի նրա տեղակալ Հունգ Կաոն։

Ֆելանի հրաժարականի մասին հայտնի դարձավ այն պահին, երբ շարունակվում է ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն ընդդեմ Իրանի (չնայած հայտարարված հրադադարին), իսկ ամերիկյան ռազմածովային ուժերը շարունակում են Հորմուզի նեղուցի ծովային շրջափակումը։

ԱՄՆ ՌԾՈՒ-ն չի պարզաբանել, թե ինչով է պայմանավորված Ֆելանի ազատումը։

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Հեգսեթն աշխատանքից ազատել էր ԱՄՆ Ցամաքային զորքերի շտաբի պետ Ռենդի Ջորջին։

Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո իրենց պաշտոնները լքել են արդեն ավելի քան 10 բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝

Գեներալ Չարլզ Բրաունը՝ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահը,

Ադմիրալ Լիզա Ֆրանկետին՝ ՌԾՈՒ շտաբի պետը,

Գեներալ Ջիմ Սլայֆը՝ Ռազմաօդային ուժերի շտաբի պետի տեղակալը,

Ջեֆրի Կրուզը՝ Ռազմական հետախուզության պետը։



Ամիրյան փողոցում. անկենսունակ ծառերի փոխարեն տնկվում են նոր ծառեր


Տեսանյութեր


Ամիրյան փողոցի բարեկարգումից հետո շարունակվում են նաև կանաչապատման աշխատանքները։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ միայն այսօր Ամիրյան փողոցի սկզբնամասից մինչև Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկն ընկած հատվածում տնկվել է կատալպա տեսակի 33 ծառ։ Դրանք հասնում են 15–20 մետր բարձրության և ձևավորում են լայն սաղարթ։ Նախատեսվում է տնկել ևս 70 ծառ:

+



Իրանը միշտ կողմ է եղել ԱՄՆ-ի հետ հակամարտության խաղաղ կարգավորմանը


Քաղաքականություն


Իրանը միշտ ողջունել է բանակցությունները, սակայն ԱՄՆ-ի սպառնալիքները և շրջափակումը խոչընդոտում են խաղաղ կարգավորմանը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունել է երկխոսությունը և շարունակում է հավատարիմ մնալ այդ մոտեցմանը։ Պարտավորությունների խախտումը, շրջափակումը և սպառնալիքներն իրական բանակցությունների հիմնական խոչընդոտներն են», – գրել է նա X-ում։

Ապրիլի 11-ին Թեհրանը և Վաշինգտոնը բանակցություններ են վարել Իսլամաբադում, սակայն մի շարք տարաձայնությունների պատճառով կողմերը չեն կարողացել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ։

Ապրիլի 21-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու իր մտադրության մասին։ Իրանի պետական ​​հեռուստատեսության հաղորդմամբ՝ Թեհրանը մտադիր չէ ճանաչել Վաշինգտոնի կողմից հրադադարի միակողմանի երկարաձգումը և կգործի իր շահերին համապատասխան։



Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել


Ավտո


Ապրիլի 22-ին՝ ժամը 22։26-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեպար բնակավայրի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը․ կա տուժած։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը՝ մոտ 50 մետր: 

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և քաղաքացիների ու պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ վարորդին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։



Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները շարունակում են մնալ լուրջ և մտահոգիչ խնդիր


Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության համագործակցությամբ ապրիլի 22-ին Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդանի N2 հիմնական դպրոցում ցուցադրվել է «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմը՝ նվիրված սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թեմային։ Ողջույնի խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը, Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և դպրոցի տնօրեն Սուսաննա Ալեքսանյանը։

Իր խոսքում Անահիտ Մանասյանը, անդրադառնալով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրին, նշել է, որ, չնայած այս ուղղությամբ իրականացված քայլերին, այն շարունակում է մնալ մեր հասարակության համար լուրջ և մտահոգիչ խնդիր՝ մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության ապահովման տեսանկյունից։

«Այս երևույթի պատճառները բազմազան են՝ սեռով պայմանավորված կարծրատիպեր, տղա երեխա ունենալու գերակայող նախապատվություն, ինչպես նաև ընտանիքի ներսում և միջավայրում առկա ճնշումներ։ Անհրաժեշտ է հասկանալ, որ մեր շուրջը ապրում են բազմաթիվ մարդիկ, ովքեր բախվում են այս խնդրին, և որոնց ճակատագրերի վրա այն թողնում է խոր և ցավալի ազդեցություն։ Ցավոք, մենք հաճախ չենք նկատում այդ մարդկանց, նրանց հույզերն ու ապրումները։ Մենք պետք է ոչ միայն պայքարենք սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների երևույթի դեմ, այլև նպաստենք հանրային իրազեկության բարձրացմանը՝ ցույց տալով խնդիրը վերապրած մարդկանց, որ իրենք միայնակ չեն։ Այս համատեքստում նման նախաձեռնությունները բացառիկ կարևորություն ունեն՝ խթանելով հանրային մտածողության փոփոխությունն ու մարդու իրավունքների պաշտպանության մշակույթի ամրապնդումը», – ասել է Պաշտպանը։

Ֆիլմը ստեղծվել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ և անդրադառնում է Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հրատապ խնդրին։

Դիտմանը ներկա են եղել Կոտայքի մարզպետի աշխատակազմի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, ինչպես նաև ուսումնական հաստատության ուսուցիչները, դպրոցի աշակերտները և թեմայով հետաքրքրված այլ անձինք։

Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի է ունեցել թեմատիկ պանելային քննարկում, որին մասնակցել են Անահիտ Մանասյանը, Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը, Լիլիթ Ստեփանյանը և «Հայի բռունցք» հասարակական կազմակերպության նախագահ Գարիկ Աղասյանը։

Քննարկումը մոդերացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության փորձագետ Արմեն Նավասարդյանը։

Ամփոփելով իր խոսքը՝ Պաշտպանը շեշտել է, որ նման միջոցառումները կարևոր են ոչ միայն խնդրի շուրջ հանրային իրազեկվածության բարձրացման, այլև հասարակության մեջ հարգանքի, հավասարության և համերաշխության միջավայրի ձևավորման տեսանկյունից։

Անահիտ Մանասյանը նաև ընդգծել է ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով բոլորի ջանքերը մեկտեղելու կարևորությունը և վերահաստատել է Մարդու իրավունքների պաշտպանի պատրաստակամությունը՝ աջակցելու համապատասխան նախաձեռնություններին։


Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին


Տեսանյութեր


Ապրիլի 20-ին, ժամը 22։23-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Հալաբյան փողոցում դանակահարել են ավտոբուսի վարորդին և փախել։

Դեպքի վերաբերյալ ահազանգ էր ստացվել նաև հիվանդանոցից, երբ շտապօգնության խումբը ծակած-կտրած վերքով բուժօգնության էր տեղափոխել 8 համարի երթուղին սպասարկող 44-ամյա վարորդին։

Դեպքի վայր մեկնած համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել էին, որ անհայտ անձը վիճել է ավտոբուսի վարորդի հետ, ինչի ընթացքում սուր կտրող-ծակող առարկայով հարվածել վերջինիս։ Ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը եղել էր ոչ սթափ վիճակում։

Ապրիլի 22-ին, ժամը 16։40-ին, համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և խուլիգանության ու մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել է մշտական բնակության վայր չունեցող 55-ամյա տղամարդը։

Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Կատարվում է նախաքննություն։



Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին


Տեսանյութեր


Ապրիլի 20-ին, ժամը 22։23-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Հալաբյան փողոցում դանակահարել են ավտոբուսի վարորդին և փախել։

Դեպքի վերաբերյալ ահազանգ էր ստացվել նաև հիվանդանոցից, երբ շտապօգնության խումբը ծակած-կտրած վերքով բուժօգնության էր տեղափոխել 8 համարի երթուղին սպասարկող 44-ամյա վարորդին։

Դեպքի վայր մեկնած համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել էին, որ անհայտ անձը վիճել է ավտոբուսի վարորդի հետ, ինչի ընթացքում սուր կտրող-ծակող առարկայով հարվածել վերջինիս։ Ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը եղել էր ոչ սթափ վիճակում։

Ապրիլի 22-ին, ժամը 16։40-ին, համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և խուլիգանության ու մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել է մշտական բնակության վայր չունեցող 55-ամյա տղամարդը։

Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Կատարվում է նախաքննություն։



Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը


Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հասարակական կարգի պահպանության, անվտանգության ապահովման, քաղաքացիների հոսքերի արդյունավետ կառավարման և պետական արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կգործեն երթևեկության և տեղաշարժի ժամանակավոր սահմանափակումներ.

ապրիլի 24-ին՝ ժամը 6։00-ից 24։00-ը, տրանսպորտային միջոցների համար երկկողմանի փակ կլինեն՝

✔️Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի հատվածը մինչև Քըրք Քըրքորյան (նախկին՝ Լենինգրադյան) փողոցը,

✔️Հրազդանի կիրճից դեպի «Հրազդան» մարզադաշտ տանող ճանապարհահատվածը։

☑️Քաղաքացիների մուտքի և ելքի կազմակերպում․

✔️ Քաղաքացիների համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը կկազմակերպվի գլխավոր ծառուղով՝ Քըրք Քըրքորյան (նախկին՝ Լենինգրադյան) փողոցի կողմից,

✔️ելքը՝ դեպի Բրազիլիայի հրապարակ։

Այստեղից քաղաքացիների համար կկազմակերպվի համայնքային ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներով անվճար փոխադրում։

Տեղեկացնում ենք, որ հիշատակի միջոցառման խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման նպատակով  արգելվելու է քաղաքացիների ընդհանուր հոսքին հակառակ տեղաշարժը՝ բացառությամբ ակնհայտ հաշմանդամություն ունեցող և նրանց ուղեկցող անձանց համար։

☑️Պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝

✔️ժամը 07։00-ից 10։00-ն ժամանակավորապես կսահմանափակվի քաղաքացիների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

✔️Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ապրիլի 23-ին՝ ժամը 18։00-21։00-ն ընկած ժամանակահատվածում, կսահմանափակվի երթևեկությունը Հանրապետության հրապարակ մտնող փողոցներում։

✔️Ժամը 20։00-ից կսահմանափակվի երթևեկությունը հետևյալ ուղղությամբ՝

Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ, Բաղրամյան պողոտա -Բարեկամության հրապարակ, Կիևյան փողոց – Կիևյան կամուրջ՝ մինչև Հալաբյան և Քըրք Քըրքորյան փողոցների խաչմերուկ ճանապարհահատվածում։

Հարգելի՛ քաղաքացիներ, պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։


ԱՄՆ-ը իրանական դրոշի ներքո նավարկող երեք տանկեր է առգրավել


Քաղաքականություն


ԱՄՆ զինված ուժերը Ասիայի ջրային տարածքներում առգրավել են իրանական դրոշի ներքո նավարկող առնվազն երեք տանկեր և փոխել դրանց ընթացքը՝ հեռացնելով Հնդկաստանի, Մալայզիայի և Շրի Լանկայի մերձակայքում գտնվող դիրքերից. գրում է Reuters-ը․

Վաշինգտոնը խստացնում է սահմանափակումները Իրանի ծովային առևտրի նկատմամբ, մինչդեռ Իրանը կրակ է բացել նավերի ուղղությամբ՝ փորձելով կանխել դրանց անցումը Հորմուզի նեղուցով։ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների սկսվելուց գրեթե երկու ամիս անց, անկայուն հրադադարի պայմաններում խաղաղ բանակցությունների վերսկսման նշանները շարունակում են սակավ մնալ։

Հորմուզի նեղուցի փակումը խաթարել է համաշխարհային նավթի և գազի մատակարարումների շուրջ մեկ հինգերորդը՝ առաջացնելով էներգետիկ լուրջ ճգնաժամ։ Վերջին օրերին ամերիկյան ուժերը կալանել են իրանական մեկ բեռնատար նավ և մեկ նավթատար տանկեր։ Իրանը, իր հերթին, հայտարարել է, որ չորեքշաբթի օրը կալանել է երկու կոնտեյներատար նավ, որոնք փորձում էին լքել Պարսից ծոցը Հորմուզի նեղուցով։ Սա պատերազմի սկսվելուց ի վեր Իրանի կողմից իրականացված նավերի առաջին կալանման դեպքն է։

ԱՄՆ զինվորականները դեռևս չեն արձագանքել միջադեպերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու հարցումներին։

Կալանված նավերից մեկը իրանական դրոշով նավարկող «Deep Sea» սուպերտանկերն է, որը մասամբ բեռնված էր հում նավթով։ MarineTraffic հարթակի տվյալներով՝ այն վերջին անգամ գրանցվել էր Մալայզիայի ափերի մոտ մեկ շաբաթ առաջ։

Կալանվել է նաև ավելի փոքր «Sevin» տանկերը, որի առավելագույն տարողությունը կազմում է 1 միլիոն բարել, և որը բեռնված էր մոտ 65 տոկոսով։ Այն վերջին անգամ նկատվել էր Մալայզիայի ափերի մոտ մեկ ամիս առաջ։

Երրորդը իրանական «Dorena» սուպերտանկերն է, որը լիովին բեռնված էր շուրջ 2 միլիոն բարել հում նավթով։ Այն վերջին անգամ գրանցվել էր Հարավային Հնդկաստանի ափերի մոտ երեք օր առաջ։



Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր երեք մասնակից ունի


Սպորտ


Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 23-ին, Հայաստանն ունի երեք մասնակից: Այս մասին հայտնում է ֆեդերացիան։

 

Ժամը 16:00-ին տղամարդկանց 88 կգ քաշային կարգում մրցահարթակ դուրս կգա Ռաֆիկ Հարությունյանը:

 

Ժամը 19:00-ին՝ կանանց 77 կգ քաշային կարգում կմրցեն Աննա Ամրոյանն ու Ալինա Սուքիասյանը: