Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածի վերականգնման ծրագրի իրագործման համար ստանձնած ֆինանսական պարտավորությունների և փաստացի հատկացվող միջոցների միջև եղած ճեղքվածքը պետք է վերացվի հրատապ կարգով։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահի ստեղծած, այսպես կոչված, «Խաղաղության խորհրդի» զեկույցում։ Ըստ կառույցի՝ շուրջ 70 միլիարդ դոլար գնահատվող նախագծում ֆինանսավորման պոտենցիալ պակասուրդ է նկատվում, հայտնում է «Reuters»-ը։
Թրամփը հիմնել է այս Խաղաղության խորհուրդը՝ Գազայում Իսրայելի պատերազմին վերջ դնելու և ավերված տարածքը վերականգնելու իր հավակնոտ ծրագիրը վերահսկելու համար։ Ըստ նրա հայտարարությունների՝ կառույցը կարող է ներգրավվել նաև այլ հակամարտությունների կարգավորման գործում։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ճանաչել է այս մարմինը, սակայն խոշոր տերություններից շատերը դեռևս չեն միացել դրան՝ ի տարբերություն Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի մի շարք դաշնակիցների և միջին ու ավելի փոքր ազդեցություն ունեցող որոշ երկրների։
Ավելի վաղ «Reuters» գործակալությունը հայտնել էր, որ ապրիլի դրությամբ Խորհուրդը ստացել է Գազայի կարիքների համար մասնակիցների խոստացած 17 միլիարդ դոլարի միայն չնչին մասը, ինչը խոչընդոտել է նախագահական ծրագրի առաջընթացին։ Այնուամենայնիվ, հենց ինքը՝ Խորհուրդը, հերքել էր դա՝ հայտարարելով, որ իրենք «ծրագրերի իրականացման և ըստ անհրաժեշտության կապիտալի ներգրավման վրա կենտրոնացած կառույց են», և որ «ֆինանսավորման որևէ սահմանափակում չկա»։ Այս միջոցները նախատեսված են ենթակառուցվածքների վերականգնման և Գազայում ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող նոր անցումային կառավարության գործունեության ֆինանսավորման համար։
Միջոցների հատկացումն արագացնելու կոչում նշվում է, որ «ստանձնած պարտավորությունների և միջոցների փաստացի հատկացման միջև եղած ճեղքվածքը պետք է վերացվի հնարավորինս սեղմ ժամկետներում»։
Նաև ընդգծվում է.
«Այն միջոցները, որոնք խոստացվել են, բայց դեռ չեն փոխանցվել, ներկայացնում են թղթի վրա գոյություն ունեցող համակարգի և այն համակարգի միջև եղած տարբերությունը, որը իրականում տեղում գործում է Գազայի բնակիչների համար»։
Խորհուրդը կոչ է արել մասնակից երկրներին և մյուս դոնորներին առանց հապաղելու ներդրում կատարել ֆինանսավորման մեջ, ինչպես նաև արագացնել արդեն հայտարարված միջոցների փոխանցման ընթացակարգերը։
Միևնույն ժամանակ, փաստաթղթում չի հստակեցվում ոչ ստացված միջոցների ընդհանուր ծավալը, ոչ էլ այդ տարբերության ճշգրիտ չափը, թեև հաստատվում է, որ խոստացված միջոցների գումարը մնում է 17 միլիարդ դոլարի մակարդակում։ Reuters-ի հարցմանը Խաղաղության խորհուրդը օպերատիվորեն չի պատասխանել։
Ֆինանսավորում խոստացած երկրների շարքում նշվում են ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Կատարը։ Ցուցակում ներառված են նաև Մարոկկոն, Ուզբեկստանը և Քուվեյթը։
Ըստ գնահատականների՝ ավելի քան երկուս ու կես տարվա իսրայելական ռմբակոծություններից հետո Գազայի վերականգնումը կարժենա ավելի քան 70 միլիարդ դոլար։ Սա Թրամփի՝ հատվածի ապագային վերաբերող ծրագրի առանցքային տարրն է, սակայն դրա իրականացումը դժվարանում է շարունակվող անկայունության պատճառով։
Չնայած հոկտեմբերին հայտարարված հրադադարին՝ ՀԱՄԱՍ-ը հրաժարվում է վայր դնել զենքը, իսկ Իսրայելը զորքերի ներկայություն է պահպանում տարածքի զգալի մասում և շարունակում է ավիահարվածներ հասցնել տարածքներին։
Զեկույցում նաև նշվում է, որ Գազայի շենքերի և ենթակառուցվածքների մոտ 85%-ը ավերված է, իսկ մաքրման համար անհրաժեշտ է հեռացնել մոտ 70 միլիոն տոննա բեկորները։
Ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ը ցանկանում է Իսրայելին առաջարկել Պաղեստինյան վարչակազմից պահվող հարկային միջոցների մի մասը փոխանցել այս հիմնադրամին։
Դիվանագետների տվյալներով՝ շատ պետություններ չեն շտապում ֆինանսավորել վերականգնումը Թրամփի կառույցի միջոցով՝ մտահոգություն հայտնելով թափանցիկության և վերահսկողության մեխանիզմների վերաբերյալ և նախապատվությունը տալով ավանդական ուղիներին (ՄԱԿ-ի և միջազգային մարդասիրական կազմակերպությունների միջոցով)։
Խորհրդի կանոնադրության համաձայն՝ մասնակից պետությունների անդամակցությունը սահմանափակվում է երեք տարի ժամկետով, եթե նրանք 1-ական միլիարդ դոլար չներդնեն մշտական անդամություն ստանալու համար։ Դեռևս հայտնի չէ՝ մասնակիցներից որևէ մեկը կատարե՞լ է նման մուծում, թե՞ ոչ։