Հայաստանի հյուրընկալության ոլորտում որակական փոփոխություններ են կատարվում, որոնց հիմքում խոշոր ներդրումային ծրագրերն են։ Այդ գործընթացի առանցքային դերակատարներից է «Green Rock» ընկերությունը, որն իր գործունեությունը կառուցում է ինովացիոն լուծումների և համայնքային կայուն զարգացման սկզբունքների վրա։ Ընկերության հավակնոտ նպատակն է Դիլիջանում ստեղծել աննախադեպ տուրիստական կլաստեր։
«Green Rock»-ի գործունեությունը Դիլիջանում սահմանափակված չէ միայն առանձին օբյեկտների կառուցմամբ։ Ստեղծվում է մի ամբողջական էկոհամակարգ։
«Մեր հիմնական նախագիծը՝ ֆլագմանը, մեծ բազմաֆունկցիոնալ հյուրանոցն է, որը կունենա 200–ից ավելի սենյակ ու հարուստ ենթակառուցվածքներ։ Հյուրանոցի հարևանությամբ կլինեն երաժշտական դահլիճ, ռեստորաններ, համատեղ աշխատանքային կենտրոններ (co-working spaces), ինչպես նաև ավելի քան 6 հեկտար տարածք զբաղեցնող արտ-պարկ»,- NEWS.am–ի հետ զրույցում նշեց «Green Rock» ընկերության գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան։ Հատկանշական է, որ այս համալիրը հասանելի կլինի ոչ միայն հյուրանոցի բնակիչների, այլև քաղաքի բոլոր հյուրերի համար։

Այս և հյուրընկալության ոլորտում ընկերության առաջարկած մյուս ծրագրերը «Green Rock»–ը ներկայացրեց Հայաստանի ազգային պատկերասրահում Լոնդոնից Wizz Air-ի ամենահայտնի «Let’s Get Lost» արշավով Հայաստան ժամանած 100–ից ավելի արկածասերների, լրագրողների և ինֆլյուենսերների։ «Green Rock»-ի աջակցությամբ էր պատկերասրահում կազմակերպվել ընդունելությունը։Ընկերության գործադիր տնօրենը ողջունելով հյուրերին՝ նրանց հրավիրեց բացահայտելու Հայաստանի «փոքրիկ Շվեյցարիան»՝ Դիլիջանը, որն իր բնությամբ, մթնոլորտով ու լեռնային տուրիզմի հնարավորություններով կարող է դառնալ ճամփորդության ամենավառ փորձառությունը։ Կատերինա Դանեկինայի խոսքով՝ ընկերությունը ողջունում է նոր գաղափարներն ու նախաձեռնությունները, որոնք հնարավորություն են տալիս Հայաստանը ներկայացնել միջազգային հանրությանը։
«Հայաստանն իսկապես չափազանց գեղեցիկ երկիր է։ Բնությունը հիասքանչ է, բայց երկիրը հարուստ է նաև բարերով, ռեստորաններով, ակումբներով ու ժամանցի այլ վայրերով, ձեր օրը լցված կլինի լրացուցիչ հույզերով։ Մենք հավատում ենք, որ դուք կոգեշնչեք միլիոնավոր այլ մարդկանց այցելել մեր երկիր՝ ճանաչելու մեր թաքնված գանձերը, կոգեշնչեք նրանց ուսումնասիրել և պարզապես զվարճանալ»,– ներկաներին դիմելով հայտարարեց Կատերինա Դանեկինան։

Միջոցառման ընթացքում ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը բարձր գնահատեց նման նախաձեռնությունները՝ նշելով. «Մեծ հաճույքով եմ ողջունում ձեզ բոլորիդ Հայաստանի ազգային պատկերասրահում։ Նախևառաջ, շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր աջակիցներին, գործընկերներին և հյուրերին՝ այս միջոցառմանը միանալու և հայկական զբոսաշրջության համար կարևոր իրադարձությանը մասնակցելու համար։ Այս տարի Green Rock-ը, ID Bank-ը և մեր մյուս գործընկերները օգնեցին կյանքի կոչել այս նախաձեռնությունը և Հայաստանը դարձնել տեսանելի միջազգային ճանապարհորդների համար»։
Բացի այն, որ Դիլիջանը Հայաստանի թիվ մեկ զբոսաշրջային կենտրոնն է, դրա դիրքը հնարավորություն է տալիս այն դիտարկել որպես Երևանի և Թբիլիսիի միջև ընկած տարածաշրջանային հանգույց։ Սակայն «Green Rock»-ում համոզված են՝ երկարաժամկետ հաջողությունը հնարավոր է միայն համայնքի հետ սերտ համագործակցությամբ։ Հենց այս գիտակցմամբ է հիմնվել «Green Rock Foundation»-ը, որն իրականացնում է սոցիալական, կրթական և մշակութային նախագծեր։ Ընկերությունը նաև ակտիվորեն աջակցում է «Meet Dilijan»՝ Destination Marketing կազմակերպությանը, որի գործունեությունն ուղղված է Դիլիջանի զարգացմանը՝ որպես տուրիստական ուղղություն:

Նմանատիպ միջազգային այցերի և «Green Rock»-ի նման խոշոր ներդրողների հետևողական աշխատանքի շնորհիվ է ձևավորվում Հայաստանի՝ որպես հյուրընկալ և զարգացող երկրի վարկանիշը։ Ընկերությունը շարունակում է իր առաքելությունը՝ ստեղծելով այնպիսի ենթակառուցվածքներ, որոնք Հայաստանը կդարձնեն ավելի գրավիչ ու հարմարավետ աշխարհի բոլոր ծայրերից ժամանող զբոսաշրջիկների համար։