Քենիայի հյուսիսում ուղղաթիռի կործանման հետևանքով յոթ մարդ է զոհվել, այդ թվում՝ ԱՄՆ չորս քաղաքացի, հայտնում է NBC News-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտին։
Աղետը տեղի է ունեցել Սամբուրու շրջանի Օլոլոկվե լեռան ստորոտում գտնվող հեռավոր մի վայրում։
Քենիայի քաղաքացիական ավիացիայի վարչության տվյալներով՝ ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեղական ժամանակով ժամը 9:13-ին։ Օդանավում գտնվել է վեց ուղևոր և օդաչուն․ նրանք բոլորը զոհվել են։
Քենիայում ԱՄՆ դեսպանատունը կապ է պահպանում տեղական իշխանությունների հետ և անհրաժեշտ հյուպատոսական աջակցություն է ցուցաբերում զոհվածների ընտանիքներին։
Ուղղաթիռը պատկանում էր Lady Lori Kenya ընկերությանը և չարթերային չվերթ էր իրականացնում Սույյան արգելոցից դեպի Օլոլոկվե լեռան շրջանը։ Ընկերությունը հաստատել է աղետի փաստը և հայտարարել, որ պատահարի քննության հարցում համագործակցում է իշխանությունների հետ։
Որոնողափրկարարական աշխատանքները բարդացած են դժվարանցանելի տեղանքի և անկման վայրում բռնկված հրդեհի պատճառով։ Քենիական Կարմիր խաչը Իսիոլո քաղաքից լրացուցիչ խումբ է ուղարկել՝ գործողությանը մասնակցելու համար։
Զոհվածների թվում է Telemundo-ին պատկանող Ֆլորիդայի մի քանի հեռուստաալիքների 55-ամյա նախագահ և գլխավոր տնօրեն Խոսե Սուարեսը։ Նրա մահվան մասին տեղեկությունը հաստատել է NBCUniversal News Group-ի նախագահ Սեսար Կոնդեն։
Սուարեսը շուրջ 20 տարի աշխատել է NBCUniversal-ի կառույցներում, այդ թվում՝ ղեկավարել է Սան Անտոնիոյում, Սակրամենտոյում, Ֆրեզնոյում, Սոլթ Լեյք Սիթիում և Լաս Վեգասում գտնվող հեռուստաալիքները։