Երեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ կունենա ՄԱԿ-ի ամբիոնից՝ բախվելով պատերազմների և աշխարհաքաղաքական մարտահրավերների մի ամբողջ շարքի, որոնք կարող են կանխորոշել նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետի արտաքին քաղաքականությունը՝ սկսած Իրանի հետ հակամարտությունից և Ուկրաինայում Ռուսաստանի մղած պատերազմից մինչև Չինաստանի հետ սրվող ռազմավարական մրցակցություն․ հայտնում է Fox News-ը։
Նախատեսվում է, որ Թրամփը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այն պահին, երբ նրա վարչակազմը ձգտում է կարգավորել աշխարհի ամենաերկարատև հակամարտություններից մի քանիսը՝ միաժամանակ դիմակայելով այնպիսի հակառակորդների, որոնք վերջին տարիներին խորացրել են իրենց տնտեսական և անվտանգային կապերը։
Ըստ նախագահի ելույթին նախորդող տեղեկությունների՝ Թրամփն իր խոսքում կշեշտի, որ Սպիտակ տունը լուծումներ է փնտրել այնպիսի գլոբալ խնդիրների համար, որոնք նախորդ վարչակազմերն անլուծելի էին թողել։ Սպիտակ տան հաղորդմամբ՝ Թրամփը կանդրադառնա Իրանի միջուկային հավակնություններին, Գազայի հատվածի վերաբերյալ վարչակազմի խաղաղ ծրագրին, արևմտյան կիսագնդում տեղի ունեցող զարգացումներին և այլ հարցերի։
Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ հավաքի շրջանակում ընթացող դիվանագիտական քննարկումներում գերիշխող թեման կլինի Իրանի հարցը։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ Իրանը կլինի «քննարկումների և դիվանագիտական ջանքերի առանցքային թեման» ամբողջ շաբաթվա ընթացքում, քանի որ վարչակազմը շարունակում է Թեհրանին տնտեսապես մեկուսացնելու իր քաղաքականությունը։
Երեքշաբթի՝ ելույթից հետո, նախատեսված է Թրամփի հանդիպումը Ծոցի համագործակցության խորհրդի ղեկավարների հետ, որի ընթացքում, ինչպես սպասվում է, առանցքային տեղ կզբաղեցնեն պատերազմի և Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման հարցերը։
Ակնկալվում է նաև, որ Թրամփը կվերահաստատի ՄԱԿ-ի գործունեությունն արմատապես վերափոխելու իր մտադրությունը՝ հաշվի առնելով, որ անցյալ տարի նույն հարթակից նա կտրուկ քննադատության էր ենթարկել կառույցի արդյունավետությունը։
«Ո՞րն է ՄԱԿ-ի նպատակը»,- հարցրել էր Թրամփն իր նախորդ ելույթի ժամանակ՝ պնդելով, որ կառույցը չնչին դեր է խաղացել աշխարհում հակամարտությունների կարգավորման գործում։
Նախատեսված ելույթից առաջ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ վարչակազմն օգնել է կրճատել ՄԱԿ-ի բյուջեն ավելի քան 1 միլիարդ դոլարով։ Միաժամանակ կրճատվում է կազմակերպության շուրջ 3000 հաստիք, իսկ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի ավելի քան մեկ քառորդը հետ է ուղարկվում հայրենիք։
«Մենք դա անվանում ենք ՄԱԿ-ի համար «դիետա»՝ նպատակ ունենալով վերականգնել կառույցի կենտրոնացվածությունը, դարձնել այն ավելի կոմպակտ և վերադարձնել հիմնական գործառույթներին՝ կենտրոնանալով խաղաղության և անվտանգության վրա»,- նշել է պաշտոնյան՝ բնութագրելով վարչակազմի մոտեցումը որպես «ավելի քիչ գործ՝ ավելի լավ որակով» սկզբունքի կիրառում։