
Հարավային Կորեայում երկու կործանիչներ բախվել են օդում, երբ օդաչուն լուսանկարներ և տեսանյութեր էր արել` որպես հուշ: Դեպքը տեղի է ունեցել 2021 թվականին, այժմ երկրի աուդիտի և ստուգման խորհուրդը հրապարակել է հետաքննության մանրամասները, գրում է BBC-ն:
Հաստատվել է, որ օդաչուներից մեկն իր վերջին թռիչքն էր կատարում զինվորական ստորաբաժանման հետ: Բազա վերադառնալիս նա սկսել է լուսանկարներ անել խցիկից իր անձնական բջջային հեռախոսով:
Մյուս կործանիչի օդաչուն, նկատելով դա, խնդրել է գործընկերոջը տեսանկարահանել մյուս ինքնաթիռը: Լուսանկարիչը բարձրացրել է ինքնաթիռը՝ ավելի լավ կադր ստանալու համար: Ինքնաթիռները բախվել են՝ վնասելով մեկի թևը և մյուսի պոչը: Օդաչուները չեն տուժել, սակայն ինքնաթիռի վերանորոգումը արժեցել է 880 միլիոն վոն (մոտավորապես 596,000 դոլար):
Վթարից հետո օդաչուներից մեկը հեռացվել է, իսկ ավելի ուշ հրաժարական է տվել՝ աշխատանքի անցնելով մասնավոր ընկերությունում: Սկզբում նրան պարտավորեցրել են փոխհատուցել ամբողջ գումարը, բայց ի վերջո տասն անգամ ավելի փոքր տուգանք են սահմանել՝ 88 միլիոն վոն (59,600 դոլար)։
Իշխանությունները խոստովանել են, որ Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերը մասամբ պատասխանատու են միջադեպի համար, քանի որ անձնակազմը թույլ էր տվել օգտագործել բջջային հեռախոսները թռիչքի ընթացքում։