Կյանքին պարով պատասխանող Թերեզա տատիկը

«Արտաքինս շատ գրավիչ է եղել, հնարավոր չէր անցնեի,  հետևիցս «ռեպլիկա» չթողնեին»․ երիտասարդ տարիների մասին մեղմ ժպիտով պատմում է Թերեզա տատիկը։

Տարիներն, իհարկե, իրենց հետքն են թողել․ դեմքին ավելացել են կնճիռներ, մազերը ճերմակել են, երբեմնի արագ ու թեթև քայլքն էլ փոքր-ինչ դանդաղել է։ Բայց Թերեզան ծերության հետ հաշտվել չի պատրաստվում։

«Չէ՛, չեմ հաշտվում իմ ծերության հետ։ Լազուր աչքերիս փայլը ո՞ւր կզավ։ Ի՞նչ նկարիչ էր՝ կախարդ վրձինով, գեղեցիկ դեմքիս ակոսներ քաշեց։ Վարսահարդարն էլ՝ ինչ իրավունքով շեկլիկ մազերս սպիտակով ներկեց»,- իր գրած բանաստեղծությամբ է պատասխանում տիկին Թերեզան։

Ժամանակը, սակայն, մի բան չի կարողացել փոխել։ Նրա ներսում դեռ ապրում է այն փոքրիկ Թերեզան, որը ութ տարեկանում Մարոյի դերն էր խաղում հարևանների կազմակերպած բեմադրության մեջ։

«Բեմ սարքեցինք։ Ախպերս դարձավ Կարոն, մեծ քույրս՝հեղինակը, մյուս քույրս՝ իմ մայրը դարձավ, ես դառա Մարոն, հարևանը դառավ տերտեր։ Մի խոսքով՝ հավաքվեցինք, բեմադրեցինք»,- մանկության տարիները հիշում է Թերեզա տատիկը։

Բայց նրա կյանքի առաջին էջերը այսքան լուսավոր չեն եղել։ Պատերազմը խլեց հորը։

«Վեց երեխա ենք եղել։ Հայր չեմ ունեցել։ Մայրս միայնակ վեց երեխա է պահել առանց ամուսնու։ Դառն է եղել մանկությունս»,- պատմում է նա։

Հետո կյանքը մի փոքր ավելի բարեհաճ գտնվեց նրա հանդեպ։ Թերեզան ամուսնացավ դասընկերոջ հետ։

«Մենք նույն դասարանում էինք սովորում ու նստում էինք կողք կողքի»,- հիշում է տիկին Թերեզան։

Ամուսնու մասին խոսելիս նրա պատմության մեջ սերը չափվում է գուցե այսօրվա համար անսովոր չափանիշով։ Ասում է՝ ամուսինը խմելու սովորություն ուներ, բայց երբեք իր վրա ձեռք չէր բարձրացնում։

«Խմելու սեր ուներ, բայց ինձ երևի սիրում էր, որովհետև մատով անգամ չի կպել ինձ, չի ծեծել»,- պատմում է նա։

Միասին, սակայն, երկար չապրեցին։ 1982 թվականին, ընդամենը 43 տարեկանում, Թերեզայի ամուսինը մահացավ սրտի կաթվածից։

Կյանքը նրան նորից մենակ թողեց, բայց Թերեզան չհանձնվեց։ Ամուսնու մահից հետո երեխա որդեգրեց։

«Վեց ամսականից պահել եմ մինչև 28 տարեկանը»,- պատմում է նա։

Սակայն տարիներ անց Թերեզան կորցրեց նաև որդուն։ Իսկ դրանից հետո՝ թոռնուհու հետ կապը։ Փոքրիկ աղջկան մինչև վեց տարեկանը հենց ինքն էր մեծացրել, բայց որդու մահից հետո երեխան մոր հետ հեռացավ, և այդ օրվանից նրանից ոչ մի լուր չունի․․․

Այս մասին խոսելիս ձայնը դողում է, արցունքները չի կարողանում թաքցնել։

«Կարոտում եմ․․․»,- արցունքները կուլ տալով՝ ասում է Թերեզա տատիկը։

Թերեզայի կյանքի ճանապարհը նրան մի քանի անգամ է տնից տուն տարել։ 1990-ականներին տեղափոխվեց Արցախի Շահումյանի շրջանի Չարեկտար գյուղ, հետո բնակվեց Ստեփանակերտում։ Արցախում էլ կյանքը հեշտ չէր, և 2016 թվականին Թերեզան վերադարձավ Երևան։

Բայց մենակությունն ամեն օր չի հաղթում Թերեզային։

Նրա օրը սկսվում է «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության տարեցների՝ Շենգավիթի ցերեկային կենտրոնում:

Այստեղ տարեցները մի քանի ժամով մոռանում են տան հոգսերը։ Զրուցում են, լսում միմյանց, նարդի, շախմատ, դոմինո ու լոտո խաղում, երգում ու պարում։ Իսկ ամենակարևորն այն է, որ այս ընթացքում իրենց միայնակ չեն զգում։

Կենտրոն գալու առաջին օրվա մասին խոսելիս տիկին Թերեզայի աչքերը փայլում են։

«Մեծ բավականություն եմ ստացել հենց առաջին օրվանից։ Հենց մտել եմ ներս բոլորը  հարազատի նաման են դիմավորել։ Հենց առաջին օրվանից  որոշել եմ, որ ամեն օր պիտի գամ»,- պատմում է նա։

Թերեզա Խաչատրյանը կենտրոնի ամենաճանաչված այցելուներից է։ Այստեղ նրան ճանաչում են ոչ միայն որպես կենտրոնի անդամ, այլև որպես կենտրոնի միակ պարուհի։

«Մեկը մեկին ասում է՝ ծերանոց է գնում։ Ես ասում եմ՝ ծերանոց չի, սա մեծահասակների մանկապարտեզն է»,- ժպիտով ասում է նա։

Կենտրոնն իր երկրորդ տունը համարող Թերեզան այստեղ գտել է ոչ միայն մարդկանց, այլև իրեն։ Տարիները նրանից շատ բան են խլել՝ երիտասարդությունը, սիրելի մարդկանց, որդուն, թոռնուհու հետ կապը։ Բայց չեն կարողացել խլել ամենակարևորը՝ ապրելու ցանկությունը։

Ու քանի դեռ այստեղ հնչում է երաժշտությունը, Թերեզա տատիկը պարում է։ Գուցե ոչ այնպես, ինչպես երիտասարդ տարիներին, բայց նույն սիրով ու նույն եռանդով։

Նրա պարը պարզապես պար չէ։ Դա տարիների, կորուստների ու միայնության միջով անցած կնոջ պատասխանն է կյանքին՝ քանի դեռ կարող եմ՝ ապրելու եմ։

Սվետլանա Պետրոսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *