Մոսկվայում սկսել են փորձարկել ամբողջությամբ ինքնավար «Լաստոչկա» գնացքը

Մոսկվայում սկսել են փորձարկել չորրորդ՝ ավտոմատացման ամենաբարձր մակարդակի, ինքնավար կառավարման համակարգով «Լաստոչկա» գնացքը, РИА Новости-ին են հայտնել տեխնոլոգիայի մշակողները՝ Ավտոմատացման և կապի գիտահետազոտական ինստիտուտից։

Փորձարկումներն անցկացվում են Մոսկվայի կենտրոնական օղակաձև երկաթուղում (МЦК), որտեղ արդեն շահագործվում է ավտոմատացման երրորդ մակարդակով «Լաստոչկա»-ն։ Այն 2024 թվականի օգոստոսից տեղափոխում է ուղևորների, սակայն մեքենավարը մնում է խցիկում՝ երթևեկության վերահսկման, ինչպես նաև կայարաններում դռների բացման և փակման համար։

Ավտոմատացման չորրորդ մակարդակի դեպքում մեքենավարը խցիկում այլևս չի լինի։ Գնացքը կկարողանա ղեկավարել մեքենավար-օպերատորը՝ դիսպետչերական կենտրոնից։ Նա կհսկի համակարգի աշխատանքը և անհրաժեշտության դեպքում կմիանա կառավարմանը՝ արտակարգ իրավիճակներում։

Սանկտ Պետերբուրգի Երկաթուղային տրանսպորտի ավտոմատացման և կապի գիտահետազոտական ու նախագծային ինստիտուտի մասնաճյուղի գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Կուդրյաշովը նշել է, որ մեկ օպերատորը կկարողանա միաժամանակ վերահսկել մինչև չորս գնացք։ Անհրաժեշտության դեպքում նա կկարողանա հեռավար արգելակել կազմը, բացել կամ փակել դռները, կառավարել օդորակումը, ինչպես նաև իջեցնել կամ բարձրացնել հոսանքընդունիչը։

Մշակողները պնդում են, որ համակարգը ամբողջությամբ ստեղծվել է Ռուսաստանում։ Դրա առանձնահատկություններից մեկը հայրենական տեխնիկական տեսողության կիրառումն է, որը ճանաչում է ռելսերի վրա գտնվող խոչընդոտները և տեղեկատվությունը փոխանցում ավտոմատ արգելակման համակարգին։

Կուդրյաշովը նշել է, որ արտերկրում նման տեխնոլոգիաները սովորաբար կիրառվում են փակ ենթակառուցվածքում, մինչդեռ ռուսաստանյան համակարգը նախատեսված է բաց երկաթուղային գծերով երթևեկության համար, որտեղ գնացքի առջև կարող են անսպասելիորեն հայտնվել տարբեր խոչընդոտներ։

Փորձարկումների ընթացքում մասնագետները համեմատել են համակարգի և մեքենավարների՝ նշաններն ու խոչընդոտները ճանաչելու կարողությունը։ Մասնակիցներին պատահական կարգով ցույց էին տալիս տարբեր օբյեկտներ, որոնք նրանք պետք է նույնականացնեին։ Մշակողի վկայությամբ, համակարգն այս խնդիրը մարդկանցից արագ էր լուծում։

Փորձարկումներն անցկացվում են «Լաստոչկա»-ի վրա, սակայն մշակողները հայտարարում են, որ սարքավորումը հետագայում կարելի է տեղադրել այլ գնացքների վրա, որոնք նախատեսված են առանց մեքենավարի մասնակցության շահագործման համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *