ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «TRIPP»-ի հիմնադրման վերաբերյալ օրինագիծը

ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության հիմնադրման համար օրենքի նախագիծը։

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծն ընդունվեց 64 կողմ ձայնով։

Ընդդիմադիր խմբակցությունները նիստին չեն մասնակցում։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը 2027թ․-ին Ալբանիայում չի կայանա

ՆԱՏՕ-ի 2027 թվականի գագաթնաժողովը Ալբանիայում չի անցկացվի։ Այս մասին հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին, Դուբլինում հայտարարել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Ալբանիան ընտրվել է որպես դաշինքի հաջորդ գագաթնաժողովը հյուրընկալող երկիր, սակայն դրա անցկացման ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ։

«Հաստատ ոչ 2027 թվականին», — լրագրողներին ասել է Ռաման։

Նա հավելել է, որ եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրները պայմանավորվեն առաջնորդների հանդիպումն անցկացնել 2028 թվականին, ապա այն տեղի կունենա Ալբանիայում։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովները հաստատուն ժամանակացույց չունեն։

Սովորաբար դրանք նախապես են ծրագրվում, սակայն անհրաժեշտության դեպքում առաջնորդների հանդիպումը կարող է հրավիրվել ավելի կարճ ժամկետում։
Վերջին տարիներին դաշինքի անդամ երկրների ղեկավարները հանդիպել են ամեն տարի։ Բացի այդ, 2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո անցկացվել են ՆԱՏՕ-ի երկու արտահերթ գագաթնաժողովներ։

«ՔԿՀ-ում մարդ է մահանում, շարասյունը հղի կին է սպանում, ասում եք՝ մենք կապ չունենք․ դուք ինչի՞ հետ կապ ունեք»․ Քրիստինե Վարդանյան

«ՔԿՀ-ում մարդ է մահանում, շարասյունը հղի կին է սպանում, ասում եք՝ մենք կապ չունենք․ դուք ինչի՞ հետ կապ ունեք»․ Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քրեակատարողական հիմնարկում մարդ է մահանում՝ մենք կապ չունենք,
     Բանակում ոչ մարտական զոհերի թիվն աճում է՝ մենք կապ չունենք,
     Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահերի թիվն աճում է՝ մենք կապ չունենք,
     Կացարանում զինվորները ողջ-ողջ այրվում են՝ մենք կապ չունենք,
     Քաղաքի կենտրոնում պայթյուն է տեղի ունենում՝ զոհերով՝ մենք կապ չունենք,
     Շարասյունը հղի կին է սպանում՝ մենք կապ չունենք,
     Երևանում ճգնաժամ է՝ մենք կապ չունենք,
     Ադրբեջանցի զինվորը հասնում է խորքային բնակավայր՝ մենք կապ չունենք,
     Արցախում էթնիկ զտում է իրականանում՝ մենք կապ չունենք։
     Բա դուք ինչի՞ հետ կապ ունեք»։

ԱՄՆ-ից հետո Բրազիլիան ևս հրաժարվել է Թրամփի և Պուտինի գործարքով մատակարարված ռուսական դիզելային վառելիքից․ Bloomberg

ԱՄՆ-ից հետո Բրազիլիայի գնորդները ևս ձեռնպահ են մնում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի «դիզելային գործարքի» շրջանակում Ռուսաստանից մատակարարված վառելիքը գնելուց։ Ռուսական կողմի առաջարկած գները շահավետ չեն, իսկ Միացյալ Նահանգներից դիզելային վառելիքի ներմուծումն ավելի էժան կարժենար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ մեջբերելով հարավամերիկյան թրեյդերների գնահատականները։

Բրազիլացի գնորդներին առաջարկվել է վառելիքի չորս խմբաքանակ, պարզաբանում է ներմուծողների տեղական Abicom խմբի նախագահ Սերժիու Արաուժուն։ Նոյեմբերի կեսի դրությամբ չորս լցանավ՝ Leruo-ն, Cerrado-ն, Primorye-ն և Athina-ն, շարունակում են շարժվել Հյուսիսային Ամերիկայից դեպի Հարավային Ամերիկա։ Դրանք ընդհանուր առմամբ տեղափոխում են շուրջ 1,1 մլն բարել՝ մոտ 145–150 հազար տոննա ռուսական դիզելային վառելիք։ Եթե կողմերը փոխզիջման հասնեն, և բրազիլացի գնորդները ձեռք բերեն վառելիքը, միայն այդ գնման ծավալը գրեթե կրկնակի կգերազանցի հոկտեմբերին Ռուսաստանից ներմուծած դիզելային վառելիքի ամբողջ ծավալը։

2026 թվականի դրությամբ Բրազիլիան աշխարհում դիզելային վառելիքի երկրորդ խոշորագույն ներմուծողն է՝ տարեկան գնելով շուրջ 45 մլն բարել։ Արտասահմանյան մատակարարումներն ապահովում են երկրի՝ այս վառելիքի պահանջարկի մոտ մեկ երրորդը։ Բրազիլական շուկայում պահանջարկը սովորաբար գագաթնակետին է հասնում օրացուցային տարվա վերջին, երբ Հարավային կիսագնդում եղանակն առավել բարենպաստ է գյուղատնտեսական աշխատանքների համար։ Դիզելային վառելիքով աշխատող բեռնատարները պարարտանյութ են տեղափոխում, իսկ ֆերմերներն այն օգտագործում են նաև տրակտորների համար։

«Դիզելային գործարքի» շրջանակում, որի մասին Թրամփը հայտարարել էր հոկտեմբերի 9-ին, Ռուսաստանը պետք է ամերիկյան և համաշխարհային շուկաներ մատակարարեր հոկտեմբերին ավելի քան 300 հազար տոննա վառելիք, նոյեմբերին՝ ևս 500 հազար տոննա, իսկ անմիջապես դրանից հետո՝ 1 մլն տոննա։ Սակայն Ռուսաստանից նավթամթերք տեղափոխող և Միացյալ Նահանգներ ուղևորվող բոլոր նավերը փոխել են իրենց երթուղիները։ Ամերիկյան ընկերությունները «չեն համարձակվել» գնել ռուսական վառելիքը՝ իրավական ռիսկերի և պատժամիջոցների պատճառով։

Չկայացած «գործարքից» հետո ԱՄՆ-ում մեկ գալոն՝ մոտ 3,8 լիտր դիզելային վառելիքի գինը հոկտեմբերի սկզբի 6,28 դոլարից ամսվա վերջին բարձրացել է մինչև 6,35 դոլար։ Դոնալդ Թրամփի գործողությունները քննադատության են արժանացել ԱՄՆ-ի երկու կուսակցությունների ներկայացուցիչների կողմից, հանգեցրել գործող նախագահի վարկանիշի անկմանը և, ի վերջո, դարձել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտության պատճառներից մեկը։

Հուսով եմ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններն ապագայում է՛լ ավելի կբարելավվեն․ Լիտվայի նախագահ

Հուսով եմ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններն ապագայում է՛լ ավելի կբարելավվեն․ հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ։

«Մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ միշտ շատ լավ են եղել, և մենք միշտ փորձել ենք հավասարակշռված մոտեցում պահպանել Կովկասի երկու երկրների նկատմամբ։  Ես շատ լավ անձնական հարաբերություններ ունեմ նախագահ Ալիևի հետ։ Հուսով եմ, որ այսօր հնարավորություն կունենամ հանդիպելու նրա հետ և քննարկելու որոշ երկկողմ հարցեր», – նշել է նա։

 

 

 

Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն. IODA

Հայաստանի իշխանությունները պետք է երաշխավորեն, որ Ստեփանավանի քաղաքապետի թեկնածու, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի՝ նոյեմբերի 10-ին անազատության մեջ արձանագրված հանկարծամահության դեպքը քննող Քննչական կոմիտեն գործի անկախ և զերծ մնա քաղաքական միջամտություններից։ Այս մասին հայտարարել է «Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարանը» (IODA)։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակը և միջազգային մյուս կառույցները նույնպես պետք է քննության առնեն այս ողբերգական պատահարը երկրում քաղաքական ընդդիմության նկատմամբ մինչդատական կալանքի չարաշահման ահագնացող դեպքերի համատեքստում. 2019 թվականից ի վեր անազատության մեջ մահացել են ընդդիմադիր երեք գործիչներ՝ Մհեր Եղիազարյանը, Արմեն Գրիգորյանը և Արսեն Գևորգյանը, իսկ 2025-ից ի վեր կալանավորների մահվան ընդհանուր թիվը հասել է 24-ի։

«Կալանավայրում ընդամենը երեք շաբաթ գտնվելուց հետո Գևորգյանի մահը ցայտուն կերպով ի ցույց է տալիս ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանավորումը որպես պատժիչ միջոց կիրառելու Հայաստանի իշխանությունների արատավոր պրակտիկան և պահանջում է անհապաղ ու անաչառ քննություն», — հայտարարել է IODA-ի խորհրդի անդամ Խոսե Մարիա Արանասը։ «Նրա մահը երկրում տիրող քրեակատարողական աղետալի պայմանների կանխատեսելի հետևանքն է, որտեղ 2025 թվականից ի վեր անազատության մեջ մահացել է 24 կալանավոր»։

Գևորգյանը մահացել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ հոկտեմբերի 21-ին կալանավորվելուց ի վեր առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետևանքով։ Իրավապահները նրան և ընդդիմադիր կուսակցության 14 այլ աջակիցների ձերբակալել էին աղմկահարույց «հակակոռուպցիոն» գործողությունների շրջանակում՝ հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններից ընդամենը օրեր առաջ, որոնցում Գևորգյանն առաջադրված էր Ստեփանավանի քաղաքապետի թեկնածու «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից։

Իշխանությունները ձերբակալել են ընդդիմադիր կուսակցությունների առնվազն 250 անդամների, լայնորեն կիրառելով նախնական կալանքը, նրանց մեկուսացնելու համար, որոշ դեպքերում՝ տարիներ շարունակ։ IODA-ի առաջիկա զեկույցը, որը կհրապարակվի Երևանում նոյեմբերի 18-ին, արձանագրում է իշխանությունների կողմից նախնական կալանքի և գույքի բռնագրավման օրենքների չարաշահումները՝ քաղաքական ընդդիմությանն ու քննադատներին թիրախային հետապնդումների ենթարկելու նպատակով։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում Գևորգյանի մահը ի ցույց է դնում քրոնիկական ինստիտուցիոնալ անտեսման և մարդու իրավունքների համակարգային խախտումների կործանարար հանգույցը։

Հիմնարկի պայմանները վաղուց ի վեր հայտնի են որպես խայտառակ անմխիթար և չեն համապատասխանում անգամ միջազգային տարրական չափանիշներին։ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը դեռ սույն ամսվա սկզբին հրապարակած զեկույցում արձանագրել էր կալանավայրերում տիրող աղետալի պայմանները։

Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (CPT) 2023 թ. զեկույցում, ինչպես նաև ՄԱԿ-ի մոնիտորինգային մարմինների 2024 թ. գնահատականներում «Նուբարաշենի» պայմանները հստակորեն որակվել են որպես անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք՝ ընդգծելով այնպիսի միջավայր, որտեղ մարդկային հիմնարար արժանապատվությունը համակարգված կերպով ոտնահարվում է:

«Արսեն Գևորգյանի մահը պետության հսկողության տակ գտնվելու ընթացքում չի կարող վերագրվել լոկ առողջական պատահական խնդրի։ Սա կառավարման համատարած ճգնաժամի ողբերգական ու անխուսափելի հետևանքն է, որտեղ իշխող թիմը կալանքը, որպես խափանման միջոց, ծառայեցնում է ինչպես պատժի և ահաբեկման գործիք», — հայտարարել է IODA-ի խորհրդի անդամ Սարա Լի Ուիթսոնը։

— «Ընդդիմադիր առաջնորդներին նախքան օրինական ուժի մեջ մտած դատավճիռը քայքայվող և միջազգայնորեն դատապարտված պայմաններում մեկուսացնելով՝ պետությունը նրանց գիտակցաբար ենթարկում է դաժան չարաշահումների»։

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ ՀՀ Քննչական կոմիտեն, անազատության մեջ արձանագրված մահվան դեպքերով պարտավոր է նախաձեռնել քրեական վարույթ։ Թեև Կոմիտեի անկախությունը երաշխավորված է Սահմանադրությամբ, այն լուրջ կասկածի տակ դրվեց դեռևս 2024 թվականին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի SMS հաղորդագրության պահանջով կոմիտեի նախագահը հրաժարական տվեց։ Իշխանությունները պետք է զերծ մնան կոմիտեի աշխատանքներին միջամտելուց, քանի դեռ իրականացվում է սույն մահվան դեպքի քննությունը։

Նոյեմբերի 10-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ Գևորգյանի մահվան փաստով սկսել է ուսումնասիրություն՝ պաշտոնական պարզաբանումներ պահանջելով պետական իրավասու մարմիններից։ Պաշտպանն ընդգծել է, որ պետությունը իրավական պատասխանատվություն է կրում անազատության մեջ գտնվող բոլոր անձանց կյանքի ու առողջության պահպանման համար և պարտավոր է ապահովել գործի բազմակողմանի ու օբյեկտիվ քննություն։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Քրեակատարողական ծառայությունը հայտարարել են, որ Գևորգյանը առողջական գանգատներ չի ունեցել նախքան երեքշաբթի վաղ առավոտյան հանկարծակի սրտի կանգ ունենալը։ Ցավակցություն հայտնելով հանդերձ՝ Գալյանը նշել է, որ անազատության մեջ մահվան դեպքեր տեղի են ունենում ամբողջ աշխարհում, և կտրականապես հերքել է քաղաքական հետապնդման առկայությունը։ Միևնույն ժամանակ, Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ և նշանակել դատաբժշկական փորձաքննություն։

IODA-ն կոչ է անում ՀՀ քննչական կոմիտեին ապահովել, որ Գևորգյանի մահվան հանգամանքների քննությունը ներառի նաև նրան բժշկական օգնության տրամադրման պատշաճության և պահման պայմանների գնահատումը։

Ուստի հատկապես կարևոր է, որ միջազգային ներկայացուցիչները և մարդու իրավունքների ոլորտի մանդատակիրները անկախ քննության ենթարկեն այս մահացու դեպքը որպես համակարգային չարաշահումների կարևոր ցուցիչ՝ մշտադիտարկման և երկրների գնահատման իրենց սահմանված մեխանիզմների միջոցով.

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակին (OHCHR)՝ քննելու այս դեպքը պահման անմխիթար պայմանների, համակարգային անպատժելիության և պետական հաշվետվողականության ընդհանուր համատեքստում.

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին (ODIHR)՝ մշտադիտարկելու, թե ինչպես է կառավարությունն օգտագործում մինչդատական կալանքը ընդդիմադիր գործիչների ճնշման նպատակով քաղաքական անցումային փուլերում.

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին և Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեին (CPT)՝ բարձրացնելու այս կրկնվող համակարգային խնդիրները երկրի մշտադիտարկման և հայաստանյան իշխանությունների հետ երկխոսության ընթացքում:

«Հաղթանակ» կամրջի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի


Ամանորյա տոնական ձևավորման գործընթացով պայմանավորված՝ նոյեմբերի 12-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 13-ը՝ ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը: Այս…