«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-18:00-ն, կդադարեցվի Կոնդ, Ռուսթավելու, Սիմեոն Երևանցու փողոցների, Պարոնյան 28, 28/1 շենքերի ջրամատակարարումը:
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-18:00-ն, կդադարեցվի Կոնդ, Ռուսթավելու, Սիմեոն Երևանցու փողոցների, Պարոնյան 28, 28/1 շենքերի ջրամատակարարումը:
«Մեր երկրի տեղը Եվրոպայում է, և մենք նորից կդառնանք ուժեղ եվրոպական դաշնակից և ՆԱՏՕ-ի անդամ, կվերականգնենք մեր դիրքերը Եվրոպայում»,- աջակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հունգարիայի խորհրդարանի ընտրությունում հաղթանակած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը։ Նա հավելել է, որ իր առաջին արտասահմանյան ուղևորությունները կլինեն Վարշավա և Վիեննա, որից հետո կայցելի Բրյուսել՝ ԵՄ-ին կոչ անելու բացել միլիարդավոր եվրոների սառեցված միջոցները։
Մադյարը նաև կոչ է արել Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկին անմիջապես հրաժարական տալ՝ կառավարություն ձևավորելու խնդրանքով դիմելուց հետո։ Նա նմանատիպ ուղերձ է հղել Վիկտոր Օրբանի նշանակած մյուս առաջնորդներին, իր խոսքերով՝ այն խամաճիկներին, որոնք իշխանություն են զբաղեցրել վերջին 16 տարում: Նախընտրական քարոզարշավի ընթացքում «Տիսան» այդ պաշտոնյաներին մեղադրել է կուսակցության, այլ ոչ թե ժողովրդի շահերը ներկայացնելու համար։
Ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով ապրիլի 13-ին՝ ժամը 09։35-ից, դադարեցվել է Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Այդ մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:
Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետը՝ ժամը 16։00-ն։
Ապրիլի 4-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնից Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ճանապարհի աջակողմյան հատվածում կազմակերպվում է շնամարտ։ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածում, որը վերնագրված է՝ Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, ի թիվս այլ ձևակերպումների, որպես դաժան վերաբերմունքի դրսևորում նշված է նաև կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը։ Չնայած այս պարզ ձևակերպմանը՝ ապրիլի 4-ի ահազանգը բոլորովին էլ եզակի դեպք չէր։ Ի դեպ, շնամարտ կազմակերպողներն իրենց արարքն արդարացնելու համար այդ մարտերը կոչում են թեստավորում։
«Դինգո թիմ» ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյանի խոսքով՝ կենդանին վնասվում է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, և երբ կազմակերպիչներն ասում են, որ սրանք մարտեր չեն, այլ թեստավորում՝ իրականության հետ ոչ մի կապ չունի։
2025 թվականին արձանագրվել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի 31 դեպք, ու սրանց մեջ կան նաև շնամարտի կազմակերպման դեպքեր։ Նույն ժամանակահատվածում բացահայտվել է 14 դեպք։ Իսկ այս տարի, մինչև ապրիլի 7-ը, երբ պատրաստվում էր տեսանյութը, համայնքային ոստիկաններն արդեն իսկ արձագանքել են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին 32 ահազանգի։ Սա նշանակում է, որ աճել է ոչ թե դաժան վերաբերմունքի, այլ այդ մասին ահազանգող մտահոգ քաղաքացիների թիվը։ Նաև ակտիվացել է խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների և իրավապահ մարմինների համագործակցությունը։
«Այսօր ՀՀ-ում գործում են մի շարք ՀԿ-ներ, որոնք զբաղվում են տնային կենդանիների պաշտպանությամբ։ Եվ գրեթե բոլոր ՀԿ-ների կանոնադրություններում կա առանձին կետ, որ կենդանիների նկատմամբ դաժան դեպքեր հայտնաբերելու դեպքում, օրենքով սահմանված կարգով, պետք է տեղեկացնեն պատկան մարմիններին և միջոցներ ձեռնարկեն նմանատիպ դեպքերը բացառելու և կանխելու նպատակով»,-ասում է «Ադել» տնային կենդանիների պաշտպանության ՀԿ նախագահ Մարթա Մելիքսեթյանը։
Վերադառնանք ապրիլի 4-ի դեպքին, որն էականորեն տարբերվում էր նմանատիպ այլ դեպքերից, քանի որ քրեական վարույթ նախաձեռնվեց ոչ միայն 307-րդ, այլև Քրեական օրենսգրքի երկու այլ հոդվածների հատկանիշներով։
«Ադել» տնային կենդանիների պաշտպանության ՀԿ նախագահ Մարթա Մելիքսեթյանը մանրամասնում է․ ««Ադել» տնային կենդանիների ՀԿ-ն, ապրիլի 2-ին ստանալով տեղեկություն, որ Լոռու մարզում, Սպիտակ քաղաքի հարակից տարածքում պետք է իրականացվի շնամարտ՝ տարբեր ՀԿ-ներից ստեղծել է աշխատանքային խումբ և մեկնել է Սպիտակ»։
Հասարակական կազմակերպությունների անդամները տեղ հասնելով՝ համոզվեցին, որ իսկապես կազմակերպվել է շնամարտ։
Հասարակական կազմակերպությունների կանոնադրության պահանջների համաձայն՝ կենդանասեր-կենդանապաշտպաններն ահազանգեցին 112 ծառայություն։
«Դոգ-մա» ՀԿ համանախագահ Գոհար Տեր-Անտոնյանը նշում է․ «Ոստիկանությանն ուզում եմ շնորհակալություն հայտնել, քանի որ ահազանգից 4 րոպե հետո եղել է տեղում։ Եվ բացի նրանից, որ միանգամից դադարեցվել է շնամարտը, Ոստիկանության պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ շնամարտ կազմակերպողները չկարողացան փախուստի դիմել»։
«Ոստիկանության ծառայողները, հասնելով նշված վայր, ձերբակալել են շնամարտի կազմակերպիչներից երեքին և տեղափոխել Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժին տրանսպորտային միջոցների և ութ շների հետ միասին», – ասում է ՀՈԳՎ ավագ տեսուչ Դավիթ Դիպլոշյանը։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սպիտակի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ ոչ միայն կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, այլև խուլիգանության ու ֆիզիկական ներգործության հատկանիշներով։
Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի համաձայն՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք է նաև կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը։ Ուստի հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ չխախտել օրենքի պահանջը և դրանով իսկ խուսափել քրեական պատասխանատվությունից։
Իսրայելական ուժերը լայնածավալ օդային և հրետանային հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին, ինչի հետևանքով կան զոհեր և ավերածություններ։ Լիբանանի ազգային լրատվական գործակալության (NNA) հաղորդմամբ՝ Բազուրիե, Նաբատիե Էլ Ֆաուկա, Սիր Էլ Ղարբիե և Շուկին բնակավայրերում առնվազն հինգ մարդ է զոհվել։
Հարվածների թիրախում են հայտնվել նաև Բինթ Ջբեյլ, Մաջդալ Զուն և Բեյթ ալ-Սայյադ քաղաքները։ Բացի ավիահարվածներից, իսրայելական զինուժը կիրառել է ծանր հրետանի, իսկ Տյուրոսի շրջանի Զիբկին բնակավայրի ուղղությամբ արձակվել են նաև ֆոսֆորային արկեր։
Լիբանանում գործողության ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները հայտնաբերել և ոչնչացրել են ստորգետնյա թունելային երթուղի, որն օգտագործվում էր «Հեըզբոլլահի» կողմից՝ իսրայելցի զինվորների դեմ ահաբեկչական գործողություններ պլանավորելու և իրականացնելու համար։
Ռազմական գործողությունների աշխարհագրությունն ընդգրկել է հարավային մի շարք այլ շրջաններ ևս, այդ թվում՝ Ալ-Հանիա և Ալ-Մանսուրի բնակավայրերը, որոնք նույնպես ենթարկվել են հզոր հրետակոծության։ Լիբանանյան կողմը հայտնում է, որ իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, իսկ հարձակումների ինտենսիվությունը չի նվազում։
Deutsche Lufthansa AG-ի, Lufthansa Cargo AG-ի և Lufthansa CityLine GmbH-ի օդաչուներն ապրիլի 13-ին գործադուլ են սկսել: Գործադուլին միացել են նաև Eurowings GmbH-ի օդաչուները, որոնք չվերթներ են իրականացնում Գերմանիայի օդանավակայաններից: Գործադուլը նախաձեռնել է Vereinigung Cockpit օդաչուների արհմիությունը։ DPA լրատվական գործակալության տվյալներով՝ ամենաշատը տուժել են Ֆրանկֆուրտի և Մյունխենի օդանավակայանները։
Deutsche Lufthansa AG-ի, Lufthansa Cargo AG-ի և Lufthansa CityLine GmbH-ի գործադուլը կտևի մինչև ապրիլի 14-ը, տեղական ժամանակով ժամը 23:59-ը:
«Vereinigung Cockpit (VC) օդաչուների արհմիությունը ստիպված է այս քայլին դիմել, քանի որ գործատուն աշխատանքային մի քանի վեճերի լուծումը գտնելու հարցում հստակ պատրաստակամությու չի արտահայտել: Հակառակ Զատկի տոներին գործադուլից հրաժարվելու գիտակցված որոշմանը՝ լուրջ առաջարկներ չեն արվել: Գործատուների կողմից ո՛չ արձագանք է եղել, ո՛չ էլ բանակցությունների հստակ պատրաստակամություն»,- հայտարարել է VC նախագահ Անդրեաս Պինեյրոն։
Արհմիության ներկայացուցիչները գործադուլի կոչը բացատրել են հանգամանքով, որ Lufthansa-ն կամ Lufthansa Cargo-ն դեռևս չեն ներկայացրել առաջարկներ կորպորատիվ կենսաթոշակային ծրագրերի վերաբերյալ: Նմանատիպ իրավիճակ է նաև CityLine-ի աշխատակիցների կոլեկտիվ պայմանագրի առաջարկների հետ կապված: «Ավելին, Eurowings-ի առաջարկը կորպորատիվ կենսաթոշակային ծրագրերի վերաբերյալ անընդունելի է»,- նշել է VC-ն։
Պինեյրոն գործադուլը անվանել է «ծայրահեղ միջոց, ձախողված բանակցությունները փրկելու փորձ» և դրա համար մեղադրել է գործատուին: VC-ն նաև կոչ է արել իր անդամներին մասնակցել UFO բորտուղեկցորդների արհմիության հանրահավաքին, որը տեղի կունենա ապրիլի 15-ին՝ Ֆրանկֆուրտի օդանավակայանում, Lufthansa-ի գրասենյակի առջև։
Սա Lufthansa-ում սա գործադուլների չորրորդ ալիքն է տարվա սկզբից ի վեր։
Գաբալայում տեղի ունեցած հանդիպման շրջանակում քննարկել ենք նաև տարածաշրջանային հարցեր՝ հաշվի առնելով մեր հարևանությամբ տեղի ունեցող զարգացումները: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ Նարեկ Մինասյանը:
«Երկու կողմերն էլ միակարծիք են, որ մի կողմից՝ ուկրաինական պատերազմը, մյուս կողմից՝ Իրանի շուրջ զարգացումներն ավելի լուրջ մարտահրավերներ են ստեղծում Հարավային Կովկասի համար, որը փաստացի այս պահին դարձել է կայունության և խաղաղության որոշակի կղզյակ, երբ մեր շուրջը տեղի են ունենում նման բուռն զարգացումներ:
Միևնույն ժամանակ մեզ համար ակնհայտ էր, որ Նախիջևանի օդանավակայանի վրա հարձակումից հետո ադրբեջանական կողմի մտահոգություններն ավելի են սրվել այս ուղղությամբ, և առնվազն արձանագրվել է, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շահերից է բխում, որ տվյալ հակամարտությունները չընդլայնվեն տարածաշրջանում, և իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորվի»,- ասաց նա:
Ըստ Նարեկ Մինասյանի՝ քննարկվել է նաև հարցը, թե տարածաշրջանային այս զարգացումներն ինչպես կարող են ազդել TRIPP-ի կյանքի կոչման վրա՝ հաշվի առնելով, որ իրանական ուղղությամբ զարգացումները դեռևս շարունակվում են:
«Իսլամաբադի բանակցությունները, ըստ էության, տապալվեցին: Բավականին մեծ է անորոշությունը, թե ինչպես կզարգանա իրավիճակը, և ինչ հետևանքներ կունենա այն տարածաշրջանի համար:
Ուշագրավ էր նաև այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը բավականին հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ Հայաստանը և Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ են, և տարածաշրջանային մարտահրավերներն ընդհանուր են, հետևաբար պետք է գնահատել նաև ներկայիս իրավիճակը և փորձել այն ամրապնդել:
Միևնույն ժամանակ կար նաև այն կարծիքը, որ երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը և կարգավորման գործընթացում առկա ձեռքբերումները որոշակի անվտանգային իմունիտետ են ստեղծել երկու երկրի համար, որի բացակայության դեպքում մեծ կլիներ ռիսկը, որ երրորդ երկրները կարող են միջամտել, և տարածաշրջանային այս պատերազմը կարող է նաև ընդլայնել իր աշխարհագրությունը»,- ասաց նա:
1lurer.am
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Նորվեգիայի Թագավորության կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Անդրեաս Բյելանդ Էրիկսենի հրավերով ապրիլի 13-15-ը աշխատանքային այցով կգտնվի Օսլոյում։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:
Այցի հիմնական նպատակն է ամրապնդել Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության միջև համագործակցությունը կենսաբազմազանության պահպանության ոլորտում, ինչպես նաև քննարկել երկու երկրների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրականացման ընթացքը։ Հուշագիրը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման նպատակով։
Այցի շրջանակում նախատեսվում են բարձրաստիճան նախարարական հանդիպումներ և մասնագիտական քննարկումներ, որոնք կկենտրոնանան ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների վրա։
Քննարկումների օրակարգում ներառված են նաև քաղաքային կլիմայական գործողություններին, կլիմայական հարմարվողականությանը, ազգային և գլոբալ մակարդակներում կենսաբազմազանության կառավարմանը, կլիմայական դիվանագիտությանը, գենետիկական ռեսուրսների թվային հաջորդականության տեղեկատվությանը (DSI), ինչպես նաև կենսաբազմազանության ֆինանսավորմանը վերաբերող հարցեր։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի միջև սիներգիկ համագործակցության հնարավորություններին։
Այցը նպատակ ունի խթանելու երկկողմ քաղաքական երկխոսությունը և ձևավորել գործնական առաջարկներ, որոնք կարող են ներկայացվել COP17-ի ընթացքում՝ որպես Հայաստանի և Նորվեգիայի համատեղ ներդրում միջազգային բնապահպանական գործընթացներում։
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ելփին բնակավայրի մանկապարտեզի շենքը կառուցված է: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում #ինչպեսխոստացելէի հեշթեգի ներքո գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: