Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ եվրասիական ու տարածաշրջանային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը ընտրվել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ:

Նշենք, որ հանձնաժողովի նախագահն է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը, նա փոխարինում է նախկին նախագահ Վաղարշակ Հակոբյանին, ով հրաժարվել է պատգամավորական գործունեությունից:

Երևանում 5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձ կալանավորվել է. ՔԿ

Երևանում 5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձ կալանավորվել է. այս մասին հայտնել է Քննչական կոմիտեն:

Տեղեկություններ են ստացվել, որ օտարերկրյա քաղաքացին առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 5 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է մաքսանենգ ճանապարհով տեղափոխել Հայաստան:

Հայտնաբերվել են թմրամիջոցների տեղադրման վայրը, որտեղ փաթեթները վերցնելու պահին ձերբակալվել էին Երևան քաղաքի բնակիչներ Ա.Մ.-ն, Տ.Բ.-ն, Դ.Բ.-ն և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:

Երևանում բախվել են Chevrolet Volt-ը և Hongqi-ն․ վերջինը բախվել է ծառին․ կա վիրավոր

Սեպտեմբերի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Էրեբունի և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Մարիամ Ն․-ի վարած «Chevrolet Volt» և 51-ամյա Արայիկ Պ․-ի վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչ խոտածածկույթի վրա և բախվել ծառին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներին և Արայիկ Պ․-ի ուղևոր, Երևանի բնակիչ 65-ամյա Սոֆյա Ն․-ին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, այնուհետև Սոֆյա Ն․-ին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ վարորդները հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ իրենք չեն տուժել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Թաշա Հարիսին նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան

Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան է նշանակվել Թաշա Հարիսին։

Այս մասին տեղեկացնում են դեսպանությունից:

«Թաշան ավելի քան քսան տարվա դիվանագիտական փորձ ունի և Երևանում աջակցելու է ՄԹ-Հայաստան ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանը։

Նա նաև ցանկանում է հայերեն սովորել և բացահայտել Հայաստանի պատմությունը, մշակույթն ու բնաշխարհը»,- ասվում է դեսպանության տարածած հաղորդագրությունում

Քննչական կոմիտեն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել

ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում տեղեկացնել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ, 78-ը՝ քաղաքացիական անձինք:

Այս մասին պարզաբանել են Քննչական կոմիտեից:

Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։

Քոչարյանի պաշտպանական թիմը դիտարկում է միջազգային ատյաններ դիմելու հնարավորությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիտարկում է միջազգային ատյաններ դիմելու հնարավորությունը։

Այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Գուցե դիմենք ՄԻԵԴ կամ գուցե ՄԱԿ, որովհետև երկուսն իրար բացառող բաներ են։ Պարտադիր բոլոր իրավական գործիքներն օգտագործվելու են»,- ասուլիսի ժամանակ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` ասաց Հովհաննես Խուդոյանը։

Նա նշեց, որ միջազգային ատյաններ դիմելը միանշանակ իրավական գործընթացի պարտադիր բաղկացուցիչ է։ Որոշ դեպքերում նախապայմաններ կան, օրինակ` եթե հրատապության խնդիր չկա, կյանքին, առողջությանը սպառնացող, խոշտանգման վտանգներ չկան, ենթադրվում է, որ ներպետական ատյանները պետք է սպառել, հետո նոր հասնել եվրոպական դատարան կամ որևէ այլ միջազգային կառույց։

Բացառություններ կան այն դեպքում, երբ հիմնավորվում է, որ ներպետական ատյաններն արդյունավետ չեն։

Խուդոյանը նշեց, որ տվյալներ են հավաքագրվում, թե դատական և իրավապահ համակարգերն ինչպես են գործում, ուստի հնարավոր է՝ արտահերթ դիմեն։

Մետրոյում սարսափելի վիճակ է, չեն տեղավորվում մարդիկ, օդափոխության համակարգ չկա. Իզաբելլա Աբգարյան

Փաստ է, որ Երևանի մետրոպոլիտենն իր հնարավոր հզորության կեսով է աշխատում, պատճառը շարժակազմի սակավությունն է: Որոշակի ժամերին, կարծում եմ՝ տեղյակ եք, որ մետրոյում նույնիսկ սարսափելի վիճակ է, չեն տեղավորվում մարդիկ, հատկապես ուսանողությունը բողոքում է, որ առավոտյան նույնիսկ բաց է թողնում մի քանի շարժակազմ, որ կարողանա նստել:

Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ հարց ուղղելով փոքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին:

Նա նշեց, որ տեղյակ է՝ կառավարությունը գումարներ հատկացրել է այս խնդրի լուծման համար:

«Ե՞րբ կունենանք շարժակազմ, ե՞րբ կունենանք լիարժեք գործող մետրոպոլիտենի գնացքներ, ոչ թե այսօրվա պես գրեթե մի երկու երթուղայինի ուղևոր տանող հզորություն ունեցող գնացքներ»,- ասաց նա:

Տեսանյութ:

Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի «Դանիելյան» սուպերմարկետից մի քաղաքացի փորձել է գողություն կատարել, սակայն անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը, և կասկածյալը հարվածել է անվտանգության աշխատակցին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կասկածյալը և անվտանգության աշխատակիցը տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են կասկածյալի և անվտանգության աշխատակցի ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կանադական Bombardier ընկերությունն այլևս չի կարողանա իր ինքնաթիռները վաճառել ԱՄՆ-ում, եթե արտադրությունը չտեղափոխի Միացյալ Նահանգներ։

«Bombardier-ի վաճառքն ԱՄՆ-ում այլևս չի լինի։ Եթե նրանք ցանկանում են մուտք գործել մեր շուկա, պետք է այստեղ արտադրեն և դադարեն Ամերիկային վերաբերվել որպես խոզուկի»,– գրել է Թրամփը Truth Social-ում։

Ինչպես հայտնում է BBC-ն, հայտարարությունը հնչել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև առևտրային լարվածության սրման ֆոնին։ Թրամփի հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ անց Կանադան հայտարարել է ամերիկյան շուրջ 20 միլիարդ դոլարի ապրանքների նկատմամբ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին։

ԱՄՆ-ն և Կանադան մինչ այժմ չեն կարողացել համաձայնության գալ առևտրային պայմանների շուրջ։ Սպիտակ տունը մի շարք կանադական ապրանքների նկատմամբ սահմանել է մինչև 50% մաքսատուրք։

Միաժամանակ, դեռևս հստակ չէ, թե ինչ մեխանիզմով է Թրամփի վարչակազմը նախատեսում արգելել Bombardier-ին գործունեություն ծավալել ԱՄՆ շուկայում։ Սպիտակ տունը չի հստակեցրել նաև, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկվել ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության կողմից հաստատված ինքնաթիռների մատակարարումները սահմանափակելու համար։

Մոնրեալում գտնվող Bombardier-ը մասնագիտացած է բիզնես ինքնաթիռների արտադրության ոլորտում։ Ընկերությունն արդեն գործարան ունի ԱՄՆ-ի Կանզաս նահանգում, որտեղ արտադրում է հատուկ նշանակության ռազմական ինքնաթիռներ և աշխատում է շուրջ 3500 ամերիկացի։

Ընկերության տվյալներով՝ Bombardier-ի ինքնաթիռներն արտադրվում են Կանադայի, ԱՄՆ-ի և Մեքսիկայի գործարաններում։ Bombardier-ը Կանադայի խոշորագույն ընկերություններից է և Քվեբեկ նահանգի խոշորագույն արտադրական գործատուներից մեկը։


Թամարա Քալանթարյան