Էկոնոմիկայի նախարարությունը փորձում է խոչընդոտել «Հայ–չինական գործընկերության կենտրոնի» մասնակցությունը CIIE ցուցահանդեսին

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը վերջին երկու տարիներին տարբեր պատճառաբանություններով փորձում է խոչընդոտել «Հայ–չինական գործընկերության կենտրոն» հասարակական կազմակերպության մասնակցությանը Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող ամենամյա CIIE միջազգային ներմուծման ցուցահանդեսին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կազմակերպության նախագահ Արմեն Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ «Հայ–չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ն ստեղծվել է 2017 թվականին և զբաղվում է հայ-չինական գործընկերության ու համագործակցության ամրապնդմամբ։ Կազմակերպությունն օգնում է հայկական ընկերություններին մուտք գործել չինական շուկա, Չինաստանում ներկայացնում և առաջ է մղում է նրանց արտադրանքը, ինչպես նաև իրականացնում է մշակութային և կրթական ծրագրեր։

«Բիզնեսի մասով մասնակցել ենք բազմաթիվ բիզնես ֆորումների, մենք ենք կազմակերպել առաջխաղացման շաբաթներ։ Ամեն տարի մենք անում ենք հայկական արվեստի և գինու փառատոն Շանհայում»,- պատմեց նա։

Անդրադառնալով Շանհայում ամեն տարի նոյեմբերի 5-10-ը անցկացվող CIIE միջազգային ներմուծման ցուցահանդեսին՝ Մխիթարյանը նշեց, որ «Հայ–չինական գործընկերության կենտրոնը» մի քանի տարի շարունակ ցուցահանդեսի շրջանակում կազմակերպել է Հայաստանի առաջխաղացման շաբաթ՝ ներկայացնելով գործընկեր կազմակերպությունների արտադրանքն ու ծառայությունները։ Նրա խոսքով՝ դա իրականացվել է անվճար հիմունքներով և հատկապես կարևոր է այն ընկերությունների համար, որոնք ինքնուրույն չեն կարող իրենց թույլ տալ մեծ ծախսեր՝ կապված ապրանքների տեղափոխման և այլ կազմակերպչական հարցերի հետ։

Մխիթարյանի խոսքով՝ Կենտրոնը մասնակցել է ցուցահանդեսին դեռևս մինչև Հայաստանի ազգային տաղավարի ստեղծումը, տարածք վարձակալելով։ Շարունակել է մասնակցել նաև 2023 թվականից հետո, երբ Չինաստանի կառավարությունը Հայաստանի կառավարությանը անվճար տաղավար տրամադրեց, արդեն գործունեություն ծավալելով այդ տացավարում։

«2023-ին մասնակցել ենք, 2024-ին մասնակցել ենք, ոչ մի հարց չի եղել, որովհետև մենք մեր գործընկերների՝ հայկական ընկերությունների հետ ունենք համապատասխան պայմանագրեր, որոնց համաձայն՝ նրանց բրենդներն ու ապրանքանիշերը ներկայացնում ենք Չինաստանում անցկացվող ցուցահանդեսներում՝ առաջխաղացման և շուկա մուտք գործելու նպատակով։ Շատերը դրա շնորհիվ գործընկերներ են ձեռք բերել Չինաստանում և սկսել են արտահանել իրենց արտադրանքը»,- ասաց նա։

Մխիթարյանը հավելեց, որ Էկոնոմիկայի նախարարությունում լավատեղյակ են իրենց գործունեությանը և վերջին տարիների ընթացքում գրանցած արդյունքներին։

Նրա խոսքով՝ Կենտրոնը փորձել է նաև հայկական գինին ներկայացնել Ասիայի խոշորագույն ցուցահանդեսներից մեկում՝ Wine to Asia-ում, որն ամեն տարի անցկացվում է Չինաստանի Շենժեն քաղաքում։ Սակայն, նրա տեղեկացմամբ, Էկոնոմիկայի նախարարությունն ու «Գինու հիմնադրամը» մերժել են այդ առաջարկը։

Արմեն Մխիթարյանը պարզաբանեց, որ ամեն տարի CIIE ցուցահանդեսից առաջ Էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչությունը հայտարարում է հայտերի ընդունման գործընթաց, որի հիման վրա էլ ձևավորվում է մասնակից կազմակերպությունների ցանկը։

Նրա խոսքով՝ անցյալ տարի ևս նախարարությունը փորձել էր մերժել «Հայ–չինական գործընկերության կենտրոնի» մասնակցության հայտը, սակայն վերջին պահին հարցը լուծվել էր։

Այս տարի, ըստ Կենտրոնի նախագահի, իրենց հայտը մերժելու համար ներկայացվել են մի քանի, իր գնահատմամբ, անհասկանալի հիմնավորումներ։

Նախ՝ պնդել են, որ հասարակական կազմակերպությունը չի կարող մասնակցել ցուցահանդեսին։ Մխիթարյանի խոսքով՝ դա հակասում է նախարարի համապատասխան հրամանին, որով շահառուների թվում նշված են ինչպես առևտրային ընկերությունները, այնպես էլ ասոցիացիաները, միությունները և հասարակական կազմակերպությունները։

Այնուհետև նախարարությունում պատճառաբանել են, որ հասարակական կազմակերպությունը սեփական արտադրանք չունի և, հետևաբար, չի կարող այն ներկայացնել ցուցահանդեսին։

«Ասոցիացիաները, միությունները, հասարակական կազմակերպությունները ընկերությունների միավորումներ են, որոնք պաշտպանում են այդ ընկերությունների և գործընկերների շահերը և լուծում ոլորտային խնդիրներ։ Մենք էլ լուծում ենք մեր հայկական ընկերությունների՝ չինական շուկա մուտք գործելու խնդիրը։ Մենք մեր գործընկերներին ենք տանում այնտեղ և ներկայացնում»,- ասաց Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ նախարարության երրորդ պատճառաբանությունն այն է եղել, որ հայտը ներկայացվել է հասարակական կազմակերպության անունից, մինչդեռ ցուցահանդեսում ներկայացվելու են այլ կազմակերպությունների արտադրանքներ։

Մխիթարյանը նշել է, որ տարիներ շարունակ դա որևէ խոչընդոտ չի հանդիսացել։ Նրա խոսքով՝ նախարարության ներկայացուցիչները մի քանի անգամ այցելել են Շանհայի ցուցահանդեսի հայկական տաղավար և տեղյակ են, որ ՀԿ-ն պայմանագրային հիմունքներով ներկայացնում է մի շարք հայկական ընկերությունների։

Այս տարի կազմակերպությունից պահանջել են այդ ընկերությունների հետ կնքված բոլոր պայմանագրերը, որոնք, Մխիթարյանի խոսքով, նույնպես ներկայացվել են նախարարությանը։

«Հիմա մտածում են, թե չորրորդ անգամ ինչ հիմնավորում գտնեն, որ մերժեն։ Ծիծաղելի է արդեն այս վիճակը»,- ասաց ՀԿ նախագահը։

Նա հավելեց, որ առայժմ չի կարող բացատրել, թե ինչու է նախարարությունը փորձում մերժել իրենց հայտը, սակայն, իր գնահատմամբ, ակնհայտ է մասնակցությունը ցուցահանդեսին խոչընդոտելու միտումը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *