Ավստրալիայի նահանգը Բոնդի-Բիչում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո կսկսի քաղաքացիներից զենք գնել

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում, որը երկրի ամենաբնակեցված նահանգն է, նոյեմբերից կգործի քաղաքացիներից հրազենը հետգնելու ծրագիր։ Այն կդառնա առաջին նման նախաձեռնությունը Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի զոհ է դարձել 15 մարդ, հայտնում է BBC News-ը։

Նոյեմբերի 2-ից զենքի սեփականատերերին կառաջարկեն մինչև 1 հազար ավստրալիական դոլար՝ գրանցված ատրճանակները, հրացանները և կարաբինները հանձնելու դիմաց։ Նոր Հարավային Ուելսի վարչապետ Քրիս Միննսը հայտարարել է, որ իշխանությունները ցանկանում են, որպեսզի զենքը հանձնվի, դրա սեփականատերերը փոխհատուցում ստանան, իսկ զենքի միավորները անվտանգ ոչնչացվեն։ Ըստ նրա, ծրագիրը կարող է հանգեցնել հարյուր հազարավոր միավոր զենքի հանձնման։

Նոր կանոններն արդեն սահմանափակել են այն զենքի քանակը, որը կարող է գտնվել մեկ անձի տնօրինության տակ․ քաղաքացիների մեծամասնությունն իրավունք ունի ունենալու չորս միավոր, իսկ որոշ կատեգորիաների համար, ներառյալ ֆերմերներն ու սպորտային հրաձիգները, սահմանաչափը 10 է։ Հետգնման ծրագիրը նախատեսված է նաև նրանց համար, ում մոտ զենքի քանակը գերազանցում է թույլատրելի սահմանը կամ որոնց լիցենզիաներն այլևս ուժի մեջ չեն։ Լիցենզիաների գործողության ժամկետը նույնպես կրճատվել է հինգ տարուց մինչև երկու տարի։

Ծրագիրը կիրականացվի երկու փուլով։ Առաջինը կմեկնարկի նոյեմբերի 2-ին և կընդգրկի ատրճանակների, հրացանների և կարաբինների որոշ տեսակներ։ Օրինակ՝ ռևոլվերի համար սեփականատիրոջը կվճարեն 1 հազար ավստրալիական դոլար, իսկ օդաճնշական հրացանի համար՝ 450 դոլար։

Երկրորդ փուլը կմեկնարկի հաջորդ տարվա սկզբին և կտարածվի ավելի թանկ հրազենի վրա, որի արժեքը գերազանցում է 3 հազար ավստրալիական դոլարը։ Առավելագույն փոխհատուցումը կկազմի 10 հազար դոլար։

Զենքի հետգնման ազգային ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Նոր Հարավային Ուելսի և Ավստրալիայի կառավարությունների կողմից։ Ձեռնարկությունները կկարողանան ստանալ մինչև 25 հազար ավստրալիական դոլար՝ նոր կանոններին հարմարվելու համար, առանձին աջակցություն նախատեսված է նաև զենք վաճառողների համար։

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն հայտարարել է, որ իշխանությունները պետք է անեն ամեն հնարավոր բան, որպեսզի կանխեն Բոնդի-Բիչում տեղի ունեցած «հակասեմական ահաբեկչական հարձակման» կրկնությունը, այդ թվում՝ զենքի մասին օրենսդրության լայնածավալ բարեփոխման միջոցով։

Անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին Սիդնեյի հայտնի լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ գնդակահարվել էր 15 մարդ, այդ թվում՝ տասնամյա մի աղջիկ և Հոլոքոստը վերապրած մի անձ։

Հարձակումից հետո Ավստրալիայի իշխանությունները սկզբում նախատեսում էին զենքի հետգնման համազգային ծրագիր, սակայն դրա մեկնարկը հետաձգվեց ֆինանսավորման և իրագործման մեխանիզմների հետ կապված հարցերի պատճառով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *