Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր


Աշխարհ


Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանից հայտնում են, որ Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի, Սլովենիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի և Հայաստանում Սլովենիայի դեսպան Մատեյա Պրևոլշեկի ուղեկցությամբ։

Պատվիրակությանը դիմավորել և ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։





Ծնունդով հայաստանցի 23-ամյա երիտասարդը Ռուսաստանի մասին մեկնաբանությունների համար դատապարտվել է ազատազրկման

«Մեդիազոնա»-ի հաղորդմամբ՝ Չիտայում ծնունդով հայաստանցի 23-ամյա երիտասարդը Ռուսաստանի մասին մեկնաբանությունների համար դատապարտվել է 9,5 տարվա ազատազրկման։

ՌԴ Չիտայում ձերբակալված Գևորգ Գրիգորյանին մեղադրում են ռազմական «կեղծ լուրեր» տարածելու (ՌԴ քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետ), նացիզմի արդարացման (354.1-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետ), ահաբեկչության և ծայրահեղական կոչեր հնչեցնելու (205.2-րդ հոդվածի 2-րդ մաս, 280-րդ հոդվածի 2-րդ մաս) մեջ։

Անդրբայկալյան երկրամասում բնակվող Գրիգորյանին ձերբակալել են 2025 թվականի հունիսին, որից հետո նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել։ Քրեական հետապնդման առիթ են դարձել հայկական առցանց հարթակներում արված մեկնաբանությունները, որոնցում Գրիգորյանը, մասնավորապես, գրել է, թե «Հիտլերը պետք է նրանց բոլորին ոչնչացներ», և որ Ուկրաինայից հետո ռուսական զորքերը կարող են մտնել Հայաստան։

Գրիգորյանի ծանոթը պատմել է, որ նա նման մեկնաբանություններ է թողել՝ վրդովված լինելով այն հանգամանքից, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի համար պատերազմի ժամանակ Ռուսաստանը Հայաստանին օգնություն չի ցուցաբերել։

«Չիտա.ռու»-ն երիտասարդի ձերբակալությունից հետո գրել էր, որ քրեական հետապնդման պատճառ են դարձել Telegram-ում ռուսներին վիրավորող նրա մեկնաբանությունները։ Քննության վարկածով՝ ձերբակալվածը 2023 թվականի սեպտեմբերից «համակարգված կերպով հրապարակել է» հաղորդագրություններ, որոնք «նվաստացնում են մարդկանց խմբի արժանապատվությունը՝ ազգային պատկանելության հիմքով»։

Ինքը՝ Գրիգորյանը, ձերբակալությունից հետո տեսախցիկի առաջ պատմել է գործի մանրամասները։ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների հրապարակած տեսանյութում նա նշել է, որ գրել է նացիզմը «արդարացնող» հաղորդագրություններ և «մահ ցանկացել Ռուսաստանի քաղաքացիներին ու երեխաներին»։

Սկզբում երիտասարդին մեղադրանք էր առաջադրվել նացիզմն արդարացնելու և ատելություն հրահրելու համար: Իսկ գործը նախատեսվում էր քննել Չիտայի Կենտրոնական շրջանային դատարանում։

Ավելի ուշ մեղադրանքների շրջանակն ընդլայնվել է, և 2026 թվականի օգոստոսին գործի նյութերը փոխանցվել են Երկրորդ արևելյան օկրուգային զինվորական դատարան։

Չնայած մեղադրանքի խստացմանը՝ Գրիգորյանը շարունակել է մնալ տնային կալանքի տակ։ Նրա ծանոթի պատմելով՝ հարազատները մինչև վերջին պահը հույս են ունեցել, որ նա կխուսափի իրական ազատազրկումից։ Պետական մեղադրողը նրա համար պահանջել է տասը տարվա ազատազրկում։

Պենտագոնը հետաքննում է ԱՄՆ ռազմակայանների սառցախցիկների վրա կիբերհարձակման կասկածները. Reuters

Պենտագոնը հետաքննում է ամերիկյան ռազմակայաններում սառցախցիկների մի շարք առեղծվածային խափանումներ, որոնց հետևանքով օգոստոսին փչացել են սննդամթերքի պաշարները։ Զինվորական քննիչները կիբերհարձակում են կասկածում և կապ են հաստատել ֆրանսիացի գործընկերների հետ, որոնք հետաքննում են Ֆրանսիայի սուպերմարկետներում տեղի ունեցած նմանատիպ միջադեպերը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ չորս պաշտոնյաների։

Գործակալության տվյալներով՝ օգոստոսի վերջին խափանումներ են գրանցվել ԱՄՆ ռազմակայանների տարածքում գտնվող առնվազն վեց խանութներում, որտեղ զինծառայողները սննդամթերք են գնում։ Որոշ դեպքերում սառնարանային սարքավորումները պարզապես չեն անջատվել. խցիկների ներսում ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է, ինչի հետևանքով սննդամթերքը փչացել է։

Այսպես՝ օգոստոսի 26-ին Արիզոնա նահանգի Ֆորտ Ուաչուկա ռազմակայանի ֆեյսբուքյան էջում հաղորդվել է, որ սառցախցիկն անցել է հալեցման ռեժիմի՝ տաքացնելով սննդամթերքը։ Առավոտյան աշխատակիցները հայտնաբերել են սննդամթերքի փչացած պաշարները։

Պենտագոնը չի բացահայտել հետաքննության մանրամասները և չի հայտնել՝ հաջողվե՞լ է արդյոք պարզել տեղի ունեցածի պատճառները կամ բացահայտել հնարավոր մեղավորներին։ Գերատեսչության ներկայացուցիչը Reuters-ին հայտնել է, որ ԱՄՆ կիբեռհրամանատարության ստորաբաժանումն աշխատում է պետական այլ կառույցների և իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցությամբ։

ԱՄՆ ցամաքային զորքերի քրեական հետաքննությունների վարչության կիբեռհետաքննությունների բաժինը ևս հաստատել է իր մասնակցությունը գործին։ Բաժնի փոխանցմամբ՝ ամերիկացի քննիչները համագործակցում են Ֆրանսիայի իրավապահ մարմինների հետ՝ պարզելու համար Եվրոպայում սառնարանային սարքավորումների աշխատանքի խափանումների հանգամանքները։

Ֆրանսիայում նմանատիպ ենթադրյալ կիբերհարձակումն ընդգրկել է ավելի քան 350 առևտրային օբյեկտ։ Reuters-ի տվյալներով՝ չարագործները փոխել են սառնարանային կայանքների ջերմաստիճանի կարգավորումները, այլ ոչ թե պարզապես խափանել դրանց աշխատանքը։ Որոշ դեպքերում սարքավորումներն այնքան են գերտաքացել, որ հրդեհներ են բռնկվել։ Սուպերմարկետների սեփականատերերից մեկը երկրի համար հնարավոր ընդհանուր վնասը տասնյակ միլիոնավոր եվրո է գնահատել։

Փորձագետներն ավելի վաղ նշել էին, որ հնացած կարգավորիչների և ծրագրային ապահովման պատճառով համակարգեր ներթափանցելը կարող էր համեմատաբար հեշտ լինել։ Սառնարանային համակարգերի կառավարման սարքավորումներ արտադրող Danfoss ընկերությունը հայտնել է, որ տուժած որոշ սարքերում օգտագործվել են ներկառուցված ծրագրային ապահովման հնացած տարբերակներ։ Միաժամանակ Reuters-ին չի հաջողվել պարզել՝ ամերիկյան ռազմակայաններում կիրառվե՞լ են արդյոք Danfoss-ի կարգավորիչները։

Արդյունաբերական կիբեռանվտանգության մասնագետները զգուշացնում են, որ սառնարանային սարքավորումներն ինտերնետին միացնելը ռիսկեր է ստեղծում սննդամթերքի մատակարարման շղթաների համար։ Համակարգերը, որոնք սկզբնապես սպասարկվում էին բացառապես տեղում, ավելի ու ավելի հաճախ են կառավարվում հեռավար, ինչը կարող է չարագործներին հնարավորություն տալ միջամտել դրանց աշխատանքին։

Առայժմ չի հաստատվել, որ ԱՄՆ-ում և Ֆրանսիայում տեղի ունեցած միջադեպերը կապված են միմյանց հետ, կամ որ ամերիկյան ռազմակայաններում խափանումներն իսկապես կիբերհարձակման հետևանք են։ Սակայն հետաքննությունը ցույց է տալիս, որ նույնիսկ սննդամթերքի պահպանման համակարգերը կարող են կարևորագույն ենթակառուցվածքի խոցելի օղակ դառնալ։

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և Սլովենիայի միջև ձևավորված միջխորհրդարանական կապերի առնչությամբ՝ ընդգծելով դրանք առավել խորացնելու և համագործակցությունը շարունակաբար զարգացնելու կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տնտեսական կապերի ընդլայնման նոր հնարավորություններին։

Քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր և զարգացումներ։

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների վերսկսումը կախված է Կիևի գործողություններից․ Յուրի Ուշակով

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները վերսկսելու որոշումը կկայացվի առաջիկա օրերին Կիևի քայլերի, ինչպես նաև Ռուսաստանի Ժողովրդական միասնության օրվա միջոցառումների ընթացքում ուկրաինական բանակի հնարավոր հարձակումների հաշվառմամբ։

Ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա փոխանցմամբ՝ Մոսկվան եռակողմ բանակցությունների վերսկսման վերաբերյալ իր որոշման մասին կհայտարարի նոյեմբերի 4-ին նշվող Ժողովրդական միասնության օրվանից հետո։

«Ժողովրդական միասնության օրը մեր տոնն է, և մենք նշել ենք, որ եռակողմ բանակցությունների վերսկսման մասին կհայտարարենք տոնից հետո։ Ակնհայտ է, որ բանակցությունները տեղի կունենան ոչ թե ավելի վաղ, այլ միայն այդ ամսաթվից հետո»,- ընդգծել է Ուշակովը։

Նա նաև հավելել է, որ Ժողովրդական միասնության օրվա առթիվ Ռուսաստանում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված, և շեշտել, որ Մոսկվան դեռևս պաշտոնապես չի հայտարարել բանակցությունների վերսկսման մասին։

COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ

«Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ, Հայաստանի ազգային տաղավարում կայացել է «Կենսաբազմազանության թվային վահան. վերաիմաստավորելով բնապահպանական վերահսկողությունը Հայաստանում» խորագրով միջոցառումը։

Միջոցառման ընթացքում ներկայացվել են բնապահպանական վերահսկողության ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառման Հայաստանի փորձը և դրանց դերը կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական ռիսկերի գնահատման ու իրավախախտումների կանխարգելման գործում։

Միջոցառման նպատակն էր ներկայացնել ոլորտի արդիականացման ուղղությամբ Հայաստանի փորձը և խթանել միջազգային համագործակցությունը թվային տեխնոլոգիաների կիրառման ու կենսաբազմազանության պահպանության ուղղություններով։

Արենի համայնքի սեփականության իրավունքը կգրանցվի 1 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Գլխավոր դատախազությունը 2024 թվականի հոկտեմբերի 23-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքի և ֆիզիկական 2 անձի՝ հողամասերի՝ 2011 թվականի դեկտեմբերի 21-ի աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 14-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը։ Անվավեր են ճանաչվել Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքի 430 քմ մակերեսով և 1 հա մակերեսով 2 հողատարածքների աճուրդները. 1 հա մակերեսով հողամասը կվերադարձվի Վեդի համայնքին, իսկ 430 քմ մակերեսով հողամասի գնորդից բնեղենով վերադարձնելու անհնարինության պատճառով կբռնագանձվի հողամասի արժեքը՝ 254 000 դրամ։

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Դատախազությունը կդիմի Կադաստրի կոմիտե՝ նշված հողատարածքի նկատմամբ Արենի համայնքի սեփականության իրավունքը գրանցելու համար։

Կոտայքի մարզում 71-ամյա վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշին

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Կոտայքի մարզի Բջնի գյուղի 2-րդ փողոցի թիվ 24 տան դիմաց Կոտայքի մարզի բնակիչ՝ 71-ամյա Գրիշա Դ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով բախվել է քարե պատնեշին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է վարորդի մահը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչի հետևանքով էլ բախվել է պատնեշին։

Կապահովվի Ղարաբաղից տեղահանված անձանց և անհետ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցությունների շարունակականությունը

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներում՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության այլ ծախսերը հոգալու համար, ինչպես նաև կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցությունների տրամադրման շարունակականությունն ապահովելու համար: Առանձին խմբերին տրամադրվող ամսական 30 000 դրամի չափով սոցիալական աջակցության միջոցառման շրջանակում որոշմամբ նախատեսվում է երկարաձգել աջակցության տրամադրումը մինչև 2027 թ. հուլիս ամիսը։ Միաժամանակ, 2027 թվականի ապրիլ ամսից նախատեսվում է աջակցության չափը նվազեցնել՝ սահմանելով ամսական 15 000 դրամ՝ նպատակ ունենալով խթանել նրանց սոցիալ-տնտեսական ինքնուրույնությունը։ Հաշվի առնելով, որ Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքների շրջանում դեռևս առկա են սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքներ, նախատեսվում է շարունակել նրանց լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության տրամադրումը՝ ապահովելով աջակցության հասանելիությունը սոցիալական և նյութական դժվարություններ ունեցող ընտանիքների համար։

Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներին տրվող լրացուցիչ հրատապ աջակցության միջոցառման ժամկետը ևս կերկարաձգվի․ շահառուները կշարունակեն 40+10 հազար դրամ աջակցություն ստանալ մինչև 2027 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ։ Միջոցառման շրջանակում 2026 թ․ հոկտեմբեր ամսին աջակցություն է տրամադրվել 8,600 ընտանիքի։ Ծրագրի շահառուներն են այն ընտանիքները, որոնց մեկ անդամի ամսական եկամտի չափը ցածր է 55,000 դրամից․ մեկ անդամի ամսական եկամտի չափը որոշվում է ընտանիքի ամսական եկամուտների հանրագումարի և ընտանիքի անդամների թվի հարաբերությամբ։ Ըստ հիմնավորման,Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ մյուս քաղաքացիների հետ հավասար հիմունքներով, հնարավորություն ունեն օգտվելու սոցիալական աջակցության գործող այլ ծրագրերից և միջոցառումներից՝ դրանցով սահմանված պահանջներին համապատասխան։

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի անհետ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը։ Ըստ այդմ՝ նախատեսվում է անհետ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության՝ ամսական 300.000 դրամ, տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ։

Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան


Հայաստան


«Խաղաղության հետ կապված՝ ես ԱԺ ամբիոնից էլ եմ ասել. թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս կան տասնյակ պատճառներ, որ խաղաղության մեր օրակարգից շեղվենք, գնանք ուրիշ ուղղությամբ՝ ամեն օր»։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից հնչող հայտարարություններին։

«Հենց հարցի էությունն էլ դա է։ «Հազարան բլբուլը» հայկական ազգային հեքիաթն է։ Այդ տեսարանը հիշում եք, չէ՞, որ վերջում ականջները բամբակներով փակում է, որովհետև բարձունքի ճանապարհին ձայներ են հնչում, տարբեր հայտարարություններ են հնչում։ Երբ այդ հայտարարություններից մեկի պատճառով շեղվում է հերոսը, քար է դառնում։

Եվ եթե մեր պատմությունը պատկերացնենք որպես մի վերելք, որը մենք պետք է հաղթահարենք, ապա այնտեղ լիքը քարեր կան։ Մեր ռազմավարությունն այն է, որ մեր խնդիրը ոչ թե այն է, թե ինչ են ասում կողքից, այլ այն, որ մենք գնում ենք մեր նպատակի հետևից։ Հակառակ դեպքում հնարավոր չէ։ Մենք նաև մեր պատմությունից ենք այս դասը քաղել։

Իմ նպատակը հետևյալն է՝ ես վարչապետի իմ գործունեությունն ավարտեմ այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է։ Եթե այդպես չլինի, ես դա կհամարեմ անձնական ձախողում ինձ համար»։