Թրամփը Իրանին սպառնացել է «դրակոնյան պատժամիջոցներով»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է Իրանի դեմ «շատ դրակոնյան պատժամիջոցներ» սահմանել՝ չհստակեցնելով, թե հատկապես ինչ միջոցների մասին է խոսքը, հայտնում է Associated Press-ը։

Խոսելով Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի մասին՝ Թրամփը նշել է, որ դրանով նախկինի պես բազմաթիվ նավեր են անցնում, սակայն ենթադրել է, որ երթևեկության ինտենսիվությունը «ինչ-որ պահի կարող է մի փոքր նվազել»։

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ նավարկության խափանումները ստիպել են աշխարհին նավթի մատակարարման այլընտրանքային երթուղիներ փնտրել։ Նրա կարծիքով՝ ապագայում Հորմուզի նեղուցը կարող է անհամեմատ ավելի փոքր նշանակություն ունենալ, քան նախկինում։

Թրամփը փորձել է նվազեցնել նավթի բարձր գների ազդեցության նշանակությունը՝ նշելով, որ մեկ բարելի արժեքը դեռևս չի հասել 350 դոլարի։ Միևնույն ժամանակ, նա չի հստակեցրել, թե ով էր կանխատեսել գների նման կտրուկ աճը։

Մինչ պատերազմի մեկնարկը Հորմուզի նեղուցով օրական անցնում էր համաշխարհային նավթային առևտրի մոտ մեկ հինգերորդ մասը։ Հակամարտության ֆոնին ռազմավարական երթուղով նավերի շարժը կտրուկ նվազել է, թեև ԱՄՆ-ն պնդում է, որ ապահովում է տանկերների մի մասի անցումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *