Հունգարիան կարող է հանել Ուկրաինային հատկացվելիք վարկի վրա դրված վետոն

«Դրուժբա» նավթամուղով Հունգարիա նավթի մատակարարումների դադարեցման եւ ԵՄ-ի Ուկրաինային տրամադրվելիք 90 մլրդ եվրոյի վարկի Բուդապեշտի կողմից արգելանքի պատմությունն այսօր կարող է ավարտվել։ Եթե Կիեւը հասցնի վերականգնել ռուսական նավթի տարանցումը մինչեւ ԵՄ դեսպանների այսօր նախատեսված հանդիպումը, ապա Հունգարիան կարող է հանել Ուկրաինային հատկացվելիք վարկի վրա դրված վետոն։

Այն, որ արդեն այսօր Ուկրաինային ԵՄ-ի 90 մլրդ եվրոյի վարկի տրամադրման հարցը կարող է լուծվել,  նախօրեին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը՝ Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների նիստից առաջ։

Bloomberg- ի աղբյուրները հայտնել էին, որ ապրիլի 21-ին նախատեսված են նավթամուղի տեխնիկական փորձարկումներ։ Նույն օրը երեկոյան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիեւը ավարտել է նավթամուղի իր հատվածի վերանորոգումը, սակայն տարանցման վերականգնման ժամկետներ չէր նշել։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին տեղեկացրել էր, որ Մոսկվան պատրաստ է վերսկսել նավթի մատակարարումները, եթե Կիեւը բացի խողովակը։

Ռուսական նավթի մատակարարումները Հունգարիա եւ Սլովակիա դադարեցվել էին հունվարի վերջին։ Կիեւը հայտարարել էր, որ «Դրուժբա» նավթամուղը վնասվել է ռուսական հարվածի հետեւանքով։ Բուդապեշտն ու Բրատիսլան Կիեւի հայտարարությանը չէին հավատում, նշում էին, որ դա Հունգարիայում խորհրդարանական ընտրությունների վրա ազդելու փորձ է։

Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ հնարավոր է վերականգնվի նավթի տարանցումը Ուկրաինայի տարածքով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *