Ճապոնիայում արագընթաց գնացքը վրաերթի է ենթարկել ռելսերը մաքրող չորս աշխատակիցներին․ բոլորը մահացել են

Ճապոնիայում՝ Տոկիոյից հյուսիս գտնվող Սին-Կանումա կայարանում, արագընթաց գնացքը վրաերթի է ենթարկել երկաթուղու չորս աշխատակցի։ Աշխատակիցներն այդ պահին իրականացնում էին գնացքուղիները մոլախոտերից մաքրելու աշխատանքներ։ Associated Press-ի փոխանցմամբ՝ տեղում գտնվող երեք բանվորներն ու նրանց ղեկավարը մահացել են։

Ողբերգական պատահարը տեղի է ունեցել Տոբու Նիկո գծում, երբ դեպի Տոկիո ընթացող «Spacia» էքսպրեսը մտել է կայարան։ Տուժածներին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրանց կյանքը։

Տարածքում գտնվող մյուս վեց աշխատակիցները, ինչպես նաև գնացքի շուրջ 50 ուղևորները միջադեպից չեն տուժել։

«Tobu Railway» երկաթուղային ընկերության պարզաբանմամբ՝ աշխատանքային խումբը պետք է մոլախոտերի դեմ քիմիական մշակում իրականացներ։ Սահմանված կարգի համաձայն՝ գնացքի մոտենալու ժամանակ հերթապահ դիտորդները պարտավոր էին զգուշացնել բանվորներին և ապահով կերպով հեռացնել նրանց վտանգավոր գոտուց, ինչպես նաև պետք է հատուկ դրոշակով ազդանշան տային մեքենավարին։

Թե ինչու աշխատակիցները ժամանակին չեն լքել ռելսերը և որքանով են թերացել հերթապահները, դեռևս հայտնի չէ։ Նախնական վարկածով՝ ողբերգության պատճառ է դարձել հաղորդակցման սխալը։ Հետաքննությունը շարունակվում է։

Միջադեպի պատճառով երկաթուղային երթևեկությունը դադարեցվել է մի քանի ժամով, սակայն այժմ աշխատանքն ամբողջությամբ վերականգնված է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *