ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պատասխանել է բանակցություններ անցկացնելու իր առաջարկին այն բանից հետո, երբ նա կարգադրել էր կրճատել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ ռազմական զորավարժությունները։
Երբ Սպիտակ տանը լրագրողը Թրամփին հարցրել է, թե ինչու Կիմ Չեն Ընը չի պատասխանել իր զրույցի առաջարկին, ԱՄՆ նախագահը հայտնել է, որ հյուսիսկորեացի առաջնորդն այնուամենայնիվ պատասխանել է՝ փոխգործակցությունը բնութագրելով միայն որպես «դրական» և չբացահայտելով որևէ մանրամասն։
«Կիմ Չեն Ընը միշտ մեծ հարգանքով է վերաբերվել ինձ։ Մենք բազմիցս հանդիպել ենք, փաստորեն՝ երկու անգամ, զրուցել և միասին ժամանակ անցկացրել։ Ես նրան հասկանում եմ, և նա հասկանում է ինձ»,- ասել է Թրամփը։
«Նրան դուր չէր գալիս [ԱՄՆ նախկին նախագահ Ջո] Բայդենը, նրան դուր չէր գալիս [ԱՄՆ նախկին նախագահ Բարաք] Օբաման, նրան ոչ ոք դուր չէր գալիս, բայց ես նրա հետ շատ լավ հարաբերություններ ունեմ։ Այն, ինչ ես անում եմ, իրավիճակն ավելի անվտանգ է դարձնում»,- հավելել է ԱՄՆ նախագահը։
Նա հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ը կրճատում է ռազմական զորավարժությունների ծավալը, քանի որ Հարավային Կորեան հրաժարվել է օգնել Վաշինգտոնին Իրանի հարցում։
«Մենք չենք կարող պաշտպանել այս բոլոր երկրներին, հատկապես երբ նրանք պատրաստ չեն օգնել մեզ»,- եզրափակել է Թրամփը։