Հունաստանը կիրակի կպահպանի բարձր պատրաստականության մակարդակը՝ անտառային հրդեհների սպառնալիքի պատճառով, հայտնել է Kathimerini-ն։
Իշխանությունները հայտարարել են հրդեհային վտանգի չորրորդ՝ շատ բարձր մակարդակ Ատտիկայի համար, ներառյալ Կիտիրա կղզին, ինչպես նաև Բեոտիայի և Եվբեայի շրջանների համար, ներառյալ Սկիրոս կղզին, Կիկլադյան կղզիների և Կրետեի համար։
Զգուշացումը ենթադրում է հրշեջ և փրկարարական ծառայությունների, տեխնիկայի և այլ սարքավորումների լիակատար մոբիլիզացիա։ Տեղական և տարածաշրջանային իշխանություններին հանձնարարվել է ակտիվացնել արտակարգ իրավիճակների համակարգող մարմինները և պատրաստվել հնարավոր անտառային հրդեհներին։
Ազգային օդերևութաբանական ծառայության կանխատեսմամբ՝ երկրում հիմնականում կպահպանվի պարզ եղանակ։ Էգեյան ծովում սպասվում է հյուսիսային քամի՝ Բոֆորտի սանդղակով 6–7 բալ ուժգնությամբ, Հունաստանի արևելյան հատվածի որոշ վայրերում պոռթկումները կլինեն ավելի ուժեղ։ Կիրակի ավելի ուշ քամին պետք է թուլանա։
Օդի ջերմաստիճանը շրջանների մեծ մասում կկազմի 32–34 աստիճան, մայրցամաքային Հունաստանի առանձին տարածքներում և Դոդեկանեսյան կղզիներում՝ մինչև 35 աստիճան։ Ատտիկայում սպասվում է 32–33 աստիճան։
Երկուշաբթի ուժեղ քամին կպահպանվի, հատկապես Էգեյան ծովում, ջերմաստիճանն էականորեն չի փոխվի։ Լեռնային շրջաններում հնարավոր են տեղատարափ անձրևներ և ամպրոպներ։
Իշխանությունները բնակիչներին և զբոսաշրջիկներին կոչ են արել պահպանել զգուշություն և խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է հրդեհի պատճառ դառնալ շոգ, չոր եղանակի և ուժեղ քամու պայմաններում։