Բաքվում «աշնանային սրացումներ» են․ «Հրապարակ»-ին էլ են հիշել

Ադրբեջան պետության, հասարակության, մեդիահանրության ու այդ երկրին վերաբերելի յուրաքանչյուր կառույցի, ուժի, գործչի կողմից Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի ու հայկական որեւէ երեւույթի մասին արված հայտարարությունները, քայլերը եւ այլն, ոչ միայն Հայաստանում, այլեւ, բարեբախտաբար, առաջադեմ, քաղաքակիրթ աշխարհում ընկալվում են որպես քինախնդրության, թշնամանքի հերթական ցցուն դրսեւորումներ։ Հիմա էլ Բաքվում նոր հեքիաթ են հորինել․ «տեղեկատվական կամ հիբրիդային արշավ՝ ընդդեմ Ադրբեջանի»։

Վերջին թարմ օրինակը, այն էլ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի մակարդակով, այն էլ ո՞ւմ հասցեին մեղադրանքների պաշարով, իրենց «մեծ եղբոր»՝ Թուրքիայի։ Օրերս Ադրբեջանի խորհրդարանի հատուկ հանձնաժողովը հայտարարել է, թե Թուրքիայի տարածքից սոցիալական մեդիայի հարթակներով Ադրբեջանի դեմ համակարգված տեղեկատվական արշավ է իրականացվում։ Բաքուն Անկարայից ակնկալում է գործնական քայլեր՝ դա կանխելու համար։ Պարզվում է՝ դարավոր եղբայրությանը, «մեկ ազգ՝ երկու պետություն» գաղափարախոսությանը վնասում է Իսրայելը՝ Ադրբեջանի «լավ ընկերն» ու Թուրքիայի «աչքի փուշը»։ Բա՞, ընտանիքում ամեն ինչ չէ, որ հարթ է, ամեն մեկը չէ, որ համակրում է մյուսի ծանոթին։ Շահեր էլ կան, եսասիրություն էլ, որ վերջին շրջանում սկսել է բացեիբաց ակնարկել Ալիեւ բռնապետը։ Սա թողնենք իրենց․․․

Անդրադառնալով Բաքու-Անկարա «թեժ գծին»՝ հավելենք, որ ադրբեջանցի օրենսդիրների դժգոհության հիմնական պատճառներից մեկն այն է, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթի ժամանակ, երբ նա հանդիմանում էր Թուրքիային, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության թեմայով, ադրբեջանական պատվիրակությունը չի լքել դահլիճը (ի տարբերություն թուրքական պատվիրակության), ինչը թուրքական հանրային ու մեդիա շրջանակներում քննադատության ալիք է բարձրացրել Ադրբեջանի դեմ։ «Տեղեկատվական արշավի» մասին հայտարարեց նաեւ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ադրբեջանական կողմը՝ ի դեմս կառույցի համակարգող, քաղաքագետ Ֆարհադ Մամեդովի։ Նա ասաց, թե իբր հայկական կողմը, պաշտոնական Երեւանը եւ, որ տարակուսելի է, այսպես կոչված՝ քաղհասարակության ներկայացուցիչները, որոնց հետ պարբերաբար հանդիպում են թե՛ մեր երկրում, թե՛ իրենց, «ջանջիգյար» անում, իրար ծեքծեքուն հարցազրույցներ տալիս եւ այլն, վերջին շրջանում հակաադրբեջանական, ատելության, ռեւանշիստական խոսույթ են խրախուսում։ Այս դեպքում պատճառն Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների խայտառակ այցն էր օկուպացված Արցախ եւ Ալիեւի օգնական Հաջիեւի հակահայկական շոուն՝ Գանձասարի, Դադիվանքի հայկականության հետ կապված նենգ պատմական խեղաթյուրումներով։

Եվ ահա, մեր ժողովրդի հիշողության, տարեգրության օրացույցի նոր «սեւ ու ողբերգական էջի»՝ սեպտեմբերի 27-ի, Արցախյան 44-օրյա պատերազմի մեկնարկի օրվա հետ կապված, հարեւան երկրում որոշել են թիրախավորել մեր զգացմունքները, ծաղրել մեր ազգային արժանապատվությունը՝ անցնելով բարոյականության բոլոր սահմանները։ Ադրբեջանի իշխանամերձ լրատվականների ու հեղինակների մաղձն այնտեղ է հասել, որ հայության հավաքական սգի օրվա հետ կապված՝ «Հրապարակ»-ի նյութերին են անդրադարձել (իսկ դրանցում դատապարտվել են համազգային վշտի օրը Հ1-ի եթերում խայտառակ տաշի-տուշի աղմուկը՝ Թաթայի համերգի տեսքով, պաշտոնյաների «ալիեւահաճո լռությունը» եւ ալն), եւ մեզ մեղադրել են ռեւանշիզմի մեջ, հետեւյալ թշվառ պատճառաբանությամբ․ «Այս համատեքստում ի հայտ է գալիս հետաքրքիր սյուրռեալիստական պատկեր։ Այսպիսով, ընդդիմադիր լրատվամիջոցների, մասնավորապես՝ «Հրապարակ» թերթի կողմից ներկայացված ռեւանշիստական ուժերը վրդովմունք հայտնեցին 2020 թվականին պատերազմի սկսվելու տարելիցի կապակցությամբ։ Դրա պատճառն այն էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ չցավակցեցին, մինչդեռ Հանրային հեռուստատեսությունը նույն օրը հեռարձակեց ժամանցային համերգ»։ Սա բռնապետական ադրբեջանական ռեժիմի դրոշակակիր Մինվալ․ազ-ի հրապարակումն է, որտեղ շարունակում է նույն ցնդաբանական տարերքով․ «Այսօր հայկական լրատվամիջոցները մեղադրում են Փաշինյանի կառավարությանը բոլոր մահացու մեղքերի մեջ։ Հայ երազողները ոչինչ չունեն առաջարկելու իրենց երկրին, բացի հավերժական սգից»։ Հավերժական սգի, կեղեքվելու, նվնվալու, բողոքելու, աշխարհից նեղանալու ու նրա վրա մուննաթ գալու, ցեղասպանվածի կերպարով հանդես գալու հատկանիշները հարատեւաբար ձեր մասին են, ադրբեջանցիներ։ Եվ ձեր դեպքում մեր արձագանքը հանրահայտ առածով կասենք․ «Ում կովը բառաչի, քոնը պիտի սսկվի»․․․ որովհետեւ հայի հանդեպ ատելության ու սերունդներին այդ ոգով դաստիարակելու հարցում մենք դեռ շատ բան ունենք ձեզնից սովորելու։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *