Մայիսի 15-ը նշվում է որպես Ընտանիքի միջազգային օր։ Հայաստանում ընտանիքն առաջնային արժեհամակարգ է․ հայ հանրության գերակշռող մասը ընտանիքակենտրոն է։
Հայաստանում և աշխարհի բազմաթիվ երկրներում ընտանիքի ձևավորման ամենակարևոր և առաջնային փուլերից մեկը ամուսնությունն է։
Ամուսնության ինստիտուտը կենսական կարևորություն ունի պետության համար։ Այստեղ խնդիրները բազմաշերտ են, և պահանջում են խորքային վերլուծություն.
Վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2026 թ․ առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, ամուսնությունների թվաքանակը 1000 բնակչի հաշվով աճել է 0․3 դեպքով՝ կազմելով 4․3 դեպք։
Միևնույն ժամանակ, ամուսնալուծությունների թվաքանակը նվազել է 0․4 դեպքով՝ կազմելով 1․2 դեպք։
Ամուսնությունների թվաքանակի անկում արձանագրվել է միայն Կոտայքի և Սյունիքի մարզերում՝ 0․1 դեպքով։
Ամուսնությունների ամենամեծ աճը՝ 1․3 դեպքով, դիտվել է Արագածոտնի մարզում։
Երևանում և բոլոր մարզերում 2026 թ․ առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, ամուսնալուծությունների թվաքանակը կրճատվել է։ Ամենամեծ անկումը՝ 0․8 դեպքով, արձանագրվել է Վայոց Ձորի մարզում։
Տվյալները վկայում են, որ ընտանիքի ինստիտուտը Հայաստանում շարունակում է պահպանել իր կարևորությունը, իսկ ամուսնությունների աճը և ամուսնալուծությունների նվազումը կարող են դիտվել նաև որպես դրական միտում՝ սոցիալական կայունության տեսանկյունից։