
Բոլորին հայտնի է ֆուտբոլային մրցումների ժամանակ կիրառվող «խաղից դուրս վիճակ»-ի օրենքը։ Ըստ այդ օրենքի, հարձակվող ֆուտբոլիստն իր թիմակիցների կողմից իրեն փոխանցվող գնդակին հարվածելու պահին չպետք է ավելի առաջ անցած լինի մրցակցի վերջին խաղացողից։ Հակառակ դեպքում, նշանակված գոլը չեղարկվում է։ Այսպիսով կանխվում է հեռվից՝ մեկ հարվածով փոխանցված պատահական գնդակ ստանալով, առանց մեծ դժվարության գոլի հեղինակ դառնալը։ Այլ խոսքով՝ չի թույլատրվում երկնքից ընկած պատառը հենց այնպես ճանկել ու կուլ տալ։
Երանի թե քաղաքական դաշտում եւս կիրառվեր այդպիսի մի օրենք։ Հասարակական շարժումների ու հեղափոխությունների բացասական կողմերից մեկն էլ նման օրենքի բացակայությունն է․ երբ ժողովրդական հուզումների արդյունքում դաշտում «խաղից դուրս վիճակում» հայտնված մեկը, քամու բերածը հափշտակելով, առանց մեծ դժվարության, հայտնվում է երկրի ղեկին եւ դառնում ամեն ինչի տեր։ Ի դեպ, հենց այդպիսիներն ավելի շատ են ձգտում կառչած մնալ հեշտությամբ նվաճած այդ աթոռին, քան մյուսները, որոնք աստիճանական զարգացումով ու փորձառությամբ հասել են տվյալ պաշտոնին։
Նմանություններն անհերքելի են։ Բոլորն էլ հաստատում են, որ ներկա իշխանություններն ընտրվել են խիստ փոքրամասնության քվեներով՝ մյուսների անտարբերության եւ մասամբ էլ զարմացած հայացքների դիմաց։ Բոլորն էլ նկատում են, որ սրանք ամեն քայլի (օրինական կամ ոչ) դիմել եւ դեռեւս դիմելու են, որպեսզի պահեն իրենց գրաված դիրքերը։
Ճիշտ այդ պատճառով է, որ ժողովրդավարության մեջ փորձառու հասարակություններում իշխանափոխության գործընթացները զարգանում են սառը դատողության պայմաններում՝ բավարար ժամանակ հատկացնելով դրանց։ Հակառակ դեպքում, «խելագարված ամբոխների» տրամաբանությամբ շարժվողներն ավելի ուշ են գլխի ընկնում եւ զղջում իրենց արածի ու չարածի համար։ Այս հոգեվիճակում հայտնվեցին առաջին հերթին սրանց այն գիտակից աջակիցները, որոնք շատ արագ գլխի ընկան, որ դա չէր իրենց ուզածը, ու մեկը մյուսի հետեւից լքեցին իրենց ստանձնած պարտավորությունները։ Օրինակները բազմաթիվ են։
Մնում է, որ մեր բանիմաց եւ երկրի ներկայի ու ապագայի նկատմամբ պատասխանատվություն կրող քաղաքացիներն այս անգամ դուրս գան կրավորական վիճակից եւ ակտիվորեն մասնակցեն առաջիկա ընտրություններին։ Մերժելով հանդերձ նախկինների որոշ անօրինականությունները, պետք է արձանագրել, որ ո՛չ նախկինները եւ ո՛չ էլ սրանք են երկրի տերերը․ երկրի տերը մենք ենք՝ Հայաստանի լիիրավ քաղաքացիներս, որ ամուր հավատքով ու բարձր գիտակցությամբ մերժելով՝ մերժում ենք սրանց ապիկարություններն ու հայ ժողովրդին ոչ վայել անմակարդակ արտահայտությունները։ Նայելով սրանց քարոզչության որակին, հայտնի չէ, թե մեզ ինչի տեղ են դրել, երբ մանկամտորեն ահաբեկում են մեզ ենթադրյալ պատերազմով, առանց ակնարկելու պատերազմ հրահրողի մասին։ Բացահայտ ճշմարտություն է, որ պատերազմը սկսում է թշնամին՝ հատկապես այն ժամանակ, երբ նկատում է հարեւան երկրի ղեկավարության տկարությունն ու անսկզբունք զիջողականությունը։
Պետք է յուրաքանչյուրս քաջ գիտակցենք, որ, անկախ մեր ընտրողների քաղաքական հայացքներից, ի սեր գալիք սերունդների, չթողնենք, որ մեր երկրի ղեկին բարձրանան «խաղից դուրս վիճակում» հայտնվող մարդիկ, որ իրենց անմակարդակ վարքուբարքով չմսխեն մեր ժողովրդի թե՛ անցյալի եւ թե՛ գալիք սերունդներին պատկանող մշակութային արժեքներն ու պատմական նվիրական ժառանգությունները։
Վահան Դարբինյան