ԱԱՀ-ի հաշվարկման նոր կարգ՝ ոսկեգործության և ադամանդագործության ոլորտների խթանման համար. նախագիծ


Բիզնես


Նախագծի նպատակը ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կանոնների վերանայումն է՝ ոսկեգործության ոլորտի զարգացման համար նպաստավոր հարկային միջավայր ձևավորելու ակնկալիքով: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 8-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագիծը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Առաջարկվում է սահմանել, որ ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրեր արտադրողի կողմից արտադրված՝ ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ  անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի  և տվյալ իրի արտադրության համար օգտագործված ոսկու և թանկարժեք քարերի ձեռք բերման գնի դրական տարբերությունը, բայց ոչ պակաս, քան օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի 10 տոկոսը:

Ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի առևտրական գործունեությամբ զբաղվող անձանց կողմից ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի և տվյալ իրի ձեռք բերման գնի (ներառյալ՝ ԱԱՀ-ն) դրական տարբերությունը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն, որ առաջարկվող կարգավորումների կիրառության պարագայում հաճախ կլինեն իրավիճակներ, երբ պետական բյուջե վճարվող ԱԱՀ-ի գումարներն ավելի փոքր են, քան հաշվանցվող ԱԱՀ-ի գումարները (որի պարագայում վերջնարդյունքում կձևավորվեն պետական բյուջեից վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարներ)՝ նախագծով առաջարկվում է նաև ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի առևտրական գործունեությամբ զբաղվող անձանց մասով սահմանափակել ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքներին վերագրվող ձեռքբերումների մասով մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշվում կամ մաքսային հայտարարագրում կամ ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարների հաշվանցման իրավունքը:

«Մենք համոզված ենք, որ այս փոփոխությունները մեծապես նպաստելու են այս ոլորտների զարգացմանը,  քանի որ առաջարկը ստացել ենք ոսկեգործության և ադամանդագործության ոլորտի մեր տնտեսավարող սուբյեկտներից՝ որպես հավաքական առաջարկ»,- ասել է փոխնախարարը: Նա հավելել է, որ նախագիծը քննարկված է ոլորտի տնտեսվարողների կողմից և շատ սպասված է:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին, այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:



Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Արման Սահակյանը


Հայաստան


Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի խումբ անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

1lurer.am-ի տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանն է։



Գլխավոր դատախազը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր


Քաղաքականություն


Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը:

Աննա Վարդապետյանը ողջունել է Դեյվիդ Ալենին ՀՀ գլխավոր դատախազությունում, բարձր է գնահատել մի շարք ուղղություններով Հայաստանում ԱՄՆ դեսպանության հետ փոխգործակցությունն ու ընդգծել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ՀՀ դատախազության վստահելի գործընկերն է. այդ մասին են վկայում 2025 թվականին ամերիկյան կողմի ներկայացուցիչների հետ ՀՀ դատախազության ներկայացուցիչների հանդիպումների հաճախականությունն ու արդյունավետությունը։

ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը արդյունավետ է գնահատել ՀՀ դատախազության հետ փոխգործակցությունը և ՀՀ գլխավոր դատախազի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են քրեական վարույթների շրջանակում իրավական օգնությանը, հանձնումներին և այլն:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ թեմաների, անդրադարձ է կատարվել Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակներում Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմինների միջև արդյունավետ համագործակցության արդյունքում՝ ԱՄՆ իրավասու դատարանի որոշմամբ հաստատված՝ հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան վաճառքից ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու ընթացքին և ժամկետներին:



Գլխավոր դատախազը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր


Քաղաքականություն


Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը:

Աննա Վարդապետյանը ողջունել է Դեյվիդ Ալենին ՀՀ գլխավոր դատախազությունում, բարձր է գնահատել մի շարք ուղղություններով Հայաստանում ԱՄՆ դեսպանության հետ փոխգործակցությունն ու ընդգծել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ՀՀ դատախազության վստահելի գործընկերն է. այդ մասին են վկայում 2025 թվականին ամերիկյան կողմի ներկայացուցիչների հետ ՀՀ դատախազության ներկայացուցիչների հանդիպումների հաճախականությունն ու արդյունավետությունը։

ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը արդյունավետ է գնահատել ՀՀ դատախազության հետ փոխգործակցությունը և ՀՀ գլխավոր դատախազի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են քրեական վարույթների շրջանակում իրավական օգնությանը, հանձնումներին և այլն:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ թեմաների, անդրադարձ է կատարվել Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակներում Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմինների միջև արդյունավետ համագործակցության արդյունքում՝ ԱՄՆ իրավասու դատարանի որոշմամբ հաստատված՝ հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան վաճառքից ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու ընթացքին և ժամկետներին:



Հօգուտ Դիլիջան համայնքի՝ կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ


Հայաստան


Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հուլիսի 10-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի՝ 1368 քմ մակերեսով հողամասի՝ 2008 թվականի օգոստոսի 18-ին տեղի ունեցած աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով: Դատարանը 2026 թվականի մարտի 31-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը:

Նկատի ունենալով, որ առկա է հողամասը վերադարձնելու անհնարինություն, որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հողամասը ձեռք բերող ֆիզիկական անձից հօգուտ Դիլիջան համայնքի՝ կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ (հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ ձեռքբերման պահի դրությամբ):



«Մեկ առողջություն». Հայաստանը պատրաստ է համագործակցել միջազգային բոլոր գործընկերների հետ


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Լիոնում մասնակցում է Ֆրանսիայի կառավարության կողմից կազմակերպված բարձր մակարդակի «Մեկ առողջություն» միջազգային գագաթնաժողովին: Միջազգային փորձի փոխանակմանն ու ջանքերի մեկտեղմանն ուղղված գագաթնաժողովի նպատակն է խթանել մարդու, կենդանիների և էկոհամակարգերի առողջության փոխկապակցվածությունը:

 

«Կենսաբազմազանության պաշտպանությունը մեր ապագայի կայունության և առողջության հիմնարար նախապայմանն է։ Առողջությունն ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ է, և մեր պարտքն է ներկա և ապագա սերունդների համար ապահովել կայուն և անվտանգ միջավայր։ Հայաստանը պատրաստ է համագործակցել միջազգային բոլոր գործընկերների հետ՝ այս սկզբունքները վերածելու չափելի և գլոբալ արդյունքների»,- ելույթում նշել է Անահիտ Ավանեսյանը: Նախարարը ներկայացրել է հանրային առողջության ոլորտում Հայաստանի մոտեցումներն ու իրականացվող բարեփոխումները:

 

Գագաթնաժողովին քննարկվել է կենսաբազմազանության պաշտպանության, հակամանրէային դիմադրության, կայուն սննդային համակարգերի զարգացմանն ուղղված աշխատանքների անհրաժեշտությունը: Գագաթնաժողովի շրջանակում նախարարը մասնակցել է երկկողմ և բազմակողմ ձևաչափով մի շարք հանդիպումների, որոնք կնպաստեն համագործակցության նոր հնարավորությունների ձևավորմանն ու ընդլայնմանը։

 

«Մեկ առողջություն» խորագրով գագաթնաժողովը բացառիկ հնարավորություն է վերաձևակերպելու գլոբալ ինստիտուցիոնալ համակարգերը և ձևավորելու միասնական «մեկ առողջության» մշակույթ։ Հայաստանն այս հարթակը դիտարկում է որպես գործողություններին ուղղված բազմակողմ համագործակցության կարևոր խթան և լիովին հանձնառու է այս օրակարգին:


Ավելի քան 4 մլրդ դրամի հատկացում մարզերում մանկապարտեզների նորոգմանը և նախակրթարանների ստեղծմանը

Կառավարության որոշմամբ 4 մլրդ 52 մլն դրամ ֆինանսավորում է հատկացվել մարզերում 37 մանկապարտեզի հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները մեկնարկելու և 5 դպրոցում նախակրթարաններ հիմնելու նպատակով։ Որոշո

Նախատեսվում է ներդրումների մասին նոր օրենք ընդունել


Հայաստան


Նախագծի նպատակն է ամրագրել ներդրումային հարաբերությունների արդի պահանջներին համապատասխանեցված, պարզ, թափանցիկ և կանխատեսելի իրավական հիմքեր՝ ապահովելու ներդրողների իրավունքների պաշտպանությունը, ներդրումների ազատությունը և խթանումը, ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ի հերթական  նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Ներդրումների մասին» օրենքի նախագիծը:

Նշվել է, որ նախագծի ընդունմամբ կձևավորվի ներդրումային հստակ և կանխատեսելի իրավական միջավայր, որը Հայաստանին հնարավորություն կտա բարձրացնել իր միջազգային ներդրումային վարկանիշը և մրցունակությունը, ներդրումային գրավչությունը և խթանել կայուն ու ներառական տնտեսական աճը:

 Փոխնախարարի տեղեկացմամբ՝ ներկայում գործում է  «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքը, որն ընդունվել է 1994 թվականին, սակայն չի ապահովում ներդրումային գործընթացի ժամանակակից պահանջներին համարժեք ամբողջական  կարգավորում: Զեկուցողի խոսքով՝ նախագծով սահմանված կարգավորումները տարածվելու են ոչ միայն օտարերկրյա, այլև տեղացի ներդրողների և ներդրումների վրա:

Օրենքը կարգավորելու է Հայաստանի Հանրապետությունում ներդրումների իրավական հիմքերը, ներդրողների և նրանց ներդրումների նկատմամբ կիրառվող ազատությունները, երաշխիքները, ներդրողների իրավունքներն ու այդ իրավունքների պաշտպանության կառուցակարգերը, ներդրողների պարտականությունները, ներդրումային խթանների՝ արտոնությունների, իրավական հիմքերը, տրամադրման սկզբունքներն ու վարչարարությունը: Կարգավորվելու է  նաև ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ շրջանակը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագիծը քննարկվել է երկար ժամանակ, տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ շահագրգիռ գործարարների մասնակցությամբ:

Նշվել է, որ նախագծի ընդունումից հետո ուժը կորցրած կճանաչվի «Օտարերկրյա ներդրումների մասին» գործող օրենքը:

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:



Արմավիրի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել


Տեսանյութեր


Բնակարանային գողության վերաբերյալ առաջին հաղորդումը Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր դեռևս անցած տարվա նոյեմբերի 16-ի գիշերը։ Հայտնել էին, որ հարսանիքից վերադարձել են Մրգաշատ գյուղի իրենց տուն և տեսել, որ պատուհանից մուտք գործելու միջոցով գողացել են ոսկեղեն ու 10 հազար դոլլար։ Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Մարտի 22-ի գիշերը բնակարանային գողության վերաբերյալ ևս երկու հաղորդում ստացվեց նույն գյուղի երկու այլ բնակիչներից։ Երկու դեպքում էլ, օգտվելով տանտերերի բացակայելու հանգամանքից, բացել էին եվրոպատուհանը և գողացել մի դեպքում գումար, մյուս դեպքում՝ ոսկեղեն։

Կասկածելիների շրջանակը նեղացավ, և Արմավիրի քրեական ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումները հասան տրամաբանական ավարտի։

Հիշյալ գողությունները կատարելու կասկածանքով ապրիլի 6-ին ձերբակալվեցին ու վարչություն տեղափոխվեցին նույն գյուղի բնակիչ 30-ամյա մի տղամարդ ու նրա համագյուղացի ընկերուհին։
Նրանք ներկայացվեցին նախաքննական մարմին։
30-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Ձեռնարկվում են միջոցներ երեք դեպքով գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։



Անդրադարձ է կատարվել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵՆ-ից:

 

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումը ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում իրականացվող ծրագրերը, մասնավորապես անդրադարձ է կատարվել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքին։ Քրիստինե Ղալեչյանը ընդգծել է, որ ծրագրում գործադրված ջանքերի և իրանական ընկերության ակտիվ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի աշխատանքներն ավարտել նախատեսված ժամկետներում՝ 2027 թ․։