Հ1-ը Մայր Եկեղեցու դեմ պայքարի հարթակ դարձնելու համար ո՞վ է ազգից ներողություն խնդրելու․ Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանը անդրադարձել է 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին երգիչ Թաթայի համերգը ցուցադրած Հանրային հեռուստաընկերության ներողության տեքստին։

«Ներողություն միայն համե՞րգի համար է

Սեպտեմբերի 27-ի համերգը պարզապես կարծիքների մակարդակում չմնաց. Հ1-ն այսօր պաշտոնապես ընդունեց, որ դրա հեռարձակումը «սխալ էր», ամբողջությամբ ստանձնեց պատասխանատվությունը և հայտարարեց ընթացակարգերի վերանայման մասին։

Ավելին՝ նույնիսկ Թաթա Սիմոնյանն է իր համերգի հեռարձակումը պատերազմի տարելիցի օրը անվանել «արդարացում չունեցող կոպիտ սխալ» և նշել, որ նյութը հեռարձակվել է առանց իր հետ համաձայնեցնելու։

Բայց Հանրայինի խնդիրը միայն սխալ օրը սխալ համերգ դնե՞լն է, թե՞ գործ ունենք ավելի խոր արժեքային խնդրի և հանրային հիշողության հետևողական թմրեցման հետ։

Ավելի շատ հարցեր են առաջանում, որոնց Հ1-ը պարտավոր է հստակ պատասխանել․

Ի՞նչ է նշանակում՝ «ամբողջությամբ ընդունում ենք պատասխանատվությունը»։ Պատասխանատվությունը հայտարարություն չէ։ Ո՞վ է որոշել սեպտեմբերի 27-ին այդ համերգը հեռարձակել։ Ո՞վ է հաստատել եթերացանցը։ Ո՞վ է պատասխանատու եղել վերջնական որոշման համար։ Եվ ի՞նչ պատասխանատվություն է նա կրել։ Եթե ոչ ոք որևէ հետևանք չի կրում, ապա ո՞րն է «ամբողջությամբ ընդունված պատասխանատվությունը»։

Իսկ նույն օրը հակաեկեղեցական «զեկույցի» այսպես կոչված քննարկման համար Հովհաննավանքը բռնազավթած ու պղծած կարգալույծ սրբապիղծ Ստեփան Ասատրյանին եթեր կանչելու համար ո՞վ է ազգից խնդրելու ներողություն:

Իսկ այլ կարգալույծներին, խոտորյալներին հարած եկեղեցադավներին ու տիրադավներին, Եկեղեցու դեմ հանդես եկող նախկին կղերականներին և հակաեկեղեցական թեզեր սպասարկող անձանց Հանրայինի եթեր տրամադրելու, նրանց խոսքը բազմապատկելու, այդ թեզերը որպես հեղինակավոր տեսակետ հանրայնացնելու և դրանով Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող պայքարին Հանրայինի եթերի ուժ տալու համար ո՞վ է պատասխան տալու։

Ո՞վ է որոշել, որ ամբողջ ժողովրդի միջոցներով գործող Հ1-ը կարող է Մայր Եկեղեցու դեմ պայքարի հարթակ դառնալ։

Իսկ Հանրայինի եթերը գռեհկաբանությամբ, քրեական ենթամշակույթի լեզվով ու բարքերով, անբարոյականությունն ու պղծությունը սովորականացնող բովանդակությամբ լցնելու համար ո՞վ է պատասխան տալու։

Ո՞վ է որոշել, որ հանրային միջոցներով կարելի է տարիներ շարունակ ոչ թե կրթել ու բարձրացնել հանրային ճաշակը, այլ մարդկանց տները մտցնել այնպիսի լեզու, վարք ու «արժեքներ», որոնցից ծնողն իր երեխային փորձում է պաշտպանել։

Իսկ անպատկառ լեքսիկոնով, քրեական ենթամշակույթ գովազդող, պղծություններ քարոզող ապազգային սերիալներով և դրանցով մարդկանց, հատկապես մատաղ ու երիտասարդ սերնդի միտքն ու հոգին ապականելու համար ո՞վ է պատասխան տալու և ներողություն խնդրելու:

Իսկ սեպտեմբերի 27-ին՝ հազարավոր հայորդիների նահատակության տարելիցին, Հանրայինի եթերը նրանց հիշատակին, կյանքին ու սխրանքին, պատերազմի ազգային ու հոգևոր դասերին նվիրելու փոխարեն ժամանցով լցնելու համար ո՞վ է պատասխան տալու և ներողություն խնդրելու։ Մի՞թե այդ օրը Հանրայինի առաջնահերթությունը չպետք է լինեին մեր նահատակները, նրանց ընտանիքները, հայրենասիրական ու հոգևոր բովանդակությունը և պատերազմի չսերտած դասերը։

Ո՞վ է պատասխան տալու այն խմբագրական քաղաքականության համար, որի հետևանքով ամբողջ հանրությանը պատկանող և հանրային միջոցներով գործող եթերը տարիներ շարունակ ոչ թե ծառայում է մեր ժողովրդի հոգևոր ու ազգային արժեքների պահպանմանն ու զորացմանը, այլ նպաստում դրանց արժեզրկմանը։ Ներողությունը մեկ օրվա սխալի համար անհրաժեշտ է, բայց բավարար չէ, եթե չի վերանայվում այն արժեքային ու խմբագրական քաղաքականությունը, որը նման սխալներ է ծնում։

Այսպիսով, խնդիրը մեկ համերգը չէ։ Խնդիրն այն արժեքային չափանիշն է, որով որոշվում է՝ ինչ մտցնել հայ ընտանիքի տուն, ում դարձնել հեղինակավոր խոսող, ում գաղափարները բազմապատկել, ինչ սովորեցնել երիտասարդին, ինչ հիշեցնել ժողովրդին և ինչ մոռացության մատնել։

Հ1-ը մասնավոր հեռուստաընկերություն չէ։ Այն կոչվում է Հանրային։ Հետևաբար, ոչ մի ղեկավար, տնօրեն, խմբագիր կամ հաղորդավար իրավունք չունի ամբողջ ժողովրդի միջոցներով պահվող եթերին վերաբերվելու որպես սեփական գաղափարական կամ արժեքային տարածքի։

Եվ վերջապես՝ Հանրայինը պատրաստվում է միայն ներողությո՞ւն խնդրել, թե՞ նաև փոխել այն արժեքային քաղաքականությունը, որի հետևանքով նման եթերներն ընդհանրապես հնարավոր են դառնում։ Որովհետև եթե ներողությունից հետո նույն եթերով շարունակվում են նույն հակարժեքների տարածումը, Եկեղեցու դեմ նույն միակողմանի քարոզչությունը և ազգային ու հոգևոր բովանդակության ստորադասումը, ապա ներողությունը մնում է ընդամենը հայտարարություն։

Նահատակների հիշատակի անարգումը մեկ օրվա սխալ կարող է լինել։ Բայց եթե դրան գումարվում են Եկեղեցու դեմ ուղղված միակողմանի եթերը, հոգևոր ու ազգային արժեքների հետևողական արժեզրկումը, հոգևորից զուրկ սպառողական ու նյութապաշտ մարդու կերպարի ձևավորումը, արժեքային ցածրորակ բովանդակությունը և ազգային ու հոգևոր թեմաների ստորադասումը, ապա արդեն խոսքը մեկ սխալի մասին չէ։ Խոսքը Հանրայինի առաքելության աղավաղման մասին է։

Հ.Գ. Հանրային լինելը միայն անվանում չէ․ դա պատասխանատվություն է ժողովրդի հիշողության, հավատքի, արժեքների և հոգևոր-մշակութային ժառանգության հանդեպ։ Եթե այդ պատասխանատվությունը ոտնահարվում է, մեկ ներողությունը դեռ պատասխանատվություն չէ»։

Սերբիայի նախագահ Վուչիչը հայտարարել է հրաժարականի մասին՝ հույս ունենալով դառնալ վարչապետ


Աշխարհ


Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, ինչպես խոստացել էր այս ամռանը, հրաժարական է տվել: Որոշումը ճանապարհ է հարթել նախագահի արտահերթ ընտրության համար, սակայն Վուչիչը, որը գրեթե ավարտել է սահմանադրությամբ թույլատրված իր նախագահության երկու ժամկետը, չի առաջադրվի: Դրա փոխարեն՝ նա, հավանաբար, հոկտեմբերին կայանալիք խորհրդարանի ընտրությունից հետո կփորձի դառնալ վարչապետ և, ըստ էության, կպահպանի երկրի վերահսկողությունը՝ հաղորդում է BBC-ն:

Սահմանադրության համաձայն՝ նախագահի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի Ազգային ժողովի նախագահ Անա Բռնաբիչը՝ մինչև նոր նախագահի ընտրությունը: Երկրում նախագահի ընտրությունը պետք է անցկացվի մինչև դեկտեմբերի վերջ:

Խորհրդարանի ընտրությունում իշխող «Սերբական առաջադիմական կուսակցությունը» կմրցակցի արևմտամետ ընդդիմադիր կուսակցությունների դաշինքի՝ «Եվրոպական Սերբիայի» և «Ուսանողների ցուցակ – Ուսանողները հաղթում են» հակակոռուպցիոն շարժման հետ: Այս խմբի անդամները գլխավորել են բողոքի ցույցերը Սերբիայում՝ 2024 թվականի աշնանը Նովի Սադում երկաթուղային կայարանի տանիքի փլուզումից հետո, որի հետևանքով զոհվել է 16 մարդ:



Նորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործում


Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կանադայի Հայոց թեմի «Հայ Արդ Տ…

Լռություն՝ 44-օրյայի տարելիցին. որդեկորույս ծնողները ստիպված են պայքարել մոռացության դեմ

Դիտել YouTube-ում

44-օրյա պատերազմի տարելիցի օրը իշխանությունից ոչ ոք Եռաբլուր չայցելեց, չհնչեց ոչ մի խոսք։ Փորձում են լռությամբ մոռացությա՞ն տալ հերոսների սխրանքը․ Լևոն Գալստյանը զոհվել է Հադրութում։ Մայրը ՝ տիկին Արմինեն Armat Media-ի հետ զրույցում ասում է՝ որքան էլ փորձեն, պատմությունը ջնջել չեն կարողանալու, ցավը չի մոռացվում․ Մոռացության քաղաքականությունը, սակայն, միայն լռությամբ չի սահմանափակվում։ Պատերազմի տարելիցից առաջ նախ պատից ջնջվեց Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի որմնանկարը, հետո մամուլը գրեց՝ Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի Փառքի անկյունը քանդվել է։ Դպրոցի ՔՊ-ական տնօրեն Գոհար Հովհաննիսյանը որոշել է, որ պատը պետք է այսպես ասած «մաքուր» լինի, իսկ Մեծ Հայքի քարտեզը փոխարինել են «իրական Հայաստանի» քարտեզով։ Կարող էինք նույն պատկերն ունենալ առանց զոհերի․ Փաշինյանի այս խոսքերը ամենադաժան հարվածն են դարձել որդեկորույս մայրերի համար։ Հերոսների ծնողները ստիպված են պայքարել նաև մոռացության դեմ։ Սակայն պատմությունը փաստում է․ հիշատակը պատերից ջնջվում է, ազգային հիշողությունից՝ երբեք։

Մանրամասն՝ տեսանյութում

Պատրաստ են «Դատաստանի օրվա պատերազմին»


Իրանը պատրաստ է շարունակել դիվանագիտական ջանքերը։ Սակայն Միացյալ Նահանգների կողմից հետագա ագրեսիայի դեպքում՝ պատրաստ է դիմակայելու, նույնիսկ եթե հակամարտությ…

Ռուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել

Յարոսլավլի մարզի Կուբրինսկ գյուղում գտնվողհրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել։ Ողբերգության մասին, հղում անելով աղբյուրին, գրում…

Ստեփան, գիտե՞ս դու ինչով ես տարբերվում մեր Տիրոջը մատնած Հուդա Իսկարովտիացուց


Քրիստոս՝ լավ իմանալով, թե հետագայում Հուդա Իսկարիովտացին ինչ հակաաստվածային հանցանք պիտի գործեր, միևնույն է տվեց նրան Աստծո Առաքյալ լինելու շնորհը։ Վեհափառ Հ…

Սեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն


Հայաստան


Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 29-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Բջնի բնակավայրի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Վանաձոր քաղաքի «Տարոն-2» թաղամասի ՔՇՀ-4, ՔՇՀ-7, Վերածննդի և Փարաջանովի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

«Գազպրոմ Արմենիա»-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:



ԵԽԽՎ՝ ընտրություններին առնչվող զեկույցի վերաբերյալ մի քանի դիտարկում․ Արփինե Հովհաննիսյան

ԵԽԽՎ՝ ընտրություններին առնչվող զեկույցի վերաբերյալ մի քանի դիտարկում․ գրել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Կարծում եմ՝ ընդդիմությունը, մի քանի փաստական արձանագրումներից զատ, այդ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի։

Այո՛, ընդդիմության բարձրաձայնած մի շարք խնդիրներ զեկույցում ևս արձանագրված են։ Բայց եթե առանձնացնենք իսկապես էական շեշտադրումները, ես ուշադրություն կդարձնեի հետևյալին։

1) Առաջինը՝ ԲՀԿ-ի՝ խորհրդարանում ներկայացվածություն չունենալու հարցն է։ Ընդ որում՝ այստեղ խոսքը ընտրությունների արդյունքները կեղծված համարելու մասին չէ։ Հարցը ներկայացվում է կայացված որոշումների բավարար հիմնավորվածության և արդյունավետ դատական պաշտպանության համատեքստում։

2) Մյուսը` զեկույցում ընտրովի արդարադատության վերաբերյալ մտահոգություններն են՝ հատկապես հոգևորականների և հիմնականում ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունների ու կալանավորումների համատեքստում։

Մնացածի մասով՝ որպես ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ և ղեկավար, տարբեր երկրների վերաբերյալ մոնիտորինգային քննարկումներին և զեկույցների ձևավորման գործընթացներին մասնակցելու իմ փորձից կարող եմ ասել, որ վարչական ռեսուրսի, անհավասար պայմանների, ընտրական վարչարարության թերությունների, քարոզարշավի ծախսերի թափանցիկության և նման հարցերի վերաբերյալ քննադատությունները նման զեկույցների համար բավական բնորոշ, գրեթե «պարտադիր» ուղեկցող քննադատություններ են։

Հետևաբար ես դրանք չէի գերագնահատի։

Մնացածն ամբողջությամբ իշխանական արձանագրումներին համախոհ պնդումներ են` արտաքին ճնշումներից մինչև ընտրակաշառք»,- գրել է նա։

ՖԻԴԵ նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի Հայաստանը

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նորընտիր նախագահ Թիմուր Տուրլովի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի Հայաստանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

«Վաղը՝ սեպտեմբերի 29-ին, Ծաղկաձորում կմեկնարկի 2026 թվականի դպրոցականների թիմային աշխարհի առաջնության Եվրոպական մայրցամաքային փուլը։

Բացման արարողության ընթացքում հանդես կգա նաև ՖԻԴԵ-ի նախագահ, Շախմատի դպրոցականների միջազգային ֆեդերացիայի նախագահ Թիմուր Տուրլովը։

Սեպտեմբերի 29-ին Թիմուր Տուրլովը հանդիպում կունենա նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանին կից գործող «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի ողջ անձնակազմի հետ, որի շրջանակում կքննարկվեն շախմատի զարգացմանը, կրթական ծրագրերին և միջազգային համագործակցությանը վերաբերող կարևոր հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում։