Դեյվիդ Իգնաթիուսը միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին

 «Washington Post» պարբերականի սյունակագիր, արտաքին քաղաքականության մեկնաբան, մրցանակակիր լրագրող Դեյվիդ Իգնաթիուսը միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին։ Իգնաթիուսը կաշխատի հանձնաժողովի մյուս պատվավոր անդամների հետ`աջակցելով «մարդը՝ մարդասիրության առանցքում» գաղափարի տարածմանն ու առաջ մղելով արդի ամենահրատապ ճգնաժամերի առաջնագծում գործող մարդասեր-հերոսներին։

Նա կմասնակցի «Ավրորա» մրցանակի հավակնորդների, ապա՝ դափնեկրի ընտրությանը։ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը (1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ) շնորհվում է այն անհատներին, որոնք վտանգում են իրենց կյանքը՝ փրկելու նրանց, ովքեր տառապում են հակամարտությունների կամ մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների հետեւանքով։

«Դեյվիդ Իգնաթիուսն իր ողջ կարիերան նվիրել է աշխարհի ամենածանր պատմությունները ներկայացնելուն։ Այժմ նա միանում է մեզ՝ որոշելու, թե ում պատմությունն է արժանի «Ավրորա» մրցանակին։ Մեծ պատիվ է ողջունել նրան այս հանձնաժողովում․ նրա դատողությունը կառաջնորդի մեզ դեպի նրանց պատմությունները, ում խիզախությունն արժանի է գնահատանքի»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին։

2016 թվականից Դեյվիդ Իգնաթիուսը միշտ եղել է «Ավրորայի» կողքին եւ վարել «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունները՝ օգնելով հանդիսատեսին հաղորդակից լինել խիզախության, նվիրումի եւ մարդասիրական գործունեության մասին տպավորիչ պատմություններին։ Իգնաթիուսի ձայնը մշտապես հնչել է «Ավրորայի» տարբեր միջոցառումների ընթացքում։ Նա մասնակցել է տարբեր թեմաներով անցկացվող քննարկումների, ինչպես օրինակ՝ արձագանքը մարդասիրական ճգնաժամերին եւ հանրային առողջությունը հակամարտության պայմաններում։ Դեյվիդ Իգնաթիուսը վարել է նաեւ «Ավրորայի» հիմնադրման գործում առանցքային դերակատարում ունեցած անձանց հիշատակին նվիրված միջոցառումներ։

«Բեմում, թե քննարկումների ժամանակ լինելով «Ավրորայի» կողքին՝ ես զգացի «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վերականգնողական ուժը, որ կարեկցանքի եւ խիզախության մի դրսեւորումը հակված է ոգեշնչելու մյուսին, եւ այդ մեկը ոգեշնչում է հաջորդին։ Ինձ համար պատիվ է ստանձնել այս նոր դերը եւ աջակցել այն բացառիկ մարդասերներին, որոնք կշարունակեն այդ շղթան»,- ասաց Դեյվիդ Իգնաթիուսը։

Դեյվիդ Իգնաթիուսը «Washington Post» պարբերականի սյունակագիր է, որում շաբաթը երկու անգամ արտաքին քաղաքականության վերաբերյալ վերլուծական հոդվածներ է հրապարակում՝ սկսած 1998-ից։ Նա շարունակել է վարել այս սյունակը նույնիսկ այն երեք տարիների ընթացքում, երբ Փարիզում զբաղեցնում էր «International Herald Tribune» թերթի գործադիր խմբագրի պաշտոնը։ Իր գործունեության շնորհիվ 2018-ին նա Պուլիցերյան մրցանակի «Հանրային ծառայություն» անվանակարգի եզրափակիչ փուլ անցած թիմում էր։ Իգնաթիուսն արժանացել է Ֆրանսիայի կառավարության Պատվո լեգեոնի շքանշանի, Ջերալդ Լոուբի մրցանակի՝ որպես մեկնաբան։ Նրան շնորհվել է Ջորջ Փոլքի մրցանակ եւ Արտասահմանյան մամուլի ակումբի մրցանակ՝ արտաքին քաղաքականության թեմաները լուսաբանելու համար։

«Ի սկզբանե Դեյվիդը եղել է «Ավրորայի» ընկերը։ Ինչպես մեր համայնքի շատ անդամներ, նրա ընտանիքը նույնպես ունի վերապրումի իր պատմությունը, բայց հետ նայելու փոխարեն նա որոշեց հայացքն ուղղել դեպի ապագա։ Ավելին, նա հանձնաժողով է բերում տասնամյակներ շարունակ աշխարհի ամենաբարդ տարածաշրջաններում կատարած իր լրագրողական փորձը եւ համաշխարհային մոտեցումը, ինչը քչերը կարող են մեկտեղել»,- նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը։

2027 թ․ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումները շարունակվում են։ Այցելեք AuroraHumanitarian.org եւ առաջադրեք մեկին, որն իր կյանքը վտանգում է հանուն ուրիշների։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *