Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր

Հոկտեմբերի 5-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ․ հայտնում են ԱԳՄԱ-ից։

«Մինչ քննարկումների պաշտոնական հատվածին անցնելը նախարար Միրզոյանն իր ցավակցություններն է հայտնել Իրանի գործընկերոջը նրա քրոջ մահվան կապակցությամբ։

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման բոլոր հարցերը: Երկուստեք ընդգծվել է հարաբերությունների ռազմավարական բնույթը, ինչն արտացոլված է ՀՀ Կառավարության 2026-2031թթ. ծրագրում և իր գործնական արտահայտումն է գտնում թե՛ բարձրագույն մակարդակում երկխոսության դինամիկայի, թե՛ կարևոր ծրագրերի իրագործման մեջ:

Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են մի շարք բնագավառներում համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ էներգետիկայի, տրանսպորտային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամրջի կառուցման, էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության շուտափույթ ավարտման կարևորությանը, ինչպես նաև երկու երկրների միջև առկա բեռնափոխադրումների դյուրացման հարցերին:

Հայաստանի և Իրանի նախարարները մտքեր են փոխանակել ապաշրջափակման արդյունքում ստեղծվող առավելությունների և տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի շուրջ: Ընդգծվել է Իրանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները և դրա միջոցով տարածաշրջանային երկրներին ընձեռնվող նոր հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել հանրային տեղեկատվության ոլորտում շարունակական փոխգործակցության կարևորությանը, այդ թվում՝ մեդիա տիրույթում անհարկի շահարկումներին պատշաճ հակազդեցության առումով:

Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է ընթացիկ իրավիճակին՝ կարևորելով բանակցային ճանապարհով առկա խնդիրների կարգավորմանն ուղղված ջանքերը:

Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,- ասված է հայտարարության մեջ։

Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի մասին լուրերը

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը կոչ է արել Իրկուտսկի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ առաջնորդվել միայն պաշտոնական հայտարարություններով և չվստահել չհաստատված տեղեկություններին։ Նա այսպես է մեկնաբանել Սիբիրում և Հեռավոր Արևելքում ժանտախտի դեմ պայքարի ինստիտուտի աշխատակցուհու վարակվելուց հետո տարածված լուրերը։ Պեսկովի խոսքով՝ այս հարցում իրավասու գերատեսչությունը Ռոսպոտրեբնադզորն է։

Ռոսպոտրեբնադզորը հայտնել էր, որ հակաժանտախտային ինստիտուտում ախտածին միկրոօրգանիզմների հետ աշխատանքի ընթացքում որևէ վթար չի արձանագրվել։ Գերատեսչության մասնագետները նաև իրականացրել են լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքում հիվանդից վերցված նյութում չեն հայտնաբերվել նրա մասնագիտական գործունեության հետ կապված միկրոօրգանիզմներ։

Հոկտեմբերի 2-ին հայտնի էր դարձել, որ Իրկուտսկի մարզի հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցուհին մահացել է թոքային ժանտախտից վարակվելուց հետո։ Նախնական տվյալներով՝ հիվանդանալուց առաջ նա գործուղման էր եղել Բուրյաթիայում։ Միևնույն ժամանակ, իշխանությունները պաշտոնապես չեն հաստատել, որ կնոջ մոտ ժանտախտ է եղել․ Ռոսպոտրեբնադզորը հայտնել էր, որ նրա մոտ ախտորոշվել էր անհայտ ծագման թոքաբորբ։

Հնարավո՞ր է նույն հարցով կրկին դիմել էթիկայի հանձնաժողով, եթե առաջին անգամ մերժվել է


Հնարավո՞ր է նույն հարցով կրկին դիմել էթիկայի հանձնաժողով, եթե առաջին անգամ մերժվել է

Նոր ռազմավարություն․ շուն պահեք, որ հաչա կամ կծի․․․

Սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության հարցում, փաստորեն, նոր ռազմական դոկտրին ունենք։ Այդ մասին Հրապարակ-ին տեղեկացրել է Շաքիի հարևան գյուղի՝ Անգեղակոթի վարչական ղեկավար Արմենակ Մարկոսյանը։ Մոտ օրերս հավանաբար նրան գեներալի կոչում կտան։ Առնվազն գեներալ-շնաբուծի։ Ռազմական դոկտրինը պարզ է․ առաջին փուլ՝ շուն պահել։ Եթե շանը կրակեցին՝ երկրորդ փուլ՝ մեծ շուն պահել։ Եթե մեծ շանն էլ կրակեցին՝ անցնում ենք ծանր հրետանու՝ կոկորդիլոսի։
Կոկորդիլոսը, իհարկե, պարտադիր չէ տանը պահել։ Կարելի է համայնքի մուտքի մոտ դնել։ Թշնամին մոտենում է, կոկորդիլոսը կուլ է տալիս, և հարցը փակվում է։

Նման կադրերով ու «ռազմագետներով է» Նիկոլ Փաշինյանն իրեն շրջապատել։ Երկրի անվտանգությունը դարձել է բակում կապած շան մակարդակի։ Մեր բնակավայրերի պաշտպանությունը հասել է «շուն պահեք, որ հաչա կամ կծի» ռազմավարությանը։ Ահագին հաստիքներ կարելի է կրճատել։ ՊՆ-ն էլ ինչի՞ համար է։ Կարելի է փակել ու անասնաբուծության նախարարություն բացել, որ շներ բազմացնեն, կոկորդիլոսագետ էլ ունենք, ձվերից թռչող կոկորդիլոսներ փետրավորեն։

Մնում է միայն մի հարց՝ եթե սահմանամերձ գյուղի վարչական ղեկավարին թվում է, թե Շաքին սահմանամերձ գյուղ է, ապա գուցե առաջին հերթին ոչ թե բնակիչներին շուն բաժանի, այլ համայնքապետարաններին՝ քարտեզ որ իմանան՝ Շաքին սահմանամերձ բնակավայր չի։ Եթե սահմանամերձ չի, էլ ի՞նչ շուն։ Մի ուրիշ բան արձանագրենք։ Թշնամին արդեն ոչ սահմանամերձ տարածքներն է հատում։ Քարտեզ բաժանեք բնակիչներին։ Կամ էլ Փաշինյանի դոշին խփած քարտեզում գյուղերի անվանումների նշումներն արեք, որ գոնե մարդ իմանա՝ ո՞րն է սահմանամերձ գյուղ, ո՞րը ոչ սահմանամերձ։ Էդ փոքր քարտեզով ի՞նչ հասկանանք։ Նախկինում գրատախտակի չափ քարտեզ էին կախում, ցուցափայտով ցույց տալիս, թե որ գյուղ որտեղ է․․․ Ճիշտ է, քարտեզը չի հաչում, բայց մի կարևոր առավելություն ունի՝ ցույց է տալիս, թե որտեղ է սահմանը։ Շաքիին կպած բնակավայրի համայնքապետը կիմանա, որ Շաքին սահմանամերձ չէ։ Եթե սահմանամերձ չէ ու թիրախավորվում է, ուրեմն պիտի ընդունել, որ ողջ Հայաստանը սահմանամերձ է։

Եմենի կառավարական ուժերը հարձակում են սկսել Սանայի ուղղությամբ

Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության կողմում գործող զինված ուժերը հարձակում են սկսել մայրաքաղաք Սանայի ուղղությամբ։

Այն գտնվում է Եմենի հյուսիսում իշխող շիական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման վերահսկողության տակ։

«Սանայի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար մեր զինված ուժերը ձեռնամուխ են եղել ռազմավարական հարձակողական գործողության իրականացմանը», — X սոցիալական ցանցում գրել է պրոկառավարական բանակի ներկայացուցիչ Մաջիդ ան-Նազիլին։

Ավելի վաղ Եմենի Ղեկավար նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմին հայտարարել էր Եմենի մայրաքաղաք Սանայի նկատմամբ վերահսկողության վերականգնման գործողության մեկնարկի մասին։ Հութիներն այն զավթել են 2014 թվականին։

Կալաձեն Եվրոպային մեղադրել է Վրաստանում հեղաշրջման փորձը ֆինանսավորելու մեջ

Թբիլիսիի քաղաքապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից Կախա Կալաձեն հայտարարել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի իրադարձությունները ղեկավարվել են Եվրոպայից։

Խոսքը մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիայի մասին է, որից հետո ցուցարարների մի մասը փորձել է ներխուժել Վրաստանի նախագահի նստավայր։

«Եվրոպական կառույցների կողմից հոկտեմբերի 4-ի գործով մենք լսել ենք միայն խրախուսանք, քանի որ պետական հեղաշրջման փորձը ֆինանսավորվում էր հենց նրանց կողմից», — լրագրողներին հայտնել է Կալաձեն։
Նրա խոսքով՝ նույնիսկ մեկ տարի անց համապատասխան եվրոպական կառույցների կողմից որևէ արձագանք այդպես էլ չի հնչել։

«Ես եվրոկառույցներից ոչ մի հայտարարություն չեմ լսել. ընդհակառակը, տեղի է ունեցել միայն խրախուսանք, քանի որ այս ամենը ծրագրված էր հենց նրանց կողմից։ Նրանց աջակցությամբ ու ֆինանսավորմամբ սկսվեց մի արշավ, որն ուղղված էր պետական հեղաշրջմանն ու հեղափոխությանը։ Նրանց հիմնական խնդիրը երկրում գործող իշխանության տապալումն էր»։

 Գերմանիան կարող է Ռուսաստանի հետ լարված կոնֆլիկտի մեջ մտնել  

Գերմանիան կանգնած է Ռուսաստանի հետ լարված կոնֆլիկտի մեջ մտնելու վտանգի առաջ․ հայտարարել է Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Մարտին Յեգերը։

«Ռուսաստանի հետ առճակատումը նոր և ավելի վտանգավոր բնույթ է ստացել։ Կա կատաղի կոնֆլիկտի մեջ մտնելու վտանգ»,- հայտարարել է նա։

Գերմանիան մեղադրում է Մոսկվային հիբրիդային հարձակումներ իրականացնելու համար։ Իր հերթին, Մոսկվան պնդում է, որ ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում և Եվրոպայի վրա հարձակվելու մտադրություն չունի։

 

Եմենի բանակը հարձակվել է մայրաքաղաք Սանայի վրա

Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության կողմում գործող զինված ուժերը հարձակում են սկսել մայրաքաղաք Սանայի ուղղությամբ։ Այն գտնվում է Եմենի հյուսիսում իշխող շիական «Անսար…

Քաղաքացիները պատգամավորների վարքի վերաբերյալ կարող են դիմել էթիկայի հանձնաժողով


Քաղաքացիները պատգամավորների վարքի վերաբերյալ կարող են դիմել էթիկայի հանձնաժողով

Պատրաստ ենք բանակցել․ Մերցը Կիևից հատուկ դիմել է Պուտինին

Հոկտեմբերի 4-ին Կիև կատարած չհայտարարված այցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու իր պատրաստակամության մասին, բայց միայն այն ժամանակ, երբ «զենքը լռի»։

«Պարոն Պուտին, դադարեցրեք այս անիմաստ պատերազմը։ Մենք պատրաստ ենք բանակցել, մենք պատրաստ ենք քննարկել այս պատերազմի ավարտը։ Սակայն Ուկրաինայի քաղաքացիական բնակչության վրա այս բարբարոսական հարձակումները պետք է դադարեցվեն», – ասել է Մերցը։

Հայտնի է, որ Գերմանիայի կանցլերի այցի օրը ռուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հյուսիսային կամրջին։

Բացի այդ, Մերցը հայտարարել է, որ Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 1 միլիարդ եվրոյի զենք և լրացուցիչ 350 միլիոն եվրո՝ Ռուսաստանի կողմից հարձակման ենթարկված էներգետիկ ենթակառուցվածքները վերականգնելու համար։