Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամմեդ բեն Սալմանը դեմ են արտահայտվել Հորմուզի նեղուցով նավարկության համար որևէ ուղղակի կամ անուղղակի վճարի սահմանմանը։ Այս մասին նշվում է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ։
Առաջնորդներն ընդգծել են «Հորմուզի նեղուցում բնականոն նավարկությունը վերականգնելու» անհրաժեշտությունը և դատապարտել են «նեղուցում նավերի վրա հարձակումներն ու նավարկությանը սպառնացող վտանգները», հայտնում է սաուդյան Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով հայտարարությանը։
Անդրադառնալով Իրանի հարցին՝ Մակրոնն ու բեն Սալմանը կարևորել են «բանակցությունների միջոցով լուծման հասնելը» և վերահաստատել «դիվանագիտական այնպիսի հանգուցալուծման հասնելու իրենց հանձնառությունը, որը կերաշխավորի Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը»։
Բացի այդ, նրանք կոչ են արել Թեհրանին վերսկսել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցությունը։
Խոսելով Գազայի հատվածում տիրող իրավիճակի մասին՝ առաջնորդներն ընդգծել են կայուն հրադադարի համար պայմաններ ստեղծելու կարևորությունը։ Նրանք նաև ողջունել են ՀԱՄԱՍ-ի զինաթափման վերաբերյալ համաձայնագիրը և կոչ արել կյանքի կոչել այն։
Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան, բացի այդ, կոչ են արել «դադարեցնել իսրայելական բնակավայրերի կառուցման քաղաքականությունը»։
Մակրոնը և թագաժառանգ արքայազնը հաստատել են հակամարտությունների «քաղաքական և դիվանագիտական լուծումներին հասնելու» մտադրությունը և վերահաստատել Ֆրանսիայի ու Սաուդյան Արաբիայի միջև «ռազմավարական գործընկերությունը» ամրապնդելու ձգտումը։