Կեղծ ամուսնություններ՝ 100 հազար դոլարով․ ԱՄՆ-ում գրին քարտեր ստանալու խոշոր սխեմա է բացահայտվել

ԱՄՆ-ում իրավապահ մարմինները բացահայտել են օտարերկրացիների համար կեղծ ամուսնությունների կազմակերպման խոշոր սխեմա, որոնց նպատակն էր ստանալ կեցության թույլտվություն, հայտարարել են դաշնային դատախազները։ Գործով Նյու Յորքի շրջանից 11 մարդ է հարցաքննվում, հայտնում է ABC 7-ը:

Քննության վարկածով՝ սխեման գործել է ավելի քան տասը տարի և կարող էր ընդգրկել հարյուրավոր կեղծ ամուսնություններ։ Օտարերկրացիները, հիմնականում Չինաստանի քաղաքացիներ, կազմակերպիչներին վճարում էին տասնյակ հազարավոր դոլարներ ամերիկացիների հետ ամուսնանալու համար, ինչը պետք է օգներ նրանց ստանալ գրին քարտ և հետագայում հավակնել ԱՄՆ քաղաքացիությանը։

Ըստ մեղադրանքի՝ որոշ դեպքերում ծառայությունների արժեքը հասել է մոտ 100 հազար դոլարի։ Ամերիկյան քաղաքացիներին կեղծ ամուսնություններին մասնակցելու համար վճարում էին հազարավոր դոլարներ։

Ինչպես պնդվում է, կազմակերպիչները չեն սահմանափակվել զուգընկերներ գտնելով։ Նրանք կազմակերպում էին հարսանեկան արարողություններ՝ լուսանկարիչներով, հյուրերով և պաշտոնատար անձանց մասնակցությամբ, որպեսզի ստեղծեն իրական ամուսնության տպավորություն։ Որոշ դեպքերում արարողություններն անցկացվել են ռեստորաններում, որտեղ մասնակիցները փոխել են հագուստը՝ կրելով ավանդական չինական հարսանեկան տարազներ։

Միևնույն ժամանակ, ամուսիններին, ենթադրաբար, հանձնարարվել է փաստացի հարաբերություններ չունենալ և ապրել առանձին։ Այն բանից հետո, երբ օտարերկրացի ամուսինը ստացել է գրին քարտ, կազմակերպիչները կարող էին աջակցել ամուսնալուծության ձևակերպմանը։

Նյու Յորքի հարավային շրջանի դատախազությունում կարծում են, որ ավելի քան տասը տարվա ընթացքում ցանցի մասնակիցները կարող էին ստանալ տասնյակ միլիոնավոր դոլարներ։ Գերատեսչությունում այդ գործը անվանել են ԱՄՆ պատմության մեջ կեղծ ամուսնություններին առնչվող խարդախության ամենախոշոր հետաքննություններից մեկը։

Ձերբակալվածներին առաջադրվել են տարբեր մեղադրանքներ՝ կախված սխեմայում նրանց ենթադրյալ դերից։ Նրանք ներկայացել են դատարան Ուայթ Փլեյնսում։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *