Նավթի համաշխարհային գները կտրուկ աճ են արձանագրել


Աշխարհ


Ասիական շուկաների բացման հետ մեկտեղ նավթի համաշխարհային գները կտրուկ աճ են արձանագրել՝ կրկին հատելով 100 դոլարի սահմանագիծը։ Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքն աճել է 7,3%-ով՝ հասնելով 102,30 դոլարի, իսկ West Texas Intermediate (WTI) տեսակինը՝ 8,7%-ով՝ կազմելով 104,94 դոլար։

Շուկայի նման արձագանքը պայմանավորված է Վաշինգտոնի և Թեհրանի միջև հանգստյան օրերին ընթացող բանակցությունների ձախողմամբ և նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրանական նավահանգիստները շրջափակելու որոշմամբ։

Էներգետիկ ճգնաժամի խորացման մտավախությունները մեծացել են այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ երկշաբաթյա պայմանական հրադադարի շուրջ ձեռք բերված նախնական համաձայնությունը չի վերածվել վերջնական գործարքի։ 

Հիշեցնենք, որ Հորմուզի նեղուցով է անցնում համաշխարհային էներգակիրների փոխադրումների մեկ հինգերորդ մասը, և փետրվարի 28-ից սկսված հակամարտության պատճառով այս կարևոր ջրային ուղին հայտնվել է փակուղում։ Չնայած որոշ երկրների հաջողվել էր նախապես պայմանավորվել իրենց նավերի անվտանգ անցման շուրջ, ընդհանուր առմամբ բեռնափոխադրումները մնում են կանգնած։



Երևանի քաղաքապետարանն ապրիլի 18-ին նախատեսում է Հրազդանի կիրճում շաբաթօրյակ անցկացնել


Հայաստան


Ապրիլի 18-ին Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Հրազդանի կիրճում անցկացնել շաբաթօրյակ, քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ տեղեկացրել է Բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը։ Միջոցառումն իրականացվում է «Green Green» կազմակերպության հետ համագործակցությամբ և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ:

Հավաքված աղբը ենթարկվելու է տեսակավորման: «Ունենալու ենք տեսակավորված աղբից ստացված երկրորդային հումքով պատրաստված արվեստի գործերի ցուցադրություն, ինչպես նաև մասնակիցներին ներկայացնելու ենք Հրազդանի կիրճի բարեկարգման հայեցակարգային որոշ նմուշներ, և նրանք հնարավորություն կունենան քվեարկությամբ ընտրել դրանցից մեկը»,- ասել է Հայկազյանը։

2026թ. ապրիլի 18-ը (շաբաթ) աշխատանքային օր է՝ մայիսի 4-ի փոխարեն: 




Այսօրվանից ԱԺ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը կարող են ներկայացնել իրենց հայտերը


Քաղաքականություն


Այսօրվանից արդեն հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը կարող են պաշտոնապես ներկայացնել իրենց հայտերը: Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն մինչև ապրիլի 23-ի ժամը 18:00-ն:

ԿԸՀ-ն քաղաքական ուժերի ընտրական ցուցակների գրանցումը կկատարի ապրիլի 23-ից մայիսի 3-ը:

Նախընտրական քարոզչությունը պաշտոնապես կմեկնարկի մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ի ժամը 24:00-ն:

Քվեարկության նախորդ օրը՝ հունիսի 6-ը, լռության օր է. այդ օրն արգելվում է քարոզչությունը:



Շաբաթվա տվյալներով հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակն ավելացել է 15-ից մինչև 30 %


Հայաստան


Շաբաթվա միջինացված տվյալներով Երևանում հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակն ավելացել է 15-ից մինչև 30 տոկոս, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Քաղաքապետը հայտարարել է, որ Երևանում հասարակական տրանսպորտում շաբաթական կտրվածքով չկատարված վճարումների գումարով հնարավոր կլիներ 2 նոր ավտոբուս ձեռք բերել։

«Շաբաթական 70-80 միլիոն դրամի չվճարում ունենք, ինչի հաշվին երկու ավտոբուս կարող էինք գնել։ Այսինքն՝ չվճարողները բողոքում են նրանից, որ իրենց անպարտաճանաչության հետևանքով մենք ավել ավտոբուս չենք գնում։ Չնայած որ մենք ամեն տարի գնել ենք և այս տարի ևս գնելու ենք ու որակն էլ ենք բարելավելու։ Մարդկանց, որոնք չեն վճարում, մենք որպես բեռ մեր վզին տանում ենք»,-ասել է քաղաքապետը։ Նա շնորհակալություն է հայտնել պարտաճանաչ քաղաքացիներին, նաև վարորդներին։

2025 թվականի հունվարի 1-ից Երևանում ամբողջությամբ ներդրվել է տոմսային նոր համակարգը: Գործում են վճարումից խուսափելու համար նախատեսված տուգանքները.

  • Տոմսը չվավերացնելու համար՝ 3,000 դրամ:
  • Չվճարելու համար՝ 10,000 դրամ:
  • Ուրիշի արտոնյալ տոմսն օգտագործելու համար՝ 15,000 դրամ: 



Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում


Բիզնես


«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-18:00-ն, կդադարեցվի Կոնդ, Ռուսթավելու, Սիմեոն Երևանցու փողոցների, Պարոնյան 28, 28/1 շենքերի ջրամատակարարումը:



Հունգարիան նորից կդառնա ԵՄ-ի ուժեղ դաշնակիցը


Քաղաքականություն


«Մեր երկրի տեղը Եվրոպայում է, և մենք նորից կդառնանք ուժեղ եվրոպական դաշնակից և ՆԱՏՕ-ի անդամ, կվերականգնենք մեր դիրքերը Եվրոպայում»,- աջակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հունգարիայի խորհրդարանի ընտրությունում հաղթանակած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը։ Նա հավելել է, որ իր առաջին արտասահմանյան ուղևորությունները կլինեն Վարշավա և Վիեննա, որից հետո կայցելի Բրյուսել՝ ԵՄ-ին կոչ անելու բացել միլիարդավոր եվրոների սառեցված միջոցները։

Մադյարը նաև կոչ է արել Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկին անմիջապես հրաժարական տալ՝ կառավարություն ձևավորելու խնդրանքով դիմելուց հետո։ Նա նմանատիպ ուղերձ է հղել Վիկտոր Օրբանի նշանակած մյուս առաջնորդներին, իր խոսքերով՝ այն խամաճիկներին, որոնք իշխանություն են զբաղեցրել վերջին 16 տարում: Նախընտրական քարոզարշավի ընթացքում «Տիսան» այդ պաշտոնյաներին մեղադրել է կուսակցության, այլ ոչ թե ժողովրդի շահերը ներկայացնելու համար։



Գազամատակարարման վթարային դադարեցում Պռոշյան բնակավայրում


Ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով ապրիլի 13-ին՝ ժամը 09։35-ից, դադարեցվել է Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Այդ մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:

 

Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետը՝ ժամը 16։00-ն։



Ոստիկանների և կենդանապաշտպանների համագործակցության շնորհիվ կանխվեց շնամարտը


Ապրիլի 4-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնից Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ճանապարհի աջակողմյան հատվածում կազմակերպվում է շնամարտ։ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածում, որը վերնագրված է՝ Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, ի թիվս այլ ձևակերպումների, որպես դաժան վերաբերմունքի դրսևորում նշված է նաև կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը։ Չնայած այս պարզ ձևակերպմանը՝ ապրիլի 4-ի ահազանգը բոլորովին էլ եզակի դեպք չէր։ Ի դեպ, շնամարտ կազմակերպողներն իրենց արարքն արդարացնելու համար այդ մարտերը կոչում են թեստավորում։

«Դինգո թիմ» ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյանի խոսքով՝ կենդանին վնասվում է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, և երբ կազմակերպիչներն ասում են, որ սրանք մարտեր չեն, այլ թեստավորում՝ իրականության հետ ոչ մի կապ չունի։

2025 թվականին արձանագրվել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի 31 դեպք, ու սրանց մեջ կան նաև շնամարտի կազմակերպման դեպքեր։ Նույն ժամանակահատվածում բացահայտվել է 14 դեպք։ Իսկ այս տարի, մինչև ապրիլի 7-ը, երբ պատրաստվում էր տեսանյութը, համայնքային ոստիկաններն արդեն իսկ արձագանքել են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին 32 ահազանգի։ Սա նշանակում է, որ աճել է ոչ թե դաժան վերաբերմունքի, այլ այդ մասին ահազանգող մտահոգ քաղաքացիների թիվը։ Նաև ակտիվացել է խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների և իրավապահ մարմինների համագործակցությունը։

«Այսօր ՀՀ-ում գործում են մի շարք ՀԿ-ներ, որոնք զբաղվում են տնային կենդանիների պաշտպանությամբ։ Եվ գրեթե բոլոր ՀԿ-ների կանոնադրություններում կա առանձին կետ, որ կենդանիների նկատմամբ դաժան դեպքեր հայտնաբերելու դեպքում, օրենքով սահմանված կարգով, պետք է տեղեկացնեն պատկան մարմիններին և միջոցներ ձեռնարկեն նմանատիպ դեպքերը բացառելու և կանխելու նպատակով»,-ասում է «Ադել» տնային կենդանիների պաշտպանության ՀԿ նախագահ Մարթա Մելիքսեթյանը։

Վերադառնանք ապրիլի 4-ի դեպքին, որն էականորեն տարբերվում էր նմանատիպ այլ դեպքերից, քանի որ քրեական վարույթ նախաձեռնվեց ոչ միայն 307-րդ, այլև Քրեական օրենսգրքի երկու այլ հոդվածների հատկանիշներով։
«Ադել» տնային կենդանիների պաշտպանության ՀԿ նախագահ Մարթա Մելիքսեթյանը մանրամասնում է․ ««Ադել» տնային կենդանիների ՀԿ-ն, ապրիլի 2-ին ստանալով տեղեկություն, որ Լոռու մարզում, Սպիտակ քաղաքի հարակից տարածքում պետք է իրականացվի շնամարտ՝ տարբեր ՀԿ-ներից ստեղծել է աշխատանքային խումբ և մեկնել է Սպիտակ»։
Հասարակական կազմակերպությունների անդամները տեղ հասնելով՝ համոզվեցին, որ իսկապես կազմակերպվել է շնամարտ։

Հասարակական կազմակերպությունների կանոնադրության պահանջների համաձայն՝ կենդանասեր-կենդանապաշտպաններն ահազանգեցին 112 ծառայություն։
«Դոգ-մա» ՀԿ համանախագահ Գոհար Տեր-Անտոնյանը նշում է․ «Ոստիկանությանն ուզում եմ շնորհակալություն հայտնել, քանի որ ահազանգից 4 րոպե հետո եղել է տեղում։ Եվ բացի նրանից, որ միանգամից դադարեցվել է շնամարտը, Ոստիկանության պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ շնամարտ կազմակերպողները չկարողացան փախուստի դիմել»։

«Ոստիկանության ծառայողները, հասնելով նշված վայր, ձերբակալել են շնամարտի կազմակերպիչներից երեքին և տեղափոխել Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժին տրանսպորտային միջոցների և ութ շների հետ միասին», – ասում է ՀՈԳՎ ավագ տեսուչ Դավիթ Դիպլոշյանը։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սպիտակի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ ոչ միայն կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, այլև խուլիգանության ու ֆիզիկական ներգործության հատկանիշներով։
Նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի համաձայն՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք է նաև կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը։ Ուստի հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ չխախտել օրենքի պահանջը և դրանով իսկ խուսափել քրեական պատասխանատվությունից։


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 10-ից 13-ը

Բացահայտվել է 294 հանցագործություն, որոնցից 21-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝77 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող ա

Իսրայելը Լիբանանում ոչնչացրել է ստորգետնյա թունելային երթուղի


Քաղաքականություն


Իսրայելական ուժերը լայնածավալ օդային և հրետանային հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին, ինչի հետևանքով կան զոհեր և ավերածություններ։ Լիբանանի ազգային լրատվական գործակալության (NNA) հաղորդմամբ՝ Բազուրիե, Նաբատիե Էլ Ֆաուկա, Սիր Էլ Ղարբիե և Շուկին բնակավայրերում առնվազն հինգ մարդ է զոհվել։

Հարվածների թիրախում են հայտնվել նաև Բինթ Ջբեյլ, Մաջդալ Զուն և Բեյթ ալ-Սայյադ քաղաքները։ Բացի ավիահարվածներից, իսրայելական զինուժը կիրառել է ծանր հրետանի, իսկ Տյուրոսի շրջանի Զիբկին բնակավայրի ուղղությամբ արձակվել են նաև ֆոսֆորային արկեր։

Լիբանանում գործողության ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները հայտնաբերել և ոչնչացրել են ստորգետնյա թունելային երթուղի, որն օգտագործվում էր «Հեըզբոլլահի» կողմից՝ իսրայելցի զինվորների դեմ ահաբեկչական գործողություններ պլանավորելու և իրականացնելու համար։

Ռազմական գործողությունների աշխարհագրությունն ընդգրկել է հարավային մի շարք այլ շրջաններ ևս, այդ թվում՝ Ալ-Հանիա և Ալ-Մանսուրի բնակավայրերը, որոնք նույնպես ենթարկվել են հզոր հրետակոծության։ Լիբանանյան կողմը հայտնում է, որ իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, իսկ հարձակումների ինտենսիվությունը չի նվազում։