Ո՞ւմ բյուջեն է մեծանում, ումը՝ կրճատվում․ ինչպես է կառավարությունը վերաբաշխել 2027-ի բյուջեն

2027 թվականի պետական բյուջեի նախագծում կառավարությունը միաժամանակ մեծացնում է սոցիալական և առողջապահական ուղղությունների ֆինանսավորումը, ավելացնում պետական կառավարման համակարգի պահպանման ծախսերը, բայց որոշ ոլորտներում նաև կրճատումներ է անում։  Բյուջետային ուղերձից երևում է, որ 2027-ի հիմնական շեշտադրումները սոցիալական պաշտպանության, առողջապահության, ենթակառուցվածքների և պետական կառավարման թվայնացման վրա են։

BanksNews.am-ը տեղեկացավ, որ ամենախոշոր աճերից մեկը նախատեսվում է առողջապահության ոլորտում։ Եթե 2026 թվականի բյուջեով առողջապահությանը նախատեսված է 213.1 մլրդ դրամ, ապա 2027-ին այդ գումարը հասնում է 349.2 մլրդ դրամի։ Այսինքն՝ մեկ տարում աճը շուրջ 136.1 մլրդ դրամ է կամ մոտ 64 տոկոս։ Կառավարությունը բացատրում է, որ միջոցներն ուղղվելու են նաև առողջապահական կազմակերպությունների շենքային և նյութատեխնիկական պայմանների բարելավմանը, իսկ 2027-ին շարունակվելու է առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի փուլային ներդրումը։

Աճում է նաև սոցիալական պաշտպանության ֆինանսավորումը։ 2026 թվականի 992.9 մլրդ դրամի դիմաց 2027-ին նախատեսված է 1 տրլն 83.8 մլրդ դրամ՝ մոտ 90.9 մլրդ դրամով ավելի։ Կառավարության ներկայացմամբ՝ գումարներն ուղղվելու են ժողովրդագրական ծրագրերին, զբաղվածության միջոցառումներին, բնակարանային ապահովմանը, ընտանեկան նպաստներին և սոցիալական ծառայություններին։ Առանձին խոշոր հոդված է Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցությունը․ միայն կեցության և բնակարանային ապահովման ծրագրերի համար նախատեսված է 54 մլրդ դրամ, ևս 6.4 մլրդ դրամ՝ առանձին բնակարանային աջակցության ծրագրով։

Սոցիալական ծախսերի ներսում ևս կան կտրուկ աճեր։ Օրինակ՝ կենսաթոշակառուներին անկանխիկ վճարումներից հետվճարի ծրագրի համար 2027-ին նախատեսվում է 60 մլրդ դրամ, ինչը 2026-ի համեմատ 40 մլրդ դրամով ավելի է։ Հայտարարատու քաղաքացիների սոցիալական ծախսերի փոխհատուցման համար էլ նախատեսվում է 22 մլրդ դրամ՝ 2026-ի 10 մլրդ դրամի փոխարեն։ Այս երկու ուղղություններով միասին աճը գերազանցում է 50 մլրդ դրամը։

Կրթության դեպքում, սակայն, պատկերը հակառակն է։ 2026 թվականի 357.7 մլրդ դրամի դիմաց 2027-ին նախատեսված է 350.7 մլրդ դրամ՝ շուրջ 7 մլրդ դրամով պակաս։  Միաժամանակ կառավարոթյունը շարունակում է խոշոր կրթական ծրագրերը՝ «Ակադեմիական քաղաք»-ի համար նախատեսելով 6.8 մլրդ դրամ, ինչպես նաև 159 դպրոցների և 4 մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման ու վերանորոգման աշխատանքներ։

Տնտեսական ոլորտի ընդհանուր ֆինանսավորումն էլ ավելանում է։ 2026-ին նախատեսված 281.3 մլրդ դրամի դիմաց 2027-ին ոլորտին կհատկացվի 312.3 մլրդ դրամ՝ մոտ 31 մլրդ դրամով ավելի։ Այդ աճի հիմնական մասը բաժին է ընկնում տնտեսական հարաբերություններին, որոնց ֆինանսավորումը 255.9 մլրդ դրամից հասնում է 282.2 մլրդ դրամի։ Միաժամանակ մեծանում են նաև շրջակա միջավայրի պաշտպանության ծախսերը՝ 11.9 մլրդ դրամից մինչև 13.5 մլրդ դրամ, և բնակարանային շինարարության ու կոմունալ ծառայությունների ծախսերը՝ 13.3 մլրդ դրամից մինչև 16.7 մլրդ դրամ։

Այսպիսով, 2027-ի բյուջեում ամենատեսանելի վերաբաշխումը սոցիալական և առողջապահական ոլորտների օգտին է։ Առողջապահությանը տրվող գումարը մեկ տարում ավելանում է ավելի քան 136 մլրդ դրամով, սոցիալական պաշտպանությանը՝ շուրջ 91 մլրդ դրամով։ Միաժամանակ կրթության ընդհանուր ֆինանսավորումը փոքր-ինչ նվազում է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *